Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w25 հուլիս էջ 8–13
  • Ինչպես խորհուրդ տալ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպես խորհուրդ տալ
  • 2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԵՐԲ ՄԵԶՆԻՑ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՀԱՐՑՆՈՒՄ
  • ԵՐԲ ՄԵԶՆԻՑ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԵՆ ՀԱՐՑՐԵԼ
  • ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼՈՒ ՃԻՇՏ ՁԵՎՆ ՈՒ ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԸ
  • ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼ ԵՎ ԽՈՐՀՈՒՐԴ ԸՆԴՈՒՆԵԼ
  • Ինչո՞ւ է կարևոր խորհուրդ հարցնել
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • «Կանչիր.... երեցներին»
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Թող քո խորհուրդները ուրախացնեն հավատակցիդ սիրտը
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • «Հոբ» գիրքը կարող է օգնել լավ խորհրդատու լինել
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w25 հուլիս էջ 8–13

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 29

ԵՐԳ 87 Ե՛կ, թարմությո՛ւն ստացիր

Ինչպես խորհուրդ տալ

«Քեզ խորհուրդ կտամ և աչքս քեզ վրա կպահեմ» (ՍԱՂ. 32։8)։

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

Ինչպես կարող ենք լավ խորհուրդ տալ։

1. Ո՞վ պետք է խորհուրդներ տա և ինչո՞ւ։

ՍԻՐՈ՞ՒՄ ես խորհուրդ տալ։ Ոմանք ուրախությամբ են խորհուրդ կամ խրատ տալիս, ոմանք էլ վարանում են կամ անհարմար են զգում դա անել։ Բայց երբեմն մեզանից յուրաքանչյուրը ստիպված է լինում խորհուրդ տալ. չէ՞ որ եղբայրներին և քույրերին տեղին խորհուրդ տալը սիրո դրսևորում է։ Հիսուսն ասաց, որ իր ճշմարիտ աշակերտներին կճանաչենք միմյանց հանդեպ ունեցած իրենց սիրով (Հովհ. 13։35)։ Աստծու Խոսքում կարդում ենք, որ «ուրախացնում է այն ընկերը, ով անկեղծ խորհուրդներ է տալիս» (Առակ. 27։9)։

2. Ի՞նչ ունակություն պետք է երեցներն ունենան, և ինչո՞ւ է դա անհրաժեշտ (տես նաև «Խորհուրդ՝ միջշաբաթյա հանդիպմանը» շրջանակը)։

2 Հատկապես երեցները պետք է կարողանան տեղին և օգտակար խորհուրդներ տալ, քանի որ Եհովան Հիսուսի միջոցով նրանց նշանակել է, որ հոգ տանեն ժողովի համար (1 Պետ. 5։2, 3)։ Դա անելու կերպերից մեկը ելույթների ժամանակ աստվածաշնչյան սկզբունքների վրա հիմնված խորհուրդներ տալն է։ Նրանք նաև խորհուրդ են տալիս առանձին անհատների, ովքեր դրա կարիքը ունեն, այդ թվում՝ Աստծու հոտից հեռացած գառնուկներին։ Ուստի հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող են երեցները, և ընդհանուր առմամբ բոլորս, լավ խորհուրդներ տալ։

Միջշաբաթյա հանդիպման ժամանակ նախագահողը, օգտվելով «Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ» ձեռնարկից, գովեստի խոսքեր է ասում ուսանողին և խորհուրդ տալիս նրան։

Խորհուրդ՝ միջշաբաթյա հանդիպմանը

Միջշաբաթյա հանդիպման նախագահողը օգտակար խորհուրդներ է տալիս նրանց, ովքեր ուսումնական առաջադրանքներ են կատարում։ Երբ ուսանողը ներկայացնում է առաջադրանքը, նախագահողը ուշադրությամբ հետևում է, թե որքանով է նա կիրառում դասը։

Այն բանից հետո, երբ ուսանողը ներկայացնում է առաջադրանքը, նախագահողը անկեղծորեն գովում է նրան։ Անհրաժեշտության դեպքում նա նաև նրբանկատորեն խորհուրդ է տալիս՝ նշելով, թե ուսանողը ինչպես կարող է ավելի լավ կիրառել հանձնարարված դասը։ Նման խորհուրդը օգտակար է ոչ միայն ուսանողի, այլև ողջ ժողովի համար (Առակ. 27։17)։

