4 ԱԲՐԱՀԱՄ
Առաջինը, ով արդար պատերազմ մղեց
ԵՀՈՎԱՆ մի առանձնահատուկ խոստում տվեց իր ընկերոջը՝ Աբրահամին, խոստում, որը փոխեց պատմության ընթացքը. «Ես քեզ մեծ ազգ կդարձնեմ»։ Աստված Աբրահամին նաև ցույց տվեց այն չքնաղ երկիրը, որում բնակություն էր հաստատելու այդ ազգը (Ծննդ. 12։2; 13։14, 15)։ Բայց Սատանայի մտքինը այլ էր. կործանել այդ ազգը նախքան դրա կազմավորումը։ Բանսարկուն գիտեր, որ այդ ազգից էր առաջ գալու կանխագուշակված «սերունդը»։ Գիտեր նաև, որ այդ «սերնդի» ձեռքով էին կործանվելու թե՛ ինքը, թե՛ իր չարաբեր իշխանությունը (Ծննդ. 3։15)։
Աբրահամն ու նրա ընտանիքը Սատանայի թիրախը դարձան։ Նրա գրոհներից մեծապես տուժեց նաև Աբրահամի եղբորորդին՝ Ղովտը։ Վերջինս բնակվում էր Սոդոմ քաղաքի մերձակայքում։ Ղովտը տեղափոխվել էր այնտեղ, երբ Աբրահամը մեծահոգաբար առաջարկել էր առաջինը բնակության վայր ընտրել Խոստացված երկրում։ Ղովտն էլ ընտրել էր Սոդոմի մերձակայքը՝ ամենահարուստ և բերրի տարածքը։ Սակայն այդ քաղաքի բնակիչները «չար էին և ծանր մեղքեր էին գործում Եհովայի դեմ» (Ծննդ. 13։8-13)։ Սոդոմի թագավորը և Քանանի ևս չորս թագավորներ դաշնակիցներ էին։ Նրանք հոգնել էին Էլամի թագավորին հարկեր վճարելուց, ուստի ապստամբություն բարձրացրին։ Ի պատասխան՝ Էլամի թագավորը իր երեք դաշնակից թագավորների հետ հարձակում գործեց Քանանի թագավորների վրա և հյուսիսից արշավելով՝ պարտության մատնեց նրանց։ Զավթիչները մեծ ավարով և շատ գերիներով վերադարձան հայրենիք։ Գերեվարվածների մեջ էին նաև Ղովտն ու նրա ընտանիքը։
Աբրահամը իր 318 ծառաների հետ ջախջախեց չորս հզոր թագավորների միավորված զորքը
Ի՞նչ կաներ Աբրահամը։ Նա կարող էր ոչինչ չձեռնարկել՝ մտածելով, որ Ղովտը պարզապես կրում է իր սխալ որոշման հետևանքը։ Կամ գուցե մտահոգվեր, որ եթե գնա Ղովտին փրկելու, ստիպված կլինի պատերազմել չորս հզոր թագավորների միավորված բանակի դեմ։ Չէ՞ որ Աբրահամը քոչվորական կյանք վարող հովիվ էր, ոչ թե ռազմիկ։ Դեռ ավելին՝ այդ թագավորներից առնվազն մեկը իշխում էր Սենաար երկրում, որը Աբրահամի հայրենիքն էր։ Ուստի նա կարող էր մտածել, որ պատերազմելով առհավետ կփակի Ուրի հարմարավետ կյանքին վերադառնալու դուռը։ Բայց Աբրահամը այդպես չմտածեց։ Նա գիտեր, թե Եհովան ինչ է ակնկալում իրենից՝ փրկել Ղովտին։
Այդ ժամանակ Աբրահամի հետ վրաններում բնակվող մարդկանց թիվը հավանաբար արդեն հատել էր 1 000-ի շեմը։ Նա իր կոփված ծառաներից ընտրեց 318 տղամարդու և պատրաստեց պատերազմելու։ Ապա նրանց ու իր դաշնակիցների հետ զավթիչների հետևից ընկավ։ Դեպի հյուսիս երկար ճանապարհ անցնելով՝ նրանք վերջապես հասան Դանի շրջան, որտեղ թշնամիների զորքն էր։ Աբրահամը իր ծառաներին խմբերի բաժանեց և գիշերով անցավ հարձակման։ Չնայած քանակական կտրուկ տարբերությանը՝ նրանք պարտության մատնեցին զավթիչներին՝ ստիպելով փախուստի դիմել։ Աբրահամը շարունակեց հետապնդել չորս թագավորներին և նրանց զորքին, մինչև որ Դամասկոսի մոտակայքում վերջնական հաղթանակ տարավ։ Նա հետ վերցրեց Քանանից զավթված ողջ ավարն ու գերեվարվածներին։ Ղովտն ու նրա ընտանիքը վերջապես ազատագրվեցին։
