15 ՆՈՅԵՄԻ ԵՎ ՀՌՈՒԹ
Նրանք միասին դիմագրավեցին դժվարությունները
ՆՈՅԵՄԻԻ կյանքում մեկը մյուսի հետևից ողբերգական դեպքեր եղան։ Երբ Իսրայելում սով սկսվեց, նրա ամուսինը՝ Ելիմելեքը, որոշեց ընտանիքով Բեթլեհեմից տեղափոխվել Մովաբ։ Ցավոք, այնտեղ նա մահացավ՝ Նոյեմիին օտար երկրում թողնելով միայնակ՝ երկու որդիների խնամքը ուսերին։ Հետագայում որդիները ամուսնացան մովաբացի աղջիկների հետ, որոնք չէին պաշտում Եհովային։ Մոտ տասը տարի անց մեկ այլ ողբերգություն եղավ. Նոյեմիի երկու որդիներն էլ մահացան։ Նրանցից ոչ մեկը զավակ չուներ։ Փաստորեն Նոյեմին կորցրեց ամուսնուն, երկու որդիներին և երբևիցե թոռ ունենալու հույսը։
Քանի որ Նոյեմիին այլևս ոչ մի բան չէր պահում Մովաբում, նա որոշեց վերադառնալ տուն՝ Բեթլեհեմ։ Թերևս դա մոտ մեկ շաբաթվա ճամփորդություն էր։ Նոյեմիի հարսները՝ Հռութն ու Օրփան, ճանապարհ ընկան իրենց տարեց սկեսրոջ հետ։ Բայց Նոյեմիին հանգիստ չէր տալիս այն միտքը, որ այդ երիտասարդ կանայք կտրվելու էին իրենց տնից ու հարազատներից։ Նա չէր ուզում նրանց զրկել նորից ամուսնանալու և երեխաներ ունենալու հնարավորությունից։ Ուստի անշահախնդրորեն հորդորեց Հռութին ու Օրփային, որ ամեն մեկը վերադառնա իր մոր տուն։ Նոյեմին քաջությամբ վճռել էր միայնակ շարունակել իր ուղին։ Նրա խոսքերը լսելով՝ Օրփան ու Հռութը լաց եղան։ Շուտով Օրփան հեռացավ, բայց Հռութը որոշեց մնալ։
Հռութն ասաց Նոյեմիին. «Մի՛ խնդրիր, որ թողնեմ քեզ.... Ուր որ գնաս, ես էլ կգամ, որտեղ որ գիշերես, ես էլ այդտեղ կգիշերեմ։ Քո ժողովուրդն իմ ժողովուրդը կլինի, և քո Աստվածն իմ Աստվածը կլինի։ Որտեղ որ դու մահանաս, ես էլ այդտեղ կմահանամ ու կթաղվեմ»։ Այս նվիրված ու քաջ կինը հաստատ որոշել էր Նոյեմիի հետ գնալ Իսրայել՝ հետևում թողնելով իր հարազատներին, իր մշակույթը և մովաբական աստվածներին։ Նա վճռել էր, որ իր Աստվածը լինելու է Եհովան՝ Նոյեմիի Աստվածը։
Երկու վշտահար կանայք հաղթահարում են կորստի ցավը և ապաստան գտնում Եհովայի ժողովրդի մեջ
Այսպիսով նրանք վերջապես հասան Բեթլեհեմ։ Տարիների ընթացքում Նոյեմին այնքան էր փոխվել, որ նրան տեսնելով՝ որոշ կանայք իրենց զարմանքն արտահայտեցին։ Ի պատասխան՝ Նոյեմին վշտագին ասաց, որ Եհովան դառնացրել է իր կյանքը, վերցրել իրենից ամեն ինչ ու թողել դատարկաձեռն։ Նոյեմիի խոսքերը կարող էին ցավ պատճառել Հռութին, քանի որ նա շատ զոհողություններ էր արել նրա կողքին լինելու համար։ Բայց Աստվածաշնչում ոչ մի տեղ չի ասվում, որ Հռութը երբևիցե նեղսրտել է այդ խոսքերից։ Դեռ ավելին՝ Հռութը գործի անցավ, որ հոգ տանի իր ու Նոյեմիի մասին։ Նա սկսեց մոտակա արտերում հասկեր հավաքել։
Բոոս անունով մի հարուստ կալվածատեր՝ Ռախաբի որդին, նկատեց արտերում ջանասիրաբար աշխատող Հռութին։ Այդ բարի ու արդարամիտ մարդը հարցուփորձ արեց Հռութի մասին և իմացավ, որ նա անձնազոհաբար հոգ է տանում Նոյեմիին։ Բոոսը գովեց Հռութին այն բանի համար, որ որոշել էր ապաստան գտնել Եհովայի թևերի տակ։ Նա նույնիսկ հոգ տարավ, որ արտում աշխատող տղամարդիկ չնեղացնեն նրան։
