Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 1/11 էջ 24–27
  • Արժե՞ թողնեմ դպրոցս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Արժե՞ թողնեմ դպրոցս
  • 2011 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Թողնել դպրոցը. ե՞րբ
  • Ի՞նչ վատ բան կա դպրոցը թողնելու մեջ
  • Ուսումը շարունակելու օգուտները
  • Արժե՞ թողնեմ դպրոցս
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
  • Իմ գրառումները. դպրոցը և քո հասակակիցները
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Արժե՞ թողնել դպրոցը
    Երիտասարդները հարցնում են
  • Ի՞նչ անեմ, եթե ատում եմ դպրոցը
    Երիտասարդները հարցնում են
Ավելին
2011 Արթնացե՛ք
g 1/11 էջ 24–27

Երիտասարդները հարցնում են

Արժե՞ թողնեմ դպրոցս

Քո կարծիքով՝ ո՞ր դասարանում պետք է թողնես դպրոցդ։

․․․․․

Իսկ ծնողներիդ կարծիքո՞վ։

․․․․․

ՁԵՐ կարծիքները համընկնո՞ւմ են։ Եթե նույնիսկ այդպես է և դու դեռ դպրոց ես գնում, գուցե լինեն օրեր, որ երազես դպրոցից դուրս գալու մասին։ Երբևէ մտածե՞լ ես այսպես՝

● «Երբեմն էնքան ճնշված եմ լինում, որ չեմ ուզում անկողնուց վեր կենալ։ Մտածում եմ. «Ինչի՞ համար պիտի գնամ դպրոց և սովորեմ բաներ, որ ինձ երբեք պետք չեն գալու»» (Ռեյչլ)։

● «Շատ էր պատահում, որ էնքան էի հոգնում դասերից, որ ուզում էի ուղղակի թողնել դպրոցը և աշխատել։ Մտածում էի, որ դպրոցը ինձ ոչ մի լավ բան չի տալիս, ավելի լավ է գործ գտնեմ ու փող աշխատեմ» (Ջոն)։

● «Չորս ժամից ավել տնային էի անում։ Էնքան էի խրվել հանձնարարությունների, նախագծերի և թեստերի մեջ, որ ինձ թվում էր՝ դուրս չեմ գա այդ ճահճից, բայց շատ էի ուզում դուրս գալ» (Սինդի)։

● «Մեզ սպառնացել են, թե կպայթեցնեն դպրոցը, երեք ինքնասպանության փորձ է եղել, մեկ ինքնասպանության դեպք է գրանցվել և բռնություն է գործադրվել մի բանդայի կողմից։ Երբեմն չէի կարողանում դիմանալ և ուզում էի թողնել դպրոցը» (Ռոուզ)։

Բախվե՞լ ես նման խնդիրների։ Եթե այո, ապա ո՞ր իրավիճակն է ստիպել քեզ թողնել դպրոցը։

․․․․․

Գուցե հիմա լրջորեն մտածում ես դպրոցը թողնելու մասին։ Սակայն կարո՞ղ ես ասել պատճառը. արդեն ունե՞ս բավարար գիտելիքներ, թե՞ ձանձրացել ես դպրոցից։ Այս հարցին պատասխանելու համար եկ տեսնենք, թե արդյոք ճիշտ է ժամանակից շուտ թողնել դպրոցը։

Թողնել դպրոցը. ե՞րբ

Քո կարծիքով՝ ո՞ր դասարանում պետք է թողնես դպրոցը։

․․․․․

Գիտեի՞ր արդյոք, որ որոշ երկրներում պատանիներից պահանջվում է սովորել հինգից ութ տարի, որոշ երկրներում էլ տասից տասներկու տարի։ Ուստի հնարավոր չէ ամբողջ աշխարհի համար սահմանել նույն օրենքը, թե երեխան քանի տարի կամ մինչև որ տարիքը պետք է սովորի դպրոցում։

