Գլուխ 26
Աստվածաշնչյան գրականության թողարկումը
ԳՐԱՎՈՐ խոսքը կարևոր դեր է ունեցել ճշմարիտ երկրպագության մեջ։ Եհովան Իսրայելին տվեց Տասը պատվիրանները սկզբում բանավոր, հետո գրավոր տեսքով (Ելք 20։1–17; 31։18; Գաղ. 3։19)։ Աստված պատվիրեց Մովսեսին, մարգարեներին և առաքյալներին գրի առնել իր Խոսքը, որպեսզի այն ճշգրտորեն փոխանցվի (Ելք 34։27; Երեմ. 30։2; Ամբ. 2։2; Հայտն. 1։11)։
Հնում խոսքը գրի առնելու համար օգտագործվում էին գլանաձև փաթեթներ։ Սակայն մ.թ. երկրորդ դարում սկսեցին օգտագործել ձեռագիր մատյաններ՝ միահյուսված թերթերով գրքեր։ Դրանք ավելի էժան էին, և ավելի հեշտ էր օգտագործել։ Քրիստոնյաները առաջիններից էին, որ սկսեցին օգտագործել ձեռագիր մատյաններ, քանի որ տեսնում էին, որ դրանք արժեքավոր գործիք էին Մեսիական Թագավորության բարի լուրը տարածելու գործում։ Պրոֆեսոր Է. Ջ. Գուդսփիդը իր գրքում խոսեց այս վաղ քրիստոնյաների մասին՝ որպես գրքեր հրատարակողների, և ասաց. «Նրանք ոչ միայն համաքայլ էին ընթանում ժամանակի հետ, այլև առաջ էին անցնում։ Հետագա դարերի հրատարակիչները հետևել են նրանց օրինակին» (Christianity Goes to Press, 1940, էջ 78)։
Ուստի զարմանալի չէ, որ Եհովայի վկաները՝ որպես Աստծու Թագավորությունը հռչակողներ, տպագրական արդյունաբերության մեջ որոշ հարցերում առաջիններից են եղել։
Գրականություն վաղ շրջանի Աստվածաշունչ ուսումնասիրողների համար
Չ. Թ. Ռասելի գրած առաջին հոդվածներից մեկը հրատարակվեց 1876-ին «Աստվածաշնչի հետազոտող» պարբերականում, որի խմբագիրը Ջորջ Սթորզն էր Բրուքլինից (Նյու Յորք)։ Երբ եղբայր Ռասելը սկսեց համագործակցել Ն. Հ. Բարբերի հետ, որը Ռոչեստերից էր (Նյու Յորք), նա ֆինանսավորեց «Երեք աշխարհ և այս աշխարհի հունձը» գրքի և «Առավոտվա մունետիկ» պարբերագրի հրատարակումը։ Նա «Մունետիկի» համախմբագիրն էր, և 1877-ին այդ պարբերագրի տպարանում թողարկեց «Ինչու և ինչպես է վերադառնալու մեր Տերը» գրքույկը։ Եղբայր Ռասելը գիտակ էր հոգևոր և գործարքային հարցերում, իսկ Բարբերը մեծ փորձ ուներ շարվածքի գործում։
Սակայն երբ Բարբերը ժխտեց Հիսուսի զոհի մեղքեր քավելու արժեքը, եղբայր Ռասելը խզեց իր կապերը նրա հետ։ Եվ երբ 1879-ին եղբայր Ռասելը սկսեց թողարկել «Սիոնի Դիտարան և Քրիստոսի ներկայության մունետիկ» պարբերագիրը, ստիպված եղավ կոմերցիոն տպարանների դիմել։
Հաջորդ տարի տպագրության պատրաստվեց թերթիկների առաջին շարքը, որի նպատակն էր մարդկանց մեջ հետաքրքրություն առաջացնել աստվածաշնչյան ճշմարտությունների հանդեպ։ Այդ գործը շուտով մեծ մասշտաբների հասավ։ Այն իրականացնելու համար 1881-ի փետրվարի 16-ին հիմնվեց «Սիոնի Դիտարանի և թերթիկի ընկերությունը», որի նախագահը Ու. Հ. Քոնլին էր, իսկ քարտուղարը և գանձապահը՝ Չ. Թ. Ռասելը։ Միջոցներ ձեռնարկվեցին, որպեսզի տպագրությունն իրականացվի կոմերցիոն ընկերությունների կողմից Փենսիլվանիա, Նյու Յորք և Օհայո նահանգների տարբեր քաղաքներում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում։ 1884-ին «Սիոնի Դիտարանի և թերթիկի ընկերությունը»a պետականորեն գրանցվեց, և նախագահը դարձավ եղբայր Չ. Թ. Ռասելը։ Այդ միավորման կանոնադրությունը ցույց էր տալիս, որ նրա նպատակը միայն հրատարակչական գործը չէր։ Իրականում այն կրոնական գործունեություն ծավալելու և ըստ կանոնադրության՝ «տարբեր լեզուներով աստվածաշնչյան ճշմարտություններ տարածելու» նպատակ ուներ։
Այդ նպատակը սկսեց իրագործվել մեծ եռանդով։ 1881-ին չորս ամսվա ընթացքում տպագրվեց 1200000 թերթիկ, որոնց էջերի քանակը ընդհանուր հաշվով կազմում էր մոտ 200000000։ (Այդ «թերթիկներից» շատերը փոքր գրքերի ձևով էին տպագրվել)։ Այնուհետև անվճար տարածման համար նախատեսված աստվածաշնչյան թերթիկների տպաքանակը, տարեցտարի ավելանալով, հասավ տասնյակ միլիոնների։ Դրանք տպագրվում էին մոտ 30 լեզուներով և տարածվում էին ոչ միայն Ամերիկայում, այլ նաև Եվրոպայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Ավստրալիայում և այլ երկրներում։
Գործունեության մեկ այլ փուլ սկսվեց 1886-ին, երբ եղբայր Ռասելը ավարտեց «Դարերի աստվածային ծրագիրը» գրքի գրությունը, որը նրա գրած վեց հատորներից առաջինն էր։ Առաջին չորս հատորները (1886–1897), ինչպես նաև 1887–1898 թվականներին թերթիկներն ու «Դիտարան» պարբերագիրը տպագրելու համար նա օգտագործեց «Դիտարան» հրատարակչությունըb։ Ժամանակի ընթացքում շարվածքը սկսեցին կատարել Պիտսբուրգի «Աստվածաշնչի տանը» ծառայող եղբայրները։ Ծախսերը նվազեցնելու համար նրանք նաև իրենք էին գնում տպագրության թուղթը։ Տպագրության և կազմարարական աշխատանքների համար եղբայր Ռասելը հաճախ դիմում էր մեկից ավելի ընկերությունների։ Նա ամեն բան մանրամասնորեն պլանավորում էր և վաղօրոք էր տալիս պատվերները, որպեսզի տպագրությունը կատարվեր հարմար սակագներով։ Չ. Թ. Ռասելի կողմից գրված առաջին գրքի թողարկումից մինչև 1916թ. տպագրվել և տարածվել էին ժողովածուի վեց հատորների 9384000 օրինակ։
Աստվածաշնչյան գրականության տպագրությունը չդադարեց եղբայր Ռասելի մահից հետո։ Մեկ տարի անց տպագրվեց «Գրությունների ուսումնասիրություն» ժողովածուի յոթերորդ հատորը։ Այն բաժանվեց Բեթելի ընտանիքի անդամներին 1917-ի հուլիսի 17-ին։ Այդ հրատարակության պահանջարկն այնքան մեծ էր, որ մինչև տարվա վերջ Ընկերությունը կոմերցիոն տպարաններին և կազմատներին 850000 օրինակ պատվիրեց անգլերեն լեզվով։ Գիրքը լույս տեսավ նաև Եվրոպայում այլ լեզուներով։ Բացի այդ, մոտ 38 միլիոն թերթիկ տպագրվեց այդ տարի։
Սակայն երբ 1918-ին ուժգին հալածանք սկսվեց, և Ընկերության ղեկավարները անարդարացիորեն բանտարկվեցին, գլխավոր վարչությունը, որը գտնվում էր Բրուքլինում (Նյու Յորք), փակվեց։ Տպագրության տպաձևերը ոչնչացվեցին։ Բեթելի անդամները, որոնց թիվը մեծապես նվազել էր, կրկին տեղափոխվեցին Պիտսբուրգ՝ Ֆեդերալ Սթրիթ, 119 հասցեում գտնվող շենքի երրորդ հարկ։ Արդյոք այդ ամենի պատճառով կանգ կառնե՞ր աստվածաշնչյան գրականության տպագրությունը։
Արժե՞ր ինքնուրույն տպագրություն սկսել
Երբ Ընկերության նախագահ Ջ. Ֆ. Ռադերֆորդը և նրա ընկերակիցները ազատ արձակվեցին բանտից, Աստվածաշունչ ուսումնասիրողները 1919-ին համաժողով անցկացրին Սիդար Փոյնթում (Օհայո)։ Նրանք քննարկեցին այն, ինչ Աստված թույլ էր տվել, որ տեղի ունենար նախորդ տարի, նաև այն, ինչը, համաձայն Աստծու Խոսքի, նրանք պետք է անեին գալիք օրերում։ Հայտարարվեց, որ լույս էր տեսնելու նոր պարբերագիր՝ «Ոսկե դար» անվանումով, որի օգնությամբ մարդկանց ցույց էին տալու, որ մարդկության միակ հույսը Աստծու Թագավորությունն է։
Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Ընկերությունը միջոցներ ձեռնարկեց, որ մի կոմերցիոն ընկերության միջոցով իրականացվի տպագրությունը։ Բայց ժամանակները փոխվել էին։ Տպագրական արդյունաբերության մեջ ընդհարումներ էին տեղի ունենում ղեկավարության և աշխատողների միջև, նաև խնդիրներ կային թղթի ձեռքբերման հարցում։ Անհրաժեշտ էր ավելի հուսալի միջոցներ գտնել։ Եղբայրները այդ մասին աղոթում էին և սպասում Տիրոջ առաջնորդությանը։
Նախևառաջ հարկավոր էր որոշել, թե որտեղ պետք է գտնվեն Ընկերության գրասենյակները։ Արդյոք պե՞տք էր, որ գլխավոր վարչությունը տեղափոխվեր Բրուքլին։ Ընկերության տնօրենների խորհուրդը քննարկեց այդ հարցը, և նշանակվեց կոմիտե այդ հարցով զբաղվելու համար։
Եղբայր Ռադերֆորդը Ընկերության փոխնախագահ Չ. Ա. Ուայզին հանձնարարեց գնալ Բրուքլին, և պարզել, թե արդյոք հնարավոր էր այնտեղ կրկին Բեթել բացել և վարձել շինություններ, որտեղ Ընկերությունը կարող էր տպագրություն սկսել։ Իմանալու համար, թե արդյոք Աստված կօրհներ այդ որոշումը՝ եղբայր Ռադերֆորդն ասաց. «Գնա և տես, թե արդյոք Տիրոջ կա՞մքն է, որ մենք վերադառնանք Բրուքլին»։
Եղբայր Ուայզը հարցրեց. «Իսկ ինչպե՞ս կիմանամ՝ Աստծու կամքն է, որ վերադառնանք, թե՞ ոչ»։
«1918-ին մենք չկարողացանք ածուխ ձեռք բերել, այդ պատճառով տեղափոխվեցին Պիտսբուրգc,— ասաց եղբայր Ռադերֆորդը։— Ե՛կ հենց ածուխով էլ ստուգենք։ Գնա և ածուխ պատվիրիր»։
«Ի՞նչ ես կարծում, քանի՞ տոննա արժե պատվիրել փորձելու համար»։
«Ե՛կ մի կարգին ստուգում անցկացնենք,— ասաց եղբայր Ռադերֆորդը,— պատվիրիր 500 տոննա»։
Եղբայր Ուայզը հենց այդպես էլ արեց։ Արդյո՞ւնքը։ Երբ նա դիմեց պետական մարմիններին, 500 տոննա ածուխ ձեռք բերելու թույլատրագիր ստացավ, ինչը բավական էր մի քանի տարվա համար։ Իսկ որտե՞ղ էին այդքան ածուխը պահելու։ Բեթելի նկուղային հարկի մեծ մասը դարձավ ածխի պահեստ։
Այդ ստուգման արդյունքը նրանք համարեցին Աստծու կամքի ակնհայտ դրսևորում։ 1919-ի հոկտեմբերի սկզբից նրանք դարձյալ սկսեցին իրենց գործունեությունն իրականացնել Բրուքլինում։
Իսկ այժմ արժե՞ր արդյոք ինքնուրույն տպագրություն սկսել։ Նրանք փորձեցին ձեռք բերել պարբերագրերի տպագրման ռոտացիոն հաստոց, սակայն իմացան, որ Միացյալ Նահանգներում ընդամենը մի քանի այդպիսի մեքենա կար, և դրանցից մեկը ձեռք բերելու համար հարկավոր էր սպասել երկար ամիսներ։ Բայց նրանք համոզված էին, որ եթե դա Տիրոջ կամքն է, ապա նա ճանապարհ կբացի։ Այդպես էլ եղավ։
