Կենսագրություն
Եհովան սովորեցրեց մեզ տոկունություն և հաստատակամություն
Պատմում է Արիստոտելիս Ապոստոլիդիսը
Կովկասյան լեռնաշղթայի հյուսիսային նախալեռնային շրջանում է գտնվում Պյատիգորսկը՝ Ռուսաստանի քաղաքներից մեկը, որը հայտնի է իր հանքային ջրերի աղբյուրներով և իր մեղմ կլիմայով։ Ես ծնվեցի այստեղ 1929 թ.–ին հույն գաղթականների ընտանիքում։ Տաս տարի անց՝ ստալինյան դաժան ռեժիմի ներքո կատարված զտման, տեռորի և էթնիկական մաքրման մղձավանջից հետո մենք նորից դարձանք գաղթական, քանի որ ստիպված եղանք վերադառնալ Հունաստան։
ԵՐԲ ՀԱՍԱՆՔ Պիրեա քաղաքը, «գաղթական» բառը բոլորովին նոր իմաստ ստացավ մեզ համար։ Մենք մեզ բացարձակապես օտար էինք զգում։ Չնայած իմ ավագ եղբայրն ու ես կրում էինք երկու հայտնի հույն փիլիսոփաների անունները՝ Սոկրատես ու Արիստոտել, սակայն հազվադեպ էր պատահում, որ այդ անուններով մեզ կոչեին։ Բոլորը մեզ անվանում էին փոքրիկ ռուսներ։
Երկրորդ Համաշխարհային պատերազմը բռնկվելուց կարճ ժամանակ անց մահացավ իմ սիրելի մայրիկը։ Նա մեր տան սյունն էր, ուստի կորուստն ահռելի էր։ Այն ժամանակամիջոցում, երբ մայրս հիվանդ էր, նա սովորեցրեց ինձ կատարել մի շարք տնային գործեր, ինչը հետագայում շատ պետքական եղավ իմ կյանքում։
Պատերազմ և ազատագրում
Պատերազմը, նացիստական օկուպացիան և դաշնակից ուժերի կողմից դաժան հրետանային ռմբակոծությունը այնպիսի ճնշող իրավիճակ էին ստեղծում, որ ամեն օր ապրում էիր այն զգացումով, կարծես թե դա քո կյանքի վերջին օրն է։ Ամենուրեք չքավորություն էր, սով և մահ։ 11 տարեկանից սկսած՝ ես ստիպված էի ողջ օրը հորս հետ միասին աշխատել, որպեսզի կարողանայինք մեր՝ երեքիս գոյությունը պահպանել։ Հունարեն լեզվի սահմանափակ իմացությունը, ինչպես նաև պատերազմն իր հետևանքներով խանգարեցին ինձ կրթություն ստանալ։
Գերմանացիների օկուպացիան Հունաստանում ավարտվեց 1944 թ. հոկտեմբերին։ Դրանից շատ չանցած՝ ես ծանոթացա Եհովայի վկաների հետ։ Ապրելով այնպիսի ժամանակներում, երբ շուրջբոլորը հուսալքություն էր ու տառապանք՝ Աստվածաշնչի տված՝ գալիք Աստծո թագավորության ներքո պայծառ ապագայի հույսը սփոփեց սիրտս (Սաղմոս 37։29)։ Աստծո՝ խաղաղ պայմաններում երկրի վրա հավիտենական կյանքի խոստումը իսկական բալասան էր իմ վերքերին (Եսայիա 9։7)։ 1946 թ.–ին հայրս և ես մկրտվեցինք՝ խորհրդանշելով մեր նվիրումը Եհովային։
