Ազատազրկված՝ հավատի համար — Ղրիմ
Եհովայի վկաների նկատմամբ իրականացվող ագրեսիվ հարձակումները սկսել են նաև Ղրիմում դրսևորվել։ Ռուսաստանում կառավարությունը ոչ միայն արգելքի տակ է դրել Վկաների իրավաբանական անձանց գործունեությունը, այլև հստակ ցույց է տալիս, որ նպատակ ունի վերացնել նրանց մաքուր երկրպագությունը։ 2017 թ. ապրիլի արգելքից հետո Ռուսաստանի իրավապահ մարմինները բազմաթիվ խուզարկություններ են իրականացրել Վկաների ժողովներում. շատ Վկաներ են ձերբակալվել և դատապարտվել ազատազրկման։ Այժմ այդ նույն գործելակերպն է դրսևորվում նաև Ղրիմում։
Ղրիմում առաջին մասսայական խուզարկությունները եղան 2018 թ. նոյեմբերի 15-ին, երբ Ջանկոյ քաղաքում մոտ 200 ոստիկաններ և հատուկ ծառայության աշխատակիցներ խուզարկեցին 8 տներ, որտեղ Եհովայի վկաների փոքր խմբերը հավաքվում էին, որ միասին Աստվածաշունչ կարդան և քննարկեն։ Առնվազն 35 զինված և դիմակավորված աշխատակիցներ ներխուժել են Սերգեյ Ֆիլատովի տուն, որտեղ 6 Վկաներ կային հավաքված։ Նրանց ագրեսիվ գործողությունները ահաբեկել են Վկաներին։ Ոստիկանները 79-ամյա մի տղամարդու հրել են դեպի պատը, այնուհետև նետել են գետնին, ձեռնաշղթաներ հագցրել և դաժանաբար այնքան ծեծել, որ նրան հոսպիտալացրել են։ Երկու տարեց տղամարդ նույնպես հոսպիտալացվեցին, քանի որ սթրեսի պատճառով նրանց արյան ճնշումը խիստ բարձրացել էր։ Ցավոք, մի երիտասարդ հղի կին, ում տուն ևս ներխուժել էին, կորցրեց երեխային։
Խուզարկությունից հետո Սերգեյին Ռուսաստանի քրեական օրենսգրքի 282.2 հոդվածի 1-ին մասով մեղադրեցին «ծայրահեղական կազմակերպության» գործունեությունը կազմակերպելու մեջ։ 2020 թ. մարտի 5-ին Ղրիմի շրջանային դատարանը Սերգեյին դատապարտեց 6 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։ Նրան դատարանից անմիջապես տարան կալանավայր։
2018 թ.-ին Ջանկոյում տեղի ունեցած խուզարկություններին հաջորդող տարիներին ոստիկանության աշխատակիցները շարունակում են հարկադրաբար ներխուժել Վկաների տներ, ովքեր կասկածվում են ծայրահեղական գործունեության մեջ։ Ամենավերջին խուզարկությունները տեղի ունեցան 2024 թ. օգոստոսի 7-ին. մի քանի զինված ու դիմակավորված ոստիկաններ ներխուժեցին հինգ Վկաների տներ, այդ թվում՝ 68-ամյա Տամարա Բրատցևայի տուն, որը գտնվում է Ռազդոլնոյե գյուղում։ Տամարա Բրատցևայի դեմ ծայրահեղական կազմակերպության գործունեություն կազմակերպելու մեղադրանք առաջադրվեց, և հիմա նրա դատավարությունը ընթացքի մեջ է։ Իսկ 2024 թ. հոկտեմբերին երկու Վկաներ՝ Յուրի Գերաշենկոն և Սերգեյ Պարֆենովիչը, դատապարտվեցին վեց տարվա ազատազրկման ուղղիչ գաղութում։ Մինչ այդ նրանք դատապարտվել էին պայմանական ազատազրկման, սակայն դատախազը պահանջեց ավելի խիստ պատիժ սահմանել, և դատարանը բավարարեց հայցը։ Եղբայրներին կալանավորեցին անմիջապես նիստերի դահլիճում և տեղափոխեցին բանտ։
Այս խուզարկությունների և դրանց հաջորդած քրեական հետապնդումների ու դատավճիռների պատճառով ներկայումս 15 Եհովայի վկա տղամարդ գտնվում է բանտում և կրում է վեցից վեցուկես տարվա ազատազրկման պատիժ։ Նրանք բոլորը մեղադրվել են ծայրահեղական կազմակերպության գործունեություն ծավալելու մեջ։
Ժամանակագրություն
Սեպտեմբերի 17, 2025
Ներկայումս Ղրիմից ազատազրկված են 15 Վկաներ։
Հոկտեմբերի 3, 2024
Յուրի Գերաշենկոն և Սերգեյ Պարֆենովիչը դատապարտվեցին վեց տարվա ազատազրկման ուղղիչ գաղութում։
Օգոստոսի 7, 2024
Ոստիկանները ներխուժեցին հինգ Վկաների տներ Ալուշտայում, Ռազդոլնոյեում և Սենոկոսնոյեում։ Տամարա Բարտցևվայի դեմ քրեական գործ հարուցվեց։
Օգոստոսի 5, 2021
Վկաների 8 տներ խուզարկվեցին։ Ալեքսանդր Դուբովենկոն և Ալեքսանդր Լիտվինյուկը ձերբակալվեցին։
Հոկտեմբերի 1, 2020
Սևաստոպոլում խուզարկվեց Վկաների 9 տներ։ Իգոր Շմիդտը վերցվեց նախնական կալանքի։
Հունիսի 4, 2019
Սևաստոպոլում հատուկ ուժայինները խուզարկեցին 10 տուն։ Վիկտոր Ստաշևսկին մեղադրվեց ծայրահեղական գործունեություն կազմակերպելու մեջ։
Մարտի 20, 2019
Հատուկ ուժայինները Ալուպկայում և Յալտայում խուզարկեցին Վկաների 8 տներ։ Արտյոմ Գերասիմովին հարցաքննեցին և մեղադրեցին ծայրահեղական գործունեության մեջ։
Նոյեմբերի 15, 2018
Ջանկոյում 200 ոստիկաններ և հատուկ ծառայության աշխատակիցներ խուզարկություն իրականացրին 8 տներում, այդ թվում՝ Սերգեյ Ֆիլատովի տանը։