Եհովան ինչպե՞ս արձագանքեց՝ տեսնելով Աբրահամի քաջությունն ու հավատը։ Պատասխանը ակնհայտ դարձավ, երբ Աբրահամը անցնում էր Սաղեմի կողքով։ Այդտեղի թագավորը՝ Մելքիսեդեկը, որը նաև Եհովայի քահանան էր, դուրս գալով քաղաքից՝ դիմավորեց Աբրահամին ու Եհովայի անունից օրհնեց նրան։ Աբրահամն էլ Մելքիսեդեկին տվեց վերցված ավարի լավագույնների տասներորդ մասը։ Այդպես նա խոնարհաբար ցույց տվեց, որ հաղթանակի համար Եհովային է պարտական։
Հստակ է, որ դա ոչ թե մարդու ուժով մղված պատերազմ էր, այլ Աստծու։ Աստվածաշնչում հիշատակվում է «Եհովայի պատերազմների գիրքը» (Թվեր 21։14)։ Աբրահամի մղած պատերազմը թերևս առաջինն էր, որ արձանագրվեց այդ գրքում։ Դարեր անց, երբ Աբրահամի հետնորդները Խոստացված երկրում պատերազմում էին չարագործ քանանացիների դեմ, Եհովան իր հավատարիմ ժողովրդին շնորհում էր հաղթանակ՝ հաղթանակի հետևից։
Սակայն երբ Աստծու ժողովուրդը հեռացավ նրանից, զրկվեց նրա պաշտպանությունից։ Ի վերջո Եհովան լիովին ձեռք քաշեց նրանցից, երբ նրանք մերժեցին իր Որդուն՝ Մեսիային։ Այդ ազգի փոխարեն Եհովայի օրհնությունը սկսեց վայելել մի նոր, հոգևոր ազգ՝ օծյալ քրիստոնյաների խումբ, որի առաջնորդը Հիսուս Քրիստոսն է։ Նա իր հպատակներին արգելել է մասնակցել պատերազմների (Մատթ. 26։52)։ Փոխարենը սովորեցրել է հոգևոր պատերազմ մղել։ Նա իր օրինակով ցույց է տվել, որ դա նույնքան քաջություն է պահանջում, որքան բառացի պատերազմ մղելը։
Կարդա Աստվածաշնչից
Քննարկման համար
Իր կյանքի այս շրջանում Աբրահամն ինչպե՞ս քաջություն դրսևորեց
Խորացրու գիտելիքներդ
1. Հնագիտական ո՞ր փաստերն են հաստատում այս պատմության ճշգրտությունը (w89 7/1, էջ 5, պրբ. 4-էջ 6, պրբ. 1)։
2. Աշխարհագրական ո՞ր փաստերն են հաստատում Սոդոմի և Գոմորի մասին աստվածաշնչյան նկարագրությունը (it, «Աղի ծով», պրբ. 6)։ Ա
BestTravelPhotography/iStock via Getty Images Plus
նկար Ա։ Նույնիսկ այսօր այն շրջանում, որտեղ հավանաբար գտնվել է հին Սոդոմը, առատապես աճում են փյունիկյան արմավենիներ և այլ բուսականություն
3. Մելքիսեդեկը Սաղեմի թագավորն էր և քահանան։ Որտե՞ղ էր գտնվում Սաղեմը (it, «Սաղեմ»)։
4. Ի՞նչ առումներով է Մելքիսեդեկը Հիսուսի մարգարեական նախատիպը (it, «Քահանայապետ», պրբ. 27-28)։ Բ
նկար Բ
Մտածիր՝ ինչպես կիրառել
Աբրահամը թույլ տվեց, որ Ղովտը ընտրի լավագույն տարածքը։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան մեր ընտանիքի, հավատակիցների և մյուսների հետ հարաբերություններում։ Գ
նկար Գ
Աբրահամը պատրաստակամորեն փրկեց իր եղբորորդուն։ Ի՞նչ ենք սովորում նրանից։
Ուրիշ ի՞նչ կերպերով կարող ես ընդօրինակել Աբրահամի քաջությունը։
Համադրիր ընդհանուր պատկերի հետ
Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։
Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։
Ի՞նչ կհարցնեմ Աբրահամին կամ Ղովտին, երբ նրանք հարություն առնեն։
Բացահայտիր ավելին
Տես, թե Աբրահամը ինչպես սովորեց լիովին ապավինել Եհովային։
Աբրահամն ինչպե՞ս էր քաջություն դրսևորել նույնիսկ նախքան Ուրից հեռանալը։