Որոշ երկրներ կամ պետություններ էլ թույլ են տալիս, որ աշակերտը տան պայմաններում սովորի մի քանի կամ բոլոր առարկաները։ Հետևաբար այն երեխաները, որոնց ծնողները որոշել են և թույլ են տվել, որ նրանք տանը կրթություն ստանան, չեն թողնում դպրոցը։

Սակայն եթե մտածում ես դադարեցնել ուսումդ՝ լինի դպրոցում, թե տանը, լավ կլինի մտածես հետևյալ հարցերի շուրջ։

Ի՞նչ է պահանջում օրենքը։ Ինչպես նշվեց, այն օրենքները, որոնք սահմանում են, թե երեխաները քանի տարի պետք է դպրոց գնան, երկրից երկիր տարբեր են։ Ըստ ձեր երկրում ընդունված օրենքի՝ առնվազն քանի՞ տարի պետք է սովորեն աշակերտները։ Արդեն սովորե՞լ ես այնքան տարի, որքան պահանջվում է։ Եթե ոչ, լավ չի լինի թողնել դպրոցը, քանի որ այդպես վարվելով՝ չես հետևի աստվածաշնչյան պահանջին՝ «հպատակվել վերին իշխանություններին» (Հռոմեացիներ 13։1)։

Հասե՞լ եմ կրթության հետ կապված նպատակներիս։ Որո՞նք են այն նպատակները, որոնց կարող ես հասնել կրթություն ստանալու միջոցով։ Դեռ չգիտե՞ս։ Պե՛տք է իմանաս։ Հակառակ դեպքում՝ նման կլինես այն ուղևորին, որը չգիտի, թե ուր է գնում գնացքով։ Ուստի ծնողներիդ հետ լրացրու 26-րդ էջում գտնվող «Կրթության հետ կապված իմ նպատակները» շրջանակը։ Այդպիսով կկենտրոնանաս նպատակներիդ վրա, նաև դու ու ծնողներդ կկարողանաք պլանավորել, թե քանի տարի պետք է սովորես դպրոցում (Առակներ 21։5)։

Անկասկած, ուսուցիչներդ և ուրիշներ խորհուրդ կտան քեզ, թե քանի տարի պետք է սովորես դպրոցում։ Բայց վերջնական որոշում իրավունք ունեն կայացնելու ծնողներդ (Առակներ 1։8; Կողոսացիներ 3։20)։ Լավ չի լինի դադարեցնել ուսումը նախքան այն նպատակներին հասնելը, որոնք դրել եք դու և ծնողներդ։

Ի՞նչ դրդապատճառներ ունեմ դպրոցը թողնելու համար։ Խուսափիր ինքնախաբեությունից (Երեմիա 17։9)։ Մարդիկ հակված են իրենց ուզածին հասնելու համար պատճառներ բերել, որոնք, իրենց կարծիքով, հիմնավոր են (Հակոբոս 1։22)։

Այստեղ գրիր, թե ինչ հիմնավոր պատճառներ ունես ուսումդ դադարեցնելու համար։

․․․․․

Այստեղ գրիր, թե ինչ անհիմն պատճառներ ունես ուսումդ դադարեցնելու համար։

․․․․․

Ի՞նչ հիմնավոր պատճառներ գրեցիր։ Հնարավոր է՝ ուզում ես ֆինանսապես աջակցել ընտանիքիդ կամ օգնել մարդկանց ճանաչելու Աստծուն։ Անհիմն պատճառներից կարող է լինել այն, որ ուզում ես խուսափել թեստեր գրելուց կամ տնային աշխատանքներ կատարելուց։ Դժվարը որոշելն է, թե որոնք ենք քո հիմնական դրդապատճառները, դրանք հիմնավո՞ր են, թե՞ անհիմն։

Նորից նայիր գրածիդ և ազնվորեն 1-ից 5 թվերով համարակալիր դպրոցը թողնելու քո պատճառները (1-ը քիչ կարևորն է, 5-ը ամենակարևորն է)։ Եթե ուզում ես թողնել դպրոցը խնդիրներից խուսափելու համար, հավանաբար ավելի մեծ խնդիրների կբախվես։

