Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wcg գլ. 26 էջ 122–էջ 125
  • Նա խրատեց թագավորին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նա խրատեց թագավորին
  • Քաջությամբ քայլիր Աստծու հետ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Խորացրու գիտելիքներդ
  • Մտածիր՝ ինչպես կիրառել
  • Համադրիր ընդհանուր պատկերի հետ
  • Բացահայտիր ավելին
  • Նաթան. մաքուր երկրպագության նվիրված պաշտպան
    2012 Դիտարան
  • Դավիթ թագավորը մեղք է գործում
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Երբ «կոտրուած ու փշրուած սիրտը» ներում է փնտրում
    2010 Դիտարան
  • Ապավինիր Աստծո ոգուն, երբ քո կյանքում փոփոխություններ են լինում
    2004 Դիտարան
Ավելին
Քաջությամբ քայլիր Աստծու հետ
wcg գլ. 26 էջ 122–էջ 125

26 ՆԱԹԱՆ

Նա խրատեց թագավորին

Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում

ՆԱԹԱՆ ՄԱՐԳԱՐԵՆ մտախոհ քայլում էր դեպի իր ընկերոջ՝ Դավիթ թագավորի պալատ։ Նրա գլխում հավանաբար այսպիսի միտք էր պտտվում. «Ինչպե՞ս կարող էր այդ լավ մարդը նման սարսափելի բաներ անել»։ Որոշ ժամանակ առաջ Եհովան պատվիրել էր Նաթանին, որ Դավթին հայտնի իր հիանալի խոստումը. Մեսիան նրա սերնդից էր լինելու (2 Սամ. 7։4, 12, 13)։ Իսկ հիմա Եհովան Նաթանին ուղարկել էր խրատելու Դավթին, քանի որ վերջինս շատ ծանր մեղքեր էր գործել։

Դավիթը ամեն ինչ թաքուն էր արել։ Բայց Եհովայի աչքից ոչինչ չէր վրիպել ու նա, ըստ ամենայնի, Նաթանին հայտնել էր ողջ եղելությունը։ Իսկ ի՞նչ էր արել Դավիթը։ Մի երեկո նա իր տանիքում զբոսնելիս նկատել էր մի կնոջ, որը լողանում էր։ Տեսնելով, որ կինը «շատ գեղեցիկ է»՝ մարդ էր ուղարկել նրա հետևից ու նրան իր մոտ էր կանչել։ Մինչ այդ նա տեղեկացել էր, որ այդ կինը՝ Բերսաբեն, իր հավատարիմ ռազմիկներից մեկի՝ քետացի Ուրիայի կինն է։ Բայց դա հետ չէր պահել Դավթին, ու նա անբարոյություն էր գործել այդ կնոջ հետ։ Որոշ ժամանակ անց Բերսաբեն Դավթին լուր էր ուղարկել, որ հղի է։ Դավիթը, փորձելով քողարկել իր հանցանքը, բանակատեղիից կանչել էր տվել Ուրիային և հորդորել, որ տուն գնա՝ թերևս հույս ունենալով, որ Ուրիան գիշերը կանցկացնի իր կնոջ հետ (համեմատիր 1 Սամուել 21։5)։ Բայց Ուրիան Եհովայի առաջ իր պարտքը կատարող հավատարիմ զինվոր էր և չէր կարողացել հանգիստ խղճով տուն գնալ՝ իմանալով, որ իր զինակիցները բաց դաշտում են։ Ուստի Դավիթը դավադրաբար հրաման էր ուղարկել, որ Ուրիային կռվի առաջնագիծ տանեն, որ սպանվի։ Այդ չարանենգ ծրագիրը հաջողվել էր, և Ուրիայի մահից հետո Դավիթը ամուսնացել էր Բերսաբեի հետ։

