Հիմա՛ է քարոզելու ժամանակը
1 «Վախեցէք Աստուածանից, եւ փառք տուէք նորան»։ Հրեշտակի առաջնորդության ներքո այս պատգամը հռչակվում է «ամեն ազգի եւ ցեղի եւ լեզուի եւ ժողովրդի»։ Ինչո՞ւ։ «Որովհետեւ [Աստծու] դատաստանի ժամը եկաւ»։ Այսօր մենք ապրում ենք այդ ‘դատաստանի ժամի’ մեջ, որն իր գագաթնակետին կհասնի իրերի ներկա համակարգի կործանումով։ Շատ կարևոր է, որ մարդիկ «երկրպագե[ն] երկինքը եւ երկիրը եւ ծովը եւ ջրերի աղբիւրները Ստեղծողին»։ Այսօր կատարվող ուրիշ ոչ մի գործ իր կարևորությամբ ու հրատապությամբ չի կարող համեմատվել «յաւիտենական աւետիք[ը]» հռչակելու հետ։ Այո՛, հիմա է քարոզելու ժամանակը (Յայտն. 14։6, 7)։
2 Վերջին տասը տարիներին Եհովայի ծառաները մոտավորապես 12 միլիարդ ժամ են տրամադրել Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործին։ Շատերը փոփոխություններ են կատարել իրենց կյանքում, որպեսզի ավելի շատ մասնակցություն բերեն հոգևոր հնձի մեջ (Մատթ. 9։37, 38)։ Օրինակ՝ անցած տարի ամեն ամիս միջին հաշվով մոտ 850 000 քարոզիչ ծառայել է որպես ռահվիրա։ Ընդհանուր ռահվիրաներից պահանջվում է քարոզչությանը տրամադրել ամսական միջին հաշվով 70 ժամ։ Ենթառահվիրաների համար պահանջվող ժամերի քանակը 50 է։
3 Ինչպես ծառայել որպես ռահվիրա։ Հասկանալով, որ ‘ժամանակը կարճ է’՝ ռահվիրաները ձգտում են պարզ կյանքով ապրել (Ա Կորնթ. 7։29, 31)։ Նրանք կերպեր են փնտրում իրենց ծախսերը նվազեցնելու, որպեսզի ավելի քիչ ժամանակ տրամադրեն աշխատանքին։ Օրինակ՝ ոմանք տեղափոխվել են ավելի փոքր բնակարաններ։ Մյուսները ձերբազատվել են ոչ անհրաժեշտ իրերից (Մատթ. 6։19–21)։ Հաճախ նրանց անհրաժեշտ է նաև հրաժարվել որոշ զբաղմունքներից։ Այս ամենի նպատակը ծառայությանը ավելի շատ ժամանակ և ուշադրություն ընծայելն է (Եփես. 5։15, 16)։ Հաստատակամ լինելով, անձնազոհ ոգի դրսևորելով, ինչպես նաև աղոթքով Եհովային ապավինելով՝ շատերը գործնական գրաֆիկ են կազմել, որը հնարավորություն է տալիս իրենց ծառայելու որպես ռահվիրա։
4 Կարո՞ղ ես ծառայել որպես ռահվիրա։ Կարող ես հարցնել հմուտ ռահվիրաներին, թե ինչպես են նրանք կատարում իրենց ծառայությունը։ Համագործակցիր նրանց հետ քարոզչական ծառայության մեջ և բաժնեկից եղիր նրանց ուրախությանը։ Ուսումնասիրիր ռահվիրայության վերաբերյալ հոդվածները, որոնք տպագրվում են մեր հրատարակություններում։ Գործնական նպատակներ դիր քո առջև, որոնք կօգնեն քեզ ռահվիրայական ծառայություն սկսել։ Եթե կան խոչընդոտներ, որոնք արգելում են քեզ ծառայել որպես ռահվիրա, Եհովային աղոթելիս հիշատակիր դրանց մասին և օգնություն խնդրիր դրանք հաղթահարելու համար (Առակ. 16։3)։