Բրուքլին տեղափոխվելուց ընդամենը մի քանի ամիս անց, նրանց հաջողվեց ձեռք բերել ռոտացիոն հաստոց։ Նրանք վարձեցին Բեթելից ութ խաչմերուկ այն կողմ՝ Միրտլ Ավենյու, 35 հասցեում գտնվող շենքի երեք հարկերը։ 1920 թվականի սկզբին Ընկերությունը արդեն ուներ իր փոքր, բայց լավ սարքավորված տպարանը։ Մի քանի եղբայրներ, որոնք այդ սարքավորումը աշխատեցնելու բավականին փորձ ունեին, առաջարկեցին իրենց օգնությունը։
«Դիտարանի» 1920-ի փետրվարի 1-ի թողարկումը տպագրվեց Ընկերության տպարանում։ Ապրիլին արդեն այնտեղ տպագրվում էր նաև «Ոսկե դարը»։ Այդ տարվա վերջին «Դիտարանում» գրվեց հետևյալ հաճելի տեղեկությունը. «Տարվա մեծ մասը «ԴԻՏԱՐԱՆԻ», «ՈՍԿԵ ԴԱՐԻ» և գրքույկներից շատերի տպագրությունը կատարվել է նվիրված ծառաների ջանքերով, և նրանց այդ գործը անելու մղում էր սերը Տիրոջ և նրա արդարության հանդեպ.... Այն դեպքում, երբ այլ լրագրեր և հրատարակություններ դադարում էին լույս տեսնելուց թղթի պակասի և աշխատողների հետ կապված խնդիրների պատճառով, մեր պարբերագրերը շարունակում էին լույս տեսնել՝ առանց խոչընդոտների»։
Տպարանի տարածքը բավականին փոքր էր, բայց այնտեղ ապշեցուցիչ չափերի գործ էր կատարվում։ «Դիտարանի» յուրաքանչյուր թողարկում տպագրվում էր 60000 օրինակով։ Այնտեղ էր տպագրվում նաև «Ոսկե դարը»։ 1920-ի սեպտեմբերի 29-ի թողարկումը առանձնահատուկ էր։ Այնտեղ մանրամասնորեն ներկայացվում էր, թե 1917–1920 թվականներին ովքեր են կանգնած եղել Աստվածաշունչ ուսումնասիրողների դեմ ուղղված հալածանքի հետևում։ Այն տպագրվեց չորս միլիոն օրինակով։ Տպարանի աշխատողներից մեկը հետագայում կատակելով ասաց. «Բացի խոհարարից, բոլորը մասնակցեցին այդ թողարկումը տպագրելու գործին»։
Մեկ տարի ռոտացիոն տպագրահաստոցը օգտագործելուց հետո եղբայր Ռադերֆորդը հարցրեց եղբայրներին, թե արդյոք հնարավոր էր այդ մեքենայով գրքույկներ տպագրել։ Սկզբում դա անիրագործելի էր թվում։ Հաստոցը արտադրողներն ասում էին, որ դա հնարավոր չէ։ Բայց եղբայրները փորձեցին, և ստացվեց։ Նրանք նաև ստեղծեցին ծալող մեքենա, ինչի շնորհիվ կրճատվեց այդ փուլում աշխատողների թիվը և 12-ից դարձավ 2։ Ի՞նչը օգնեց նրանց հաջողության հասնել։ «Փորձը և Տիրոջ օրհնությունը»,— նշեց տպարանի վերակացուն։
Սակայն Ընկերությունը միայն Բրուքլինում չէ, որ տպագրական գործ էր իրականացնում։ Այլ լեզուներով հրատարակությունների տպագրությունը վերահսկում էր Միչիգանի գրասենյակը։ 1921-ին Ընկերությունը Դետրոյտում (Միչիգան) տեղադրեց մի լինոտիպ, տպագրահաստոցներ և այլ անհրաժեշտ սարքավորումներ։ Այնտեղ գրականություն էր տպագրվում լեհերեն, ռուսերեն, ուկրաիներեն և այլ լեզուներով։
Այդ նույն տարի Ընկերությունը թողարկեց «Աստծու քնարը» վերնագրով գիրքը, որը նախատեսված էր նրանց համար, ովքեր նոր էին սկսում ուսումնասիրել Աստվածաշունչը։ 1921-ին Ընկերությունը դեռևս չէր փորձել գրքեր տպագրել ու կազմել։ Արդյոք արժե՞ր ձեռնարկել նաև այդ գործը։ Այս հարցում ևս նրանք փնտրեցին Տիրոջ առաջնորդությունը։
Եղբայրները գրքեր են տպագրում ու կազմում
1920-ին «Դիտարան» պարբերագրում նշվեց, որ շատ գրքեր տարածողներ ստիպված են եղել դադարեցնել իրենց ծառայությունը, քանի որ տպարանները կամ կազմատները չեն կարողացել կատարել Ընկերության պատվերները։ Գլխավոր վարչությունում ծառայող եղբայրները մտածեցին, որ եթե կարողանային այնպես անել, որ կախված չլինեին կոմերցիոն ընկերություններից, որոնք աշխատողների հետ կապված խնդիրներ էին ունենում, ապա կկարողանային ավելի մեծ վկայություն տալ Աստծու նպատակի մասին։ Եթե նրանք ինքնուրույն տպագրեին ու կազմեին գրքերը, ապա հակառակորդների համար ավելի դժվար կլիներ խանգարել իրենց։ Նրանք հույս ունեին, որ ժամանակի ընթացքում նույնիսկ կնվազեցնեին գրքերի տպագրության ծախսերը, և այդպիսով դրանք ավելի մատչելի կլինեին հանրության համար։
Բայց դրա համար ավելի մեծ տարածքի և ավելի շատ սարքավորումների կարիք կլիներ, ինչպես նաև հարկ կլիներ ձեռք բերել նոր հմտություններ։ Կկարողանայի՞ն արդյոք նրանք իրականացնել դա։ Տպարանի վերակացուն՝ Ռոբերտ Ջ. Մարտինը, վերհիշեց, որ Մովսեսի օրերում Եհովան Բեսելիելի և Օհոլիաբի «սիրտը իմաստությամբ էր լցրել, որպեսզի ամեն տեսակ աշխատանք անեին» սուրբ խորանը կառուցելու համար (Ելք 35։30–35)։ Աստվածաշնչյան այդ դրվագը եղբայր Մարտինին վստահություն էր ներշնչում, որ Եհովան այս անգամ էլ անհրաժեշտ ամեն բան կաներ, որ իր ծառաները կարողանան գրականություն հրատարակել Թագավորությունը հռչակելու համար։
Երկար մտածելուց ու աղոթելուց հետո եղբայրները սկսեցին կոնկրետ ծրագրեր մշակել։ Վերհիշելով այդ ժամանակվա դեպքերը՝ եղբայր Մարտինը հետագայում գրեց եղբայր Ռադերֆորդին. «Ամենանշանակալից օրն այն էր, երբ դու ցանկացար իմանալ, թե արդյոք կար որևէ պատճառ, որը կխանգարեր մեզ ինքնուրույն տպագրել և կազմել մեր բոլոր գրքերը։ Դա ցնցող մտահղացում էր, քանի որ նշանակում էր, որ պետք է ունենայինք տպարան, որտեղ կատարվելու էին բոլոր գործողությունները՝ շարվածքը, գալվանապատումը, տպագրությունը և կազմարարական աշխատանքները, ինչպես նաև հարկ կլիներ սովորել բազմաթիվ նոր մասնագիտություններ և աշխատեցնել ավելի քան քսան մեքենաներ, որոնց մեծամասնության գոյության մասին գաղափար անգամ չունեինք։ Բայց, ըստ երևույթին, դա լավագույն կերպն էր այդ գործը կատարելու համար՝ հաշվի առնելով հետպատերազմյան շրջանում գրքերի արժեքի բարձրացումը։
Դու վարձակալեցիր Կոնկորդ Սթրիթ, 18 հասցեում գտնվող վեցհարկանի շենքը (բացի երկու հարկից, որոնք վարձակալված էին), և 1922-ի մարտի 1-ին մենք տեղափոխվեցինք այնտեղ։ Դու գնեցիր շարվածքի, գալվանապատման, տպագրության և կազմարարական աշխատանքների համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները, որոնց մեծ մասը նոր էին, իսկ մի քանիսը՝ օգտագործված, ու մենք սկսեցինք գործը։
Տպագրական մեծ ընկերություններից մեկում, որը նախկինում տպագրում էր մեր գրականության մեծ մասը, տեղեկացան մեր ձեռնարկած գործի մասին, և այդ ընկերության նախագահը այցելեց մեզ։ Նա տեսավ նոր սարքավորումները և մռայլ դեմքով ասաց. «Դուք տեղադրել եք բարձրակարգ տպագրական սարքավորումներ, բայց ձեր մեջ չկա որևէ մեկը, որ իմանա, թե ինչպես պետք է աշխատեցնել դրանք։ Վեց ամսից այս բոլոր սարքավորումները շարքից դուրս կգան, և դուք կհասկանաք, որ ձեր նյութերի տպագրությունը պետք վստահեք այն մարդկանց, որոնք միշտ են զբաղվել այդ գործով և հմուտ են այդ հարցում»։
Նրա խոսքերը միանգամայն տրամաբանական էին թվում, բայց նա հաշվի չէր առել, որ Տերը մեզ հետ է, և միշտ է մեզ հետ եղել։ Երբ սկսվեցին կազմարարական աշխատանքները, Տերն ուղարկեց մի եղբոր, որը ողջ կյանքում զբաղվել էր հենց այդ գործով։ Նա մեծ օգնություն ցուցաբերեց հենց այն ժամանակ, երբ նրա կարիքը շատ էինք զգում։ Եղբոր աջակցության և Տիրոջ ոգու շնորհիվ, որն օգնում էր եղբայրներին սովորելու, շուտով սկսեցինք գրքեր տպագրել»։
Քանի որ Բրուքլինի Կոնկորդ Սթրիթում գտնվող տպարանի տարածքը մեծ էր, Դետրոյտից տպագրական գործը տեղափոխվեց Բրուքլին։ Մեկ տարի անց այս տպարանում եղբայրները թողարկում էին գրքերի և գրքույկների 70 տոկոսը՝ չհաշված պարբերագրերը, թերթիկները և տեղեկատու թերթիկները։ Իսկ հաջորդ տարի տպագրական գործն այնքան ընդլայնվեց, որ հարկ եղավ օգտագործել տպարանի մյուս երկու հարկերը։
Արդյոք հնարավո՞ր էր արագացնել գրքերի տպագրությունը։ Այդ նպատակով եղբայրները Գերմանիայում պատվիրեցին մի տպագրահաստոց, ապա այն տեղափոխեցին Ամերիկա և 1926-ին սկսեցին շահագործել։ Ըստ եղբայրների ունեցած տվյալների՝ դա Ամերիկայում գործածված առաջին ռոտացիոն տպագրահաստոցն է եղել, որով գրքեր են տպագրել։
Սակայն Աստվածաշունչ ուսումնասիրողները միայն Ամերիկայում չէ, որ տպագրում էին իրենց գրականությունը։
Տպագրության սկիզբը այլ երկրներում
Կոմերցիոն ընկերությունների միջոցով եղբայր Ռասելը սկսել էր գրականություն տպագրել դեռևս 1881-ին Մեծ Բրիտանիայում։ Այդ կերպով գրականություն էր տպագրվում Գերմանիայում 1903-ին, Հունաստանում 1906-ին, Ֆինլանդիայում 1910-ին և նույնիսկ Ճապոնիայում 1913-ին։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո մեծ քանակությամբ գրքեր, գրքույկներ, պարբերագրեր և թերթիկներ են տպագրվել Մեծ Բրիտանիայում, Սկանդինավյան երկրներում, Գերմանիայում ու Լեհաստանում և որոշ չափով Բրազիլիայում ու Հնդկաստանում։
1920-ին՝ նույն տարում, երբ Ընկերությունը Բրուքլինում սկսեց ինքնուրույն տպագրել պարբերագրերը, միջոցներ ձեռնարկվեցին, որ Եվրոպայում նույնպես եղբայրները որոշ չափով գրականություն տպագրեն։ Մի խումբ եղբայրներ տպարան հիմնեցին Շվեյցարիայի Բեռն քաղաքում։ Դա նրանց սեփական ընկերությունն էր։ Բայց բոլոր աշխատողները Աստվածաշունչ ուսումնասիրողներ էին և Ընկերության համար եվրոպական լեզուներով գրականություն էին տպագրում հարմար գներով։ Ժամանակի ընթացքում Ընկերությունը դարձավ այդ տպարանի սեփականատերը և ընդլայնեց այն։ Այդ տարիներին տնտեսական ծանր կացության մեջ հայտնված եվրոպական երկրներում գրականության մեծ կարիք կար, և անհրաժեշտ էր մեծ քանակությամբ հրատարակություններ տպագրել անվճար տարածելու համար։ 1920-ականների վերջերին տասից ավելի լեզուներով գրականություն էր առաքվում այդ տպարանից։
