«Թագավորության եռանդուն քարոզիչները» ուրախությամբ հավաքվել էին համաժողովի
ԲԱՐՈՅԱԿԱՆ, տնտեսական և քաղաքական ճգնաժամերը ցնցում են աշխարհը։ Չնայած այս անհանգիստ իրավիճակին՝ Եհովայի վկաները հավաքվեցին խաղաղ մարզային համաժողովների՝ «Թագավորության եռանդուն քարոզիչները» խորագրով։ 2002 թ. մայիսից սկսած՝ եռօրյա այդ հավաքույթներն անցկացվեցին ամբողջ աշխարհում։
Այդ համաժողովներն իրոք որ ուրախալի իրադարձություններ էին։ Փորձենք համառոտակի վերհիշել Աստվածաշնչի վրա հիմնված նրանց օգտակար ծրագիրը։
Առաջին օրը խոսվեց Հիսուսի ջերմեռանդության մասին
Համաժողովի առաջին օրվա խորագիրն էր՝ «Ընդօրինակենք մեր Տիրոջ՝ Հիսուսի ջերմեռանդությունը» (Յովհաննէս 2։17)։ Առաջին ելույթը, որ կոչվում էր «Ուրախացեք՝ իրար հետ որպես Թագավորության քարոզիչներ հավաքվելով», ջերմորեն հրավիրում էր ներկաներին մասնակից լինել այն ուրախությանը, որը միշտ էլ բնորոշ է եղել Աստծո ժողովրդի համաժողովներին (Բ Օրինաց 16։15)։ Ելույթին հաջորդեց հարցազրույց՝ բարի լուրի մի քանի եռանդուն քարոզիչների հետ։
«Ցնծա Եհովայով» ելույթի ընթացքում քննարկվեցին Սաղմոս 37։1–11 խոսքերը՝ համար առ համար։ Մենք քաջալերանք ստացանք ‘չբարկանալ’, երբ թվում է, թե չարերը հաջողության են հասնում։ Գուցե չար մարդիկ մեզ ներկայացնում են սխալ լույսի ներքո, սակայն պատեհ ժամանակին Եհովան պարզ ցույց կտա, թե իրականում որն է նրա հավատարիմ ժողովուրդը։ «Ցույց տվեք, որ երախտապարտ եք» ելույթի ժամանակ քննարկվեց, թե ինչպես կարող ենք մեր երախտագիտությունն արտահայտել Աստծո հանդեպ։ Բոլոր քրիստոնյաները պետք է «օրհնութեան պատարագ» մատուցեն Եհովային (Եբրայեցիս 13։15)։ Թե որքան ժամանակ կնվիրենք Եհովային ծառայելու գործին, կախված է մեր հանգամանքներից, ինչպես նաև այն բանից, թե ինչ չափով ենք երախտապարտ նրան։
Գլխավոր թեման կոչվում էր «Թագավորության քարոզիչները համակված են խանդավառությամբ»։ Ելույթի ժամանակ նշվեց, որ մեզ համար եռանդուն ծառայողի լավագույն օրինակ է հանդիսանում Հիսուս Քրիստոսը։ 1914 թ.–ին հաստատվեց երկնային Թագավորությունը, և ճշմարիտ քրիստոնյաները պետք է հրապարակեին այդ բարի լուրը։ Դա անելու համար խանդավառություն էր հարկավոր։ Հռետորը հիշատակեց Սիդար Փոյնթում (Օհայո, ԱՄՆ) 1922 թ.–ին արված պատմական կոչը. «Հռչակեցե՛ք Թագավորին ու նրա Թագավորությունը»։ Մեծ եռանդը ի վերջո մղեց Աստծո հավատարիմ ծառաներին, որ Թագավորության հետ կապված հրաշալի ճշմարտությունները հռչակեն բոլոր ազգերին։
Կեսօրից հետո ներկայացված «Մի վախեցեք. իմացեք, որ Եհովան մեզ հետ է» ելույթում ցույց տրվեց, որ Աստծո ժողովուրդը հատուկ թիրախ է Սատանայի համար։ Սակայն քննելով հավատ ցուցաբերած մարդկանց օրինակները (աստվածաշնչյան թե ժամանակակից)՝ կկարողանանք արիաբար դիմագրավել այն փորձություններին ու հակառակություններին, որոնց բախվում ենք (Եսայիա 41։10)։