Այդ գիշեր, երբ Նոյեմին իմացավ, թե ինչ բարությամբ է Բոոսը վերաբերվել Հռութին, շատ ոգևորվեց։ Նա մտածեց, որ Բոոսը կարող է դառնալ Հռութի ամուսինը։ Բոոսը իրենց ազգականներից էր։ Աստծու Օրենքով սահմանված էր հատուկ մի ընթացակարգ Հռութի նման երիտասարդ այրիների համար։ Այրիացած կինն իրավունք ուներ ամուսնանալ իր ամուսնու մոտ ազգականներից մեկի հետ։ Այդպես նա կկարողանար որդի ունենալ, որը կկրեր իր ամուսնու անունը, կպահպաներ նրա տոհմական ճյուղը, ու նրա ժառանգությունը չէր անցնի ուրիշի (2 Օրենք 25։5, 6)։ Ուստի Նոյեմին բացատրեց Հռութին, թե նա ինչ պետք է անի։
Հռութը համաձայնեց անել Նոյեմիի ասածը, թեև այդ սովորույթը նրա համար գուցե շատ տարօրինակ էր, և նա թերևս անհանգիստ ու անհարմար էր զգում։ Հռութը գիշերով գնաց կալատեղ, որտեղ տղամարդիկ սովորաբար քնում էին հնձած ցորենի խրձերի մոտ։ Նա կամացուկ մոտեցավ Բոոսին, նրա ոտքերի կողմից բացեց ծածկոցը և պառկեց այնտեղ։ Երբ Բոոսն արթնացավ, Հռութը խոնարհաբար հիշեցրեց նրան Աստծու սահմանած օրենքի մասին և խնդրեց, որ նա կիրառի այն իր համար։ Այդ բարի մարդը հավանաբար զգաց, թե որքան լարված է Հռութը։ Եհովայի ու իր ընտանիքի հանդեպ նրա հավատարիմ սիրով ու քաջությամբ տպավորված՝ Բոոսը խոստացավ անել հնարավոր ամեն ինչ նրա խնդրանքը կատարելու համար։
Հաջորդ օրը Բոոսը գնաց Բեթլեհեմի երեցների մոտ և կատարեց Աստծու օրենքով պահանջվող բոլոր անհրաժեշտ քայլերը։ Եվ այդպես նա ամուսնացավ Հռութի հետ։ Որոշ ժամանակ անց ծնվեց նրանց որդին՝ Օբեդը։ Նոյեմիի համար մեծ ուրախություն էր իր թանկ թոռնիկի ծնունդը, և նա քնքշորեն խնամում էր նրան։ Հետագայում Օբեդի տոհմից սերեց Դավիթ թագավորը, իսկ դարեր անց՝ հենց ինքը՝ Մեսիան (Մատթ. 1։5, 6, 16)։ Եհովան առատապես վարձատրեց Նոյեմիին ու Հռութին դժվարությունների ներքո դրսևորած հավատի ու քաջության համար։
Կարդա Աստվածաշնչից
Քննարկման համար
Նոյեմին և Հռութը ինչպե՞ս քաջություն դրսևորեցին
Խորացրու գիտելիքներդ
1. Բերքի մնացորդները հավաքելու մասին օրենքը, որ Եհովան տվել էր իսրայելացիներին, ինչո՞ւ էր բացառիկ հին Մերձավոր Արևելքի երկրներում (ia, էջ 39, պրբ. 23, ծնթ.)։ Ա
նկար Ա
Նկար Ա
2. Ինչի՞ց ենք եզրակացնում, որ Հռութը անբարո նպատակով չէր գնացել Բոոսի մոտ (ia, էջ 47, պրբ. 17-18)։
3. Ինչո՞վ է ուշագրավ այն, որ Բոոսը Հռութին «աղջիկս» է անվանում (Հռութ 2։8; w16.11, էջ 3)։
4. Ի տարբերություն այն մարդու, որին Աստվածաշունչը կոչում է «այսինչ»՝ Բոոսն ինչպես անշահախնդրություն դրսևորեց՝ համաձայնելով ամուսնանալ Հռութի հետ (w23.03, էջ 14)։ Բ
նկար Բ
Մտածիր՝ ինչպես կիրառել
Հռութի աշխատասիրությունն ու երախտագիտությունը ինչո՞վ են ուսանելի մեզ համար, երբ ֆինանսական դժվարություններ ենք ունենում։ Գ
նկար Գ
Երբ Նոյեմին դառնացած ու վշտացած էր, Հռութը օգնեց նրան։ Ուրիշներից խոնարհաբար օգնություն ընդունելու վերաբերյալ ի՞նչ ենք սովորում Նոյեմիից։ Ուրիշներին քաջալերելու վերաբերյալ ի՞նչ ենք սովորում Հռութից։
Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Նոյեմիի և Հռութի քաջությունը։
Համադրիր ընդհանուր պատկերի հետ
Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։
Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։
Ի՞նչ կհարցնեմ Նոյեմիին և Հռութին, երբ նրանք հարություն առնեն։
Բացահայտիր ավելին
Հավատարիմ սիրո վերաբերյալ ի՞նչ ենք սովորում «Հռութ» գրքից և ինչպե՞ս կարող ենք կիրառել մեր սովորածը։
Աստվածաշնչյան այս պատկերազարդ պատմության միջոցով օգնիր երեխաներիդ, որ պատկերացնեն տեղի ունեցած դեպքերը։