Աստծո Խոսքը կատարողները երջանկություն են գտնում
«Այս համաժողովը մենք համարում ենք Եհովայի հերթական հայթայթումներից մեկը, որը կոչված է Թագավորության գործունեության համար մեզ պատրաստելու նպատակով»։ Այսպես արտահայտվեց հռետորներից մեկը Եհովայի վկաների՝ «Աստծո խոսքը կատարողները» խորագիրը կրող նահանգային համաժողովի ծրագրի սկզբում։ «Մենք պատրաստ ենք սովորել, թե ինչպես կարելի է երջանիկ ընտանեկան կյանք վարել, խրախուսվել՝ մոտ մնալու Եհովայի կազմակերպությանը, պահպանել մեր եռանդը Թագավորության լուրը քարոզելիս և կրկին անգամ հիշեցում ստանալ այն մասին, թե որքան անհրաժեշտ է արթուն մնալը»,— ասաց նա։
Սկսած 2000 թվականի մայիսի վերջերից՝ Աստծո խոսքի միլիոնավոր կատարողներ իրենց մտերիմների հետ միասին երկրագնդի հազարավոր վայրերում համախմբված՝ Աստվածաշնչից կարևոր կրթություն ստացան։ Ի՞նչ տվեց նրանց եռօրյա համաժողովի ծրագիրը։
Օր առաջին՝ «Չմոռանանք Եհովայի գործերը»
Իր ներածական խոսքում համաժողովի նախագահողը բոլոր ունկնդիրներին խրախուսեց սիրով ընդունել համաժողովների միջոցով Եհովային ուղղված միացյալ երկրպագությունից բխող օրհնությունները։ Բոլոր ներկաները հավաստիացան այն բանում, որ համաժողովը կամրացնի իրենց հավատը, և Եհովայի հետ ունեցած իրենց փոխհարաբերությունները կդառնան ավելի մտերիմ։
«Երանելի Աստուած» գիտի, թե ինչ է մեզ պետք երջանիկ լինելու համար (Ա Տիմոթէոս 1։11)։ «Աստծո կամքը կատարելը երջանկություն է բերում» խորագրով ելույթը ցույց տվեց, որ Աստծո Խոսքը՝ Աստվածաշունչը, մատնացույց է անում կյանքի լավագույն ճանապարհը (Յովհաննէս 13։17)։ Հարցազրույցը նրանց հետ, ովքեր արդեն երկար տարիներ է, ինչ Եհովայի վկաներ են, ցույց տվեց, թե ինչպես տարբեր հանգամանքների ներքո Աստծո կամքը կատարելը կարող է իմաստավորել մեր կյանքը։ Հաջորդ ելույթով, որը կրում էր «Արտացոլե՛ք Եհովայի բարությունը» վերնագիրը, շեշտվեց այն միտքը, որ, որպես Աստծուն ընդօրինակողներ, քրիստոնյաները ցանկանում են կյանքում բարություն գործել (Եփեսացիս 5։1, 9)։ Այդ պտուղը կարելի է դրսևորել, օրինակ, բարի լուրը քարոզելով և աշակերտներ պատրաստելով (Սաղմոս 145։7)։
«Հաստատուն քայլերով առաջ ընթացեք՝ կարծես թե Անտեսանելիին տեսնելով» անունը կրող ելույթը քննարկում էր այն թեման, թե ինչպես է ամուր հավատն օգնում «տեսնել» անտեսանելի Աստծուն։ Հռետորը նկարագրեց, թե ինչպես են հոգևորապես հասուն մարդիկ դառնում Աստծո հատկություններին իրազեկ՝ ներառյալ նաև այն, որ նա ի վիճակի է իմանալու, թե ինչի մասին ենք մտածում և ինչ ենք անում (Առակաց 5։21)։ Հարցազրույցին մասնակցողները, պատմեցին, թե ինչ քայլեր են ձեռնարկել իրենց հավատն ամրապնդելու նպատակով և ինչպես են հոգևոր շահերը կյանքում առաջին տեղը դրել։