Այնուհետև ներկայացվեց երեք մասերից բաղկացած մի ելույթաշար՝ «Միքիայի մարգարեությունը ուժ է տալիս քայլել Եհովայի անունով» խորագրով։ Առաջին հռետորը համեմատեց Միքիայի օրերում տիրող իրավիճակը՝ բարոյական անկումը, հոգևորականների հավատուրացությունը և նյութապաշտությունը, մեր օրերում տիրող իրավիճակի հետ։ Նա ասաց. «Ապագայի հանդեպ հույսը հաստատուն կլինի, եթե մեր սիրտը վարժեցնենք հնազանդության, համոզվենք, որ մեր վարքը սուրբ է, մեր կյանքը լցնենք աստվածապաշտություն արտացոլող գործերով ու երբեք չմոռանանք, որ Եհովայի օրը անպատճառ գալու է» (Բ Պետրոս 3։11, 12)։
Երկրորդ հռետորը ուշադրություն հրավիրեց դատապարտության այն խոսքերի վրա, որ Միքիան ուղղել էր Հուդայի կրոնական առաջնորդներին. նրանք կեղեքում էին աղքատ ու անպաշտպան մարդկանց։ Միքիան նաև մարգարեացել էր ճշմարիտ երկրպագության հաղթանակի մասին (Միքիա 4։1–5)։ Եհովայի սուրբ ոգով լիազորված՝ մենք վճռականորեն տրամադրված ենք հռչակել այդ թարմացնող լուրը։ Իսկ ինչպիսի՞ տրամադրվածություն պետք է ունենանք, եթե հիվանդության կամ այլ պատճառներով զգում ենք, որ մեր հնարավորությունները որոշ առումներով սահմանափակ են։ Ահա թե ինչ ասաց երրորդ հռետորը. «Եհովայի պահանջները խելամիտ են, և դրանք հնարավոր է կատարել»։ Նա շարունակեց՝ քննարկելով Միքիա 6։8–ը, որում ասվում է. «Տէրը ի՞նչ է ուզում քեզանից, այլ միայն իրաւունք անել, ողորմութիւն սիրել, եւ խոնարհութեամբ վարուիլ քո Աստուծոյ հետ»։
Քանի որ աշխարհը բարոյապես քայքայվում է, և դա կարող է ազդել քրիստոնյաների վրա, բոլորիս համար շատ օգտակար էր լսել «Մնացեք բարոյապես մաքուր՝ ձեր սիրտը պաշտպանելով» թեման։ Բարոյապես մաքուր մնալը կօգնի, օրինակ, երջանիկ ընտանիք կազմել։ Քրիստոնյայի մտքով անգամ չպետք է անցնի դիմել սեռական անբարոյության (Ա Կորնթացիս 6։18)։
«Զգուշացեք մոլորության մեջ ընկնելուց» ելույթում ցույց տրվեց, որ իմաստություն դրսևորելով՝ մենք «թույն» ենք համարում հավատուրացների կողմից ներկայացվող աղավաղված տեղեկությունները, կես ճշմարտություններն ու բացարձակ սուտը (Կողոսացիս 2։8)։ Նաև չպետք է մոլորեցնենք ինքներս մեզ՝ մտածելով, թե մեղավոր ցանկություններին տեղ տալը կարող է անհետևանք մնալ։
«Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն». այսպես էր կոչվում համաժողովի առաջին օրվա վերջին ելույթը։ Քանի որ աշխարհում տիրող իրավիճակը գնալով վատանում է, քաջալերական է իմանալ, որ Եհովան շուտով բերելու է իր արդար նոր աշխարհը։ Ո՞վ է ապրելու այնտեղ։ Միայն Եհովային երկրպագող մարդիկ։ Այդ նպատակին հասնելու հարցում մեզ, մեր երեխաներին և Աստվածաշունչ ուսումնասիրող անհատներին կօգնի ուսումնասիրության նոր ձեռնարկը, որի լույսընծայման մասին հայտարարեց հռետորը։ Այն կոչվում է «Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն»։ Որքա՜ն ուրախ էինք այդ գիրքը ստանալու համար։
Երկրորդ օրը խոսվեց բարին գործելու հանդեպ եռանդուն լինելու մասին