Այդ ժամանակ Թագավորության բարի լուրի հանդեպ մեծ հետաքրքրություն էր ցուցաբերվում Ռումինիայում։ Չնայած որ այնտեղ սաստիկ հակառակություն կար, Ընկերությունը Կլուժ քաղաքում հիմնեց տպարան, որպեսզի նվազեցվեր գրականության ինքնարժեքը, և այն ավելի մատչելի լիներ ճշմարտությանը ծարավ մարդկանց թե՛ այդ երկրում, թե՛ հարևան երկրներում։ 1924-ին այդ տպարանում թողարկվեց մոտ 250000 գիրք, ինչպես նաև պարբերագրեր ու գրքույկներ ռումիներեն և հունգարերեն լեզուներով։ Բայց այնտեղ տպագրական աշխատանքները վերահսկող անհատը անհավատարիմ գտնվեց իրեն վստահված գործում, և նրա արարքների հետևանքով Ընկերությունը կորցրեց իր ողջ ունեցվածքն ու սարքավորումները։ Չնայած այդ ամենին՝ Ռումինիայի հավատարիմ եղբայրները շարունակեցին իրենց լավագույնն անել աստվածաշնչյան ճշմարտությունները մարդկանց հաղորդելու գործում։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայում մեծ թվով մարդիկ էին ներկա լինում Աստվածաշունչ ուսումնասիրողների հանդիպումներին։ Գերմանիան լուրջ տնտեսական ճգնաժամ էր ապրում։ Աստվածաշնչյան գրականության ինքնարժեքը նվազեցնելու և այն մարդկանց մատչելի դարձնելու համար, Ընկերությունը այնտեղ նույնպես տպարան հիմնեց։ 1922-ին Բարմենի Բեթելում գրականություն էր տպագրվում հարթ տպագրության երկու հաստոցներով, որոնցից մեկը տեղադրված էր աստիճանահարթակի վրա, մյուսը՝ ցախատանը։ Հաջորդ տարի եղբայրները տեղափոխվեցին Մագդեբուրգ։ Այնտեղի շինությունները ավելի հարմար էին և լավ վիճակում։ Կառուցվեցին հավելյալ շինություններ ու տեղադրվեցին տպագրական և կազմարարական սարքավորումներ։ 1925-ի վերջերին տեղեկացվեց, որ այստեղ թողարկվելու էր գրեթե նույնքան գրականություն, որքան Բրուքլինի գլխավոր վարչության տպարանում էր տպագրվում։
Սկզբնական շրջանում սովորաբար եղբայրները գրականությունը փոքր քանակությամբ էին տպագրում։ Օրինակ՝ Կորեայում 1922-ին Ընկերությունը հիմնեց մի փոքր տպարան, որտեղ գրականություն էր տպագրվում կորեերեն, ինչպես նաև ճապոներեն ու չինարեն լեզուներով։ Մի քանի տարի անց այդ տպարանի սարքավորումները տեղափոխվեցին Ճապոնիա։
1924-ին փոքր չափի հրատարակություններ էին տպագրվում Կանադայում և Հարավաֆրիկյան Միությունում (այժմ՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն)։ 1925-ին մի փոքր հաստոց տեղադրվեց Ավստրալիայում, և մեկ ուրիշը՝ Բրազիլիայում։ Շուտով բրազիլացի եղբայրները սկսեցին պորտուգալերեն լեզվով տպագրել «Դիտարան» պարբերագիրը։ Անգլիայի մասնաճյուղը առաջին տպագրահաստոցը ձեռք բերեց 1926-ին։ 1929-ին Իսպանիայում հոգևորապես քաղցած մարդկանց կարիքները բավարարելու համար եղբայրները մի փոքր տպագրական մեքենայով տպագրում էին «Դիտարան» պարբերագիրը։ Երկու տարի անց Ֆինլանդիայի մասնաճյուղի նկուղային հարկում սկսեցին աշխատեցնել մի տպագրահաստոց։
Այդ ընթացքում գլխավոր վարչությունում ընդլայնման աշխատանքներ էին տարվում։
Տպարան գլխավոր վարչությունում
1920-ից սկսած՝ Ընկերությունը Բրուքլինում տպարանի համար շինություն էր վարձում։ Իսկ այն շինությունը, որ օգտագործում էին 1922-ից, լավ վիճակում չէր, և երբ նկուղային հարկում աշխատում էր ռոտացիոն հաստոցը, ամբողջ շենքն ուժգին ցնցվում էր։ Բացի այդ, ընդլայնվող գործի համար ավելի մեծ տարածք էր պետք։ Եղբայրները մտածեցին, որ իրենց ունեցած միջոցները ավելի խելամիտ ձևով կօգտագործվեն, եթե տպարանի համար ունենան իրենց սեփական շինությունը։
Բեթելից մի քանի խաչմերուկ այն կողմ գտնվող տարածքը հարմար տեղում էր, ուստի եղբայրները դրա համար որոշակի գին առաջարկեցին։ Պարզվեց, որ «Սկվիբ» դեղագործական ընկերությունը ավելի բարձր գին էր առաջարկել և ձեռք բերել տարածքը։ Երբ այդ ընկերությունը սկսեց այդ տեղում շենքեր կառուցել, ստիպված եղավ 1167 սյուն տեղադրել հողի մեջ ամուր հիմք կառուցելու համար։ (Տարիներ անց «Դիտարան ընկերությունը» «Սկվիբ» ընկերությունից գնեց այդ շենքերը, որոնք արդեն ամուր հիմք ունեին։) Իսկ այն տարածքում, որն Ընկերությունը գնեց 1926-ին, շինարարության համար գրունտը բավականին ամուր էր։
1927-ի փետրվարին տպարանը տեղափոխեցին Բրուքլինի Ադամս Սթրիթ, 117 հասցեում գտնվող նոր շենք։ Այնտեղ տարածքը երկու անգամ մեծ էր, քան մինչ այդ օգտագործվող տարածքը։ Շենքը շատ լավ էր նախագծված. տպագրության պրոցեսը սկսվում էր վերևի հարկից՝ անցնելով տարբեր արտադրամասերով, մինչև որ հասնում էր առաջին հարկ, որտեղ առաքման բաժինն էր։
Տպագրության գործը շարունակում էր ընդլայնվել։ Տասը տարի անց տպարանը մեծացրին, և դա դեռ վերջը չէր։ Տպարանը օրական թողարկում էր 10000 գիրք՝ չհաշված պարբերագրերն ու գրքույկները, որոնց տարեկան տպաքանակը հասնում էր միլիոնների։ Երբ 1942-ին գրքերի հետ սկսեցին թողարկել նաև ամբողջական Աստվածաշնչեր, «Դիտարան ընկերությունը» կրկին դարձավ առաջատար տպագրական արդյունաբերության մեջ։ Եղբայրները փորձեցին այնքան, մինչև որ կարողացան ռոտացիոն տպագրահաստոցի վրա օգտագործել Աստվածաշնչի արտադրության համար գործածվող բարակ թուղթ, մի բան, որ մյուսները փորձեցին անել միայն տարիներ անց։
Այդպիսի մեծամասշտաբ տպագրություն իրականացնելիս եղբայրները չէին անտեսում նրանց, ովքեր հատուկ կարիքներ ունեին։ Դեռևս 1910-ին երկու Աստվածաշունչ ուսումնասիրողներ, որոնցից մեկը ապրում էր Բոստոնում (Մասաչուսեթս), մյուսը՝ Կանադայում, համագործակցում էին միմյանց հետ, որպեսզի Ընկերության գրականությունը թողարկվեր Բրայլի գրատիպով։ 1924-ին Լոգանսպորտի (Ինդիանա) գրասենյակում Ընկերությունը թողարկում էր կույրերի համար նախատեսված գրականություն։ Քանի որ այդ ժամանակ Բրայլի գրատիպով գրականության պահանջարկը քիչ էր, 1936-ին դադարեցվեց այդ գրատիպով տպագրությունը, և կույրերին օգնելու համար սկսեցին օգտագործել ձայնագրություններ, նաև սկսեցին անհատական ուշադրություն ցուցաբերել նրանց հանդեպ։ Ավելի ուշ՝ 1960-ին, գրականությունը կրկին սկսեց թողարկվել Բրայլի գրատիպով. այս անգամ ավելի շատ հրատարակություններ էին լույս տեսնում, և գնալով ավելի շատ մարդիկ էին արձագանքում։
Դիմագրավում են ուժգին հակառակություններին
Մի շարք երկրներում տպագրության գործը կատարվում էր շատ դժվար հանգամանքներում։ Բայց եղբայրները չէին հանձնվում՝ գիտակցելով, որ Թագավորության մասին բարի լուրի հռչակման գործը հանձնարարել է Եհովա Աստված իր Որդու միջոցով (Ես. 61։1, 2; Մարկ. 13։10)։ Օրինակ՝ Հունաստանում եղբայրները 1936-ին հիմնեցին տպարան, բայց ընդամենը մի քանի ամիս շահագործելուց հետո երկրում կառավարությունը փոխվեց, և իշխանությունները փակեցին տպարանը։ Նմանապես, Հնդկաստանում 1940-ին Կլոդ Գուդմանը ամիսներ շարունակ ջանքեր թափեց, որ տեղադրի մի տպագրահաստոց և սովորի աշխատեցնել այն։ Բայց մահառաջայի կարգադրությամբ՝ ոստիկանությունը ներխուժեց արտադրամաս, բռնագրավեց հաստոցը, իսկ մանրակրկիտ ձևով տեսակավորված լիտերները լցրեց մեծ մետաղյա տարաների մեջ։
Շատ այլ վայրերում ներմուծվող գրականության մասին օրենքների պատճառով եղբայրները ստիպված էին լինում դիմել տեղի կոմերցիոն տպարաններին, թեև այդ գործը կարելի էր անել Ընկերության՝ հարևան երկրներում գտնվող տպարաններում։ 1930-ականների կեսերին այդպիսին էր իրավիճակը, օրինակ, Դանիայում, Լատվիայում և Հունգարիայում։
1933-ին Գերմանիայի կառավարությունը հոգևորականության սադրանքով սկսեց քայլեր ձեռնարկել երկրում Եհովայի վկաների տպագրական գործունեությունը դադարեցնելու համար։ Այդ տարի ապրիլին ոստիկանությունը ներխուժեց Մագդեբուրգի տպարան և կանգնեցրեց տպագրությունը, բայց չկարողանալով գտնել որևէ հանցանշան՝ հեռացավ։ Սակայն հունիսին ոստիկանությունը կրկին վերադարձավ։ Թագավորության բարի լուրը տարածելու գործը շարունակելու համար Ընկերությունը տպարան հիմնեց Պրահայում (Չեխոսլովակիա), և շատ սարքավորումներ Մագդեբուրգից տեղափոխվեցին այնտեղ։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Պրահայի տպարանում թողարկվում էին երկու լեզվով պարբերագրեր և վեց լեզվով գրքույկներ։
Սակայն 1939-ին Հիտլերի զորքերը ներխուժեցին Պրահա, ուստի եղբայրները արագորեն ապամոնտաժեցին իրենց սարքավորումները, և դրանք հանեցին երկրից։ Դրանց մի մասը ուղարկվեց Նիդերլանդներ։ Այդ ամենը կատարվեց ճիշտ ժամանակին։ Հոլանդացի եղբայրների համար շատ էր դժվարացել կապ պահպանել Շվեյցարիայի հետ։ Ուստի նրանք տարածք վարձեցին և իրենց նոր ձեռք բերած հաստոցներով տպագրություն սկսեցին։ Սակայն դա շատ կարճ տևեց, որովհետև նացիստները գրավեցին տպարանը։ Բայց մինչ այդ եղբայրները հնարավորինս արդյունավետորեն օգտագործեցին այդ սարքավորումները։
