Դեպքեր ծառայությունից
◼ Ավստրալիա։ Ջոնը, որ մի կրթված մարդ է, երեխա ժամանակ եկեղեցի էր գնում։ Բայց հետագայում նա դարձավ «երդվյալ աթեիստ»։ Մի օր մի ռահվիրա եղբայր նրան տվեց «Ինչպե՞ս է կյանքն առաջացել» գրքույկը, իսկ հաջորդ այցելության ժամանակ՝ «Կյանքի ծագումը» գրքույկը։ Ռահվիրան շարունակեց զարգացնել Ջոնի հետաքրքրությունը՝ նրա համար բերելով թարմ ամսագրեր։ Եթե դրանցում լինում էին արարչագործության կամ աստվածաշնչյան մարգարեությունների վերաբերյալ հոդվածներ, նա Ջոնի ուշադրությունը հրավիրում էր դրանց վրա։ Երբ եղբայրը զգաց, որ Ջոնը դեմ չի լինի կոնկրետ Աստվածաշնչի մասին որևէ բան կարդալ, նրան առաջարկեց «Աստվածաշունչը Աստծո՞ւ Խոսքն է, թե՞ մարդկանց» գիրքը։ Այն կարդալուց հետո Ջոնն իր մասին սկսեց ասել, թե ինքը «չափավոր ագնոստիկ է» (այսինքն՝ Ջոնը իրեն այլևս աթեիստ չէր համարում, բայցև հավատացյալ էլ չէր համարում)։ Այդ ժամանակ մեր եղբայրը նրան ցույց տվեց «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի 20-րդ էջի 8-րդ պարբերությունը և 23–24-րդ էջերի 13–16-րդ պարբերությունները։ Այստեղ մեջբերված համարներն այնքան տպավորեցին Ջոնին, որ նա ասաց. «Ինձ թվում է՝ ես պետք է փոխեմ վերաբերմունքս Աստվածաշնչի հանդեպ»։
◼ Մեքսիկա։ Մի տղամարդ մեր եղբորն ասաց, որ չի հավատում, որ Աստվածաշունչը Աստծուց է։ Եղբայրն ասաց, որ կարող է հիմնավորել, որ Աստվածաշունչը ներշնչված է Աստծուց։ Մի քանի քննարկումից հետո այս մարդու սրտին սկսեց հասնել իր սովորածը։ Նրան հատկապես տպավորեցին աստվածաշնչյան չափանիշները, և նա մեր եղբորն ասաց. «Սկզբում, երբ կարդում էինք Աստվածաշունչը, այնտեղ գրված խորհուրդները կարծես սովորական մի գրքից լինեին և չէին տպավորում ինձ։ Բայց հիմա դրանք սրտիս են հասնում, հատկապես բարոյականության վերաբերյալ խորհուրդները»։
◼ Միացյալ Նահանգներ։ Մի ամուսնական զույգ, որը մասնակցում էր մեծ քաղաքներում հատուկ հրապարակային վկայություն տալուն, հանդիպեց Թայվանից եկած մի կնոջ, որը հավատում էր Աստծուն, բայց կարծում էր, որ Աստվածաշունչը Արևմուտքի բնակիչների համար է։ Այս կինը ապահովված էր ամեն ինչով, բայց մի տեսակ դատարկություն էր զգում։ Նա մոտեցավ գրականության ցուցատախտակին։ Կինը հույս ուներ, որ Աստվածաշունչը կօգնի իրեն գտնելու կյանքի իմաստը։ Ամուսինները սկսեցին նրա հետ Աստվածաշունչ ուսումնասիրել «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի և «Հարատև խաղաղություն և երջանկություն. ինչպես գտնել» գրքույկի միջոցով։ Նրանք ուսումնասիրությունը չսկսեցին «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի 2-րդ գլխով, փոխարենը՝ քննարկեցին գրքույկի՝ «Օգտակար ուղեցույց ողջ մարդկության համար» մասը։ Առաջին վեց պարբերությունները քննարկելուց հետո կինը հիացմունքով ասաց, որ Աստվածաշունչը, այլ կրոնական գրքերի հետ համեմատած, եզակի գիրք է։ Աստվածաշնչյան կատարված մարգարեությունների մասին իմանալուց հետո նա ասաց. «Չկա մեկ ուրիշ գիրք, որ այսքան ճշգրիտ լինի»։
◼ Ճապոնիա։ Մեր եղբայրը շարունակում էր կարճատև այցելություններ անել մի մարդու, ով ասել էր, թե չի հավատում Աստծուն։ Եղբայրը նրան տալիս էր «Արթնացե՛ք» ամսագրեր, որպեսզի նա կարդար «Արդյոք պատահականությո՞ւն է» խորագրի հոդվածները։ Մարդը աստիճանաբար փոխեց իր տեսակետը և արդեն ասում էր, որ գուցեև գոյություն ունի Ստեղծիչ։ Այժմ նա հավատում է Աստծու գոյությանը։ Եղբայրը նրա հետ ուսումնասիրում է «Բարի լուր Աստծուց» գրքույկի միջոցով։
◼ Կանադա։ Մեր քույրերից մեկը թարմ ամսագրեր տվեց մի կնոջ, որը դուրս էր եկել տնից և գնում էր դեպի իր մեքենան։ Երբ քույրը վերայցելեց նրան, կինը առարկություն չընդունող տոնով ասաց, որ դա իրեն չի հետաքրքրում և ինքը չի հավատում Աստծուն։ Քույրը որոշեց, այնուամենայնիվ, շարունակել այցելել այդ կնոջը։ Հաջորդ անգամ նա բերեց «Ինչպես կյանքից բավականություն ստանալ» գրքույկը։ Քույրը կնոջն ասաց, որ թեև ինքը գիտի, որ նա չի հավատում Աստծուն, բայց մտածում էր նրա մասին, որովհետև գիտեր, որ վերջինս միայնակ ծնող է։ Քույրը նրան ցույց տվեց գրքույկի 4-րդ էջի 6-րդ պարբերությունը, որտեղ ցույց է տրվում, որ մարդկանց տված խորհուրդները հաճախ սխալ են դուրս գալիս։ Հետո նա խրախուսեց կարդալ 2-րդ մասը, որը վերաբերում է երեխաների դաստիարակությանը։ Կինը մեծ ուրախությամբ վերցրեց գրքույկը։