Համաժողովի երկրորդ օրվա խորագիրն էր՝ «Եռանդուն եղեք բարին գործելու հարցում» (Ա Պետրոս 3։13, ԷԹ)։ Հռետորը քննարկեց օրվա աստվածաշնչյան խոսքը։ Նա շեշտեց, որ եթե օրվա խոսքը քննենք կանոնավորապես և արդյունավետ կերպով, ապա կավելացնենք մեր եռանդը։
Այնուհետև սկսվեց մի ելույթաշար, որը կոչվում էր «Թագավորության քարոզիչներ, որ փառաբանում են իրենց ծառայությունը»։ Առաջին հռետորը խոսեց Աստծո Խոսքը ճիշտ ձևով ներկայացնելու անհրաժեշտության մասին (Բ Տիմոթէոս 2։15)։ Եթե մենք արդյունավետ կերպով օգտագործենք Աստվածաշունչը, ապա այն կազդի մարդկանց կյանքի վրա (Եբրայեցիս 4։12)։ Մենք պետք է ուշադրություն հրավիրենք Աստվածաշնչի վրա ու հիմնավոր տրամաբանական փաստարկներ ներկայացնենք այնտեղից։ Ելույթաշարի երկրորդ մասի ընթացքում քաջալերանք տրվեց նորից ու նորից այցելել հետաքրքրություն հանդես բերած անհատներին (Ա Կորնթացիս 3։6)։ Պատրաստվածություն և քաջություն է հարկավոր, որպեսզի առանց հետաձգելու այցելենք հետաքրքրություն ցուցաբերած բոլոր մարդկանց։ Ելույթաշարի երրորդ մասի ընթացքում խորհուրդ տրվեց մեզ հանդիպած յուրաքանչյուր մարդու դիտել իբրև ապագա աշակերտի։ Նաև ցույց տրվեց, որ եթե առաջին իսկ այցելությունից Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկենք, ապա գուցե հնարավորություն ունենանք ճաշակել այն ուրախությունը, որ բերում է աշակերտ դառնալու հարցում ուրիշներին օգնելու գործը։
Հաջորդ ելույթը կոչվում էր «Ինչու է պետք ‘անդադար աղոթել’»։ Աստվածաշունչը քաջալերում է քրիստոնյաներին առաջնորդության համար դիմել Աստծուն՝ բոլոր հարցերում։ Մենք պետք է ժամանակ հատկացնենք անձնական աղոթքների համար։ Ավելին՝ հարկավոր է անդադար աղոթել, քանի որ Եհովան թույլ է տալիս, որ հարատևենք աղոթքում, մինչև որ նրա պատասխանը ակնհայտ դառնա (Յակոբոս 4։8)։
«Հոգևոր թեմաներով խոսելը օգուտ է բերում» ելույթը քաջալերում էր այնպես օգտագործել խոսքի պարգևը, որ դա օգուտ բերի թե՛ մեզ, թե՛ ուրիշներին (Փիլիպպեցիս 4։8)։ Անհրաժեշտ է, որ կողակիցները միմյանց, ինչպես նաև երեխաների հետ ամեն օր խոսեն որևէ հոգևոր թեմայով։ Այդ նպատակին հասնելու համար ընտանիքները պետք է աշխատեն օրվա մեջ գոնե մեկ անգամ միասին սեղան նստել, ինչը օգտակար զրույց վարելու հնարավորություն կստեղծի։
Առավոտյան ծրագիրն ավարտվեց «Ինչպես են նվիրումն ու մկրտությունը առաջնորդում դեպի փրկություն» ելույթով։ Մկրտության թեկնածուները գիտություն են ձեռք բերել, հավատ են ցուցաբերել, զղջացել են իրենց մեղքերը, մերժել են իրենց սխալ գործերն ու նվիրվել Աստծուն։ Ինչպես նշեց հռետորը, մկրտվելուց հետո նրանք պետք է շարունակեն աճել հոգևորապես, ինչպես նաև պահպանեն իրենց եռանդն ու բարի վարքը (Փիլիպպեցիս 2։15, 16)։