Պատերազմի ժամանակ Ֆինլանդիայում կառավարությունը առանց հիմքի պահանջեց դադարեցնել «Դիտարանի» տպագրությունը, ուստի եղբայրները սկսեցին միմիոգրաֆով բազմացնել գլխավոր հոդվածները, իսկ որպես առաքիչ ծառայող հավատակիցները գրականությունը հասցնում էին մյուսներին։ Երբ 1938-ին Ավստրիան անցավ նացիստների տիրապետության տակ, «Դիտարանը» տպագրվում էր միմիոգրաֆի միջոցով, որն անընդհատ մի վայրից մյուսն էին տեղափոխում, որպեսզի գեստապոն չգտնի այն։ Կանադայում նույնպես պատերազմի տարիներին, երբ Վկաների գործունեությունը արգելքի տակ էր, նրանք ստիպված էին իրենց սարքավորումը անընդհատ տեղափոխել, որպեսզի կարողանային հոգևոր սնունդ մատակարարել իրենց եղբայրներին։
Ավստրալիայում, երբ Եհովայի վկաների գործունեությունը արգելքի տակ էր, եղբայրներն իրենք էին տպագրում իրենց պարբերագրերը և անգամ գրքերն էին տպագրում ու կազմում, մի բան, որ չէին արել նույնիսկ ավելի բարենպաստ հանգամանքներում։ Նրանք ստիպված եղան իրենց կազմարարական սարքավորումը տեղափոխել 16 անգամ, որպեսզի այն չբռնագրավվեր։ Չնայած դժվար հանգամանքներին՝ նրանց հաջողվեց թողարկել 20000 օրինակով մի գիրք, որի լույսընծայման մասին հայտարարվեց 1941-ի համաժողովին։
Ընդլայնում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո
Պատերազմից հետո 1946-ին Եհովայի վկաները Քլիվլենդում (Օհայո) անցկացրին միջազգային համաժողով։ Այնտեղ Ընկերության նախագահ Նաթան Հ. Նորը ելույթ ներկայացրեց վերակառուցման և ընդլայնման ծրագրերի մասին։ Սկսած Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից՝ Եհովայի վկաների թիվն ավելացել էր 157 տոկոսով, և միսիոներները արագորեն սկիզբ էին դնում քարոզչական գործին նոր տարածքներում։ Եղբայր Նորը խոսեց այն մասին, որ աստվածաշնչյան գրականության համաշխարհային պահանջարկը բավարարելու համար հարկավոր էր ընդլայնել գլխավոր վարչության շինությունները։ Ընդլայնման աշխատանքների արդյունքում տպարանի տարածքը երկու անգամ ավելի մեծ էր լինելու, քան 1927-ին էր։ Նաև ընդլայնվելու էին Բեթելի մասնաշենքերը, որոնք նախատեսված էին կամավորների համար։ Այդ աշխատանքներն ավարտվեցին, և նոր շենքերը սկսեցին օգտագործվել 1950-ի սկզբներին։
1950-ից հետո կրկին ու կրկին կարիք է առաջացել ընդլայնելու Բրուքլինի գլխավոր վարչության տպարանը և գրասենյակային շենքերը։ 1992-ին այդ շինությունները ընդգրկում էին մոտ ութ խաչմերուկների չափով տարածք, և օգտագործվող տարածքի մակերեսը ընդհանուր հաշվով կազմում էր 2476460 քառակուսի-մետր։ Դրանք լոկ գրքեր արտադրելու համար նախատեսված շինություններ չեն, այլ նվիրված են Եհովային, որպեսզի նրանցում տպագրվի գրականություն, որի նպատակն է կյանքի առաջնորդող գիտելիքներ փոխանցել մարդկանց։
Որոշ վայրերում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դժվար է եղել կրկին սկսել տպագրությունը։ Մագդեբուրգի (Գերմանիա) տպարանը և գրասենյակային շենքերը գտնվում էին այն տարածքում, որտեղ սկսել էր իշխել կոմունիստական կառավարությունը։ Գերմանացի Վկաները վերսկսեցին տպագրությունը նույն տեղում, բայց դա կարճ տևեց, որովհետև տպարանը կրկին բռնագրավվեց։ Իսկ Արևմտյան Գերմանիայում գրականության պահանջարկը բավարարելու համար հարկ եղավ այնտեղ տպարան հիմնել։ Ռմբակոծության հետևանքով քաղաքներն ավերակների էին վերածվել։ Սակայն Վկաները շուտով Կարլսռուհեում սկսեցին օգտագործել մի փոքր տպարան, որ մինչ այդ շահագործել էին նացիստները։ 1948-ին նրանք օր ու գիշեր աշխատեցնում էին հարթ տպագրության երկու հաստոցներ, որոնք տեղադրված էին Վիսբադենում իրենց տրամադրված մի շենքում։ Հաջորդ տարի նրանք ընդլայնեցին Վիսբադենի շենքը և չորս անգամ ավելացրին տպագրական մեքենաների քանակը, որպեսզի բավականաչափ գրականություն մատակարարեին քարոզիչներին, որոնց թիվն արագորեն ավելանում էր երկրագնդի այդ հատվածում։
Երբ 1946-ին Հունաստանում Ընկերությունը կրկին սկսեց ազատորեն գրականություն տպագրել, էլեկտրամատակարարումը երկրում անկանոն էր։ Երբեմն ժամերով էլեկտրականություն չէր լինում։ 1977-ին Նիգերիայում եղբայրները նույն խնդրին էին բախվում։ Նրանք գնում էին աշխատանքի ցանկացած ժամի՝ գիշեր թե ցերեկ, երբ էլեկտրականություն էր լինում։ Այդպես շարունակվեց այնքան ժամանակ, մինչև որ մասնաճյուղը գեներատոր ձեռք բերեց։ Այդպիսի պատրաստակամ ոգի դրսևորելու շնորհիվ «Դիտարանի» մեկ թողարկում անգամ բաց չթողնվեց։
1948-ին եղբայր Նորը այցելեց Հարավաֆրիկյան Միություն (այժմ՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն), որից հետո Ընկերությունը Իլանդսֆոնտեյնում մի հողատարածք գնեց։ Եվ 1952-ի սկզբին մասնաճյուղը տեղափոխվեց այդ տարածք, որտեղ Ընկերությունը կառուցել էր այդ երկրում առաջին տպարանը։ Հարթ տպագրության նոր հաստոցով սկսեցին տպագրվել պարբերագրերը աֆրիկյան ութ լեզուներով։ Շվեդիայի մասնաճյուղը պարբերագրեր թողարկելու համար հարթ տպագրության հաստոց ձեռք բերեց 1954-ին, իսկ Դանիայի մասնաճյուղը՝ 1957-ին։
Երբ գրականության պահանջարկը մեծացավ, մասնաճյուղերը մեկը մյուսի հետևից ձեռք բերեցին բարձ տպագրության արագագործ ռոտացիոն հաստոցներ։ Կանադայում առաջին անգամ այդպիսի հաստոց տեղադրվեց 1958-ին, իսկ Անգլիայում՝ 1959-ին։ 1975-ին Ընկերությունը 70 մեծ ռոտացիոն հաստոցներ ուներ աշխարհի տարբեր մասնաճյուղերում։
Տպագրության համաշխարհային ցանց
1960-ականների վերջերին և դրանից հետո մեծ ջանքեր էին գործադրվում, որպեսզի Ընկերության տպագրական գործը տարածվի նաև այլ երկրներում։ Եհովայի վկաների թիվը արագորեն աճում էր։ Հարկավոր էր ընդլայնել տպարանները, որպեսզի հնարավոր լիներ անհրաժեշտ գրականություն տպագրել թե՛ Վկաների համար, թե՛ մարդկանց բաժանելու։ Բայց Բրուքլինի Բեթելի ընդլայնումը դանդաղ էր ընթանում, քանի որ խնդիրներ կային տարածքի և իրավաբանական հարցերի հետ կապված։ Ծրագրեր մշակվեցին, որ տպագրությունը ավելի մեծ չափով իրականացվի այլ վայրերում։
1969-ին սկսեց մշակվել նոր տպարանի նախագիծը, որը կառուցվելու էր Ուոլքիլի (Նյու Յորք) մոտակայքում՝ Բրուքլինից մոտ 150 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Այդպիսով ընդլայնվելու էր գլխավոր վարչությունը, և արդյունքում՝ Միացյալ Նահանգների համար «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը գրեթե ամբողջությամբ տպագրվելու էին Ուոլքիլում։ Երեք տարի անց Ուոլքիլում սկսեց կազմվել երկրորդ տպարանի նախագիծը։ Այն ավելի մեծ էր լինելու, քան առաջինը։ 1977-ին արդեն այնտեղ տեղադրված բարձր տպագրության ռոտացիոն հաստոցներով թողարկվում էր ամսական 18 միլիոն պարբերագիր։ Իսկ 1992-ին օգտագործվում էին «ՄԱՆ-Ռոլանդ» և «Հանշո» ֆիրմաներում արտադրված օֆսեթ տպագրության մեծ հաստոցներ (բարձր տպագրության նախկին 15 հաստոցների փոխարեն՝ օգտագործվում էին օֆսեթ տպագրության ընդամենը 4 հաստոցներ), և դրանց միջոցով ամեն օր թողարկվում էր ավելի քան մեկ միլիոն պարբերագիր։
Այն ժամանակ, երբ Ուոլքիլի տպարանի նախագիծը դեռ նոր էր կազմվում, Բրուքլինում «Դիտարան» պարբերագիրը թողարկվում էր 32 լեզուներով (ամբողջ աշխարհում 72 լեզվով), իսկ «Արթնացե՛ք»-ը՝ 14 լեզուներով (ամբողջ աշխարհում 26 լեզվով)։ Ողջ աշխարհում տպագրվող պարբերագրերի 60 տոկոսը թողարկվում էր գլխավոր վարչությունում։ Ավելի նպատակահարմար կլիներ, որ գրականությունը ավելի շատ տպագրվեր ոչ թե Միացյալ Նահանգներում, այլ ուրիշ երկրներում, ընդ որում՝ եղբայրների ուժերով և ոչ թե կոմերցիոն տպարանների միջոցով։ Այդպիսով՝ եթե որևէ երկրում համաշխարհային ճգնաժամի կամ կառավարությունների հակառակության պատճառով խոչընդոտներ առաջանային Եհովայի վկաների գործունեության համար, ապա հնարավոր կլիներ շարունակել մատակարարել կենսական հոգևոր սնունդը։
Ուստի 1971-ին՝ Ուոլքիլի տպարանի բացումից երկու տարի առաջ, սկսվեց կառուցվել հրաշալի նոր տպարան Ճապոնիայի Նումաձու քաղաքում։ Նախորդ տասնամյակում Ճապոնիայում Թագավորության քարոզիչների թիվը ավելացել էր հինգ անգամ, ինչը ցույց էր տալիս, որ այնտեղ մեծ քանակությամբ աստվածաշնչյան գրականության կարիք էր լինելու։ Այդ նույն ժամանակ ընդլայնվում էր Բրազիլիայի մասնաճյուղը, ինչպես նաև Հարավաֆրիկյան Հանրապետության մասնաճյուղը, որտեղ գրականությունը թողարկվում էր ավելի քան 24 աֆրիկյան լեզուներով։ Հաջորդ տարի՝ 1972-ին, Ավստրալիայի մասնաճյուղի տպարանը ընդլայնվեց՝ զբաղեցնելով չորս անգամ ավելի մեծ տարածք։ Եղբայրները ցանկանում էին այնպես կազմակերպել տպագրությունը, որ «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի բոլոր թողարկումները, առանց առաքման հետ կապված ուշացումների, հասնեին քարոզիչներին։ Լրացուցիչ տպարաններ կառուցվեցին նաև Ֆրանսիայում և Ֆիլիպիններում։
1972-ի սկզբին Ն. Հ. Նորը և Բրուքլինի տպարանի վերակացուն՝ Մ. Հ. Լարսոնը, ճամփորդություն կատարեցին տարբեր երկրներ՝ տեսնելու, թե ինչպես է ընթանում տպագրությունը, որպեսզի գործն այնպես կազմակերպվի, որ տպարանները լավագույնս օգտագործվեն, և հիմք դրվի հետագա ընդլայնման համար։ Նրանք այցելեցին Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի և Հեռավոր Արևելքի 16 երկրներ։