Առավոտյան ծրագիրն ավարտվեց անչափ կարևոր մի ելույթով, որը կոչվում էր՝ «Փառաբանեցե՛ք Եհովային՝ Հրաշքներ գործողին»։ Ելույթն օգնեց ունկնդրին հասկանալ, որ՝ որքան շատ գիտելիքներ ունենանք Եհովայի մասին, այնքան ավելի շատ պատճառներ կլինեն փառաբանելու նրան՝ որպես Հրաշքներ Գործողի։ «Երբ ուշադիր քննում ենք Աստծո հրաշք–ստեղծագործությունները այն ամենով հանդերձ, ինչ որ այսօր անում է մեզ համար, սրտանց ցանկանում ենք փառաբանել նրան,— ասաց հռետորը։— Խորհելով անցյալում հանուն իր ժողովրդի նրա կատարած հրաշք–գործերի շուրջ՝ մեր մեջ դարձյալ ցանկություն է առաջանում փառաբանելու նրան։ Եվ մտորելը այն խոստումների շուրջ, որ Եհովան դեռ ի կատար է ածելու ապագայում՝ նույնպես մղում է մեզ հայտնելու նրան մեր երախտագիտությունը»։
Կեսօրվա ծրագիրը սկսվեց «Մի՛ հանձնվեք բարին գործելիս» ելույթով, որով ունկնդիրներին հիշեցվեց, որ աշխարհից եկող ճնշումները փաստում են վախճանի մոտ լինելը (Բ Տիմոթէոս 3։1)։ Այնպես որ, չհանձնվելով՝ կապացուցենք, որ հավատը պահողներ ենք մեր հոգիների փրկության համար (Եբրայեցիս 10։39)։
Ի՞նչ խորհուրդ տրվեց Աստվածաշնչից ընտանեկան կյանքի վերաբերյալ։ «Հնազանդ եղեք Աստծո Խոսքին» ընդհանուր խորագիրը կրող թեմայում ընդգրկված ելույթների շարքը բացեց «Կողակից ընտրելիս» ենթավերնագրով ելույթը։ Կողակցի ընտրությունը մարդու կյանքում կատարվող ամենալուրջ քայլերից մեկն է։ Դա է պատճառը, որ քրիստոնյաները գերադասում են որոշ ժամանակ սպասել, մինչև հասուն ու պատրաստ կլինեն կողակից ընտրելու՝ «բայց միայն Տիրոջով» (Ա Կորնթացիս 7։39)։ Թեմայի շարունակությունում խոսվեց այն մասին, որ Եհովան ցանկանում է, որ բոլոր քրիստոնյա ընտանիքները հոգևոր առումով միաբան լինեն։ Ելույթում նաև գործնական միջոցներ առաջարկվեցին, թե ինչպես կարելի է դրանում հաջողություն ունենալ։ Երրորդ ելույթը եզրափակեց քննարկվող թեման և հիշեցրեց ծնողներին, որ նախքան Աստծո հանդեպ երեխաների մեջ սեր սերմանելը, ծնողներն իրենք պետք է առաջին հերթին սեր ունենան Աստծո հանդեպ։
«Զգուշացե՛ք ասեկոսեներից ու բամբասանքներից» վերնագրով ելույթը օգնեց բոլորին տեսնել, որ, թեև կյանքում շատ զարմանալի դեպքեր կարող են տեղի ունենալ, ամեն դեպքում հարկավոր է իմաստուն լինել և դյուրահավատորեն չընդունել ամեն մի սենսացիոն նորություն։ Լավ կլինի, որ քրիստոնյաները խոսեն այն մասին, ինչը հաստատ գիտեն, որ ճշմարտություն է, այն է՝ Թագավորության ավետիսի մասին։ Ներկաներից շատերի համար անչափ մխիթարիչ ու ոգևորիչ էր հաջորդ՝ «Պայքարել մարմնի խայթի դեմ» վերնագիրը կրող ելույթը։ Այնտեղ շեշտվեց այն միտքը, որ, չնայած անվերջանալի թվացող փորձություններին, Եհովան կարո՛ղ է զորացնել մեզ իր սուրբ ոգու, իր Խոսքի ու մեր քրիստոնեական եղբայրության միջոցով։ Այս առումով մեզ համար իսկապես ոգևորիչ է Պողոս առաքյալի անձնական փորձը (Բ Կորնթացիս 12։7–10; Փիլիպպեցիս 4։11, 13)։
Առաջին օրվա ծրագիրն ավարտվեց «Քայլեք Եհովայի կազմակերպության հետ համընթաց» ելույթով։ Խոսվեց այն ոլորտների մասին, որոնցում Աստծո կազմակերպությունը զգալի հաջողությունների է հասել. դրանք են՝ 1) Եհովայից եկող հոգևոր լույսը, որը գնալով ավելի խորն ենք ըմբռնում, 2) ծառայությունը, որ Եհովան մեզ է վստահել և 3) պատեհ ժամանակին կատարվող կազմակերպչական բնույթի փոփոխությունները։ Ելույթ ունեցող եղբայրը հայտարարեց. «Անհամբեր սպասում ենք ապագա իրադարձություններին։ Մի՞թե մեր մեջ հարց է առաջանում՝ ունե՞նք արդյոք ամեն պատճառ մինչև վերջ պահելու մեր վստահությունը, որն ունեցել ենք սկզբում»,— հարցրեց նա (Եբրայեցիս 3։14)։ Պատասխանն, ինչ խոսք, ակնհայտ էր։ Այնուհետև հայտարարվեց նոր գրքույկի լույս ընծայման մասին, որը կոչվում է՝ «Դու կարող ես դառնալ Աստծո բարեկամը»։ Վերջինս ուսուցողական շատ օգտակար ձեռնարկ կարող է հանդիսանալ սահմանափակ կրթությամբ կամ ոչ այնքան գրագետ մարդկանց համար՝ Եհովայի մասին սովորելու։
Օր երկրորդ՝ «Շարունակենք խոսել Աստծո հրաշք–գործերի մասին»
Օրվա խոսքի քննարկումից հետո համաժողովի երկրորդ օրվա ծրագիրը բացեց «Աստծո Խոսքի սպասավորները» խորագիրը կրող ելույթների շարքը։ Թեմայի առաջին մասում ունկնդիրների ուշադրությունը հրավիրվեց համաշխարհային քարոզչական գործի ներկա հաջողությունների վրա։ Սակայն քարոզչության մեջ փորձության է ենթարկվում մեր համբերատարությունը նրանց կողմից, ովքեր մերժում են Թագավորության մասին լուրը։ Արդեն երկար տարիներ ծառայող մի շարք քարոզիչներ պատմեցին, թե ինչպես են կարողացել մտքով ու սրտով նախապես իրենց պատրաստել մարդկանց անտարբերությանն ու հակառակությանը և արդյունքում ծառայության մեջ իրենց ուրախությունը պահպանել։ Թեմայի երկրորդ մասում ներկաներին հիշեցվեց այն մասին, որ Եհովայի վկաները ձգտում են ամենուր գտնել մարդկանց՝ քարոզելով թե՛ պաշտոնապես և թե՛ ազատ։ Եվ վերջապես՝ թեմայի երրորդ մասում ներկայացվեց, թե ընտրության որքան մեծ հնարավորություններ ունեն քրիստոնյաները՝ իրենց անձնական ծառայությունը ընդլայնելու։ Հռետորն ընդգծեց, որ դրան հասնելու համար հարկավոր է Աստծո Թագավորությանը կյանքում առաջնային տեղ տալ, նույնիսկ այն դեպքերում, եթե դա որոշ անհարմարությունների հետ է կապված և մեզանից անձնազոհություն է պահանջում (Մատթէոս 6։19–21)։
Նկատի առնելով այն հանգամանքը, որ այսօր ապրում ենք մի աշխարհում, որտեղ մարդիկ անհագ ու անմար մոլուցքով տարված՝ նյութականի ետևից են ընկած, կարելի է ասել, որ «Աստծո հանդեպ նվիրվածություն մշակեք՝ բավարարվելով ձեր ունեցածով» վերնագրով ելույթը իսկապես ժամանակահարմար էր։ Իր խոսքը հիմնավորելով Ա Տիմոթէոս 6։6–10, 18, 19 համարների վրա՝ հռետորը ցույց տվեց, թե ինչպես կարող է Աստծո հանդեպ նվիրվածությունն օգնել քրիստոնյաներին խուսափել փողասիրությունից, որը կարող է շեղել նրանց իրենց բռնած ճանապարհից և արդյունքում խոր ցավ պատճառել։ Նա շեշտեց, որ անկախ այն բանից, թե նյութական ինչպիսի վիճակում ենք գտնվում, մեր ուրախությունը պետք է կախված լինի Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունից և մեր հոգևոր վիճակից։ «Թույլ չտանք, որ Աստված ամաչի մեզ համար» ելույթում ներկայացված մտքերը շատերին հուզեցին։ Վառ կերպով ցույց տրվեց, որ Եհովան երբեք չի մոռանում իր հավատարիմ Վկաներին։ Հիսուս Քրիստոսի, որը «նոյնն է երէկ, այսօր եւ յաւիտեան», գերազանց օրինակը կօգնի շատերին համբերատարությամբ շարունակել կյանքի իրենց մրցավազքը (Եբրայեցիս 13։8)։