Հաջորդ տարի ինձ մեծ ուրախություն պատճառեց իմ առաջին նշանակումը որպես ռեկլամային ծառայող (ավելի ուշ այդ եղբայրներին սկսեցին կոչել պարբերագրերի համար պատասխանատու եղբայրներ), որը ես ստացա Պիրեա քաղաքի նորաստեղծ երկրորդ ժողովում։ Մեր տարածքը գրավում էր Պիրեայից մինչև Էլեվսիս ընկած տարածությունը, որը կազմում էր մոտ 50 կմ։ Այդ ժամանակ շատ օծյալ քրիստոնյաներ էին ծառայում այդ ժողովում։ Ես առանձնաշնորհում ունեցա նրանց հետ ծառայելու և նրանցից շատ բան սովորելու։ Ինձ համար մեծ բավականություն էր նրանց հետ շփվելը, որովհետև նրանք անվերջ պատմում էին իրենց ունեցած փորձառությունների մասին, թե ինչ եռանդուն ջանքեր են պահանջվում քարոզչական գործը կատարելու համար։ Իրենց կյանքի ընթացքը հստակորեն ցույց էր տալիս, որ Եհովային հավատարմորեն ծառայելու համար մեծ համբերություն ու հաստատակամություն է հարկավոր (Գործք 14։22)։ Որքա՜ն երջանիկ եմ, որ այսօր այդ տարածքում կան Եհովայի վկաների ավելի քան 50 ժողովներ։
Անսպասելի փորձություն
Որոշ ժամանակ հետո Պատրա քաղաքում ես ծանոթացա Էլենիի հետ, որը մի հաճելի, ժրաջան երիտասարդ քույր էր։ Մենք նշանվեցինք 1952 թ. վերջին։ Մի քանի ամիս անց, սակայն, Էլենին լուրջ հիվանդացավ։ Բժիշկը նրա ուղեղի վրա ուռուցք հայտնաբերեց. Էլենիի վիճակը ծայրաստիճան վատ էր։ Նա պետք է անմիջապես վիրահատվեր։ Երկար ջանքերից հետո կարողացանք Աթենքում բժիշկ գտնել, որը, չնայած նրան, որ ձեռքի տակ չուներ բավարար բժշկական միջոցներ, ինչը բնորոշ էր այն տարիների համար, պատրաստ էր ընդառաջ գնալ մեր կրոնական համոզմունքներին և վիրահատել առանց արյան ներարկման (Ղեւտացոց 17։10–14; Գործք 15։28, 29)։ Վիրահատության ընթացքին հետևելուց հետո բժիշկները շրջահայաց գտնվեցին և լավատեսորեն արտահայտվեցին նշանածիս ապագայի մասին՝ միաժամանակ չժխտելով, որ հիվանդությունը կարող է կրկնվել։
Այդ իրավիճակում ես ի՞նչ պետք է անեի։ Ելնելով այն բանից, որ հանգամանքները փոխվել էին, հրաժարվեի՞ ամուսնությունից և ինքս ինձ ազա՞տ համարեի որևէ պարտավորությունից։ Ո՛չ։ Նշանադրության ժամանակ ես խոստում էի տվել և ուզում էի, որ իմ այոն մնար այո (Մատթէոս 5։37)։ Ոչ մի րոպե ինձ թույլ չտվեցի այլ կերպ մտածել։ Իր ավագ քրոջ խնամքի ներքո Էլենին որոշ չափով կազդուրվեց, և մենք 1954 թ. դեկտեմբերին ամուսնացանք։
Երեք տարի անց հիվանդությունը կրկնվեց, և այդ նույն բժիշկը ստիպված էր այլ վիրահատություն կատարել։ Ուռուցքն ամբողջությամբ հեռացնելու համար այս անգամ հարկ եղավ դիմել ավելի խոր միջամտության։ Հետևանքը եղավ այն, որ կինս մասնակիորեն կաթվածահարվեց, և նրա ուղեղի այն հատվածը, որը կոչվում է խոսքի կենտրոն, խիստ վնասվեց։ Այժմ երկուսս էլ կանգնեցինք մի ամբողջ շարք պրոբլեմների առջև։ Նույնիսկ ամենապարզ գործը սիրելի կնոջս համար դարձավ մեծ խնդիր։ Նրա օրեցօր վատթարացող վիճակը ստիպեց մեզ կտրուկ փոփոխություններ կատարել մեր առօրյա կյանքում։ Դեռ ավելին, մեզանից նաև մեծ տոկունություն ու հաստատակամություն էր պահանջվում։