3. ա) Ինչպե՞ս կարող ենք սովորել լավ խորհուրդ տալ (Եսայիա 9։6; տես նաև «Սովորենք Հիսուսից» շրջանակը)։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

3 Լավ խորհուրդներ տալու համար շատ բան կարող ենք սովորել աստվածաշնչյան կերպարներից, հատկապես Հիսուսից. չէ՞ որ Աստծու Խոսքում նա նկարագրվում է որպես «Հրաշալի Խորհրդատու» (կարդա Եսայիա 9։6)։ Այս հոդվածում կքննենք, թե ինչպես կարող ենք լավ խորհուրդ տալ, երբ մեզնից խորհուրդ են հարցնում, և թե ինչ կարող ենք անել, երբ մեզնից խորհուրդ չեն հարցրել, բայց խորհուրդ տալու կարիք կա։ Բացի այդ՝ կտեսնենք, թե որքան կարևոր է խորհուրդը տալ ճիշտ ժամանակին և ճիշտ ձևով։

Սովորենք Հիսուսից

Հիսուսը «Հրաշալի Խորհրդատու» էր։ Տեսնենք, թե ինչու ենք այդպես ասում և թե ինչպես կարող ենք ընդօրինակել նրան։

  • Հիսուսը գիտեր՝ ինչ ասել։ Նա միշտ գիտեր, թե ինչ տեղին կլինի ասել, քանի որ խորհուրդ տալիս նա հիմնվում էր ոչ թե իր իմաստության վրա, այլ Եհովայի։ Մի առիթով նա իր աշակերտներին ասաց. «Ես ոչ թե իմ մտքերն եմ ասում, այլ Հոր» (Հովհ. 14։10)։

    Ի՞նչ ենք սովորում։ Հնարավոր է՝ տարիների ընթացքում շատ փորձ ենք կուտակել և իմաստություն ենք ձեռք բերել։ Սակայն երբ խորհուրդ ենք տալիս, պետք է համոզված լինենք, որ այն հիմնված է Աստծու Խոսքի վրա, ոչ թե մեր անձնական կարծիքի։

  • Հիսուսը գիտեր՝ որն է խորհուրդ տալու ճիշտ ժամանակը։ Նա իր աշակերտներին միանգամից չէր ասում այն ամենը, ինչ նրանք պետք է իմանային։ Նա սպասում էր հարմար պահի և այնքան տեղեկություն էր տալիս, որքան նրանք կկարողանային ըմբռնել (Հովհ. 16։12)։

    Ի՞նչ ենք սովորում։ Երբ ուզում ենք որևէ մեկին խորհուրդ տալ, պետք է սպասենք «խոսելու [հարմար] ժամանակին» (Ժող. 3։7)։ Եթե անհատին ծանրաբեռնենք շատ տեղեկություններով, գուցե շփոթեցնենք և վհատեցնենք նրան։ Ուստի ճիշտ վարված կլինենք, եթե նրան ասենք միայն այն, ինչի կարիքը նա ունի խնդիրը շտկելու համար։

  • Հիսուսը նրբանկատ էր։ Նա իր առաքյալներին բազմիցս խորհուրդ է տվել խոնարհ լինել և ամեն անգամ դա արել է մեղմորեն ու հարգանքով (Մատթ. 18։1-5)։

    Ի՞նչ ենք սովորում։ Նույնիսկ եթե հարկ է լինում ինչ-որ մեկին միևնույն խորհուրդը մի քանի անգամ տալ, արդյունավետ կլինի, եթե մեղմ լինենք և խոսենք հարգանքով։

ԵՐԲ ՄԵԶՆԻՑ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՀԱՐՑՆՈՒՄ

4-5. Երբ մեզնից խորհուրդ են հարցնում, նախ ինչի՞ մասին պետք է մտածենք։ Բեր օրինակ։

4 Ինչպե՞ս պետք է արձագանքենք, երբ ինչ-որ մեկը մեզնից խորհուրդ է հարցնում։ Սկզբում գուցե շոյված զգանք և ցանկանանք անմիջապես օգնել։ Սակայն նախ լավ կլինի՝ մտածենք. «Բավարար գիտելիք և փորձ ունե՞մ լավ խորհուրդ տալու համար»։ Երբեմն լավագույն օգնությունը կլինի այն, որ ոչ թե խորհուրդ տանք նրան, այլ ուղղորդենք այնպիսի մարդու մոտ, ով կարող է այդ իրավիճակում լավ խորհուրդ տալ։