Դրանից կարճ ժամանակ անց Ճապոնիայի մասնաճյուղն էր տպագրում ճապոներեն պարբերագրերը երկրագնդի այդ հատվածի համար՝ կոմերցիոն տպարաններին դիմելու փոխարեն։ Այդ նույն տարի՝ 1972-ին, Գանայի մասնաճյուղը «Դիտարանը» սկսեց տպագրել տեղի երեք լեզուներով, և այլևս գրականությունը չէր առաքվում Միացյալ Նահանգներից և Նիգերիայից։ Իսկ Ֆիլիպինների մասնաճյուղում սկսեց կատարվել տեղի ութ լեզուներով «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի շարվածքը և տպագրությունը (չհաշված անգլերեն լեզվով պարբերագրերը, որոնց կարիքը նույնպես կար երկրում)։ Դա մեկ այլ կարևոր քայլ էր Ընկերության գրականությունը տարբեր երկրներում տպագրելու գործում։
1975-ի վերջին «Դիտարան ընկերությունը» աստվածաշնչյան գրականությունը տպագրում էր 23 երկրներում գտնվող իր տպարաններում։ Գրքերը տպագրվում էին միայն երեք երկրներում, իսկ գրքույկները և պարբերագրերը՝ բոլոր 23 երկրներում։ 25 այլ երկրներում Ընկերությունը իր սարքավորումներով տպագրում էր փոքր չափի հրատարակություններ։
Ընդլայնվում էր նաև գրքերի թողարկումը։ Դեռևս 1920-ականների կեսերին Շվեյցարիայում և Գերմանիայում որոշ կազմարարական աշխատանքներ էին կատարվում։ 1948-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Ֆինլանդիայի եղբայրները սկսեցին գրքեր կազմել (սկզբում մեծամասամբ ձեռքով) հիմնականում երկրի կարիքները հոգալու համար։ Երկու տարի անց Գերմանիայի մասնաճյուղը կրկին բացեց կազմարարական արտադրամաս և ժամանակի ընթացքում սկսեց կազմարարական աշխատանքներ կատարել նաև Շվեյցարիայի համար։
Ապա 1967-ին, երբ աշխարհում արդեն ավելի քան մեկ միլիոն Վկաներ կային, սկսեցին թողարկվել փոքր չափի գրքեր ծառայության մեջ օգտագործելու համար, և այդպիսի գրականության պահանջարկը գնալով մեծանում էր։ Ինը տարիների ընթացքում Բրուքլինի տպարանի կազմարարական հոսքագծերը ավելի քան վեց անգամ ավելացան։ 1992-ին «Դիտարան ընկերությունը» ընդհանուր առմամբ 28 կազմարարական հոսքագծեր էր աշխատեցնում ութ երկրներում։
1992-ին աստվածաշնչյան գրականությունը Միացյալ Նահանգներում տպագրվում էր 180 լեզուներով։ Իսկ Լատինական Ամերիկայի չորս մեծ տպարաններում գրականություն էր տպագրվում ոչ միայն այդ երկրների համար, այլև երկրագնդի այդ հատվածի մյուս երկրների համար։ Տասնմեկ տպարաններ կային Եվրոպայում, որոնք գրականություն էին տպագրում այլ երկրների համար։ Դրանցից մեկը՝ Ֆրանսիայի տպարանը, գրականություն էր թողարկում 14 երկրների համար, իսկ Գերմանիայի տպարանը, որտեղ գրականություն էր տպագրվում ավելի քան 40 լեզուներով, մեծ քանակությամբ գրականություն էր առաքում 20 երկրներ, իսկ փոքր քանակությամբ՝ ավելի շատ երկրներ։ Աֆրիկայում «Դիտարան ընկերության» վեց տպարաններում աստվածաշնչյան գրականություն էր թողարկվում ընդհանուր առմամբ 46 լեզուներով։ 11 այլ տպարաններ՝ թե՛ մեծ, թե՛ փոքր, գրականություն էին տպագրում Միջին և Հեռավոր Արևելքի, Խաղաղօվկիանոսյան կղզիների, Կանադայի և այլ տարածքների համար՝ այդ վայրերում Աստծու Թագավորության մասին հրատապ լուրը տարածելու նպատակով։ 27 այլ երկրներում Ընկերությունը տպագրում էր ոչ մեծ չափի հրատարակություններ՝ ժողովների կազմակերպված գործունեության համար։
Նոր մեթոդներ, նոր սարքավորումներ
1960-ականներին և 1970-ականներին տպագրական արդյունաբերության մեջ մեծ փոփոխություններ տեղի ունեցան։ Բարձր տպագրության հաստոցները զարմանալի արագությամբ իրենց դիրքերը զիջում էին օֆսեթ տպագրության հաստոցներինd։ Սակայն «Դիտարան ընկերությունը» անմիջապես չսկսեց կիրառել տպագրական այդ նոր մեթոդը։ Օֆսեթ տպագրության հաստոցների տպաձևերը նախատեսված չէին մեծաքանակ տպագրության համար, իսկ Ընկերությունը հսկայական քանակությամբ գրականություն էր թողարկում։ Դեռ ավելին, այդպիսի փոփոխության համար հարկ կլիներ կիրառել շարվածքի բոլորովին այլ մեթոդներ, ինչպես նաև ձեռք բերել նոր տպագրահաստոցներ և սովորել նոր տեխնոլոգիաներ։ Ընկերության տպարաններում հարկ կլիներ փոխել գրեթե բոլոր սարքավորումները։ Այդ ամենը կապված էր չափազանց մեծ ծախսերի հետ։
Սակայն ժամանակի ընթացքում պարզվեց, որ շուտով հնարավոր չէր լինի ձեռք բերել այն ամենը, ինչը անհրաժեշտ էր բարձր տպագրության հաստոցները սպասարկելու համար։ Իսկ օֆսեթ տպագրության տպաձևերը գնալով բարելավվում էին՝ դառնալով ավելի դիմացկուն։ Անհրաժեշտ էր փոփոխություններ անել։
Դեռևս 1972-ին Հարավաֆրիկյան Հանրապետության մասնաճյուղի երեք անդամներ, որոնց անչափ հետաքրքրում էր օֆսեթ տպագրությունը, որոշեցին ձեռք բերել օֆսեթ տպագրության օգտագործված մի փոքր թերթավոր հաստոց։ Այդ հաստոցի վրա ոչ ծավալուն նյութեր տպագրելով՝ նրանք որոշ փորձ ձեռք բերեցին։ Ապա 1974-ին նույն հաստոցի վրա տպագրվեց «Ճշմարտություն, որ հավիտենական կյանքի է առաջնորդում» վերնագրով փոքր չափի գիրքը ռոնգա լեզվով։ Նրանք կարողացան արագորեն տպագրել գիրքը, և այդպիսով ճշմարտությանը ծարավ հազարավոր անհատներ հնարավորություն ունեցան ձեռք բերելու Աստվածաշնչից արժեքավոր գիտելիքներ, նախքան Եհովայի վկաների գործունեության վրա կրկին արգելք կդրվեր այդ տարածքում։ Օֆսեթ տպագրության առաջին թերթավոր հաստոցը ձեռք բերելուց կարճ ժամանակ անց Հարավաֆրիկյան Հանրապետության մասնաճյուղը նվեր ստացավ այդպիսի մեկ ուրիշ հաստոց, որը փոխադրվեց Զամբիա և սկսեց օգտագործվել այնտեղ։
Գերմանիայի տպարանը նույնպես վաղ սկսեց օգտագործել օֆսեթ տպագրության մեթոդը։ 1975-ի ապրիլին եղբայրները սկսեցին օգտագործել թերթավոր հաստոց, որպեսզի Աստվածաշնչի արտադրության համար գործածվող բարակ թղթով պարբերագրեր տպագրեն Արևելյան Գերմանիայի եղբայրների համար, որտեղ Վկաների գործունեությունը արգելքի տակ էր։ Հաջորդ տարի այդ նույն մեքենայով սկսեցին գրքեր տպագրել այդ հալածվող եղբայրների համար։
Գրեթե այդ նույն ժամանակ՝ 1975-ին, «Դիտարան ընկերությունը» Արգենտինայում պարբերագրեր թողարկելու համար սկսեց օգտագործել օֆսեթ տպագրության գլանափաթեթավոր հաստոց։ Այն օգտագործեցին մեկ տարի և մի քիչ ավելի, երբ Արգենտինայի կառավարությունը Եհովայի վկաների գործունեության վրա արգելք դրեց և փակեց տպարանը։ Սակայն այլ երկրներում օֆսեթ տպագրությունը շարունակում էր զարգանալ։ 1978-ի սկզբին «Դիտարան ընկերության» գլխավոր վարչության տպարանում (Բրուքլին, Նյու Յորք) օֆսեթ տպագրության գլանափաթեթավոր հաստոցի վրա սկսեցին թողարկել գրքեր՝ եռագույն տպագրությամբe։ Այդ նույն տարի գնեցին երկրորդ հաստոցը։ Սակայն ավելի շատ սարքավորումներ էին հարկավոր տպագրության այդ մեթոդին ամբողջությամբ անցնելու համար։
Կառավարիչ մարմինը վստահ էր, որ Եհովան անհրաժեշտ ամեն բան կտրամադրեր, որ կատարվեր այն գործը, որ նա ցանկանում էր իրագործված տեսնել։ 1979-ի ապրիլին և 1980-ի հունվարին Միացյալ Նահանգների ժողովներին նամակներ ուղարկվեցին, որոնցում ներկայացվում էր իրավիճակը։ Ժողովները սկսեցին նվիրաբերություններ ուղարկել՝ սկզբում քիչ, բայց ժամանակի ընթացքում այնքան գումար հավաքվեց, որ բավական էր «Դիտարան ընկերության» բոլոր տպարանները օֆսեթ տպագրության սարքավորումներով ապահովելու համար։
Այդ ընթացքում եղած սարքավորումները լավագույնս օգտագործելու և արագորեն փոփոխություններ կատարելու համար «Դիտարան ընկերությունը» մասնագետներ հրավիրեց, որպեսզի իր ունեցած «ՄԱՆ» ֆիրմայի արտադրության սարքավորումների վերջին մոդելները վերասարքավորեն օֆսեթ տպագրության համար։ Այդ հաստոցները ուղարկվեցին 12 երկրների տպարաններ, որոնցից վեցում նախկինում պարբերագրեր չէին թողարկվել։
Քառագույն տպագրություն
Ֆինլանդիայի մասնաճյուղը առաջինը սկսեց օֆսեթ տպագրության հաստոցներով չորս գույնով տպագրել պարբերագրերը՝ սկսած 1981-ի հունվարի թողարկումից, որի համար օգտագործվեց պարզ մեթոդ, իսկ հետագայում այդ մեթոդը աստիճանաբար կատարելագործվեց։ Այնուհետև Ճապոնիան սկսեց թողարկել գրքեր քառագույն տպագրությամբ։ Ընկերության մյուս տպարանները նույնպես այդ մեթոդով տպագրություն սկսեցին, երբ ունեցան անհրաժեշտ սարքավորումներ։ Այդ մասնաճյուղերի համար որոշ հաստոցներ գնել և ուղարկել է գլխավոր վարչությունը։ Մյուս հաստոցները գնվել են տվյալ երկրների Եհովայի վկաների աջակցությամբ։ Որոշ դեպքերում մի երկրի Վկաները անհրաժեշտ սարքավորումները նվիրել են մյուս երկրների եղբայրներին։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարդկանց սկսել էին ավելի շատ հետաքրքրել պատկերազարդ նյութերը, և գունավորման շնորհիվ հրատարակությունները ավելի գրավիչ էին դարձել։ Գունավոր պատկերները մարդկանց մեջ ցանկություն էին առաջացնում ընթերցելու հրատարակությունները։ Այդ նոր ձևավորման շնորհիվ շատ վայրերում «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը սկսել էին ավելի շատ տարածվել։
Մշակվում է համակարգչային հատուկ ծրագիր