Այդ օրվա առավոտյան ծրագիրն ավարտվեց մկրտության թեմային նվիրված ելույթով, որը միշտ Եհովայի վկաների այդպիսի մեծ հանդիպումների ամենահետաքրքիր ելույթներից մեկն է։ Ինչպիսի՜ ուրախություն է տեսնել նոր նվիրված անհատներին՝ իրենց մկրտությամբ Հիսուսի օրինակին հետևելիս (Մատթէոս 3։13–17)։ Բոլոր նրանք, ովքեր կյանքում արդեն կատարել են այդ քայլը, մեծ առաջընթաց են ապրել Աստծո խոսքը կատարելու մեջ։ Բացի այդ, մկրտվելով՝ նրանք դառնում են Թագավորության ավետիսի օրինական սպասավորները՝ արդեն իսկ մեծ ուրախություն ապրելով այն մտքից, որ մասնակցում են Եհովայի անվան ջատագովմանը (Առակաց 27։11)։
Լիովին հստակ էր այն խորհուրդը, որ տրվեց «Հասունություն է հարկավոր՝ լավը վատից տարբերելու» վերնագիրը կրող ելույթում։ Ցավալի է, սակայն աշխարհի՝ լավը վատից զատորոշելու չափանիշները պարզապես իրենց բոլորովին չեն արդարացնում։ Այնպես որ՝ անհրաժեշտ է Եհովայի չափանիշների վրա հիմնվել (Հռովմայեցիս 12։2)։ Բոլոր ներկաները քաջալերանք ստացան Աստծո ճանապարհների ճշգրիտ հասկացողությունը ձեռք բերել և դեպի հասունության ընթանալու նպատակով եռանդագին աշխատել։ Իսկ այդ հասկացողությունը կիրառելու արդյունքը կլինի այն, որ «կվարժվենք լաւը եւ վատը որոշելու մէջ» (Եբրայեցիս 5։11–14)։
Ծրագրի հաջորդ կետը հիմնված էր «Եռանդորեն աշխատեք հոգևորապես աճելու համար» վերնագրով ելույթների շարքի վրա։ Ճշմարիտ քրիստոնյաներն ընդունում են հոգևորապես աճելու և այն պահպանելու անհրաժեշտությունը։ Դրա համար ջանքեր են պահանջվում՝ ընթերցել, ուսումնասիրել և խորհել (Մատթէոս 7։13, 14; Ղուկաս 13։24)։ Հոգևոր անհատները չեն զլանում նաև աղոթել Աստծուն (Եփեսացիս 6։18)։ Մենք գիտակցում ենք, որ մեր աղոթքները ցույց են տալիս մեր հավատի խորությունը, մեր նվիրվածությունն Աստծուն, մեր հոգևորի որպիսությունը և այն, թե ինչն ենք կյանքում համարում ավելի կարևոր (Փիլիպպեցիս 1։10)։ Ելույթներում ընդգծվեց նաև այն միտքը, որ խիստ կարևոր է Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններ զարգացնել, ինչպես հնազանդ երեխան՝ իր բարի ու սիրող հոր հետ։ Մեզ համար մեր կրոնը չի սահմանափակվում միայն նրանով, որ ճշմարիտն է և վերջ. մենք ցանկանում ենք ամուր հավատ զարգացնել մեր մեջ՝ կարծես «տեսնում ենք» Աստծուն (Եբրայեցիս 11։6, 27)։
Հոգևոր առաջադիմության խնդիրը քննարկվեց հաջորդ՝ «Ակընհայտ դարձրու առաջընթացդ» ելույթում։ Խոսվեց առաջընթացի երեք ոլորտների մասին՝ 1) հասունությունը գիտության, հասկացողության և իմաստնության մեջ, 2) Աստծո ոգու պտուղների դրսևորումը և 3) մեր ընտանեկան պարտականությունների կատարումը։
Երկրորդ օրվա ծրագրի վերջին ելույթը կոչվում էր՝ «Քայլում ենք Աստծո Խոսքի հետզհետե բացվող լույսի հետ ներդաշնակ», որից հետո ներկաները մեծ ուրախությամբ ընդունեցին նոր՝ «Եսայիայի մարգարությունը՝ լույս ողջ մարդկության համար» գրքի առաջին հատորի լույս ընծայումը։ Վերջինս Եսայիայի մարգարեությունը գլուխ առ գլուխ քննարկող երկհատորանի գրքի միայն առաջին հատորն է։ «Եսայիայի գիրքը այսօր մեզ համար լուր ունի իր մեջ պարունակած,— ասաց ելույթ ունեցողը։— Այո, նրա մարգարեություններից շատերն արդեն կատարվել են իր իսկ օրերում...., շատերն էլ իրենց կատարումն ունեն այսօր և դեռ պետք է կատարվեն Աստծո խոստացած նոր աշխարհում»։
Օր երրորդ՝ «Եհովայի խոսքը կատարողներ եղեք»
Համաժողովի վերջին օրվա ծրագիրը սկսվեց օրվա խոսքի քննարկմամբ, որին հաջորդեց «Սոփոնիայի խորիմաստ մարգարեությունը Աստծո կամքը կատարողների համար» թեմայով ելույթների շարքը։ Այս շարքի երեք ելույթները ցույց տվեցին, որ Եհովան այսօր, ինչպես որ դա արել է քմահաճ Հուդայի օրերում, մեծ աղետ է բերելու այն մարդկանց վրա, ովքեր մերժում են իր նախազգուշացումները։ Աստծո դեմ կատարած իրենց մեղքերի պատճառով նրանք նույնքան անօգնական են գտնվելու, որքան կույրը՝ անկարող՝ եղած իրավիճակից դուրս գալու որևէ ելք գտնելու։ Սակայն ճշմարիտ քրիստոնյաները հավատարմորեն փնտրում են Եհովային, ուստիև պահված կմնան Աստծո բարկության օրը։ Բացի այդ, նրանք այսօր արդեն բազում օրհնություններ են վայելում. օրհնված են Աստվածաշնչի ճշմարտության «մաքուր լեզվով» խոսելու հնարավորությամբ (Սոփոնիա 3։9, ՆԱ)։ «Մաքուր լեզվով խոսելը,— նշեց հռետորը,— իր մեջ ոչ միայն ընդգրկում է ճշմարտությանը հավատալն ու այն ուրիշներին սովորեցնելը, այլև մեր վարքն ու ապրելակերպը Աստծո սահմանած օրենքների ու սկզբունքների հետ ներդաշնակեցնելը»։
Ներկաներն անհամբերությամբ էին սպասում «Նախազգուշացնող օրինակներ մեր օրերի համար» վերնագիրը կրող դրամային։ Գույներով հարուստ ու խիստ տպավորող դրամայում պատմվեց, թե Ավետյաց երկրի շեմին ինչպես կործանվեցին հազարավոր իսրայելացիներ միայն այն պատճառով, որ մոռացել էին Եհովային ու, հեթանոս կանանց կողմից գայթակղվելով, ընկել պոռնկության ու կեղծ պաշտամունքի ծուղակը։ Գլխավոր կերպարներից մեկը Համինն էր, որը սկզբում տանջալից երկընտրանքի առջև էր կանգնած. ուզում էր հավատարիմ մնալ Եհովային, սակայն, միևնույն ժամանակ, պայքարում էր մովաբացի կանանց հանդեպ իր տածած հրապուրանքի դեմ։ Հստակորեն ցույց տրվեց ոչ միայն դավաճան Զամբրիի սխալ ու խաբուսիկ դատողությունները, այլ նաև Փենեհեսի հավատն ու նվիրվածությունն առ Աստված։ Այդ դրաման կարողացավ վառ կերպով տալ այն միտքը, թե որքա՜ն վտանգավոր է Եհովայի հանդեպ սեր չունեցող անհատների հետ մտերիմ ընկերակցելը։
Դրաման հիանալի զարկ հանդիսացավ հաջորդ ելույթի համար, որը կոչվում էր՝ «Մի՛ եղեք մոռացկոտ լսողներ»։ Ա Կորնթացիս 10։1–10 համարների քննարկումը ցույց տվեց, որ Եհովան փորձում է մեր հնազանդությունը՝ որոշելու՝ արժանի՞ ենք արդյոք նոր աշխարհում ժառանգություն ստանալ, թե՝ ոչ։ Ոմանց համար մարմնական ցանկությունները մի կողմ են վանում հոգևոր նպատակները նույնիսկ այսօր, երբ այնքան մոտ ենք նոր աշխարհին։ Բոլոր ներկաները խրախուսվեցին բաց չթողնել ‘Եհովայի հանգիստը մտնելու’ հնարավորությունը (Եբրայեցիս 4։1)։
Հանրային ելույթում, որը կոչվում էր՝ «Ինչո՛ւ ուշադիր լինել Աստծո հրաշալի գործերի հանդեպ», ունկնդիրների ուշադրությունը հրավիրվեց այն իրողության վրա, թե ինչպես են Եհովայի «հրաշալի գործերը» վկայում նրա իմաստնության ու մեր շուրջ գոյություն ունեցող ողջ ստեղծագործության վրա ունեցած իր իշխանության մասին (Յոբ 37։14, ՆԱ)։ Եհովայի մի քանի խորիմաստ հարցերը բավական էին, որ Հոբին կլաներ ամենակալ Արարչի զորությունը։ Եհովան ապագայում ևս հրաշք գործեր է կատարելու հանուն իր հավատարիմ ծառաների։ «Անթիվ–անհամար պատճառներ ունենք ուշադիր լինելու Եհովայի հրաշալի գործերի հանդեպ՝ ժամանակին ինչ է նա արդեն արել, ինչ է անում հիմա և ինչ է խոստանում կատարել մոտ ապագայում»,— ավարտեց իր խոսքը հռետորը։
«Դիտարանի» շաբաթական ուսումնասիրության համառոտ քննարկմանը հաջորդեց համաժողովի ծրագրի եզրափակիչ ելույթը։ «Բարձր գնահատեք Աստծո խոսքը կատարողները լինելու առանձնաշնորհումը» վերնագրով այդ հուզիչ ելույթով շեշտվեց, որ մեզ համար մեծ պատիվ է լինել Աստծո խոսքը կատարողները (Յակոբոս 1։22)։ Ունկնդրին հիշեցվեց, որ Աստծո խոսքը կատարողները լինելու մեր առանձնաշնորհումը եզակի է, և որքան երկար ժամանակ ունենանք այն իրականացնելու, այնքան ավելի բարձր կգնահատենք։ Բոլորին խրախուսվեց խորհրդածել այս նահանգային համաժողովի ընթացքում ստացած օգտակար հորդորների շուրջ՝ մինչ նրանք ձգտում են իրենց ուժերի ներածին չափով Աստծո խոսքը կատարողներ լինել։ Դա է իսկական երջանկություն գտնելու միակ հնարավորությունը։
[շրջանակ/նկար 25–րդ էջի վրա]
Դու կարող ես դառնալ Աստծո բարեկամը
Ուրբաթ կեսօրին հայտարարվեց նոր՝ «Դու կարող ես դառնալ Աստծո բարեկամը» գրքույկի հրատարակման մասին։ Աշխարհի շատ մասերում զգացվում է Աստվածաշնչի պարզեցված մատուցման և ուսումնասիրության խիստ կարիքը, ուստի գրքույկը օգտագործվելու է հենց այդ նպատակով։ Այն մեծ օգնություն կարող է հանդիսանալ թերի կրթություն ունեցող մարդկանց կամ նրանց համար, ովքեր դժվարությամբ են կարդում։
[շրջանակ/նկարներ 26–րդ էջի վրա]
«Եսայիայի մարգարությունը՝ լույս ողջ մարդկության համար»
Ներկաները մեծ ուրախությամբ ընդունեցին նոր երկհատորանի՝ «Եսայիայի մարգարությունը՝ լույս ողջ մարդկության համար» գրքի առաջին հատորը։ Այս գրքում ընդգծվում է «Եսայիա» գրքի գործնական արժեքը մեր օրերի համար։