5 Պատկերացրու՝ ընկերդ առողջական լուրջ խնդիր ունի։ Նա ասում է, որ ուսումնասիրել է հասանելի բուժման տարբերակները, և խնդրում է, որ ասես, թե քո կարծիքով որն է տարբերակներից լավագույնը։ Գուցե հստակ կարծիք ունես այդ հարցի վերաբերյալ, սակայն բժշկական կրթություն չունես։ Այդ պարագայում լավագույնս օգնած կլինես ընկերոջդ, եթե ուղղորդես նրան մեկի մոտ, ով համապատասխան որակավորում ունի այդ ոլորտում։

6. Ինչո՞ւ լավ կլինի չշտապել խորհուրդ տալ։

6 Անգամ եթե մտածում ենք, որ կարող ենք կոնկրետ իրավիճակի վերաբերյալ խորհուրդ տալ, լավ կլինի՝ չշտապենք դա անել։ Պատճառն ընդգծվում է Առակներ 15։28-ում, որտեղ կարդում ենք. «Արդարը նախքան պատասխանելը մտածում է»։ Իսկ ինչպե՞ս վարվենք, եթե կարծում ենք, թե գիտենք պատասխանը։ Ամեն դեպքում արժե ժամանակ տրամադրել փնտրտուքներ անելու, աղոթելու և մտածելու համար։ Այդ ժամանակ համոզված կլինենք, որ մեր պատասխանը ներդաշնակ է տվյալ հարցի վերաբերյալ Եհովայի տեսակետին։ Ուշադրություն դարձնենք Նաթան մարգարեի օրինակին։

7. Ի՞նչ ենք սովորում Նաթան մարգարեի օրինակից։

7 Նաթան մարգարեի հետ զրույցում Դավիթ թագավորն ասաց, որ ցանկանում է տաճար կառուցել Եհովայի համար։ Մարգարեն իսկույն հավանություն տվեց այդ նախաձեռնությանը։ Բայց նա նախ պետք է Եհովայի տեսակետը իմանար, քանի որ Եհովան այլ ծրագրեր ուներ. տաճարը Դավիթը չէր կառուցելու (1 Տար. 17։1-4)։ Այս դեպքից սովորում ենք, որ երբ մեզնից խորհուրդ են հարցնում, իմաստուն վարված կլինենք, եթե «չշտապենք խոսել» (Հակ. 1։19)։

8. Ուրիշ ի՞նչ պատճառ ունենք խորհուրդ տալուց առաջ ծանրութեթև անելու։

8 Տեսնենք մեկ այլ պատճառ, թե ինչու պետք է խորհուրդ տալուց առաջ լավ մտածենք։ Եթե մեր տված խորհրդին հետևելու պատճառով անհատը խնդիրների բախվի, դրանց մեղավորը մասամբ մենք կլինենք։ Ահա թե ինչու է անչափ կարևոր խորհուրդ տալուց առաջ լավ մտածել։

ԵՐԲ ՄԵԶՆԻՑ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԵՆ ՀԱՐՑՐԵԼ

9. Նախքան խորհուրդ տալը երեցները ինչո՞ւմ պետք է համոզված լինեն (Գաղատացիներ 6։1)։

9 Ժամանակ առ ժամանակ կարիք է առաջանում, որ երեցները իրենց նախաձեռնությամբ խորհուրդ տան եղբորը կամ քրոջը, ով «սխալ քայլ» է արել (կարդա Գաղատացիներ 6։1)։ Հնարավոր է, օրինակ, քարոզիչը սխալ ուղի է բռնել, որը կարող է լուրջ մեղքի տանել։ Երեցների նպատակն է օգնել նրան մնալ հավիտենական կյանքի տանող ճանապարհին (Հակ. 5։19, 20)։ Բայց որպեսզի նրանց տված խորհուրդը տեղին լինի, նրանք նախ պետք է համոզված լինեն, որ անհատի արարքը իսկապես սխալ է. չէ՞ որ Եհովան թույլ է տվել, որ որոշումներ կայացնենք մեր խղճի համաձայն (Հռոմ. 14։1-4)։ Իսկ ինչպե՞ս պետք է երեցները խորհուրդ տան քարոզչին, երբ հասկանում են, որ նա իրոք սխալ քայլ է արել։