Ի՞նչ վատ բան կա դպրոցը թողնելու մեջ

Դպրոցը թողնելը նման է այն բանին, որ դուրս ես ցատկում գնացքից մինչ նպատակակետիդ հասնելը։ Գնացքը գուցե անհարմար լինի, իսկ ուղևորները անբարեհամբույր լինեն։ Սակայն եթե դուրս ցատկես գնացքից, չես հասնի քո նպատակակետին ու հավանաբար լուրջ վնասվածքներ կստանաս։ Նմանապես, եթե թողնես դպրոցը, չես հասնի ուսման հետ կապված նպատակներիդ և գուցե լուրջ խնդիրներ ունենաս։ Քննարկենք դրանցից մի քանիսը։

Առաջիկա խնդիրներ։ Քեզ համար թերևս ավելի դժվար կլինի աշխատանք գտնել, իսկ եթե նույնիսկ գտնես, ապա հավանաբար այն կլինի քիչ վարձատրվող, քան այն աշխատանքը, որը կարող էիր ձեռք բերել, եթե լիարժեք ուսում ստանայիր։ Հիմնական կարիքներդ բավարարելու համար գուցե ստիպված լինես ավելի երկար ժամեր աշխատել և այնպիսի միջավայրում, որը դպրոցի միջավայրից ավելի տհաճ կլինի։

Հետագա խնդիրներ։ Ըստ որոշ ուսումնասիրությունների՝ հավանականությունը մեծ է, որ նրանք, ովքեր թողնում են դպրոցը, վատ առողջություն կունենան, երիտասարդության վաղ շրջանում երեխաներ կունենան, բանտ կընկնեն և ստիպված կլինեն նպաստի հույսով ապրել։

Անշուշտ, դպրոցն ավարտելը չի երաշխավորում, որ կխուսափես վերը նշված խնդիրներից։ Սակայն արժե՞ թողնելով դպրոցը՝ սահմանափակես հնարավորություններդ։

Ուսումը շարունակելու օգուտները

Իհարկե, եթե դու պարզապես չես հանձնել թեստդ կամ վատ օր ես ունեցել դպրոցում, թերևս ցանկանաս ամեն ինչ թողնել։ Հետագա ցանկացած խնդիր քեզ աննշան կարող է թվալ՝ համեմատած ներկայիս վատ իրավիճակի հետ։ Սակայն մինչ «հեշտ» տարբերակ ընտրելը տես, թե ինչ օգուտներ են ստացել վերը նշված աշակերտները, այն բանի շնորհիվ, որ չեն թողել դպրոցը։

● «Ես սովորել եմ տոկալ և լինել ուժեղ։ Նաև սովորել եմ, որ մարդուց է կախված՝ որևէ բան անելը իրեն հաճելի կլինի, թե ոչ։ Ուսումս շարունակելու շնորհիվ սովորել եմ բաներ, որոնք ավարտելուց հետո ինձ պետք կգան» (Ռեյչլ)։

● «Այժմ գիտեմ, որ եթե ջանասեր լինեմ, կկարողանամ հասնել նպատակներիս։ Հիմա, երբ բարձր դասարանում եմ սովորում, անցնում եմ շատ օգտակար տեխնիկական դասընթաց, որը վերապատրաստում է ինձ աշխատելու որպես մամլիչի մեխանիկ. դա իմ նախընտրած մասնագիտությունն է» (Ջոն)։

● «Դպրոցը սովորեցրեց ինձ, թե ինչպես լուծեմ խնդիրներս՝ լինեն դպրոցում կամ այլուր։ Ես սովորել եմ հաղթահարել դժվարություններս, որոնք առաջանում են դպրոցում, մարդկանց հետ ունեցած փոխհարաբերություններում և այլն, ու դա օգնել է ինձ հասունանալու» (Սինդի)։

● «Դպրոցը պատրաստեց ինձ աշխատավայրում սպասվող դժվարություններին։ Նաև բախվեցի բազմաթիվ իրավիճակների, որոնք մղեցին ինձ քննելու, թե ինչու եմ հավատում Աստծուն, ուստի դպրոցը ամրացրեց իմ կրոնական համոզմունքները» (Ռոուզ)։