Աստվածաշնչում ասվում է. «Դավթի արածները շատ տհաճ էին Եհովային»։ Ուստի ճշմարիտ Աստված իր մարգարեին ուղարկեց, որ ջրի երես հանի Դավթի չարագործությունները ու խրատի նրան։ Իսկ Նաթանը անհանգստանո՞ւմ էր Դավթի արձագանքից։ Հնարավոր է։ Եթե Դավիթը Ուրիայի դեպքում գնացել էր սպանության քայլին, ի՞նչը կխանգարեր, որ Նաթանին էլ սպաներ իր հանցանքը բացահայտելու և իրեն խրատելու համար։ Բայց Նաթանը ուզում էր շարժել Դավթի սիրտը, ուզում էր օգնել նրան գիտակցել, թե որքան ահավոր էին իր արածները։ Դավթի մոտ գնալու ճանապարհին Նաթանն անկասկած մտածում էր այս ամենի մասին։ Մտքում մի պատմություն պատրաստած՝ նա եկավ թագավորի մոտ։

Նաթանը Դավթին մի դեպք պատմեց քաղաքում ապրող երկու մարդկանց մասին։ Նրանցից մեկը շատ հարուստ էր և ուներ բազմաթիվ ոչխարներ ու խոշոր եղջերավոր անասուններ, իսկ մյուսը աղքատ էր և միայն մեկ գառնուկ ուներ, որին սիրում ու փայփայում էր իր տան անդամի պես։ Բայց մի օր հարուստը անսպասելի հյուր ունեցավ և կերակուր պատրաստելու համար ոչ թե իր ոչխարներից մորթեց, այլ «վերցրեց աղքատ մարդու գառնուկը»։ Նա մորթեց գառնուկին և կերակուր պատրաստեց իր հյուրի համար։ Դա լսելով՝ Դավիթը կատաղի ցասումով լցվեց ու վրդովված ասաց. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ. այդ բանն արած մարդը մահվա՛ն է արժանի»։ Դավթին զայրացրեց այն, որ հարուստ մարդը «կարեկցանք չէր դրսևորել»։

Նաթանը պետք է խիստ խորհուրդ տար թագավորին, որին սիրում և հարգում էր

Նաթանի պատմությունը շատ լավ էր մտածված։ Դավիթն ինքն էլ հովիվ էր և առհասարակ ատում էր անարդարությունը։ Ուստի այդ պատմությունը դիպավ նշանակետին։ Նաթանը համարձակ և ուղիղ ասաց թագավորին. «Այդ մարդը դո՛ւ ես»։ Թերևս Դավիթը ցնցված ու շփոթված էր։ Նաթանը մեկ առ մեկ Դավթին ասաց այն ամենը, ինչ նա արել էր, և ինչ Եհովան տեսել էր։ Ապա մարգարեն հայտնեց Եհովայի դատավճիռը. տարիներ շարունակ Դավթի ընտանիքից անպակաս էին լինելու դաժան բռնարարքները, խնդիրներն ու աղետալի դեպքերը։ Այդ ամենը լսելով՝ ինչպե՞ս արձագանքեց թագավորը։

Նաթան մարգարեն հանգիստ խոսում է Դավթի հետ։ Դավիթը գլուխը կախ, դառնագին լաց է լինում

Նա ասաց. «Մեղք եմ գործել Եհովայի դեմ»։ Դավիթը խոր ցավ զգաց իր արածների համար և ի սրտե զղջաց։ Նաթանն էլ ուրախությամբ հայտնեց նրան Եհովայի գթառատ որոշումը. «Եհովան ներում է քո մեղքը։ Դու չես մեռնի»։ Բայցևայնպես, Դավիթը կրեց Բերսաբեի հետ գործած մեղքի ցավալի հետևանքները։ Նրանց ապօրինի կապից ծնված զավակը մահացավ։ Իսկ հետագա տարիներին նրա ընտանեկան կյանքը փոթորկվեց բռնարարքներից, դավաճանությունից և անգամ գահը խլելու փորձերից։