Քառագույն տպագրության համար հարկավոր էր մշակել համակարգչային ծրագիր նախատպագրական աշխատանքների համար, և այդպիսի ծրագիր մշակելու որոշումը կայացվեց 1977-ին։ Այդ բնագավառում մասնագիտական փորձ ունեցող Վկաները սիրով համաձայնեցին աշխատել գլխավոր վարչությունում, որպեսզի օգնեն Ընկերությանը հնարավորինս արագ ստեղծելու այդ ծրագիրը։ (Դրանից կարճ ժամանակ անց՝ 1979-ին, Ճապոնիայում Վկաների մի խումբ, որի անդամների թիվը ի վերջո հասավ 50-ի, սկսեց մշակել ծրագրեր ճապոներեն լեզվի համար։) Առկա համակարգչային սարքավորումների միջոցով Վկաները մշակեցին ծրագրեր Ընկերության վարչական կարիքները բավարարելու և բազմալեզու տպագրություն իրականացնելու համար։ Բարձրորակ և ճկուն համակարգ ստեղծելու համար անհրաժեշտ էր մշակել նաև շարվածքի և լուսաշարվածքի հատուկ ծրագրեր։ Ընկերությունը այն ժամանակ գրականություն էր հրատարակում 167 լեզվով, և այդ լեզուներից շատերի համար չկային կոմերցիոն այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտային տվյալներ մուտքագրել և լուսաշարվածք իրականացնել։ Ուստի Վկաները պետք է իրենց ծրագրերը ստեղծեին։
Այդ ժամանակ կոմերցիոն ընկերությունները շահավետ չէին համարում ծրագրեր մշակել այն լեզուների համար, որոնցով խոսում են մարդկանց փոքրաթիվ խմբեր կամ քիչ եկամուտ ունեցող մարդիկ, բայց Եհովայի վկաները մարդկանց կյանքը թանկ են համարում։ Կարճ ժամանակ անց նրանց ստեղծած շարվածքի ծրագրերն արդեն օգտագործվում էին ավելի քանի 90 լեզվով գրականություն թողարկելու համար։ Նրանց կատարած աշխատանքի մասին հեղինակավոր մի աշխատության մեջ հետևյալն էր ասվում. ««Դիտարան ընկերության» մարդիկ գովասանքի են արժանի իրենց համարձակ ձեռնարկումների, խորաթափանցության և նախաձեռնության համար։ Այսօր քչերն են այդքան նպատակաուղղված և քաջ, որ այդպիսի գործ ձեռնարկեն և այն էլ հիմքից» (Seybold Report on Publishing Systems, հատոր 12, No. 1, 1982, սեպտեմբերի 13)։
Տպագրությունը և օգտագործվող սարքավորումների սպասարկումը շատ ավելի հեշտ կլիներ, եթե Ընկերությունն ամենուրեք օգտագործեր լիովին համատեղելի սարքավորումներ։ Ուստի 1979-ին «Դիտարան ընկերությունը» որոշեց մշակել լուսաշարվածքի սեփական համակարգ։ Այդ նախագծի վրա աշխատող խումբն ինքը պետք է պատրաստեր հիմնական սարքավորումները՝ կոմերցիոն ընկերությունների արտադրանքները օգտագործելու փոխարեն։
1979-ին Վկաների մի խումբ ««Դիտարանի» ֆերմաների» (Ուոլքիլ, Նյու Յորք) մասնաշենքերից մեկում սկսեց նախագծել ու ստեղծել էլեկտրոնային լուսաշարվածքի բազմալեզու համակարգը (MEPS)։ 1986-ի մայիսին այս նախագծի վրա աշխատող խումբը արդեն ոչ միայն նախագծել ու ստեղծել էր MEPS ծրագրով աշխատող համակարգիչներ, լուսաշարիչներ և գրաֆիկական աշխատանքների համար նախատեսված համակարգիչներ, այլ որ ավելի կարևոր է, ստեղծել էր մի ծրագրային ապահովում, որն անհրաժեշտ էր հրատարակվող նյութը 186 լեզուներով մշակելու համար։
Այդ ծրագրային ապահովումը մշակելիս տառատեսակների թվայնացման հսկայական աշխատանք էր կատարվել։ Դրա համար հարկ էր եղել մանրամասնորեն ուսումնասիրել յուրաքանչյուր լեզվի առանձնահատկությունները։ Պետք էր ամեն լեզվի յուրաքանչյուր տառի համար ստեղծել գրաֆիկական պատկեր (օրինակ՝ յուրաքանչյուր տառի մեծատառ, փոքրատառ ձևը, հնչյունատարբերիչ նշանները և կետադրական նշանները, և այդ բոլորը՝ տարբեր չափերի), պատրաստել յուրաքանչյուր տառատեսակի առանձին գծագիրը (օրինակ՝ բաց, շեղագիր, թավատառ և խիտ թավատառ ձևերը) և հնարավորության դեպքում ստեղծել տառատեսակների մի քանի գարնիտուրա, կամ՝ լրակազմ։ Հռոմեական այբուբենի յուրաքանչյուր տառատեսակի համար հարկավոր էր ստեղծել 202 նիշ։ Հետևաբար հռոմեական այբուբենի 369 տառատեսակների համար անհրաժեշտ եղավ ստեղծել 74538 նիշ։ Չինարենի տառատեսակներից յուրաքանչյուրը պատրաստելու համար հարկավոր էր գծագրել 8364 նիշ, իսկ հետագայում հարկ եղավ ավելացնել այլ նիշեր։
Գրաֆիկական աշխատանքները ավարտելուց հետո մշակվեց ծրագրային ապահովում, որի միջոցով հնարավոր կլիներ տպագրել բոլոր նիշերը պարզ, հստակ ձևով։ Այդ ծրագրային ապահովումը հնարավորություն կտար աշխատել ոչ միայն հռոմեական, այլ նաև ուրիշ լեզուների այբուբեններով, օրինակ՝ բենգալերենի, քմերի, կիրիլիցայի, հունարենի, հինդիի և կորեերենի, ինչպես նաև արաբերենի և եբրայերենի (կարդացվում են աջից ձախ)։ Այն նաև թույլ կտար աշխատել ճապոներեն և չինարեն լեզուներով, որոնք չունեն այբուբեն։ 1992-ին արդեն ստեղծվել էր ծրագրային ապահովում, որը թույլ էր տալիս նյութը մշակել ավելի քան 200 լեզուներով, բացի այդ դեռ մշակվում էին ծրագրեր այլ լեզուների համար, որոնցով խոսում էին միլիոնավոր մարդիկ։
Մասնաճյուղերում փոփոխություն իրականացնելու համար անհրաժեշտ էր նոր մեթոդներ կիրառել և նոր հմտություններ ձեռք բերել։ Տպարանի աշխատողներին ուղարկում էին գլխավոր վարչություն, որպեսզի նրանք սովորեին տեղադրել, աշխատեցնել և սպասարկել օֆսեթ տպագրության մեծ գլանափաթեթավոր հաստոցներ։ Ոմանց սովորեցնում էին կատարել գունաբաժանման գործը լազերային տեսաներածիչ (սկաներ) սարքի միջոցով։ Մի քանիսին էլ սովորեցնում էին օգտագործել և սպասարկել համակարգչային սարքավորումները։ Այդպիսով՝ աշխարհի յուրաքանչյուր անկյունում տպագրության հետ կապված ցանկացած խնդիր հնարավոր կլիներ արագորեն լուծել, որպեսզի գործը կանգ չառներ։
Կառավարիչ մարմինը գիտակցում էր, որ եթե Եհովայի վկաները ամբողջ աշխարհում իրենց շաբաթական հանդիպումների ընթացքում ուսումնասիրեին միևնույն նյութը և քարոզչական ծառայության ժամանակ առաջարկեին նույն գրականությունը, ապա դա ավելի կմիավորեր նրանց։ Նախկինում հրատարակությունները, որ լույս էին տեսնում սկզբում անգլերենով, ուրիշ լեզուներով սովորաբար մատչելի էին լինում միայն չորս ամիս անց, իսկ որոշ լեզուներով՝ նույնիսկ մեկ կամ մի քանի տարի անց։ Բայց այժմ հնարավոր էր փոխել իրավիճակը։ Անհրաժեշտ էր, որ տպարան ունեցող մասնաճյուղերը լիովին համատեղելի սարքավորումներով ապահովված լինեին, որպեսզի հնարավոր լիներ գրականությունը միաժամանակ տպագրել տարբեր լեզուներով։ 1984-ին արդեն «Դիտարանը» լույս էր տեսնում միաժամանակ 20 լեզուներով։ Իսկ 1989-ին, երբ արդեն մի քանի ամիս էր, ինչ անգլերենով թողարկվել էր «Հայտնություն. փառահեղ գագաթնակետը մոտ է» գիրքը, այն արդեն մատչելի էր 25 այլ լեզուներով։ 1992-ին «Դիտարան» պարբերագիրը արդեն լույս էր տեսնում միաժամանակ 66 լեզուներով, որոնցով խոսում էր աշխարհի բնակչության մեծ մասը։
1979-ից ի վեր, երբ սկսվեց MEPS-ի ստեղծման նախագիծը, համակարգչային արդյունաբերությունը զգալիորեն առաջադիմել է։ Այժմ հնարավոր է ձեռք բերել լայն հնարավորություններով հզոր համակարգիչներ, որոնք շատ ավելի էժան են, քան նախկին սարքավորումները։ «Դիտարան ընկերությունը» որոշեց օգտագործել անհատական համակարգիչներ, որոնք կաշխատեին իր ստեղծած ծրագրային ապահովումով, որպեսզի բավարարեր տպագրության հետ կապված աճող կարիքները։ Դա մեծապես արագացրեց տպագրության գործընթացը։ Այդպիսով տպագրության համար ստեղծված համակարգչային ծրագրերը կարող էին օգտագործել նաև Ընկերության մյուս մասնաճյուղերը, և շուտով դրանցից օգտվող մասնաճյուղերի թիվը հասավ 83-ի։ 1992-ին «Դիտարան ընկերությունը» ամբողջ աշխարհում օգտագործում էր ավելի քան 3800 համակարգիչներ, որոնք աշխատում էին Ընկերության ստեղծած համակարգչային ծրագրերով։ Ոչ բոլոր մասնաճյուղերում էր գրականություն տպագրվում, բայց ցանկացած մասնաճյուղ, որն ուներ մի փոքրիկ համակարգիչ, Ընկերության ծրագրային ապահովումը և մի փոքր լազերային տպիչ սարք, կարող էր կատարել նախատպագրական աշխատանքներ թերթիկների, պարբերագրերի, գրքերի և այլ հրատարակությունների տպագրության համար։
Համակարգիչների օգտագործումը թարգմանության գործում
Կարո՞ղ էին արդյոք համակարգիչները օգտակար լինել թարգմանչական գործում։ «Դիտարան ընկերության» թարգմանիչները հիմնականում աշխատանքը կատարում են համակարգչով։ Նրանցից շատերը աշխատում են մասնաճյուղերում։ Ոմանք, ովքեր տանն են թարգմանում կամ տարիներ շարունակ այդ գործը կատարել են գրամեքենաներով կամ ձեռքով, սովորել են թարգմանությունը կատարել անհատական կամ դյուրակիր համակարգիչներով (վերջինները բավական փոքր են)։ Համակարգիչը հնարավորություն է տալիս հեշտությամբ փոփոխություններ անել թարգմանության մեջ։ Եթե թարգմանությունը արվում է այնպիսի մասնաճյուղում, որտեղ տպագրություն չի իրականացվում, ապա թարգմանված հրատարակությունը տպագրելու համար բավական է միայն տեքստը փոխանցել բարակ ճկուն սկավառակի վրա և ուղարկել տպագրող մասնաճյուղ։
1989–1990-ին շատ երկրներում կառավարությունները փոխվեցին, և միջազգային հաղորդակցությունը ավելի հեշտացավ։ Եհովայի վկաները սեմինար կազմակերպեցին Արևելյան Եվրոպայի թարգմանիչների համար։ Սեմինարի նպատակն էր օգնել նրանց բարելավել թարգմանության որակը, նաև սովորեցնել նրանց օգտվել եղած համակարգչային սարքավորումներից և այդպիսով հնարավոր դարձնել «Դիտարան» պարբերագրի միաժամանակյա տպագրությունը այդ երկրների լեզուներով։ Նման օգնություն տրամադրվեց նաև Հարավարևելյան Ասիայի թարգմանիչներին։
