Նախկինում ռահվիրա ծառայե՞լ ես
1. Ի՞նչ հրաշալի հնարավորություն են շատերն ունեցել, սակայն ի՞նչ կարող են անել ոմանք։
1 Տարիներ շարունակ հազարավոր քարոզիչներ հրաշալի հնարավորություն են ունեցել «սովորեցնելու ու.... բարի լուրը հռչակելու» որպես լիաժամ ծառայողներ (Գործ. 5։42)։ Այնուամենայնիվ, ոմանք ստիպված են եղել տարբեր պատճառներով դադարեցնել ռահվիրայությունը։ Եթե դու էլ մի ժամանակ ծառայել ես որպես ռահվիրա, վերանայե՞լ ես հանգամանքներդ՝ տեսնելու, թե արդյոք կարող ես վերսկսել ծառայությունդ։
2. Ինչո՞ւ նրանք, ովքեր մի ժամանակ ծառայել են որպես ռահվիրա, պետք է վերանայեն իրենց հանգամանքները։
2 Հանգամանքները փոխվում են։ Գուցե այն հանգամանքները, որոնց պատճառով դադարեցրել ես ռահվիրայական ծառայությունդ, այլևս չկան։ Օրինակ՝ եթե ռահվիրա չես ծառայում այն պատճառով, որ ամեն ամիս պահանջվում էր ծառայել 90 ժամ, այժմ կարող ես վերսկսել ծառայությունդ, քանի որ հիմա պետք է ծառայել ընդամենը 70 ժամ։ Գուցե այժմ կրճատվել են աշխատաժամերդ կամ ընտանեկան շատ պարտականություններ չունես, ինչպես նախկինում։ Օրինակ՝ մի քույր, որը առողջական խնդիրների պատճառով դադարեցրել էր ռահվիրայությունը, կրկին վերսկսեց այն 89 տարեկան հասակում։ Նա ավելի քան մեկ տարի հիվանդանոց չէր գնացել և զգում էր, որ ֆիզիկապես ի վիճակի է կրկին ծառայելու որպես ռահվիրա։
3. Ինչպե՞ս կարող են ընտանիքի անդամներն օգնել, որ տնեցիներից մեկը ռահվիրա ծառայի։
3 Գուցե դու երբևէ ռահվիրա չես եղել, սակայն ընտանիքիդ անդամներից որևէ մեկն է այդ առանձնաշնորհումն ունեցել, բայց դադարեցրել է ծառայությունը, որպեսզի հոգ տանի տնեցիներից մեկին, ինչպես օրինակ՝ մեծահասակ ծնողին (1 Տիմոթ. 5։4, 8)։ Այդ դեպքում լավ կլինի, որ դու և ընտանիքիդ մյուս անդամները աջակցեք նրան։ Կարող եք միասին զրուցել այդ հարցի շուրջ (Առակ. 15։22)։ Երբ ընտանիքի անդամները համագործակցում են իրար հետ, որ տնեցիներից մեկը ռահվիրա ծառայի, անկասկած, իրենց լուման են ներդնում այդ ծառայության մեջ։
4. Ի՞նչ կարող ես անել, եթե հանգամանքների բերումով այժմ չես կարող ռահվիրա ծառայել։
4 Մի՛ հուսալքվիր, եթե հանգամանքների բերումով չես կարող վերսկսել ռահվիրայական ծառայությունդ։ Քո պատրաստակամությունը հաճելի է Եհովային (2 Կորնթ. 8։12)։ Ծառայությանդ մեջ կիրառիր այն հմտությունները, որոնք ձեռք ես բերել՝ ռահվիրա ծառայելիս։ Քո ցանկության մասին հայտնիր Եհովային և ուշադիր եղիր, որ տեսնես, թե արդյոք հարմար առիթ չի ստեղծվում փոփոխություն կատարելու համար (1 Հովհ. 5։14)։ Գուցե ժամանակի ընթացքում Եհովան քո առաջ «գործունեության լայն դուռ» բաց անի, որ կարողանաս կրկին վայելել ռահվիրայության բերած ուրախությունը (1 Կորնթ. 16։9)։