14 ՌԱԽԱԲ
Նա Եհովային գերադասեց իր սեփական ժողովրդից
ՀԻՆ Երիքովում՝ «արմավենիների քաղաքում», ապրում էր Ռախաբը, ով մարմնավաճառ էր (2 Օրենք 34։3)։ Քաղաքի պարսպի վրա գտնվող նրա տնից տեսարան էր բացվում դեպի դուրս՝ դեպի պարսպից այն կողմ փռված պայծառ, արևաշող բնաշխարհը։ Բայց պարիսպներից ներս՝ քաղաքում շրջելիս նա ամենուր տեսնում էր մռայլված դեմքեր, ահ ու սարսափով լի աչքեր։ Քաղաքի բնակիչները գիտեին, որ Եհովան սատարում է իր ժողովրդին՝ Իսրայելին, մինչդեռ իրենց Նա կործանման էր դատապարտել։ Նրանք միանգամայն արժանի էին այդ դատավճռին։
Այժմ Եհովայի ժողովուրդը բանակ էր դրել քաղաքի մոտակայքում։ Քառասուն տարի առաջ Եհովան փրկել էր նրանց՝ Կարմիր ծովում խորտակելով փարավոնի ողջ զորքը։ Վերջերս էլ ամորհացի հզոր թագավորների՝ Սեհոնի և Օգի նկատմամբ ապշեցուցիչ հաղթանակներ էր շնորհել իսրայելացիներին, թեև նրանք ռազմիկներ չէին, այլ պարզապես անապատում քոչվորական կյանք վարող մի ժողովուրդ։ Եվ ահա Եհովան նրանց ուղղորդել էր դեպի Երիքով, որ նրանց միջոցով հաշվեհարդար տեսնի այդ քաղաքի բնակիչների հետ իրենց բոլոր չար գործերի համար։
Ռախաբը գիտեր, որ իր ժողովուրդը այլասերված է ու չարագործ։ Շատ հնարավոր է, որ մարմնավաճառի այդ ստորացուցիչ ապրելակերպը բնավ էլ նրա երազանքը չէր, ու նա ավելի արժանավայել կյանքի էր ձգտում։ Եհովայի մասին իմանալով՝ նա ոչ թե վախով էր լցվել, այլ հույսով։ Փաստորեն կար մի Աստված, ով պաշտպանում էր իր ծառաներին ու արժանապատվությամբ վերաբերվում նրանց։ Նա բոլորովին տարբերվում էր Քանանի պիղծ աստվածներից։ Ռախաբի սիրտը ձգվում էր դեպի այդ անպիղծ, արդար և ազատարար Աստվածը՝ Եհովան։
Մի գիշեր երկու օտարականներ եկան Ռախաբի տուն և գիշերելու տեղ խնդրեցին։ Սուր աչք ունեցող այդ կինն անմիջապես հասկացավ, որ նրանք իսրայելացիներ են։ Բայց միայն նա չէ, որ գլխի էր ընկել, թե ովքեր են այդ մարդիկ։ Շուտով օտարականների մասին լուրը հասավ թագավորին, և նա իր ծառաներին ուղարկեց Ռախաբի տուն՝ պահանջելով, որ նա այդ մարդկանց իրեն հանձնի։ Ռախաբը կանգնեց մի շրջադարձային որոշման առաջ, որից կախված էր լինելու իր ողջ կյանքը. նա կպաշտպաներ իր չարագործ ժողովրդի՞ն, թե՞ կընտրեր Եհովային։
Ռախաբը քաջաբար ընտրեց Եհովային։ Նա հետախույզներին թաքցրեց իր տան տանիքում և ապակողմնորոշեց թագավորի մարդկանց։ Երբ այդ մարդիկ գնացին, նա բարձրացավ տանիք և իսրայելացի տղամարդկանց բացատրեց, թե ինչու էր փրկել նրանց։ Նա ասաց. «Հաստատ գիտեմ, որ Եհովան այս երկիրը ձեզ է տալու»։ Այո՛, նա հավատում էր իսրայելացիների Աստծուն և կասկած չուներ, որ Նա կիրագործի իր ուզածը։ Ռախաբը հետախույզներին նաև քաջալերական տեղեկություններ հայտնեց։ Նա ասաց, որ Երիքովի մարդկանց սիրտը իսրայելացիների ահից նվաղել է։ Ռախաբը խնդրեց հետախույզներին, որ խնայեն իր և իր տնեցիների կյանքը, երբ Եհովան Իսրայելի ձեռքով կործանի քաղաքը։
Ռախաբն ինչպե՞ս ուժ գտավ Եհովայի կողմը բռնելու և իր անբարո կյանքը թողնելու համար
Հետախույզները, տեսնելով, որ այդ կինը փրկեց իրենց, հասկացան, որ նա Եհովայի կողմն է բռնել։ Ուստի համաձայնեցին կատարել նրա խնդրանքը։ Նրանք խոստացան, որ Ռախաբն ու իր ընտանիքը պաշտպանված կլինեն։ Բայց Ռախաբը պետք է ոչ ոքի չասեր իրենց տեղը, պետք է իր տան պատուհանից ալ կարմիր պարան կախեր և կռվի ողջ ընթացքում իր տնեցիների հետ մնար իր տանը։ Այդ դեպքում նրանք ապահով կլինեին։