Հետճաշյա ծրագրին ներկայացված «Եղիր համեստ և աչքդ պարզ պահիր» թեմայում ընդգծվեց երկու միտք։ Համեստ լինել՝ նշանակում է ռեալ պատկերացում ունենալ մեր հնարավորությունների և Աստծո առջև մեր դիրքի վերաբերյալ։ Համեստությունը նաև օգնում է աչքը պահել ‘պարզ’՝ կենտրոնացած Աստծո Թագավորության վրա և ոչ թե նյութական բաների։ Նման կերպ վարվելով՝ կարիք չենք ունենա մտահոգվելու, քանի որ Եհովան հոգ կտանի մեզ անհրաժեշտ բաների մասին (Մատթէոս 6։22–24, 33, 34)։
Հաջորդ հռետորը, որ ներկայացրեց «Լիովին վստահեք Եհովային դժվարին ժամանակներում» թեման, ցույց տվեց, թե ինչու է դա հարկավոր։ Ինչպե՞ս պայքարել մեր թուլությունների դեմ, հաղթահարել այնպիսի դժվարություններ, ինչպիսիք են ֆինանսական պրոբլեմները կամ առողջության հետ կապված խնդիրները։ Եկեք իմաստություն խնդրենք Եհովայից։ Կարող ենք նաև դիմել ուրիշների օգնությանը։ Վհատվելու կամ խուճապի մատնվելու փոխարեն՝ պետք է ամրացնենք մեր վստահությունը Աստծո հանդեպ՝ նրա Խոսքը կարդալով (Հռովմայեցիս 8։35–39)։
Համաժողովի վերջին ելույթաշարի խորագիրն էր՝ «Մեր հավատի որակը ստուգվում է տարբեր փորձությունների միջոցով»։ Առաջին ելույթի ժամանակ հիշեցվեց, որ բոլոր ճշմարիտ քրիստոնյաները պետք է հալածվեն։ Դա հնարավորություն կընձեռի վկայություն տալու, ինչպես նաև կամրացնի մեր հավատն ու առիթ կհանդիսանա ցույց տալու մեր հավատարմությունը Աստծո հանդեպ։ Թեև մենք զուր տեղը վտանգի չենք ենթարկում մեր կյանքը, սակայն Աստվածաշնչին հակասող և ոչ մի ձևով չենք փորձում խուսափել հալածանքներից (Ա Պետրոս 3։16)։
Երկրորդ հռետորը հարցեր բարձրացրեց չեզոք դիրք պահպանելու վերաբերյալ։ Առաջին քրիստոնյաները պացիֆիստներ (անհատներ, որ դեմ են բոլոր տեսակի պատերազմների) չէին։ Նրանք ընդունում էին, որ նախևառաջ պետք է հավատարիմ լինեն Աստծուն։ Նույնը և այսօր. Եհովայի վկաները հաստատակամորեն հետևում են հետևյալ սկզբունքին. «[Դուք] աշխարհքիցը չէք» (Յովհաննէս 15։19)։ Քանի որ չեզոքության հետ կապված խնդիրներ կարող են շատ արագ առաջանալ, ընտանիքները պետք է ժամանակ հատկացնեն վերանայելու աստվածաշնչյան սկզբունքները այս թեմայով։ Երրորդ ելույթում նշվեց, որ անպայման չէ, որ Սատանայի նպատակը մեզ սպանելը լինի։ Նա ճնշում բանեցնելու միջոցով ցանկանում է ստիպել մեզ դառնալ անհավատարիմ։ Եթե հավատարմորեն դիմանանք ծաղրանքներին, անբարոյության դրդելու ճնշումներին, մեզ պատճառած ցավին կամ հիվանդությանը, փառք կբերենք Եհովային։
«Մոտեցիր Եհովային». ահա այսպիսի վերնագիր ուներ օրվա վերջին ելույթը։ Եհովայի հիմնական հատկություններին ծանոթանալով՝ մղվում ենք դեպի իրեն։ Նա իր անսահման զորությունը գործի է դնում իր ժողովրդին պաշտպանելու համար, առաջին հերթին՝ հոգևորապես։ Աստծո արդարությունը չի հասնում դաժանության, այլ մղում է հավիտենական կյանք պարգևելու բոլոր այն մարդկանց, ովքեր արդարություն են գործում։ Նրա իմաստությունը ակնհայտ կերպով երևում է այն բանից, թե ինչպես է նա անկատար մարդկանց միջոցով գրել Աստվածաշունչը։ Աստծո ամենագրավիչ հատկությունը սերն է, որը մղել է նրան քայլեր ձեռնարկել Հիսուս Քրիստոսի միջոցով մարդկությանը փրկելու (Յովհաննէս 3։16)։ Վերջում հռետորը հայտարարեց, որ լույս է տեսել մի նոր գիրք, որը ջերմությամբ կլցնի մեր սիրտը. այն կոչվում է «Մոտեցիր Եհովային»։