Իսկ հնարավո՞ր էր համակարգիչների միջոցով արագացնել թարգմանչական գործը և բարելավել թարգմանության որակը։ Իհարկե։ 1989-ին Եհովայի վկաները համակարգչային հզոր ծրագրեր էին օգտագործում Աստվածաշունչը թարգմանելու համար։ Մեծ նախապատրաստական աշխատանքներից հետո թարգմանիչներին տրամադրեցին էլեկտրոնային ծրագիր, որը հնարավորություն էր տալիս համակարգչի էկրանին տեսնել եբրայերեն և հունարեն բնագիր տեքստի ցանկացած բառ, նաև տեսնել, թե ինչպես է տվյալ բառը տարբեր համատեքստերում թարգմանվել անգլերեն «Նոր աշխարհ թարգմանության» մեջ։ Թարգմանիչը նաև կարող էր ընտրել անգլերեն որևէ բառ և տեսնել բնագրային բոլոր բառերը, որոնցից թարգմանվել է անգլերեն այդ բառը (և դրան իմաստով մոտ բառերը)։ Այդպիսով հաճախ կարելի էր տեսնել, որ մեկ բնագրային բառի իմաստը փոխանցելու համար օգտագործվել են անգլերեն մի քանի բառեր։ Այդ ամենի շնորհիվ թարգմանիչը կարողանում էր լիարժեք պատկերացում կազմել թարգմանվող տեքստի մասին։ Նա նաև կարողանում էր հասկանալ բնագիր տեքստի բառերի իմաստային առանձնահատկությունները, ինչպես նաև տեսնել, թե տվյալ համատեքստում կոնկրետ որ իմաստն է հարկավոր փոխանցել և այդպիսով ավելի ճշգրիտ թարգմանել տեքստը։
Այս համակարգչային ծրագրերի միջոցով փորձառու թարգմանիչները կարող էին քննել բոլոր համարները, որտեղ Աստվածաշնչում հանդիպում է որևէ բառ, և որոշել, թե իրենց լեզվում այդ համարներից յուրաքանչյուրի համար, ըստ համատեքստի, որ բառն է տեղին։ Դրա շնորհիվ պահպանվում էր հետևողականությունը։ Թարգմանչի կատարած աշխատանքը ստուգում էին նշանակված խմբի մյուս անդամները, այդպիսով թարգմանության որակը բարձրանում էր նաև մյուսների կատարած փնտրտուքների և փորձի շնորհիվ։ Դրանից հետո թարգմանիչը համակարգչի էկրանին բացում էր թարգմանվող հատվածը և տեսնում էր անգլերեն տեքստի բոլոր բառերը իրենց նշանակված համարներով, որոնք հղում են անում բնագրի բառերին և դրանց համար իրենց լեզվում որոշված տարբերակներին։ Բայց դրանով գործը չէր ավարտվում։ Թարգմանիչը դեռ պետք է ճիշտ ձևակերպեր նախադասությունը, որպեսզի այն բնական հնչեր իր լեզվով։ Եվ դրա համար կարևոր էր, որ թարգմանիչը ճիշտ հասկանար համարի իմաստը։ Ուստի համակարգչային ծրագրի օգնությամբ նա կարող էր անմիջապես բացել տվյալ սուրբգրային համարի կամ դրանում եղած որևէ արտահայտության վերաբերյալ «Դիտարան ընկերության» հրատարակություններում տրված մեկնաբանությունները։
Այդպիսով նվազում էր փնտրտուքների ժամանակը, և պահպանվում էր հետևողականությունը։ Այդ ծրագրերի հետագա զարգացման շնորհիվ հնարավոր կլինի արագորեն թողարկել ավելի շատ արժեքավոր հրատարակություններ նույնիսկ այն լեզուներով, որոնց թարգմանչական խմբերը բավականին փոքր են։ Այս ծրագրային ապահովումը, որի շնորհիվ գրականություն է թողարկվում Թագավորության բարի լուրը հռչակելու համար, հնարավորություն է տվել հսկայական մասշտաբների տպագրություն իրականացնել։
Այսպիսով՝ այսօր Եհովայի վկաները, առաջին դարի քրիստոնյաների նման, օգտագործում են ժամանակակից միջոցներ բարի լուրը տարածելու համար։ Հնարավորինս շատ մարդկանց բարի լուրը հասցնելու համար Վկաները խիզախորեն նոր մեթոդներ են կիրառել հրատարակչական գործում։
[ծանոթագրություններ]
a 1896-ին միավորումը պաշտոնապես վերանվանվեց «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերություն»։
b «Դիտարան» հրատարակչությունը պատկանում էր Չարլզ Թեյզ Ռասելին։ 1898-ին նա այդ ընկերությունը իր ողջ ունեցվածքով նվիրաբերեց «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերությանը»։
c Ածուխի խնդիրը կապված չէր միայն պատերազմական իրավիճակի հետ։ Հյուգո Ռիմերը, որն այն ժամանակ գլխավոր վարչության անդամ էր, հետագայում գրեց, որ պատճառը հիմնականում Աստվածաշունչ ուսումնասիրողների հանդեպ Նյու Յորքում տարածված ատելությունն էր։
d Բարձր տպագրությունը կատարվում է բարձր մակերեսից, որի վրա պատկերված է տպագրվելիք նյութի հայելային պատկերը։ Այդ բարձր մակերեսին քսվում է ներկը, ապա այն սեղմվում է թղթին։ Իսկ օֆսեթ տպագրության ժամանակ ներկված տպաձևից պատկերը փոխանցվում է ռետինե գլանիկին, այնտեղից էլ թղթին։
e 1959–1971թթ.-ին Ընկերությունը Բրուքլինի տպարանում սկսեց օգտագործել օֆսեթ տպագրության թերթավոր հաստոց թողարկելու համար չորս գույնով օրացույցներ, որոնցում բարի լուրի քարոզչության հետ կապված թեմաներ էին ներկայացվում։
[մեջբերում 578-րդ էջի վրա]
«Ե՛կ հենց ածուխով էլ ստուգենք»
[մեջբերում 595-րդ էջի վրա]
Ընկերության տպարանները ապահովվում են օֆսեթ տպագրության սարքավորումներով
[մեջբերում 596-րդ էջի վրա]
«Դիտարան ընկերության» մարդիկ գովասանքի են արժանի
[շրջանակ/նկարներ 581-րդ էջի վրա]
Շարվածք
Սկզբում ողջ աշխատանքը կատարվում էր ձեռքով՝ տառ առ տառ
Հարավաֆրիկյան Միություն
1920-ից մինչև 1980-ականները օգտագործվել են լինոտիպներ
Միացյալ Նահանգներ
Որոշ վայրերում շարվածքը արվում էր մոնոտիպով
Ճապոնիա
Այժմ լուսաշարվածքն արվում է համակարգչի միջոցով
Գերմանիա
[շրջանակ/նկարներ 582-րդ էջի վրա]
Տպաձևերի պատրաստումը
1920–1980-ականներին բարձր տպագրության համար պատրաստվում էին կապարե տպաձևեր
[նկարներ]
1. Տպագրվող նյութի լիտերների տողերը շարվում էին մետաղյա շրջանակների մեջ, որոնք կոչվում էին տառակալներ
2. Ճնշման տակ լիտերների պատկերն արտատպվում էր թիթեղանման այն առարկայի վրա, որն օգտագործվելու էր որպես ձուլակաղապար
3. Հալեցված կապարը լցվում էր ձուլակաղապարի (կամ՝ տառամայր) մեջ՝ մետաղյա կոր տպաձևեր պատրաստելու համար
4. Տպաձևի մակերևույթից հեռացվում էր ավելորդ մետաղը
5. Տպաձևերը նիկելապատվում էին, որ ավելի դիմացկուն լինեին
Հետագայում լուսաշարվածքով հավաքված էջերի նեգատիվները դրվում էին հատուկ ցուցատախտակի վրա, ապա դրանց վրա տեղադրվում էին նկարները։ Խմբավորված էջերը լուսագրաֆիկական եղանակով փոխանցվում էին օֆսեթ տպագրության ճկուն տպաձևերի վրա
[շրջանակ/նկար 585-րդ էջի վրա]
Եհովայի ոգու առաջնորդության ապացույցը
«Այն, որ քիչ փորձ ունեցող կամ ընդհանրապես փորձ չունեցող մարդիկ հաջողությամբ տպագրում էին գրքեր և Աստվածաշնչեր ռոտացիոն հաստոցների վրա [ընդ որում այն ժամանակ, երբ ուրիշները դեռ նման բան չէին անում] Եհովայի վերահսկողության և նրա ոգու առաջնորդության ակնհայտ ապացույցն է»։ Այս խոսքերն ասել է Չարլզ Ֆեկելը։ Նա լավ գիտեր, թե ինչպես էր կատարվում այդ ամենը, քանի որ կես դարից ավելի մասնակցել է տպագրական գործունեությանը գլխավոր վարչությունում։ Իսկ ավելի ուշ նա ծառայել է որպես Կառավարիչ մարմնի անդամ։
[նկար]
Չարլզ Ֆեկել
[շրջանկա/նկար 586-րդ էջի վրա]
Ապավինում են Ամենակալ Աստծուն
Հյուգո Ռիմերը, որը նախկինում ծառայել է «Դիտարան ընկերության» առաքման բաժնում, պատմեց մի դեպք, որը ցույց է տալիս, թե ինչպես է Ընկերությունն իրականացնում իր գործունեությունը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Միացյալ Նահանգներում տպագրության թուղթը չափաբաժնով էր հատկացվում։ Թղթի պաշար ձեռք բերելու համար հարկավոր էր դիմել կառավարության կողմից նշանակված կոմիտեին։ Մի անգամ հայտնի աստվածաշնչյան ընկերություններից մեկը այդ կոմիտեի հետ հանդիպելու համար որպես ներկայացուցիչներ ուղարկել էր իրավաբանների, խոշոր բիզնեսմենների, քարոզիչների և այլոց։ Նրանց շատ ավելի քիչ պաշար տրվեց, քան խնդրել էին։ Նրանց լսելուց հետո կոմիտեն կանչեց «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերության» ներկայացուցիչներին։ Երբ Հյուգո Ռիմերն ու Մաքս Լարսոնը առաջ եկան, նախագահողը հարցրեց. «Ընդամենը երկու հոգո՞վ եք եկել»։ «Այո՛,— պատասխանեցին նրանք,— և մենք հույս ունենք, որ մեզ հետ է նաև Ամենակալ Աստված»։ Նրանք ստացան իրենց անհրաժեշտ ողջ պաշարը։
[նկար]
Հյուգո Ռիմեր
[շրջանկա/նկարներ 587-րդ էջի վրա]
Տպագրահաստոցներ
Ընկերությունը տպագրական գործում օգտագործել է զանազան տպագրահաստոցներ
[նկարներ]
Երկար տարիներ օգտագործվել են հարթ տպագրության տարբեր հաստոցներ (Գերմանիա)
Փոքր հաստոցներով թողարկել են ոչ միայն բլանկներ ու տեղեկատու թերթիկներ, այլև պարբերագրեր (ԱՄՆ)
Տարբեր տպարաններում օգտագործվել են «Ման» ֆիրմայի՝ բարձր տպագրության 58 ռոտացիոն հաստոցներ (Կանադա)
Ներկայումս Ընկերության խոշոր տպարաններում օգտագործվում են տարբեր երկրներում արտադրված քառագույն օֆսեթ տպագրության արագագործ գլանափաթեթավոր հաստոցներ
Իտալիա
Գերմանիա
[նկարներ 588-րդ, 589-րդ էջերի վրա]
Գրքերի կազմումը
Սկզբնական շրջանում Ընկերության տպարաններում գրքերի կազմումը մասամբ արվում էր ձեռքով (Շվեյցարիա)
ԱՄՆ-ում մեծաքանակ արտադրության համար բազմաթիվ առանձին գործողություններ էին կատարվում
1. Տպագիր էջերի հավաքում
2. Էջերի կարում
3. Ֆորզացների (կրկնաթերթեր) սոսնձում
4. Եզրերի կտրում
5. Կազմի դաջվածք
6. Կազմերը դրվում են գրքերի վրա
7. Գրքերի մամլում ամուր սոսնձելու համար
Ներկայումս, կարելու փոխարեն, հաճախ օգտագործվում է առանց կարի սոսնձման եղանակը, և արագագործ մեքենաներից յուրաքանչյուրը թողարկում է օրական 20000 կամ ավելի գրքեր
[շրջանակ/նկարներ 594-րդ էջի վրա]
Աստծու Թագավորության մասին գիտելիքների տարածումը