Ռախաբը օգնեց հետախույզներին, որ պատուհանից պարանով ցած իջնեն ու փախչեն։ Այնուհետև ճշգրտությամբ արեց այն ամենը, ինչ իրեն ասել էին այդ մարդիկ։ Նա ալ կարմիր պարան կապեց պատուհանից, գաղտնի պահեց հետախույզների մասին տեղեկությունը և իր ընտանիքի անդամներին հավաքեց իր տանը։ Այս ողջ ընթացքում նրանից մեծ քաջություն էր պահանջվում, քանի որ, եթե քաղաքի մարդկանց հայտնի դառնար իր արածը, իրեն սարսափելի մահ էր սպասում։ Բայց Ռախաբն անկասկած ավելի համոզվեց, որ ճիշտ որոշում է կայացրել, երբ իմացավ, թե ինչպես զարգացան դեպքերը։ Եհովան Հորդանանի հոսքը կանգնեցրեց, որ իսրայելացիները անցնեն։ Եվ մինչ իսրայելացիների բանակը յոթ օր շարունակ պտտվում էր Երիքովի շուրջը, ըստ ամենայնի, քաղաքի ներսում լարվածությունը գնալով սաստկանում էր։ Ի վերջո յոթերորդ օրը, երբ հնչեցին եղջերափողերը, և իսրայելացիները բարձր աղաղակեցին, քաղաքի պարիսպը հիմնահատակ փլուզվեց, իսկ Ռախաբն ու իր ընտանիքը, հնազանդորեն հետևելով ցուցումներին, մնացել էին տանը՝ ապահով պատսպարված։
Պարսպի այն մասը, որտեղ Ռախաբի տունն էր, կանգուն մնաց։ Երկու հետախույզները կռվից հետո նրան ու նրա ընտանիքին ապահով դուրս բերեցին։ Հեսուն պատվիրել էր, որ Ռախաբի ու նրա տնեցիների կյանքը խնայեն, և այդպես էլ արեցին։ Ժամանակի ընթացքում Ռախաբին սիրով ընդունեցին Իսրայելի համայնք։ Նա ամուսնացավ մի իսրայելացի տղամարդու հետ և երեխաներ ունեցավ։ Դարեր անց նրա ազգատոհմից առաջ եկավ երբևէ ապրած ամենաքաջ մարդը՝ Հիսուս Քրիստոսը (Մատթ. 1։5, 16)։ Եհովան լիուլի օրհնեց Ռախաբին իր հավատի ու քաջության համար։
Կարդա Աստվածաշնչից
Քննարկման համար
Ռախաբը ինչպե՞ս քաջություն դրսևորեց
Խորացրու գիտելիքներդ
1. Երիքովում ինչպիսի՞ն էր կյանքը Ռախաբի համար (w13 11/1, էջ 12, պրբ. 4-էջ 13, պրբ. 1)։
2. Ինչի՞ց ենք իմանում, որ հետախույզները անբարո նպատակով չէին մնացել Ռախաբի տանը (it, «Մարմնավաճառ», պրբ. 16)։
3. Ինչո՞ւ էին Ռախաբի տան տանիքում վուշի ցողուններ դարսված, և վուշը ինչի՞ համար էր օգտագործվում (it, «Վուշ», պրբ. 2-4)։ Ա
Thanks for your interest in my photos/Moment Open via Getty Images
նկար Ա։ Վուշի արտ
4. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Ռախաբը սխալ չվարվեց՝ ապակողմնորոշելով թագավորի մարդկանց (w04 12/1, էջ 8, պրբ. 6)։ Բ
նկար Բ
Մտածիր՝ ինչպես կիրառել
Ինչո՞ւ էր Ռախաբից վճռականություն ու քաջություն պահանջվում, որ անբարո կյանքից հրաժարվեր և Եհովային ընտրելով՝ իսրայելացիներին միանար։ Աստվածաշունչ ուսումնասիրողները ի՞նչ կարող են սովորել Ռախաբի օրինակից։
Թեև Աստվածաշունչը դատապարտում է ստախոսությունը, բայց հետևելով Ռախաբի օրինակին՝ ինչպե՞ս կարող են վարվել Աստծու ծառաները, երբ հակառակորդները փորձում են նրանցից կոնֆիդենցիալ տեղեկություններ կորզել եղբայրների մասին (Առակ. 11։13; Ժող. 3։7; Եփես. 4։25)։ Գ
նկար Գ
Նկար Գ
Ուրիշ ի՞նչ կերպերով կարող ես ընդօրինակել Ռախաբի քաջությունը։
Համադրիր ընդհանուր պատկերի հետ
Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։
Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։
Ի՞նչ կհարցնեմ Ռախաբին, երբ նա հարություն առնի։
Բացահայտիր ավելին
Ռախաբի պատմությունից ի՞նչ ենք սովորում այն մասին, թե ինչը կօգնի մեզ ողջ մնալ, երբ գա Եհովայի օրը։
Աստվածաշնչյան այս պատկերազարդ պատմության միջոցով օգնիր երեխաներիդ, որ պատկերացնեն տեղի ունեցած դեպքերը։