Բոլոր այդ արհավիրքները կրելով հանդերձ՝ Դավիթը հավատարիմ մնաց Եհովային։ Աստծու ներշնչմամբ նա շատ հուզիչ սաղմոսներ գրեց զղջման և Աստծու ներողամտության մասին (Սաղմոս 32 և 51)։ Նա վերականգնեց իր լավ համբավը Եհովայի աչքում և մինչև կյանքի վերջ շարունակեց արժևորել Նաթանի խորհուրդները։ Դավիթը մահացավ որպես Եհովայի հավատարիմ ծառա և անարատ մարդ (1 Թագ. 9։4)։ Անկասկած, Նաթանը ուրախ էր, որ քաջություն ունեցավ խորհուրդ տալու ճիշտ ուղուց շեղված թագավորին։

Կարդա Աստվածաշնչից

  • 2 Սամուել 11։1-12։18

Քննարկման համար

Նաթանն ինչպե՞ս քաջություն դրսևորեց

Խորացրու գիտելիքներդ

  1. 1. Նաթանը Աստվածաշունչը գրողներից մեկն է եղել, բայց նրա ծագման ու անձնական կյանքի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չկա։ Դրանից ի՞նչ կարող ենք եզրակացնել նրա մասին (w12 2/15, էջ 25, պրբ. 2-3)։

  2. 2. Ուրիան քետացի էր։ Այդ դեպքում ինչո՞ւ էր Դավիթը թույլ տվել, որ նա ծառայի իր բանակում (w24.04, էջ 31)։

  3. 3. Նաթանը նախապես ասել էր Դավթին, որ նրա ընտանիքի գլխին աղետ էր գալու։ Ինչպե՞ս կատարվեցին այդ մարգարեական խոսքերը (it, «Դավիթ», պրբ. 29)։

  4. 4. Դավթի կառավարման վերջին տարիներին Նաթանն ինչպե՞ս քաջաբար գործեց (w12 2/15, էջ 25, պրբ. 1)։ Ա

    Նաթանը ծնկի է իջել Դավթի առաջ, ով հիվանդ պառկած է անկողնում։ Աբիսակը, ջրի կուժը ձեռքին, կանգնած է մահճակալի մոտ

    նկար Ա

Մտածիր՝ ինչպես կիրառել

  • Նաթանի օրինակից ի՞նչ ենք սովորում այն մասին, թե ինչպես օգնենք լուրջ մեղք գործած մեր ընկերոջը։

  • Ինչպե՞ս կարող ենք կիրառել Նաթանի մոտեցումը, եթե ուզում ենք, որ մեր ասածը հասնի մարդու սրտին։ Բ

    Համակցված նկարներ։ Մայրը քայլեր է ձեռնարկում, որ իր խոսքերը հասնեն դստեր սրտին։ 1. Նա առանձնացել ու սրտագին աղոթում է։ 2. Նա ուշադիր լսում է աղջկան, որն արտահայտում է իր զգացումները

    նկար Բ

  • Ուրիշ ի՞նչ կերպերով կարող ես ընդօրինակել Նաթանի քաջությունը։

Համադրիր ընդհանուր պատկերի հետ

  • Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։

  • Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։

  • Ի՞նչ կհարցնեմ Նաթանին, երբ նա հարություն առնի։

Բացահայտիր ավելին

Դավթի արարքները ինչպե՞ս անդրադարձան անձամբ իր, իր ընկերների, ընտանիքի և Եհովա Աստծու վրա։

«Հիշիր՝ ինչպիսին է սերը—Իր շահը չի փնտրում» (1։14)

Իմացիր, թե ինչն օգնեց Նաթանին, որ ազդեցիկ խորհուրդ տա։

«Խոնարհությամբ ընդունիր խրատը» («Աստվածաշնչյան առաջադրանքներ» վեբ հոդվածաշար)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը