Ռահվիրայության «դուռը» այժմ բա՞ց է քեզ համար
1 1999 թ. տարվա համարը մեզ հիշեցնում է, որ դեռ ապրում ենք Եհովայի «փրկութեան օրում» (Բ Կորնթ. 6։2)։ Բայց նրա փրկության օրը շուտով կավարտվի, որից հետո կսկսվի նրա «դատաստանի օրը» (Բ Պետ. 2։9)։ Մինչ Եհովան շարունակում է մարդկությանը փրկվելու հնարավորություն ընձեռել, որքա՜ն հուզիչ է տեսնել, որ այսօր ավելի, քան երբևէ, հազարավոր մարդիկ արձագանքում են հրավերին։
2 Եհովայի ժողովուրդն ընդունել է դրականորեն արձագանքող մարդկանց գտնելու դժվար առաջադրանքը, քանի դեռ շատ ուշ չէ։ Այդ նպատակով Թագավորության շատ քարոզիչներ ռահվիրայական ծառայության են անցել։ Իսկ քեզ համար ռահվիրայության «դուռն» այժմ բա՞ց է։ Ինչո՞ւ ենք այսպիսի հարց բարձրացնում։
3 Գնահատանքի արտահայտություններ։ Ինչպես տեղեկացվում է «Մեր թագավորական ծառայության» 1999 թ. հունվարի համարում, և՛ ընդհանուր ռահվիրաներից, և՛ ենթառահվիրաներից պահանջվող ժամերի քանակը նվազել է։ Ժամերի քանակի փոփոխության հետ կապված նոր պահանջը կատարելու համար ընդհանուր ռահվիրաները պետք է ամեն ամիս ծառայությանը տրամադրեն 70 ժամ. յուրաքանչյուր ծառայողական տարվա համար այդ թիվը կկազմի 840 ժամ։ Իսկ ենթառահվիրաներն ամեն ամիս պետք է ծառայեն 50 ժամ։ Այդ կապակցությամբ ահա թե ինչպիսի գնահատանքի խոսքեր են արտահայտել որոշ ռահվիրաներ.
«Ի՜նչ օրհնություն մեր երկնային Հորից»։
«Խոսքերով հնարավոր չէ նկարագրել այս միջոցառման կապակցությամբ մեր ունեցած ուրախության, սիրո և երախտագիտության զգացումները»։
«Ժամերի փոփոխության շնորհիվ մեր պլաններն այնքա՜ն հեշտ է իրագործել»։
«Մենք աղոթում ենք, որպեսզի սրանից հետո ավելի շատ քարոզիչներ կարողանան լիաժամ ծառայել և վայելել այն օրհնությունները, որոնք գալիս են ամբողջապես Եհովային ծառայելուց»։
4 Քանի որ մոտենում ենք Աստծո փրկության օրվա ավարտին, ակնհայտորեն Եհովան ցանկանում է, որ իր ժողովուրդը վերջնականապես և մեծ թափով իր փառքը հռչակի։ Այս պատգամն ավելի է տարածվում և զորեղ դառնում՝ 1) շնորհիվ Թագավորությունը հռչակողների թվի անընդհատ աճի և 2) Թագավորությունը քարոզելու գործում ավելին անելու համար յուրաքանչյուրի գործադրած ջանքերի։ Եհովան՝ որպես ‘աճեցնող Աստված’, նպաստել է թվարկված երկու գործոնների ծավալմանը՝ օրհնելով բոլոր նրանց, ովքեր պատրաստակամորեն ընդունել են փրկության հրավերը (Ա Կորնթ. 3։6, 7; Սաղ. 110։3)։
5 ‘Իզուր ընդունած մի՛ եղեք’։ Պողոսը Եհովայի փրկության օրն ի նկատի ուներ, երբ իր քրիստոնյա հավատակիցներին ասաց. «Աստծուն գործակից լինելով՝ աղաչում ենք, որ դուք Աստծու շնորհն ի զուր ընդունած չլինէք»։ Մենք ‘շնորհն իզուր ընդունած չենք լինի’, եթե գիտակցենք, որ հիմա է «ընդունելի ժամանակը» ամեն հնարավոր առիթ օգտագործելու, որպեսզի մարդկանց փրկության առաջնորդենք (Բ Կորնթ. 6։1, 2)։ Պողոսի խոսքերն այսօր ավելի, քան երբևէ, հրատապ են հնչում։ Եհովայի հանդեպ անկեղծ սեր ցուցաբերելով՝ քրիստոնյաներն առանձնաշնորհում են համարում այն, որ կարող են իրենց հնարավորության սահմաններում ամեն ինչ անել Աստծու նշանակած ծառայության մեջ։ Իսկ դու կարո՞ղ ես այսօր ավելի շատ մասնակցել ծառայությանը՝ ընդհանուր ռահվիրայություն սկսելով։
6 Դա խելամիտ նպատակ է։ Մեր մասնաճյուղի տարածքում նպատակ ունենք մինչև սեպտեմբերի 1–ը ունենալ 12 000 գրանցված ընդհանուր ռահվիրաներ։ Մենք համոզված ենք, որ սա խելամիտ և իրագործելի նպատակ է։ Իսկ ինչո՞ւ ենք այդպես վստահ. պատճառն այն է, որ 1997 թ. մարտին որպես ենթառահվիրաներ ծառայում էին 12 753 քարոզիչներ, իսկ 1998 թ. ապրիլին՝ մոտ 13 778։ Մեծամասնության հաշվետվությունը 60 ժամ էր կազմում, որն ընդամենը 10 ժամով է պակասում ընդհանուր ռավիրաներից պահանջվող ժամերի նոր քանակից։ Նույնիսկ եթե 1 500 ենթառահվիրաներ մինչև այս ծառայողական տարվա վերջը սկսեն ծառայել որպես ընդհանուր ռահվիրաներ, ապա սեպտեմբեր ամիսը մենք կսկսենք 12 000 կամ ավել լիաժամ ռահվիրաներով։
7 Անհրաժեշտ է գրաֆիկ ունենալ։ Ամսական 70 ժամ ծառայելու գաղափարն անկարելի՞ է թվում քեզ համար։ Իսկ միգուցե շաբաթական 17 ժամ ծառայելու մի՞տքն օգնի քեզ։ Հաջորդ էջում տրված գրաֆիկների օրինակներից օգտվելով՝ փորձիր կազմել ընդհանուր ռահվիրայության մի ծրագիր, որը համապատասխանում է այն պայմաններին, որում դու գտնվում ես։ Ապա զրուցիր փորձառու ռահվիրաների հետ իմանալու համար, թե ինչպես են նրանք ռահվիրայական ծառայությունը հարմարեցնում անձնական և ընտանեկան պարտականությունների հետ։ Շրջանային վերակացուին հարցրու, թե շրջանի ռահվիրաներն ինչպես են ծրագրում իրենց շաբաթական գործունեությունը։ Ապա խնդրիր Եհովայից, որպեսզի օրհնի ռահվիրայություն վերցնելու քո պլանները (Առակ. 16։3)։
8 Ռահվիրայությունը ընտանեկան ծրագիր դարձրու։ Երբևէ խորհե՞լ եք ռահվիրայությունը ընտանեկան ծրագիր դարձնելու մասին։ Դուք կարող եք ամբողջ ընտանիքով քննարկել, թե ինչ կարելի է անել, որպեսզի, շնորհիվ մանրակրկիտ ծրագրավորման և համագործակցության, ընտանիքի անդամներից մեկը կամ երկուսը կարողանան ռահվիրայություն վերցնել։ Հասկանալի է, որ գուցե ոմանք, իրենց հանգամանքներին ռեալ նայելով, գտնեն, որ չեն կարող հիմա որպես ռահվիրա ծառայել։ Այդ դեպքում նպատակ դիր ապագայում վերցնել ռահվիրայություն։ Սակայն աշխատիր որոշակի ամսին կամ օրը ռահվիրայություն վերցնելու ծրագիր մշակել։ Միգուցե փորձես տարին մի քանի անգամ ենթառահվիրայություն վերցնել՝ աստիճանաբար ընդհանուր ռահվիրայության հասնելու միտումով։
9 Ներկայումս մեր մասնաճյուղի տարածքում ծառայում են ավելի քան 10 500 ընդհանուր ռահվիրաներ, որոնք տարբեր պայմաններում են ապրում։ Ոմանք առողջության հետ կապված խնդիրներ ունեն, մեծամասնութունը ընտանեկան և ֆինանսական պարտականություններ են կրում։ Շատերը տարիքավոր են և պայքարում են տարիքի հետ կապված առողջական խնդիրների դեմ։ Մեր ռահվիրաների մի մասը եղբայրներ են, որոնցից շատերն ընտանիք ունեն և, միաժամանակ, ժողովում պատասխանատվություններ են ստանձնում։ Բոլոր այս ծառայողները ‘ժամանակը ծախու են առնում’ ռահվիրայության համար, ինչը շատ դեպքերում նշանակում է ապրել հասարակ, բայց անհամեմատ ավելի ուրախ կյանքով (Կող. 4։5, Արևմ. Աստ.)։
10 Կյանքը հարկավո՞ր է արդյոք թեթևացնել։ Կյանքդ թեթևացնելով՝ կկարողանաս ռահվիրայություն սկսելու «դուռ» բացել քեզ համար։ Արդյոք կյանքդ նմա՞ն է մի տան, որը մի շարք ոչ անհրաժեշտ սենյակներ ու կահ–կարասի ունի, որոնք հոգ տանելու համար շատ ժամանակ, գումար և ջանք է պահանջվում։ Եթե այո, ապա պայմաններն ավելի համեստ դարձնելու դեպքում հնարավորություն կունենաս՝ որպես ռահվիրա ծառայելու։ Կարո՞ղ ես ավելի քիչ ժամանակ տրամադրել աշխատանքիդ։ Կարո՞ղ ես ժամանակդ ծախու առնել անկարևոր գործերից կամ ավելի հավասարակշռված լինել հանգստին ժամանակ տրամադրելիս։
11 Աստվածաշնչի Ա Տիմոթէոս 6։8–ի խոսքերը խրատում են մեզ. «Ունենք կերակուր եւ հանդերձներ ու դրանցով էլ բաւականանք»։ Քչով բավարարվելը կարևոր ազդակ է Եհովայի ծառայությանը լավագույնը տալու համար, ինչպես նաև ավելի դյուրին է դառնում առաջնահերթությունը հոգևոր հետաքրքրություններին տալը (Մատթ. 6։22, 23)։ «1998 թ. տարեգրքի» (ռուս.) 104–րդ էջում Ճապոնիայի հաշվետվության մեջ որոշ մեկնաբանություններ են տրվում այն մասին, թե ինչու է այդ երկրում ռահվիրայական այդչափ հիանալի ոգի տիրում։ Այնտեղ կարդում ենք. «Ճիշտ է, որ Ճապոնիայում տները բավականին համեստ են, այդ պատճառով էլ քիչ ժամանակ է պահանջվում դրանց մասին հոգ տանելու համար, և շատ դեպքերում մարդիկ ավանդական հասարակ կյանքով են ապրում»։ Դա չէ՞ արդյոք Ա Տիմոթէոս 6։8–ի խոսքերի բուն էությունը։
12 Մինչև Եհովայի փրկության օրը իր ավարտին կհասնի, Աստծո ծառաները երբևէ չտեսնված հրատապության ոգով ամբողջ երկրագնդով մեկ քարոզում են բարի լուրը։ Ուրախալի է այն փաստը, որ անցած տարի ամսական միջին հաշվով մոտ 700 000 հոգի մասնակցել է ռահվիրայական որևէ տեսակի ծառայության։ Կարո՞ղ ես փոփոխություններ մտցնել օրակարգիդ մեջ՝ այդ անհատներին միանալու նպատակով։ Հրավիրում ենք քեզ, որ ուշադրությամբ և աղոթքով նկատի առնես հանգամանքներդ և ապա պատասխանես այս հարցին. «Ռահվիրայության «դուռն» այժմ բա՞ց է քեզ համար»։
[Ներդիր 3–րդ էջի վրա]
ՆՊԱՏԱ՛Կ. 12 000 ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԱՀՎԻՐԱՆԵՐ