Կարո՞ղ ես մտնել «գործունեության առաջնորդող լայն դռնով»
1. Գործունեության առաջնորդող ի՞նչ լայն դուռ է բացված մեր առջև։
1 Երբ Պողոս առաքյալի առջև «գործունեության առաջնորդող լայն դուռ» բացվեց, նա սիրով օգտագործեց առիթը՝ շարունակելով քարոզել Թագավորության լուրը, չնայած որ շատ հակառակորդներ ուներ (1 Կորնթ. 16։9)։ Այսօր Թագավորության գրեթե 642 000 քարոզիչներ ամբողջ աշխարհում «մտել են» գործունեության լայն դռնով՝ դառնալով ընդհանուր ռահվիրաներ։
2. Ինչո՞ւ լավ կլինի ժամանակ առ ժամանակ քննել մեր հանգամանքները։
2 Հանգամանքների փոփոխում։ Թեև մեր ներկայիս հանգամանքները գուցե սահմանափակեն մեր հնարավորությունները, սակայն հանգամանքները փոխվում են։ Ուստի խորհուրդ է տրվում ժամանակ առ ժամանակ քննել մեր հանգամանքները և չսպասել, որ դրանք իդեալական լինեն (Ժող. 11։4)։ Պատանի՞ ես և շուտով ավարտելո՞ւ ես միջնակարգ դպրոցը։ Ծնո՞ղ ես, և երեխաներդ շուտով դպրո՞ց են հաճախելու։ Շուտով թոշակի՞ ես անցնելու։ Այսպիսի փոփոխությունների արդյունքում գուցե ավելի շատ ազատ ժամանակ ունենաս, ինչը քեզ հնարավորություն կտա ընդհանուր ռահվիրայական ծառայություն սկսելու։ Մի քույր, որը նախկինում առողջական խնդիրներ ուներ, որոշեց ռահվիրայություն սկսել 89 տարեկան հասակում։ Ինչո՞ւ։ Քանի որ նա մեկ տարուց ավելի էր, ինչ հիվանդանոց չէր պառկել և զգում էր, որ իր առողջությունը կարող էր թույլ տալ իրեն որպես ռահվիրա ծառայելու։
3. Ինչպե՞ս են ոմանք փոփոխություններ կատարել իրենց կյանքում, որպեսզի կարողանան ծառայել որպես ընդհանուր ռահվիրա։
3 Պողոսը սկզբում ցանկանում էր այցելել իր կորնթացի եղբայրներին։ Սակայն հետո նա փոխեց իր ծրագրերը հանուն բարի լուրի։ Այսօր որպես ռահվիրա ծառայող քարոզիչներից շատերը ստիպված են եղել մի շարք փոփոխություններ կատարելու, որպեսզի կարողանային ռահվիրայություն սկսել։ Ոմանք պարզեցրել են իրենց կյանքը այն աստիճան, որ ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատելով՝ կարողանան հոգալ իրենց ամենաանհրաժեշտ կարիքները։ Նրանք ուրախություն են գտել իրենց ծառայության մեջ, որը առանձնաշնորհում են համարել (1 Տիմոթ. 6։6–8)։ Որոշ ամուսնական զույգեր փոփոխություններ են կատարել իրենց կյանքում, այնպես որ միայն ամուսինն է աշխատել, իսկ կինը կարողացել է ռահվիրայություն սկսել։
4. Ի՞նչ կարող ենք անել, եթե վստահ չենք, որ կկարողանանք լրացնել պահանջվող ժամերի քանակը։
4 Մի շտապիր մերժել ռահվիրա ծառայելու միտքը այն պատճառով, որ քո կարծիքով՝ չես կարող լրացնել պահանջվող ժամերի քանակը։ Օրական անհրաժեշտ է ծառայել երկու ժամից մի քիչ ավելի։ Եթե վստահ չես, որ կարող ես ծառայությանն այդքան ժամանակ տրամադրել, փորձիր մեկ կամ երկու ամիս ծառայել որպես ենթառահվիրա, սակայն նպատակ դիր 70 ժամ ծառայել։ Դա հնարավորություն կտա քեզ վայելել ռահվիրայության բերած ուրախությունը (Սաղ. 34։8)։ Զրուցիր նրանց հետ, ովքեր ներկայումս ծառայում են որպես ռահվիրա։ Հնարավոր է, որ նրանք նույնպես դիմագրավում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք դու ունես (Առակ. 15։22)։ Խնդրիր Եհովային, որ օրհնի քո ջանքերը, որ գործադրում ես ծառայությունդ ընդարձակելու համար (1 Հովհ. 5։14)։
5. Ինչո՞ւ է ընդհանուր ռահվիրայությունը արժեքավոր գործ։
5 Արժեքավոր գործ։ Ընդհանուր ռահվիրայությունը շատ օրհնություններ է բերում։ Այն ավելի մեծ ուրախություն է պատճառում, ինչը ավելի շատ տալու արդյունքն է (Գործեր 20։35)։ Ռահվիրայության շնորհիվ կբարելավես Աստծու Խոսքի ճշմարտությունը ճիշտ մատուցելու քո կարողությունը (2 Տիմոթ. 2։15)։ Ռահվիրա ծառայելիս ավելի շատ առիթներ կունենաս քեզ վրա զգալու Եհովայի պաշտպանող ձեռքը (Գործեր 11։21; Փիլիպ. 4։11–13)։ Ռահվիրայությունը նաև կօգնի քեզ զարգացնել հոգևոր հատկություններ, օրինակ՝ տոկունություն, և քեզ ավելի կմոտեցնի Եհովային (Հակ. 4։8)։ Կարո՞ղ ես «մտնել» գործունեության առաջնորդող այս լայն դռնով և ընդհանուր ռահվիրայություն սկսել։