Երրորդ օրը խոսվեց բարի գործերի հանդեպ նախանձախնդիր լինելու մասին
Երրորդ օրվա խորագիրն էր՝ «Ժողովուրդ՝ նախանձախնդիր բարի գործերի հանդեպ» (Տիտոս 2։14, Արևմտ. Աստ.)։ Առավոտյան ծրագիրը սկսվեց օրվա խոսքի քննարկումով, որն անցկացրեց մի ընտանիք։ Այնուհետև ներկայացվեց «Ապավինո՞ւմ ես Եհովային» թեման։ Ազգերն այսօր սխալմամբ ապավինում են իրենց իմաստությանն ու զորությանը։ Ի տարբերություն նրանց՝ Աստծո ծառաները արիաբար և ուրախությամբ վստահում են Եհովային՝ չնայած դժվարություններին (Սաղմոս 46։1–3, 7–11)։
Ծրագրի հաջորդ մասում, որ կոչվում էր «Երիտասարդնե՛ր, ձեր ապագան կառուցեք Եհովայի կազմակերպության հետ», տրվեց հետևյալ հարցը. «Ինչպե՞ս կարող է երիտասարդը կյանքում լավագույն արդյունքների հասնել»։ Անհնար է անել դա փող և ունեցվածք ձեռք բերելու կամ բարձր դիրքի ձգտելու միջոցով։ Արարիչը սիրով տալիս է պատասխանը՝ քաջալերում է հիշել իրեն երիտասարդության օրերում։ Հռետորը հարցազրույց անցկացրեց մի քանի քրիստոնյաների հետ, ովքեր իրենց երիտասարդ տարիները նվիրել էին ծառայությանը. մենք կարողացանք տեսնել նրանց ուրախությունը։ Իսկ որքան օգտակար էր ստանալ «Երիտասարդնե՛ր, ինչպե՞ս եք օգտագործելու ձեր կյանքի տարիները» նոր թերթիկը, որի նպատակն է՝ օգնել երիտասարդ Վկաներին հավիտենական ապագայի հիմք դնել Եհովայի կազմակերպության հետ։
Այնուհետև ցուցադրվեց մի շատ հետաքրքիր աստվածաշնչյան դրամա, որ կոչվում էր «Հաստատուն եղեք դժվարին ժամանակներում»։ Դրամայի ընթացքում համառոտակի ներկայացվեց Երեմիայի բազմամյա գործունեությունը՝ սկսած երիտասարդ տարիքից, մինչև Երուսաղեմի կործանումը. մի բան, որի մասին նա ջերմեռանդորեն մարգարեանում էր։ Երեմիային թվում էր, թե անպատրաստ է իր հանձնարարությունը կատարելու, բայց նա կատարեց այն՝ չնայած հակառակությանը։ Իսկ Եհովան ազատեց նրան (Երեմիա 1։8, 18, 19)։
Դրամայից հետո հնչեց մի ելույթ, որ կոչվում էր «Նմանվիր Երեմիային՝ քաջաբար հռչակիր Աստծո Խոսքը»։ Մեր օրերում ապրող քարոզիչների մասին հաճախ են կեղծ լուրեր տարածում (Սաղմոս 109։1–3)։ Երեմիայի նման, սակայն, կարող ենք հաղթահարել վհատությունը՝ ուրախություն ստանալով Եհովայի Խոսքից։ Կարող ենք նաև վստահ լինել, որ մեր դեմ պայքարողները հաջողության չեն հասնի։
«Այս աշխարհի կերպարանքն անցնում է» վերնագրով հանրային ելույթը, իրոք որ, ժամանակահարմար էր։ Մեր ժամանակները բնորոշվել են որպես դրամատիկ փոփոխություններով լի օրեր։ Աստվածաշնչում կանխագուշակվել էր, որ այդ իրավիճակը, այդ թվում նաև ‘խաղաղության և ապահովության’ մասին կոչերը առաջնորդելու են դեպի Աստծո դատաստանի ահարկու օրը (Ա Թեսաղոնիկեցիս 5։3)։ Դա հրաշալի փոփոխությունների կհանգեցնի՝ վերջ կդրվի բոլոր պատերազմներին, հանցագործությանը, բռնությանը և նույնիսկ հիվանդություններին։ Ուստի այս համակարգի վրա հույս դնելու փոխարեն՝ ժամանակն է շարունակ աստվածապաշտություն ցուցաբերել և մաքուր վարք պահպանել։
«Դիտարանի»՝ տվյալ շաբաթվա թեմայի համառոտ ամփոփումից հետո ներկայացվեց համաժողովի վերջին ելույթը, որ կոչվում էր «Որպես Թագավորության եռանդուն քարոզիչներ՝ հարուստ եղեք բարի գործերով»։ Հռետորը նշեց, թե ինչ խթան հանդիսացավ մեզ համար ծրագիրը՝ հոգևոր առումով, և ինչպես մղեց Եհովային վստահելու։ Վերջում մենք քաջալերանք ստացանք՝ որպես Աստծո Թագավորության քարոզիչներ լինել մաքուր, սիրով լեցուն և եռանդուն (Ա Պետրոս 2։12)։
Անկասկած մենք վերադարձանք՝ համակված այն նույն զգացումներով, որ ունեին Նեեմիայի օրերում ապրող՝ Եհովայի ծառաները, ուրախանալով հոգևոր այն օրհնությունների համար, որ ստացանք «Թագավորության եռանդուն քարոզիչները» մարզային համաժողովից (Նէեմիա 8։12)։ Այս ոգևորիչ համաժողովը չի՞ լցրել նաև ձեր սիրտը ուրախությամբ և Թագավորության եռանդուն քարոզիչ մնալու վճռականությամբ։
[շրջանակ/նկար 23–րդ էջի վրա]
Ուսումնասիրության նոր ձեռնարկ
Մարզային համաժողովի առաջին օրվա վերջում ներկաներին մեծ ուրախություն պատճառեց նոր գրքի լույսընծայման մասին հայտարարությունը։ Գրքի վերնագիրն է՝ «Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն»։ Այն նախատեսված է այնպիսի անհատների հետ ուսումնասիրելու համար, ովքեր ավարտել են «Գիտություն, որ հավիտենական կյանքի է առաջնորդում» գրքի ուսումնասիրությունը։ Այս նոր գիրքն անշուշտ կամրացնի այն անհատների հավատը, ովքեր դրականորեն են տրամադրված «յաւիտենական կեանք[ի]» հանդեպ (Գործք 13։48)։
[թույլտվությամբ]
Image on book cover: U.S. Navy photo
[շրջանակ/նկարներ 24–րդ էջի վրա]
Օգնություն՝ Աստծուն մոտենալու
Համաժողովի երկրորդ օրվա վերջին հռետորը հայտարարեց «Մոտեցիր Եհովային» նոր գրքի լույսընծայման մասին։ Գիրքը կազմված է չորս բաժնից, որոնցից յուրաքանչյուրի մեջ ուսումնասիրվում է Եհովայի գլխավոր հատկություններից մեկը՝ ուժը, արդարությունը, իմաստությունը և սերը։ Յուրաքանչյուր բաժնի գլուխներից մեկը ցույց է տալիս, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը վառ կերպով դրսևորել Աստծո տվյալ հատկությունը իր գործերով։ Այս գրքի նպատակն է՝ օգնել մեզ և Աստվածաշունչն ուսումնասիրող անհատներին ավելի մտերիմ և ամուր փոխհարաբերություններ զարգացնել Եհովա Աստծո հետ։
[շրջանակ/նկարներ 26–րդ էջի վրա]
Հոգևոր առաջնորդություն՝ երիտասարդների համար
Համաժողովի երրորդ օրը հայտարարվեց «Երիտասարդներ. ինչպե՞ս եք օգտագործելու ձեր կյանքի տարիները» անվանումը կրող հատուկ թերթիկի լույսընծայման մասին։ Այս նոր թերթիկը նախատեսված է երիտասարդ Վկաներին օգնելու համար, որպեսզի նրանք կարողանան ապագայի հետ կապված ճիշտ որոշումներ կայացնել։ Թերթիկում նրանց խորհուրդ է տրվում Եհովային ծառայելը դարձնել կյանքի նպատակ։