«Դիտարան ընկերությունը» տարբեր ժամանակներում գրականություն է տպագրել ավելի քան 290 լեզվով։ 1992-ին գրականությունը լույս էր տեսնում մոտ 210 լեզվով։ Այս ամենն արվել է, որպեսզի մարդիկ կարողանան սովորել Աստծու Թագավորության մասին և իմանան, թե ինչ է այն անելու իրենց համար։ Մինչև 1992-ը Աստվածաշնչի ուսումնասիրության ձեռնարկներից ամենաշատը տարածվել են հետևյալ հրատարակությունները՝
«Ճշմարտություն, որ հավիտենական կյանքի է առաջնորդում» (1968), 107553888 օրինակ 117 լեզվով
«Դուք կարող եք հավիտյան ապրել երկրային Դրախտում» (1982), 62428231 օրինակ 115 լեզվով
«Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա» (1982), 76203646 օրինակ 200 լեզվով
Վերոհիշյալ ցուցանիշները 1992-ի տվյալներն են։
[շրջանակ/նկարներ 598-րդ էջի վրա]
Ձայներիզներ
Քարոզչական գործի համար տպագիր նյութեր հրատարակելուց բացի, «Դիտարան ընկերությունը» 1978-ից ի վեր Միացյալ Նահանգներում և Գերմանիայում իր սարքավորումներով թողարկել է ավելի քան 65 միլիոն ձայներիզներ։
«Նոր աշխարհ թարգմանությունն» ամբողջությամբ առկա է ձայներիզների վրա անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, ճապոներեն և ֆրանսերեն լեզուներով։ 1992-ին այս թարգմանության առանձին հատվածներ առկա էին ձայներիզների վրա ութ այլ լեզուներով։
Երեխաներին ուսուցանելու համար թողարկվել են «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» և «Լսեցեք Մեծ Ուսուցչին» գրքերը ձայներիզների վրա։
Բացի այդ, որոշ երկրներում թողարկվում են ձայներիզներ ռադիոհեռարձակումների համար։
Թողարկվում են նաև մեղեդիների ձայնագրություններ։ Մեղեդիները կատարող նվագախմբի բոլոր անդամները Վկաներ են։ Այդ ձայնագրությունները օգտագործվում են համաժողովների ժամանակ՝ որպես երգերի նվագակցություն։ Կան նաև գեղեցիկ նվագախմբային կատարումների ձայնագրություններ, որոնք կարելի է լսել նաև տանը։
Համաժողովների ժամանակ օգտագործվում են մեր օրերի և աստվածաշնչյան պատմությունների վերաբերյալ ներկայացումների ձայնագրություններ, իսկ Վկա դերակատարները օգնում են հանդիսատեսին պատկերացնել իրադարձությունները։ Հետագայում շատ ընտանիքներ այդ ձայնագրություններից մի քանիսը օգտագործում են երեխաներին կրթելու, ինչպես նաև հաճելի ժամանցի համար։
Ձայներիզների վրա առկա են նաև «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի ձայնագրությունները անգլերեն և ֆիններեն լեզուներով։ «Դիտարանի» ձայնագրություններն առկա են նաև ֆրանսերեն, գերմաներեն, դանիերեն, նորվեգերեն և շվեդերեն լեզուներով։ Թեև սկզբում ձայներիզները նախատեսված էին տեսողության խնդիրներ ունեցողների համար, սակայն դրանցից օգուտներ են քաղում նաև հազարավոր այլ մարդիկ։
[նկար]
Ջ. Է. Բարը ձայնագրման ստուդիայում
[շրջանակ/նկարներ 600-րդ, 601-րդ էջերի վրա]
Տեսաերիզները՝ Թագավորության հռչակման գործում
1990-ին «Դիտարան ընկերությունը» թևակոխեց գործունեության մի նոր փուլ՝ թողարկելով իր առաջին տեսաերիզը, որը նախատեսված էր տարածման համար։
Այդ տարի, հաշվարկների համաձայն, աշխարհում ավելի քան 200000000 ընտանիք ուներ տարբեր տեսակի տեսամագնիտոֆոններ։ Դրանք օգտագործվում էին նույնիսկ այն երկրներում, որտեղ հեռուստակայաններ չկային։ Ուստի տեսաերիզների գործածումը՝ որպես կրթություն տրամադրելու միջոց, նոր հնարավորություն էր ընձեռում բարի լուրը հասցնելու մեծ թվով մարդկանց։
Դեռևս 1985-ին նկարահանվեց մի տեսաֆիլմ, որի նպատակն էր Ընկերության գլխավոր վարչության այցելուներին ցույց տալ, թե ինչ գործունեություն է իրականացվում այնտեղ։ Ժամանակի ընթացքում տեսաֆիլմերը նաև սկսեցին օգտագործվել Բեթելի ընտանիքի նոր անդամներին կրթելու համար, ինչը բավականին ժամանակ էր խնայում։ Հնարավո՞ր էր արդյոք այդ կրթական միջոցը օգտագործել նաև այլ կերպերով աշակերտներ պատրաստելու համաշխարհային գործում։ Որոշ եղբայրներ համոզված էին, որ հնարավոր էր։
1990-ի հոկտեմբերին թողարկվեց «Եհովայի վկաներ. կազմակերպություն՝ կանգնած այդ անվան ետևում» վերնագրով տեսաֆիլմը։ Արձագանքն ապշեցուցիչ էր։ Բազմաթիվ մարդիկ խնդրում էին, որ ավելի շատ այդպիսի տեսաֆիլմեր թողարկվեն։ Ուստի այդ նպատակով բացվեց նոր բաժին, որը կոչվում էր տեսագրման բաժին։
Այդ բնագավառում մեծ փորձ ունեցող Վկաները սիրով առաջարկեցին իրենց օգնությունը։ Ձեռք բերվեցին սարքավորումներ։ Ստեղծվեցին նկարահանման ստուդիաներ։ Նկարահանող խումբը սկսեց ճամփորդել տարբեր երկրներ և հավաքել տեսանյութեր, որոնք կարող էին օգտագործվել հավատ կերտող տեսաֆիլմեր ստեղծելու համար։ Միջազգային նվագախումբը, որի բոլոր անդամները Վկաներ են, բազմիցս մասնակցել է տեսաֆիլմերի պատրաստման գործին՝ ապահովելով երաժշտական նվագակցությունը, ինչի շնորհիվ ֆիլմերն ավելի գրավիչ են դարձել։
Միջոցներ էին ձեռնարկվում, որ տեսաֆիլմերը մատչելի լինեին նաև այլ լեզուներով։ 1992-ի կեսերին «Եհովայի վկաներ. կազմակերպություն՝ կանգնած այդ անվան ետևում» տեսաֆիլմը արդեն առկա էր ավելի քան տասը լեզուներով։ Բացի այդ, քայլեր էին ձեռնարկվում, որպեսզի այն թողարկվեր չինացիների համար մանդարինյան և կանտոնյան բարբառներով։ Ընկերությունը նաև իրավունք է ձեռք բերել վերարտադրելու և տարածելու «Մանուշակագույն եռանկյունիներ» տեսաֆիլմը, որում պատմվում է մի Վկա ընտանիքի մասին, որը պահեց իր անարատությունը Գերմանիայում նացիստական ռեժիմի ներքո։ Երկու տարվա ընթացքում թողարկվել էին ավելի քան մեկ միլիոն տեսաերիզներ քարոզչական ծառայության մեջ օգտագործելու համար։
Հատուկ ուշադրություն դարձվեց նաև խուլ մարդկանց կարիքներին։ Ամերիկյան ժեստերի լեզվով թողարկվեց «Եհովայի վկաներ. կազմակերպություն՝ կանգնած այդ անվան ետևում» տեսաֆիլմը։ Ուսումնասիրություններ էին կատարվում, որպեսզի տեսաֆիլմեր թողարկվեին նաև այլ երկրներում ապրող խուլ մարդկանց համար։
Այդ նույն ժամանակ աշխատանքներ էին տարվում՝ թողարկելու տեսաֆիլմերի մի շարք, որոնք կօգնեին ամուր վստահություն ձեռք բերել Աստվածաշնչի հանդեպ, որը հանդիսանում է քրիստոնեական հավատի հիմքը։ 1992-ի սեպտեմբերին անգլերեն լեզվով թողարկվեց այդ շարքի առաջին ֆիլմը՝ «Աստվածաշունչ. ճշգրիտ պատմություն, վստահելի մարգարեություններ» վերնագրով, նաև աշխատանքներ էին տարվում այն այլ լեզուներով թողարկելու համար։
Տեսաֆիլմերը երբեք չեն կարող փոխարինել տպագիր նյութերին կամ անհատական վկայությանը։ Ընկերության հրատարակությունները այսօր էլ կարևոր դեր են խաղում բարի լուրի տարածման գործում։ Տնետուն ծառայությունը շարունակում է լինել Եհովայի վկաների գործունեությանը բնորոշ առանձնահատկություն, որն ամուր աստվածաշնչյան հիմք ունի։ Սակայն տեսաֆիլմերը ներկայումս հանդիսանում են լրացուցիչ արժեքավոր գործիքներ, որոնք օգնում են հավատ զարգացնել Եհովայի հիանալի խոստումների հանդեպ և խորացնել գնահատանքը այն ամենի համար, որ ներկայումս իրագործվում է երկրի վրա նրա առաջնորդությամբ։
[նկարներ]
1. Տեսաֆիլմի հիմնական բովանդակությունը որոշելուց հետո սկսվում են նկարահանումները, և միևնույն ժամանակ մշակվում է սցենարը
2. Ոչ գծային մոնտաժի ընթացքում ընտրվում են կադրերը և որոշվում են դրանց հաջորդականությունը
3. Տեսաֆիլմի երաժշտական ձևավորման համար ձայնագրվում է հատուկ այդ նպատակով ստեղծված երաժշտությունը՝ նվագախմբային կատարմամբ
4. Թվայնացված երաժշտությունն ու ձայնային էֆեկտները համակցվում է խոսքին ու պատկերներին
5. Կատարվում է ձայնագրության և տեսագրության վերջնական մոնտաժ
[նկարներ 576-րդ էջի վրա]
Այս վաղ հրատարակությունների տպագրությունն իրականացվում էր կոմերցիոն ընկերությունների միջոցով
[նկար 577-րդ էջի վրա]
Չ. Ա. Ուայզը ստուգում անցկացրեց պարզելու համար, թե արդյոք արժեր գլխավոր վարչությունը կրկին տեղափոխել Բրուքլին
[նկարներ 579-րդ էջի վրա]
Ընկերության առաջին ռոտացիոն հաստոցի վրա 4000000 օրինակով տպագրվեց «Ոսկե դարի» 27-րդ թողարկումը, որն ազդեցիկ տեղեկություն էր պարունակում
[նկար 580-րդ էջի վրա]
Բրուքլինի տպարանի առաջին վերակացուն՝ Ռ. Ջ. Մարտինը (աջ կողմում), խորհրդակցում է եղբայր Ռադերֆորդի հետ
[նկար 583-րդ էջի վրա]
Ընկերության առաջին տպարաններից մեկը Եվրոպայում (Բեռն, Շվեյցարիա)
[նկարներ 584-րդ էջի վրա]
Ընկերությունը 1920-ականներին տպարան հիմնեց Մագդեբուրգում (Գերմանիա)
[նկար 590-րդ, 591-րդ էջերի վրա]
Իլանդսֆոնտեյն, Հարավաֆրիկյան Հանրապետություն (1972)
[նկար 590-րդ էջի վրա]
Նումաձու, Ճապոնիա (1972)
[նկար 590-րդ էջի վրա]
Սթրադֆիլդ, Ավստրալիա (1972)
[նկար 590-րդ էջի վրա]
Սան Պաուլու, Բրազիլիա (1973)
[նկար 591-րդ էջի վրա]
Լագոս, Նիգերիա (1974)
[նկար 591-րդ էջի վրա]
Վիսբադեն, Գերմանիա (1975)
[նկար 591-րդ էջի վրա]
Տորոնտո, Կանադա (1975)
[նկար 597-րդ էջի վրա]
Տառատեսակների թվայնացման հսկայական աշխատանք էր կատարվել՝ տարբեր լեզուներով գրականություն թողարկելու համար (Բրուքլին, Նյու Յորք)
[նկար 599-րդ էջի վրա]
Գունավոր էկրանով համակարգիչները հնարավորություն են տալիս նկարիչ-ձևավորողներին տեղադրելու, կտրելու և հստակեցնելու նկարները
[նկար 602-րդ էջի վրա]
Համակարգչային ծրագրերը օգնում են ավելի արագ և ավելի որակով կատարել Աստվածաշնչի թարգմանությունը (Կորեա)