Հիմա էր, որ այն ամենը, ինչ մայրս ժամանակին սովորեցրել էր, ինձ համար դարձավ անգնահատելի։ Ամեն օր վաղ առավոտյան ես նախօրոք առանձնացնում էի նախաճաշի համար անհրաժեշտ մթերքները, իսկ Էլենին պատրաստում էր։ Շատ հաճախ մենք հյուրեր էինք ունենում. մեզ մոտ էին լինում լիաժամ ծառայողներ, այն մարդիկ, որոնց հետ Աստվածաշունչ էինք ուսումնասիրում, ինչպես նաև հրավիրում էինք մեր ժողովի կարիքավոր քույր–եղբայրներին։ Նրանք բոլորն էլ միաբերան ասում էին, որ իրենց համտեսած կերակուրները իրոք որ շատ համեղ են։ Էլենին և ես միասին էինք անում նաև մյուս տնային գործերը, այնպես որ մեր տունը միշտ մաքուր էր ու կոկիկ։ Այս չափազանց լարված իրավիճակը շարունակվեց 30 տարի։
Վատառողջ, բայց՝ եռանդուն
Ես և մեր հավատակիցները հուզմունքով էինք նկատում, որ ոչինչ չէր կարող թուլացնել կնոջս սերը Եհովայի հանդեպ և եռանդը՝ ծառայության հանդեպ։ Ժամանակի ընթացքում համառ ջանքերի շնորհիվ Էլենիին հաջողվեց որոշ բառեր արտաբերել։ Նա սիրում էր մոտենալ մարդկանց փողոցում և հայտնել նրանց Աստվածաշնչի բարի լուրը։ Երբ ես գնում էի գործուղման, նրան հետս էի վերցնում։ Ավտոմեքենան կանգնեցնում էի մարդաշատ մայթի մոտ։ Նա բացում էր մեքենայի պատուհանը ու անցորդներին առաջարկում «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի օրինակներ։ Մեկ անգամ նա երկու ժամում բաժանեց 80 պարբերագիր։ Շատ հաճախ նա տարածում էր ժողովում առկա բոլոր հին պարբերագրերը։ Էլենին կանոնավորապես մասնակցում էր նաև ծառայության մյուս ձևերին։
Իր հիվանդության բոլոր տարիների ընթացքում կինս բաց չէր թողնում ժողովի հանդիպումները. նա մշտապես ինձ հետ էր։ Նա միշտ ներկա է եղել շրջանային և մարզային համաժողովներին, նույնիսկ այն դեպքերում, երբ Հունաստանում Եհովայի վկաների դեմ հալածանքի պատճառով մենք ստիպված էինք լինում համաժողովների մասնակցելու համար գնալ ուրիշ երկրներ։ Անտեսելով իր հիվանդությունը՝ նա մեծ ուրախությամբ համաժողովների է մասնակցել Ավստրիայում, Գերմանիայում, Կիպրոսում և այլ երկրներում։ Էլենին երբեք չէր դժգոհում և իր անձի նկատմամբ հատուկ ուշադրություն չէր պահանջում, նույնիսկ այն ժամանակ, երբ Եհովայի ծառայության մեջ իմ գնալով աճող պատասխանատվությունները ժամանակ առ ժամանակ անհարմարություններ էին ստեղծում նրա համար։
Ինձ համար այս իրավիճակը տոկունություն և հաստատակամություն սովորելու մի երկարատև ընթացք էր։ Շատ անգամ եմ զգացել Եհովայի օգնական ձեռքի զորությունը։ Եղբայրներն ու քույրերը մեծ զոհողությունների էին գնում, որպեսզի որևէ հնարավոր ձևով օգնեին մեզ, իսկ բժիշկները սիրալիր կերպով աջակցություն էին ցույց տալիս։ Բոլոր այդ դժվարին տարիների ընթացքում մենք երբեք ապրուստի միջոցների պակաս չենք զգացել, չնայած մեր հանգամանքները թույլ չէին տալիս, որ ես անցնեի լրիվ աշխատաժամով աշխատանքի։ Եհովայի շահերն ու ծառայությունը միշտ առաջին տեղում էինք դնում (Մատթէոս 6։33)։
Շատերն են հարցրել, թե ինչն է մեզ օգնել դիմանալու այդ ծանր օրերին։ Երբ ետ եմ նայում անցած–գնացած տարիներին, հասկանում եմ, որ Աստվածաշնչի անձնական ուսումնասիրությունը, Աստծուն ուղղված սրտաբուխ աղոթքները, քրիստոնեական հանդիպումներին կանոնավոր հաճախելը և քարոզչական գործին եռանդորեն մասնակցելը մեզ ուժ տվեցին, որ կարողանանք տոկալ ու հաստատուն մնալ։ Մենք միշտ հիշում էինք Սաղմոս 37։3–5-ի հետևյալ քաջալերիչ խոսքերը. «Տիրոջը յուսա եւ բարի արա... Ցնծացիր Տէրով... Տիրոջը յանձնիր քո ճանապարհը՝ եւ նորան յուսա. եւ նա կ’կատարէ»։ Մեզ համար մեկ այլ անգնահատելի խոսք էր Սաղմոս 55։22–ը. «Քո հոգսն Աստուծոյ վերայ գցիր, եւ նա խնամք կ’անէ քեզ»։ Ինչպես երեխա, որն ամբողջովին վստահում է իր հորը, մեր հոգսերը գցում էինք Եհովայի վրա և այլևս չէինք մտահոգվում այդ մասին (Յակոբոս 1։6)։
1987 թ. ապրիլի 12–ին, երբ կինս մեր տան դիմաց քարոզում էր, մի ծանր երկաթյա դուռ նրա ետևից ուժեղ փակվեց՝ շպրտելով նրան մայթ և լուրջ վնասվածքներ հասցնելով։ Հաջորդ երեք տարիներին նա կոմայի մեջ էր։ Էլենին մահացավ 1990 թ. սկզբներին։
Ծառայում եմ Եհովային իմ կարողությունների լավագույն չափով
Իսկ հիմա փոքր–ինչ ետ դառնանք։ 1960–ին Նիկեայի (Պիրեա) ժողովում ինձ նշանակեցին որպես ժողովի ծառայող (այն ժամանակ այդպես էին անվանում նախագահող վերակացուներին)։ Դրանից հետո ես առանձնաշնորհում ունեցա ծառայելու Պիրեայի մի շարք ուրիշ ժողովներում ևս։ Չնայած ես երեխաներ չունեի, սակայն ուրախություն էի ստանում՝ օգնելով իմ բազում հոգևոր երեխաներին հաստատուն մնալու ճշմարտության մեջ։ Նրանցից ոմանք այժմ ծառայում են ժողովներում որպես երեցներ, ծառայողական օգնականներ, ռահվիրաներ և Բեթելի ընտանիքի անդամներ։
Այն բանից հետո, երբ 1975 թ.–ին Հունաստանում վերականգնվեց ժողովրդավարությունը, այլևս կարիք չկար, որ Եհովայի վկաները գաղտնի կերպով հավաքվեին անտառներում. դրա փոխարեն նրանք հնարավորություն ունեին ազատորեն անցկացնելու իրենց համաժողովները։ Այն փորձը, որ մեզանից ոմանք ձեռք էին բերել այլ երկրներում համաժողովներ կազմակերպելու ընթացքում, անգնահատելի էր։ Ես ուրախ եմ, որ երկար տարիներ առանձնաշնորհում եմ ունեցել ծառայելու տարբեր համաժողովների կոմիտեներում։
Այնուհետև, 1979 թ.–ին Աթենքի ծայրամասում ծրագրվեց կառուցել առաջին համաժողովների սրահը։ Ինձ նշանակել էին օգնելու կազմակերպել և ավարտին հասցնել այդ վիթխարի շինարարական նախագիծը։ Այդ աշխատանքը նույնպես մեծ տոկունություն ու հաստատակամություն էր պահանջում։ Երեք տարի շարունակ հարյուրավոր անձնազոհ քույր–եղբայրների հետ միասին աշխատելը սիրո և միասնության ամուր կապեր ստեղծեց մեր միջև։ Այդ նախագծի հետ կապված հիշողությունները անջնջելիորեն դրոշմվել են իմ սրտում։
Բավարարել բանտարկյալների հոգևոր կարիքները
Մի քանի տարի անց հնարավորությունների նոր դուռ բացվեց՝ կապված ծառայության հետ։ Իմ ժողովին կից տարածքում՝ Կորիդալոսում, գտնվում էր Հունաստանի ամենամեծ բանտերից մեկը։ 1991 թ. ապրիլից սկսած՝ ես՝ որպես Եհովայի վկա, հանձնարարություն ստացա ամեն շաբաթ այցելելու բանտ։ Այնտեղ ինձ թույլատրեցին Աստվածաշնչի ուսուցումներ և ժողովի հանդիպումներ անցկացնել հետաքրքրություն ցուցաբերած բանտարկյալների հետ։ Նրանցից շատերը մեծ փոփոխություններ կատարեցին, ինչը վկայում էր Աստծո Խոսքի անսահման զորության մասին (Եբրայեցիս 4։12)։ Դա տպավորություն գործեց ինչպես բանտի անձնակազմի, այնպես էլ մյուս բանտարկյալների վրա։ Բանտարկյալներից մի քանիսը, որոնց Աստվածաշունչ էի ուսուցանում, ազատ արձակվեցին և այժմ բարի լուրի քարոզիչներ են։
Մի որոշ ժամանակ ես ուսումնասիրում էի երեք հայտնի թմրադեղ վաճառողների հետ։ Նրանց հոգևոր առաջադիմությունը նկատելի դարձավ այն բանից, որ սկսեցին Աստվածաշնչի ուսումնասիրության գալ սափրված, մազերը կոկիկ սանրած, վերնաշապիկով ու փողկապով։ Իսկ դա օգոստոսի՝ Հունաստանում ամենաշոգ ամիսներից մեկի կեսերին էր։ Բանտի պետը, պահակապետն ու մյուս աշխատողները արագորեն դուրս էին նետվում իրենց աշխատասենյակներից՝ դիտելու այդ՝ իրենց համար արտասովոր տեսարանը։ Նրանք չէին կարողանում հավատալ իրենց աչքերին։
Մեկ այլ ոգևորիչ դեպք պատահեց բանտի կանանց բաժանմունքում։ Աստվածաշնչի ուսուցում սկսվեց մի կնոջ հետ, որը մարդասպանության համար ցմահ դատապարտված էր։ Նա բոլորին հայտնի էր իր ըմբոստ բնավորությամբ։ Սակայն Աստվածաշնչի ճշմարտությունը սովորելով՝ նրա մեջ այնպիսի հրաշալի փոփոխություններ կատարվեցին, որ շատերը նրա մասին ասում էին՝ առյուծը գառ է դարձել (Եսայիա 11։6, 7)։ Կարճ ժամանակի ընթացքում նա ձեռք բերեց բանտապետի հարգանքն ու վստահությունը։ Ես երջանիկ էի՝ տեսնելով նրա հոգևոր առաջադիմությունը՝ ընդհուպ մինչև իր անձը Եհովային նվիրելը։
Օգնություն հիվանդներին և տարեցներին
Լինելով ականատես, թե ինչպես էր կինս երկար տարիներ պայքարում իր հիվանդության դեմ՝ ես դարձել էի ավելի զգայուն մեր մեջ գտնվող հիվանդների ու տարեցների նկատմամբ։ Ամեն անգամ, երբ մեր գրականություններում նման անձնավորություններին հասնելու և նրանց օգնության ձեռք մեկնելու մասին քաջալերական հոդվածներ էին տպագրվում, իմ հետաքրքրվածությունը նոր թափ էր ստանում։ Ինձ համար շատ թանկ էին այդ հոդվածները, և ես պահում էի դրանք։ Որոշ տարիների ընթացքում թղթապանակումս կուտակել էի հարյուրից ավել էջեր, որոնք սկսվում էին 1962 թ. հուլիսի 15–ի «Դիտարան»–ի «Ուշադրություն ցույց տալ տարեցներին ու հիվանդներին» հոդվածով։ Այդ հոդվածներից շատերը ցույց էին տալիս, թե յուրաքանչյուր ժողովի համար որքան օգտակար կլինի կազմակերպված օգնություն առաջարկել հիվանդներին ու տարեցներին (Ա Յովհաննէս 3։17, 18)։
Երեցները կազմակերպեցին քույրերից ու եղբայրներից բաղկացած մի խումբ, որը կարող էր հոգալ մեր ժողովի հիվանդ ու ծեր անդամների կարիքները։ Մենք կազմակերպեցինք կամավորների տարբեր խմբեր. նրանց մի մասը կարող էին օգնել օրվա ընթացքում, մի մասը՝ գիշերվա ժամերին, մյուսները կարող էին ապահովել տրանսպորտի միջոցներով և ոմանք էլ կարող էին նրանց տրամադրել իրենց ամբողջ օրը։ Այս վերջիններին այլ կերպ անվանում էին թռչող ջոկատ։
Այսպիսի ջանքերի արդյունքը քաջալերիչ էր։ Օրինակ՝ մի հիվանդ քրոջ, որը մենակ էր ապրում, օրվա ընթացքում հերթական այցելություն կատարելիս գտանք հատակի վրա ընկած՝ գիտակցությունը կորցրած վիճակում։ Անմիջապես տեղեկացրինք մոտակայքում ապրող քրոջը, որը մեքենա ուներ։ Նա հիվանդին ռեկորդային արագությամբ՝ ընդամենը 10 րոպեում, հասցրեց ամենամոտ հիվանդանոցը։ Ինչպես ասացին բժիշկները, հենց դա էլ փրկեց քրոջ կյանքը։
Մեր սրտերը հուզմունքով էին լցվում՝ տեսնելով այն երախտագիտությունը, որ հիվանդներն ու ծերերը ցույց էին տալիս խմբի անդամների նկատմամբ։ Աստծո նոր համակարգում այդ եղբայրների ու քույրերի հետ մեկտեղ ապրելու հույսը սիրտ էր ջերմացնում։ Նրանց համար մեծ վարձատրություն էր նաև այն, որ տառապանքների ժամանակ իրենց թիկունք էին կանգնում և օգնում էին տոկալ։
Հաստատակամությունը պարգևներ է բերել
Այժմ ես ծառայում եմ որպես երեց Պիրեայի ժողովներից մեկում։ Չնայած տարիքիս ու առողջական խնդիրներիս՝ ես երջանիկ եմ, որ կարող եմ դեռ ակտիվորեն մասնակցել ժողովի գործունեությանը։
Տարիներ ի վեր ծանր հանգամանքները, դժվար փորձություններն ու անսպասելի իրադարձությունները պատճառ դարձան, որ մենք դրսևորենք անչափ մեծ հաստատակամություն ու տոկունություն։ Եհովան միշտ տվել է պետք եղած ուժը՝ հաղթահարելու այդ խնդիրները։ Ողջ կյանքիս ընթացքում ես կրկին ու կրկին համոզվել եմ սաղմոսերգուի այս բառերի ճշմարտացիության մեջ. «Եթէ ասում եմ. Ոտս դողդողում է. Տէր, քո ողորմութիւնը հաստատում է ինձ։ Իմ հոգերն իմ սրտումը շատանալիս՝ քո մխիթարութիւններն ուրախացնում են ինձ» (Սաղմոս 94։18, 19)։
[նկար 25–րդ էջի վրա]
Կնոջս՝ Էլենիի հետ իր երկրորդ վիրահատությունից հետո՝ 1957–ին
[նկար 26–րդ էջի վրա]
Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում համաժողովի ժամանակ՝ 1969–ին
[նկար 28–րդ էջի վրա]
Քույր–եղբայրների խումբը, որ օգնություն էր ցույց տալիս հիվանդներին ու տարեցներին