Իմաստուն Սողոմոն թագավորը գրել է. «Գործի վերջը ավելի լավ է, քան սկիզբը։ Համբերատար մարդը ոգով ամբարտավան մարդուց լավ է» (Ժողովող 7։8)։ Ուստի դպրոցը թողնելու փոխարեն՝ համբերատարությամբ հաղթահարիր խնդիրները։ Եթե այդպես վարվես, ապա կնկատես, որ գործի վերջը ավելի լավ է, քան սկիզբը։

«Երիտասարդները հարցնում են» խորագրից տարբեր լեզուներով այլ հոդվածներ կարելի է գտնել www.watchtower.org վեբ կայքում։

ՄՏԱԾԻՐ

● Ինչպե՞ս կարող են կրթության հետ կապված փոքր նպատակներդ օգնել քեզ լավագույնս օգտվելու դպրոցում անցկացրած ժամանակից։

● Ինչո՞ւ է քեզ համար կարևոր որոշակի պատկերացում կազմել այն աշխատանքի մասին, որ կուզենայիր ունենալ դպրոցը ավարտելուց հետո։

[շրջանակ/​նկարներ 25-րդ էջի վրա]

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԴ

«Դպրոցում էր, որ սովորեցի սիրել գրքերը։ Որքա՜ն լավ է, որ ընթերցանության շնորհիվ կարող ես հասկանալ ուրիշների մտքերն ու զգացմունքները։»

«Դժվարանում եմ ճիշտ առաջնահերթություններ դնել։ Բայց եթե չլիներ դպրոցը, ավելի վատ կլիներ։ Այն օգնում է ինձ, որ հետևեմ օրակարգիս, գրաֆիկով շարժվեմ ու անեմ կարևոր բաները։»

[նկարներ]

Էսմա

Քրիստոֆեր

[շրջանակ 26-րդ էջի վրա]

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՄ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Կրթություն ստանալու գլխավոր նպատակը քեզ պատրաստելն է, որ ապագայում աշխատանք գտնես և կարողանաս հոգ տանել քո և ընտանիքիդ կարիքների մասին (2 Թեսաղոնիկեցիներ 3։10, 12)։ Որոշե՞լ ես, թե ինչ աշխատանք ես ցանկանում ունենալ։ Մտածե՞լ ես, թե ինչպես դպրոցը կարող է օգնել քեզ պատրաստվելու դրան։ Որպեսզի որոշես, թե արդյոք կրթությունդ քեզ ճիշտ նպատակակետի է տանում, օգտակար կլինի պատասխանել հետևյալ հարցերին.

Ի՞նչ ունակություններ ունեմ (օրինակ՝ հեշտությա՞մբ ես հաղորդակցվում մարդկանց հետ։ Հաճույք ստանո՞ւմ ես, երբ որևէ բան ես սարքում, ստեղծում կամ ամրացնում։ Կարողանո՞ւմ ես վերլուծել և հարթել խնդիրները)։

․․․․․

Ինչպիսի՞ աշխատանքներ կկարողանամ անել, որոնք թույլ կտան ինձ դրսևորելու իմ ունակությունները։

․․․․․

Իմ բնակավայրում ինչպիսի՞ աշխատանք կարող եմ գտնել։

․․․․․

Ո՞ր առարկաները կօգնեն ինձ աշխատանք գտնելու։

․․․․․

Ներկայումս կրթություն ստանալու ի՞նչ տարբերակներ ունեմ, որոնց շնորհիվ ավելի շուտ կհասնեմ նպատակներիս։

․․․․․

Հիշի՛ր, քո նպատակն է դպրոցն ավարտելիս ունենալ այնպիսի կրթություն, որը պետք կգա քեզ հետագայում։ Ուստի մի՛ ընկիր այլ ծայրահեղության մեջ՝ միշտ աշակերտ մնալով, այսինքն՝ լինելով մեկը, ով անվերջ մնում է «գնացքի մեջ», միայն թե խուսափի չափահասության պատասխանատվություններից։

[շրջանակ 27-րդ էջի վրա]

ԾՆՈՂՆԵՐԻՆ

«Դասատուներս ձանձրացնում են»։ «Այնքա՜ն շատ տնային աշխատանք ունեմ»։ «Ինչքան էլ սովորում եմ, միայն «բավարար» եմ ստանում. իմաստ ունի՞, որ շարունակեմ ուսումս»։ Այս և այլ պատճառներով որոշ պատանիներ ուզում են թողնել դպրոցը, երբ դեռ չեն էլ հասցրել ապրուստը վաստակելու համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերել։ Եթե ձեր տղան կամ աղջիկը ցանկանում է թողնել դպրոցը, ի՞նչ կարող եք անել։

Քննեք, թե ինչ տեսակետ ունեք կրթության վերաբերյալ։ Դպրոցում սովորելը համարո՞ւմ էիք ժամանակի կորուստ, ասես բանտում լինեիք և պիտի տոկայիք, մինչև կարողանայիք ավելի հետաքրքիր նպատակներ դնել ձեր առաջ։ Եթե այդպես է, ապա սովորելու հանդեպ ձեր վերաբերմունքը կարող է անդրադառնալ նաև երեխաների վրա։ Փաստն այն է, որ լիարժեք կրթություն ստանալու շնորհիվ նրանք կունենան «իմաստություն և խորհելու կարողություն», հատկություններ, որոնք պետք կգան չափահասության շրջանում (Առակներ 3։21)։

Բարենպաստ պայմաններ ստեղծեք։ Ոմանք, ովքեր կարող են ավելի բարձր գնահատականներ ստանալ, պարզապես չգիտեն, թե ինչպես սովորել, կամ չունեն համապատասխան պայմաններ դրա համար։ Սովորելու համար լավ պայմաններ կստեղծեք, եթե երեխայի սեղանի վրա թափթփված իրեր չլինեն, բավարար տեղ լինի դասերը սովորելու համար, սենյակը լավ լուսավորված լինի ու եթե նա փնտրտուքներ անելու միջոցներ ունենա։ Դուք կարող եք նպաստել ձեր երեխայի առաջընթացին՝ հոգևոր թե կրթական, եթե հոգ տանեք, որ նա սովորելու հնարավորություն ունենա, և լավ միջավայր ստեղծեք, որ խորհրդածի նոր մտքերի ու գաղափարների շուրջ (1 Տիմոթեոս 4։15)։

Մասնակցեք։ Ուսուցիչներին և խորհրդատուներին համարեք դաշնակիցներ, ոչ թե թշնամիներ։ Հանդիպեք նրանց հետ։ Իմացեք նրանց անունները։ Խոսեք երեխայի նպատակների ու դժվարությունների մասին։ Եթե ձեր երեխան գնահատականների հետ կապված խնդիրներ ունի, փորձեք իմանալ պատճառը։ Օրինակ՝ նա կարծո՞ւմ է, որ եթե լավ գնահատականներ ստանա ու դրա պատճառով աչքի ընկնի, կարող է ծաղրուծանակի առարկա դառնալ։ Խնդիր ունի՞ ուսուցչի հետ։ Դժվարանո՞ւմ է յուրացնել ծրագիրը։ Ուսուցման ծրագիրը ոչ թե պետք է ճնշի երեխային, այլ պետք է նպաստի նրա ներուժի զարգացմանը։ Մեկ այլ հնարավոր պատճառ կարող է լինել առողջությունը. գուցե տեսողությո՞ւնը լավ չէ կամ ընթերցելո՞ւ հետ կապված խնդիր ունի։

Որքան մեծ լինի ձեր մասնակցությունը երեխայի հոգևոր դաստիարակության և կրթություն ստանալու հարցում, այնքան հավանականությունը մեծ կլինի, որ նա հաջողության կհասնի (Առակներ 22։6)։

[նկար 27-րդ էջի վրա]

Դպրոցը թողնելը նման է այն բանին, որ դուրս ես ցատկում գնացքից մինչ նպատակակետիդ հասնելը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը