Գլուխ 53
Փափագելի հզոր Կառավարիչ
ԵՐԲ Հիսուսը հրաշքով կերակրում է հազարավորների, մարդիկ շատ են զարմանում։ «Իրոք որ սա այն մարգարեն է, որ պետք է գար աշխարհ»,— ասում են նրանք։ Ժողովուրդը ոչ միայն եզրակացնում է, որ Հիսուսն է այն մարգարեն, որը Մովսեսից ավելի մեծ էր լինելու, այլ նաև ենթադրում է, որ նա կարող է հիանալի կառավարիչ լինել։ Ուստի նրանք որոշում են բռնել Հիսուսին և թագավոր դարձնել։
Սակայն Հիսուսը իմանում է, թե ժողովուրդն ինչ է մտադիր անել։ Նա արագ հեռանում է, որպեսզի իրեն բռնի կերպով թագավոր չդարձնեն։ Հիսուսը արձակում է ժողովրդին և կարգադրում է իր աշակերտներին, որ նավով ետ դառնան Կափառնայում։ Իսկ ինքը բարձրանում է սարը՝ աղոթելու։ Այդ գիշերը նա բոլորովին մենակ է անցկացնում այնտեղ։
Լուսաբացին մոտ Հիսուսը իր բարձր դիտակետից նայելիս նկատում է, որ ծովը ուժեղ քամուց ալեկոծվում է։ Համարյա լիալուսնի լույսի տակ (քանի որ Պասեքը մոտենում է) Հիսուսի առջև հետևյալ տեսարանն է բացվում. աշակերտները նավակի մեջ պայքարում են կատաղի ալիքների դեմ, որ առաջ շարժվեն։ Նրանք ամբողջ ուժով թիավարում են։
Տեսնելով սա՝ Հիսուսն իջնում է սարից և ալիքների վրայով քայլելով՝ շարժվում է նավակի կողմը։ Երբ Հիսուսը մոտենում է, նավակն արդեն ափից մոտ հինգ կամ վեց կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։ Սակայն նա շարունակում է քայլել, կարծես ցանկանում է նավակի կողքով անցնել։ Երբ աշակերտները տեսնում են նրան, աղաղակում են.
— Ուրվակա՛ն է։
— Այդ ե՛ս եմ։ Մի՛ վախեցեք,— հանգստացնում է նրանց Հիսուսը։
— Տե՛ր, եթե դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով գալ քեզ մոտ,— ասում է Պետրոսը։
— Ե՛կ,— պատասխանում է Հիսուսը։
Նավակից դուրս գալով՝ Պետրոսը սկսում է ջրերի վրայով քայլել դեպի Հիսուսը։ Բայց փոթորկող քամին տեսնելով՝ վախենում է և սկսում ընկղմվել։ «Տե՛ր, փրկի՛ր ինձ»,— աղաղակում է նա։
Անմիջապես մեկնելով իր ձեռքը՝ Հիսուսը բռնում է նրան ու ասում. «Ո՛վ դու թերահավատ, ինչո՞ւ կասկածեցիր»։
Երբ Հիսուսն ու Պետրոսը մտնում են նավակ, քամին հանդարտվում է։ Աշակերտները խիստ զարմանում են։ Բայց պե՞տք է արդյոք նրանք զարմանան։ Եթե ըմբռնեին «հացերի իմաստը», այսինքն՝ հասկանային, թե ինչպես մի քանի ժամ առաջ Հիսուսը ընդամենը հինգ հացով և երկու ձկով հրաշքով կերակրեց հազարավոր մարդկանց, ապա այդքան չէին զարմանա այն երևույթի վրա, որ նա ի վիճակի է քայլել ջրի վրայով և հանդարտեցնել քամին։ Այժմ, սակայն, աշակերտները խոնարհվում են Հիսուսի առաջ և ասում. «Դու իրո՛ք Աստծու Որդին ես»։
Շուտով նրանք հասնում են Գեննեսարեթ, որը Կափառնայումի մոտ գտնվող մի գեղեցիկ բերքառատ հովիտ է։ Հենց այստեղ էլ խարիսխ են գցում։ Բայց երբ ափ են դուրս գալիս, մարդիկ ճանաչում են Հիսուսին և անմիջապես գնում մոտակա վայրերը՝ հիվանդներ բերելու։ Նրանք վերադառնում են՝ պատգարակների վրա բերելով հիվանդ մարդկանց, ու երբ հիվանդները դիպչում են Հիսուսի վերնահագուստի եզրին, ամբողջովին ապաքինվում են։
Այդ ընթացքում մարդիկ, ովքեր ականատես էին եղել, թե ինչպես էր Հիսուսը կերակրել հազարավորների, նկատում են, որ նա հեռացել է։ Ուստի երբ Տիբերիայից նավակներ են ժամանում, դրանցով նրանք գալիս են Կափառնայում՝ Հիսուսին փնտրելու։ Գտնելով նրան՝ հարցնում են. «Ռաբբի՛, ե՞րբ եկար այստեղ»։ Սակայն, ինչպես հետո կտեսնենք, Հիսուսը հանդիմանում է նրանց։ Հովհաննես 6։14–25; Մատթեոս 14։22–36; Մարկոս 6։45–56։
▪ Այն բանից հետո, երբ Հիսուսը հրաշքով կերակրում է հազարավորների, մարդիկ ի՞նչ են ուզում անել նրան։
▪ Հիսուսը սարի վրայից ի՞նչ է տեսնում և ի՞նչ է անում։
▪ Աշակերտները ինչո՞ւ չպետք է զարմանային։
▪ Ի՞նչ է տեղի ունենում, երբ նրանք ափ են դուրս գալիս։