5 Օրհնություններ և ուրախություն։ Ռահվիրայությունն օգնում է կատարելագործել Աստծու Խոսքը գործածելու մեր հմտությունը, և դա իր հերթին ավելի մեծ ուրախություն է բերում։ «Աստծու Խոսքի ճշմարտությունը ուղիղ մատուցելը շատ օգտակար է,— ասում է մի երիտասարդ ռահվիրա քույր։— Երբ ծառայում ես որպես ռահվիրա, շատ հաճախ ես օգտագործում Աստվածաշունչը։ Հիմա երբ ես գնում եմ տնետուն ծառայության, կարողանում եմ մտաբերել սուրբգրային համարներ, որոնք կարելի է հարմարեցնել յուրաքանչյուր բնակչի կարիքներին» (Բ Տիմոթ. 2։15)։
6 Ծառայելով որպես ռահվիրա՝ մենք ձեռք ենք բերում նաև այնպիսի ունակություններ, որոնք պետք են գալիս կյանքում։ Այն կարող է օգնել երիտասարդներին սովորել իմաստուն կերպով տնօրինել ժամանակը, ճիշտ օգտագործել ֆինանսական միջոցները և ընդհանուր լեզու գտնել մարդկանց հետ։ Ռահվիրա ծառայելու արդյունքում շատերը ավելի հոգևոր տեսակետ են ձեռք բերում կյանքի հանդեպ (Եփես. 4։13)։ Դեռ ավելին, ռահվիրաները առանձնաշնորհում ունեն ավելի հաճախ տեսնելու Եհովայի օգնող ձեռքը (Գործք 11։21; Փիլիպ. 4։11–13)։
7 Ռահվիրայության բերած ամենամեծ օրհնություններից մեկն այն է, որ մենք ավելի ենք մոտենում Եհովային, իսկ դա կարող է մեզ օգնել փորձությունների ժամանակ։ Մի քույր, որը ծանր փորձության մի շրջան ապրեց, ասաց. «Այն մտերիմ փոխհարաբերությունը, որ ես զարգացրել էի Եհովայի հետ ռահվիրայական ծառայության շնորհիվ, օգնեց ինձ տոկալ իմ բոլոր դժվարությունների ժամանակ»։ Նա շարունակում է. «Ես անչափ ուրախ եմ, որ իմ չափահաս տարիները անցկացրել եմ Եհովային լիաժամ ծառայելու մեջ։ Այդ ծառայության շնորհիվ ես կարողացել եմ անել այնպիսի գործեր, որոնք երբեք չեմ մտածել, թե կարող եմ անել» (Գործք 20։35)։ Թող որ մենք էլ առատ օրհնություններ ստանանք՝ մեր ձեռքից եկած ամեն բան անելով քարոզչության մեջ, որն ամենակարևոր գործն է (Առակ. 10։22)։
[Հարցեր ուսումնասիրության համար]
1. Ինչո՞ւ է հիմա ժամանակը քարոզելու։
2. Ինչպե՞ս են Եհովայի ծառաները ցույց տալիս, որ հասկանում են, թե ինչպիսի ժամանակներում ենք ապրում։
3. Հաճախ ի՞նչ փոփոխություններ են պահանջվում քարոզիչներից որպես ռահվիրա ծառայելու համար։
4. Ո՞ր գործնական քայլերը կօգնեն քեզ հասնել ռահվիրա ծառայելու նպատակին։
5. Ինչպե՞ս է ռահվիրայությունն օգնում մեզ կատարելագործել մեր հմտությունները ծառայության մեջ։
6. Ի՞նչ ենք սովորում՝ ծառայելով որպես ռահվիրա։
7. Ռահվիրայական ծառայությունն ինչպե՞ս է օգնում մեզ մոտենալ Եհովային։