10-12. Ի՞նչ պետք է անեն երեցները, երբ կարիք է առաջանում որևէ մեկին խորհուրդ տալու։ Բեր օրինակ (տես նաև նկարները)։

10 Երբ երեցները նախաձեռնում են ինչ-որ մեկին խորհուրդ տալ, բախվում են մի առանձնահատուկ դժվարության։ Ի՞նչ առումով։ Պողոս առաքյալն ասաց, որ մարդը գուցե սխալ քայլ անի առանց դա գիտակցելու։ Ուստի նախքան քարոզչին խորհուրդ տալը երեցները պետք է նախապատրաստեն նրան, որպեսզի նրա համար հեշտ լինի ընդունել խորհուրդը։

11 Պատկերացնենք մի հողագործի, ով փորձում է բույս աճեցնել կոշտացած հողում։ Նախքան սերմը ցանելը նա նախապատրաստում է հողը՝ փխրեցնելով այն։ Այնուհետև ցանում է սերմը և ապա ջրում։ Նմանապես, երբ երեցը խորհուրդ է տալիս մեկին, ով խորհուրդ չի հարցրել, լավ կլինի, որ նախապատրաստի «հողը»։ Նա կարող է հարմար պահ ընտրել ու հավաստիացնել նրան, որ մտածում է նրա մասին, և ասել, որ ուզում է մի հարցի շուրջ խոսել։ Եթե խորհուրդ տվողը հոգատար ու բարի մարդու անուն ունենա, դիմացինի համար հեշտ կլինի ընդունել խորհուրդը։

12 Զրույցի ընթացքում երեցը կշարունակի «փխրեցնել հողը», եթե քարոզչին հիշեցնի, որ բոլորն էլ ժամանակ առ ժամանակ սխալվում են և խորհրդի կարիք են ունենում (Հռոմ. 3։23)։ Նա մեղմ ձայնով և խոր հարգանքով Աստվածաշնչից հստակ ցույց կտա, թե որն է նրա սխալը։ Երբ վերջինս գիտակցի իր սխալը, երեցը «կցանի սերմը», այսինքն՝ պարզ կբացատրի, թե նա ինչ պետք անի իրավիճակը շտկելու համար։ Այնուհետև «կջրի սերմը»՝ սրտանց կգովի քարոզչին և նրա հետ կաղոթի (Հակ. 5։15)։

Նկարներ, որոնցում երեցը, ով խորհուրդ է տալիս մի եղբոր, նմանեցվում է հողագործի, ով կոշտացած հողում բույս է աճեցնում։ 1. Նախապատրաստիր հողը։ Հողագործը փխրեցնում է հողը։ Երեցը ջերմորեն խոսում է եղբոր հետ։ 2. Ցանիր։ Հողագործը փխրեցված հողի մեջ ցանում է սերմը։ Երեցը Աստվածաշնչի միջոցով օգնում է եղբորը տրամաբանել։ 3. Ջրիր։ Հողագործը ջրում է սերմը։ Երեցը աղոթում է եղբոր հետ։

Երբ երեցը նախաձեռնում է խորհուրդ տալ ինչ-որ մեկին, պետք է դա անի հմտորեն և սեր ցուցաբերելով (տես պարբերություններ 10-12)


13. Ինչպե՞ս կարող են երեցները հավաստիանալ, որ անհատը հասկացել է խորհուրդը։

13 Երբեմն խորհուրդ տվողը ասում է մի բան, իսկ խորհուրդ ստացողը լսում է մեկ այլ բան։ Հարգանքով ու նրբանկատորեն հարցեր տալով՝ երեցները կարող են համոզվել, թե արդյոք դիմացինը հասկացել է խորհուրդը և գիտի, թե ինչպես է այն կիրառելու (Ժող. 12։11)։

ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼՈՒ ՃԻՇՏ ՁԵՎՆ ՈՒ ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԸ

14. Պե՞տք է արդյոք խորհուրդ տանք, երբ զայրացած ենք։ Բացատրիր։

14 Բոլորս էլ անկատար ենք, ուստի հակված ենք անելու և ասելու բաներ, որոնք կարող են նեղացնել ուրիշներին (Կող. 3։13)։ Աստվածաշունչը նշում է, որ երբեմն գուցե զայրացնենք իրար (Եփես. 4։26)։ Սակայն պետք է զսպենք մեզ, որ զայրացած վիճակում խորհուրդ չտանք, քանի որ Սուրբ Գիրքն ասում է. «Մարդը, զայրույթին տեղի տալով, Աստծու արդարության համաձայն չի գործում» (Հակ. 1։20)։ Բարկացած ժամանակ տրված խորհուրդը ավելի շուտ վնաս կհասցնի, քան օգուտ կտա։ Սա չի նշանակում, որ երբեք չպետք է մեզ բարկացրած մարդուն ասենք, թե ինչ ենք զգում կամ մտածում։ Բայց զրույցն արդյունավետորեն կվարենք, եթե սպասենք մինչև մեր բարկությունն անցնի։ Այս հարցում լավ օրինակ է Հոբի հավատարիմ ընկեր Եղիուսը, ով լավ խորհուրդ տվեց նրան։

15. Ի՞նչ ենք սովորում Եղիուսից (տես նաև նկարը)։

15 Եղիուսը օրեր շարունակ լսում էր, թե ինչպես է Հոբը արդարանում իրեն մեղադրող կեղծ մխիթարիչների առաջ։ Նա կարեկցանքով լցվեց Հոբի հանդեպ, բայց նաև զայրացավ, քանի որ վերջինս սխալ բաներ էր խոսում Եհովայի մասին և չափից շատ էր կենտրոնացել իր վրա։ Այնուամենայնիվ, Եղիուսը սպասեց խոսելու իր հերթին և մեղմորեն ու խոր հարգանքով խորհուրդ տվեց նրան (Հոբ 32։2; 33։1-7)։ Եղիուսի օրինակից մի կարևոր ճշմարտություն ենք սովորում. լավագույն արդյունքի կհասնենք այն դեպքում, երբ խորհուրդը տանք ճիշտ ձևով՝ սիրով ու հարգանքով, և ճիշտ ժամանակին (Ժող. 3։1, 7)։

Եղիուսը կարեկցանքով լսում է Հոբին, ում մարմինը պատված է պալարներով։

Թեև Եղիուսը զայրացել էր Հոբի վրա, բայց նրան խորհուրդ տվեց մեղմորեն և խոր հարգանքով (տես պարբերություն 15)


ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼ ԵՎ ԽՈՐՀՈՒՐԴ ԸՆԴՈՒՆԵԼ

16. Ի՞նչ ենք սովորում Սաղմոս 32։8 համարից։

16 Այս հոդվածի բնաբանում ասվում է, որ Եհովան մեզ խորհուրդ է տալիս և աչքը մեզ վրա է պահում (կարդա Սաղմոս 32։8)։ Սա նշանակում է, որ նա շարունակ աջակցում է մեզ։ Նա ոչ միայն խորհուրդ է տալիս, այլև օգնում է կիրառել այն։ Եհովան հրաշալի օրինակ է մեզ համար։ Երբ խորհուրդ ենք տալիս ուրիշներին, լավ կլինի, որ ընդօրինակելով մեր Հորը՝ մեր աչքը նրանց վրա պահենք և օգնենք կիրառել խորհուրդը։

17. Երբ երեցները Աստվածաշնչի վրա հիմնված կոնկրետ խորհուրդ են տալիս մեզ, ի՞նչ է դա փաստում (Եսայիա 32։1, 2)։

17 Հիմա առավել քան երբևէ լավ խորհուրդներ տալու և ստանալու կարիք ունենք (2 Տիմոթ. 3։1)։ Այն երեցները, ովքեր Աստվածաշնչի վրա հիմնված խորհուրդներ են տալիս, նման են «ջրի վտակների՝ անջուր երկրում» (կարդա Եսայիա 32։1, 2)։ Իսկ այն ընկերները, ովքեր գիտեն, թե ինչ ենք ուզում լսել, բայց ասում են այն, ինչ անհրաժեշտ է, մեզ թանկարժեք նվեր են տալիս, որը նման է «փորագրված արծաթե անոթի մեջ դրված ոսկե խնձորների» (Առակ. 25։11)։ Թող որ բոլորս շարունակենք սովորել լավ խորհուրդ տալ և ընդունել տրված խորհուրդը։

Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ՀԻՇԵՆՔ, ԵՐԲ՝

  • մեզնից խորհուրդ են հարցնում,

  • կարիք է առաջանում խորհուրդ տալ,

  • բարկացած ենք։

ԵՐԳ 109 Սրտանց և ջերմորեն սիրենք իրար

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը