Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 5/15 էջ 12–17
  • Եհովայի ողորմությունից օգուտներ քաղենք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովայի ողորմությունից օգուտներ քաղենք
  • 2002 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Տարբեր է սիրուց և անձնվիրությունից
  • Եհովան իր ողորմությունը ցույց է տալիս փրկելով
  • Եհովայի ողորմությունն ու առաջնորդությունը
  • Աստծո ողորմությունը պաշտպանություն և ամոքում է բերում
  • Աստված միշտ ողորմություն է ցույց տալիս
  • Աստված հավանում է իր ծառաներին
  • Թող «սիրառատ բարության օրենքը» լինի քո խոսքի մեջ
    2010 Դիտարան
  • Ողորմություն ցույց տվեք կարիքի մեջ եղողներին
    2002 Դիտարան
  • Շնորհակալություն հայտնիր Եհովային նրա սիրառատ բարության համար
    2005 Մեր թագավորական ծառայությունը
  • Ի՞նչ է նշանակում լինել հավատարիմ
    2001 Դիտարան
Ավելին
2002 Դիտարան
w02 5/15 էջ 12–17

Եհովայի ողորմությունից օգուտներ քաղենք

«Ո՞վ է իմաստուն.... նա կ’հասկանայ Տիրոջ ողորմութիւնները» (ՍԱՂՄՈՍ 107։43)։

1. Որտե՞ղ ենք Աստվածաշնչում առաջին անգամ հանդիպում եբրայերեն այն բառին, որ հայերեն մեծամասամբ թարգմանված է «ողորմություն» բառով, և այս հատկության առնչությամբ ի՞նչ հարցեր ենք քննարկելու։

Մոտ 4 000 տարի առաջ Աբրահամի եղբորորդի Ղովտն ասաց Եհովային. «Մեծ էր քո երախտիքն [«դու ողորմեցիր քո ծառային», ԷԹ]» (Ծննդոց 19։19)։ Այս համարում ենք առաջին անգամ հանդիպում եբրայերեն այն բառին, որ Աստվածաշնչի «Արարատ» թարգմանության մեջ մեծամասամբ թարգմանված է «ողորմություն» բառով, իսկ առանձին համարներում՝ «երախտիք», «լավություն», «բարերարություն», «բարեգործություն», «մարդասիրություն», «շնորհք» բառերով։ Հակոբը, Նոեմին, Դավիթը և Աստծո մյուս ծառաները նույնպես խոսել են Եհովայի այս հատկության մասին (Ծննդոց 32։10; Հռութ 1։8; Բ Թագաւորաց 2։6)։ Այս բառին Եբրայերեն գրությունների բնագրում հանդիպում ենք մոտավորապես 250 անգամ։ Բայց ի՞նչ է Եհովայի ողորմությունը։ Ո՞ւմ նկատմամբ է անցյալում դա ցուցաբերվել։ Եվ ինչպե՞ս ենք մենք այսօր օգուտներ քաղում նրա այդ հատկությունից։

2. Ինչո՞ւ է այդքան դժվար մեկ բառով փոխանցել քննարկվող եբրայերեն բառի իմաստը։

2 Գրություններում «ողորմություն» թարգմանված եբրայերեն բառն այնքան շատ իմաստներ ունի, որ լեզուների մեծ մասը չունի այնպիսի բառ, որով հնարավոր լիներ ճշգրտորեն փոխանցել դրա լրիվ իմաստը։ Օրինակ՝ «սեր», «գութ» և «հավատարմություն» բառերը չեն տալիս այդ բառի լիակատար ու ճշգրիտ նշանակությունը։

Տարբեր է սիրուց և անձնվիրությունից

3. Ինչո՞վ է «ողորմություն» թարգմանված եբրայերեն բառի իմաստը տարբերվում «սեր» բառի իմաստից։

3 Եբրայերեն այն բառը, որ թարգմանված է «ողորմություն», իմաստով սերտորեն կապված է «սեր» ու «անձնվիրություն» բառերի հետ։ Սակայն նրանց միջև էական տարբերություններ կան։ Տեսնենք, թե ինչպես է ողորմությունը տարբերվում սիրուց։ Օրինակ՝ կարելի է սիրել հատկություններ ու շոշափելի բաներ։ Աստվածաշունչը խոսում է «գինի եւ իւղ սիրող» ու «իմաստութիւն սիրող» մարդու մասին (Առակաց 21։17; 29։3)։ Բայց ողորմությունը ցուցաբերվում է մարդկանց հանդեպ և ոչ թե՝ հատկությունների ու անշունչ առարկաների։ Օրինակ՝ Ելից 20։6–ում, որտեղ Եհովան ասում է «կ’ողորմեմ նորանց մինչեւ հազար[երորդ] ազգը», խոսքը մարդկանց է վերաբերում։

4. Ինչո՞վ է «ողորմություն» թարգմանված եբրայերեն բառի իմաստը տարբերվում «անձնվիրություն» բառի իմաստից։

4 «Ողորմություն» թարգմանված եբրայերեն բառը ունի նաև ավելի լայն իմաստ, քան «անձնվիրություն» բառը։ Որոշ լեզուներում «անձնվիրություն» բառով հաճախ բնորոշվում է այն վերաբերմունքը, որ ենթակա անձը պետք է ցույց տա իր վերադասին։ Բայց ինչպես մի հետազոտող է նշում, աստվածաշնչյան տեսանկյունից՝ ողորմության ցուցաբերումը շատ ավելի հաճախ ճիշտ հակառակն է նշանակում. ուժեղը հավատարիմ է թույլին, կարիքավորին, ստորադրյալին։ Ուստիև Դավիթ թագավորը կարող էր խնդրել Եհովային. «Երեսդ փայլեցրու քո ծառայի վերայ. փրկիր ինձ քո ողորմութիւնովը» (Սաղմոս 31։16)։ Օգնության կարիք ունեցող Դավիթը խնդրում էր Եհովային՝ ուժեղին, ողորմություն ցուցաբերել։ Իսկ քանի որ կարիքավորը չի կարող իշխանություն ունենալ ուժեղի վրա, ուրեմն վերջինիս կողմից ցուցաբերվող ողորմությունը կամովին է կատարվում՝ առանց պարտադրանքի։

5. ա) Աստծո Խոսքում նրա ողորմության ո՞ր դրսևորումների մասին է գրված։ բ) Եհովայի ողորմության ո՞ր դրսևորումները պետք է քննարկենք։

5 «Ո՞վ է իմաստուն,— հարցնում է սաղմոսերգուն։— Նա կ’հասկանայ Տիրոջ ողորմութիւնները» (Սաղմոս 107։43)։ Եհովայի ողորմությունը կարող է մարդուն ազատել ու փրկել (Սաղմոս 6։4; 119։88, 159)։ Այն պաշտպանություն և ամոքում է բերում (Սաղմոս 31։16, 21; 40։11; 143։12)։ Այս հատկության շնորհիվ մարդ կարող է մեղքերի թողություն ստանալ (Սաղմոս 25։7)։ Քննարկելով սուրբգրային մի քանի պատմություններ, ինչպես նաև ուշադրություն դարձնելով Աստվածաշնչի ուրիշ հատվածների վրա՝ մենք կտեսնենք, որ 1) Եհովան իր ողորմությունը ցույց է տալիս կոնկրետ գործերով, և 2) նրա հավատարիմ ծառաները զգում են, որ նա դրսևորում է իրենց նկատմամբ այդ հատկությունը։

Եհովան իր ողորմությունը ցույց է տալիս փրկելով

6, 7. ա) Ինչպե՞ս Եհովան ցույց տվեց իր ողորմությունը Ղովտի հանդեպ։ բ) Ե՞րբ Ղովտն ասաց, որ Եհովան ողորմած է։

6 Տեսնելու համար, թե որքան ողորմած է Եհովան, թերևս լավագույն միջոցն այն կլիներ, որ քննարկեինք որոշ աստվածաշնչային պատմություններ, որտեղ նշվում է այս հատկության մասին։ Ծննդոց 14։1–16-ում գրված է այն մասին, թե ինչպես թշնամիները գերի առան Ղովտին՝ Աբրահամի եղբորորդուն։ Բայց վերջինս ազատեց նրան։ Ղովտի կյանքը կրկին վտանգի ընկավ, երբ Եհովան որոշեց կործանել ամբարիշտ քաղաք Սոդոմը, որտեղ ընտանիքով ապրում էր Ղովտը (Ծննդոց 18։20–22; 19։12, 13)։

7 Սոդոմի կործանումից անմիջապես առաջ Եհովայի հրեշտակները Ղովտին ու նրա ընտանիքին դուրս բերեցին քաղաքից։ Այդ ժամանակ էր, որ Ղովտն ասաց. «Ծառադ առաջիդ շնորհք գտաւ, եւ մեծ էր քո երախտիքն, որ արիր ինձ՝ իմ կեանքն ապրեցնելով» (Ծննդոց 19։16, 19)։ Այս խոսքերով Ղովտն ընդունեց, որ Եհովան բացառիկ ողորմություն է հանդես բերել իր հանդեպ։ Տվյալ դեպքում Աստված իր ողորմությունը դրսևորեց մարդու կյանքը փրկելով (Բ Պետրոս 2։7)։

Եհովայի ողորմությունն ու առաջնորդությունը

8, 9. ա) Ի՞նչ հանձնարարություն էր ստացել Աբրահամի ծառան։ բ) Ինչո՞ւ էր ծառան աղոթում Աստծուն, որ ողորմություն ցույց տա, և ի՞նչ պատահեց, մինչ նա աղոթում էր։

8 Ծննդոց 24–րդ գլխում կարդում ենք Աստծո ողորմության մեկ այլ դրսևորման մասին։ Աբրահամն իր ծառային հանձնարարեց գնալ իր ազգականների երկիր ու կին գտնել իր որդու՝ Իսահակի համար (2–4 համարներ)։ Առաջադրանքը դժվար էր, բայց Աբրահամը վստահեցրեց իր ծառային, որ Եհովայի հրեշտակը նրան կառաջնորդի (7–րդ համար)։ Ի վերջո, ծառան հասավ ‘Նաքովրի քաղաքից’ (այլ անվանումով՝ Խառան կամ նրա շրջակայքը) դուրս գտնվող մի ջրհորի մոտ ճիշտ այն պահին, երբ կանայք գալիս էին ջրի (10, 11 համարներ)։ Տեսնելով մոտեցող կանանց՝ նա հասկացավ, որ իր ճանապարհորդության վճռական պահը հասել է։ Բայց ինչպե՞ս կարող էր իմանալ, թե նրանցից ով էր լինելու Իսահակի կինը։

9 Գիտակցելով, որ Աստծո առաջնորդության կարիք ունի՝ ծառան աղոթեց. «Ով Եհովայ՝ իմ տիրոջ Աբրահամի Աստուած, հանդիպեցրու իմ առաջին այսօր, եւ իմ տիրոջ Աբրահամին բարերարութիւն արա [«ողորմի՛ր», ԷԹ]» (12–րդ համար)։ Ինչպե՞ս էր Եհովան իր ողորմությունը ցույց տալու։ Աբրահամի ծառան Աստծուց հատուկ նշան խնդրեց, որով կիմանար, թե ում է նա ընտրել (13, 14 համարներ)։ Կանանցից մեկը վարվեց ճիշտ այնպես, ինչպես ծառան էր խնդրել Աստծուց։ Այո՛, կարծես այդ կինը լսած լիներ նրա աղոթքը (15–20 համարներ)։ Ծառան ուղղակի ապշել էր։ Նա զարմացած նրան էր նայում. դեռևս հարկավոր էր որոշ կարևոր հանգամանքներ պարզել։ Արդյո՞ք այս գեղեցիկ կինը Աբրահամի ազգականներից էր։ Արդյո՞ք ամուսնացած չէր։ Ծառան «լռած մտածում էր, թէ արդեօք Եհովան նորա ճանապարհը յաջողել է, թէ ոչ» (16, 21 համարներ)։

10. Ինչո՞ւ Աբրահամի ծառան եկավ այն եզրակացության, որ Եհովան ողորմություն ցույց տվեց իր տիրոջը։

10 Դրանից հետո երիտասարդ կինն ասաց, որ ինքը «Մեղքայի որդի Բաթուէլի աղջիկն [է], որ [Աբրահամի եղբայր] Նաքովրի համար ծնեց» (Ծննդոց 11։26; 24։24)։ Այդ պահին ծառան հասկացավ, որ Եհովան պատասխանել էր իր աղոթքին։ Դեպքերի նման ընթացքից ցնցված՝ նա խոնարհվեց ու ասաց. «Օրհնեալ լինի իմ տիրոջ Աբրահամի Եհովայ Աստուածը, որ իր ողորմութիւնն ու ճշմարտութիւնը իմ տէրից չէ զրկում. ես ճանապարհումը լինելով Եհովան ինձ իմ տիրոջ եղբայրների տունն առաջնորդեց» (27–րդ համար)։ Առաջնորդելով ծառային՝ Եհովան դրանով իր ողորմությունը ցույց տվեց նրա տիրոջը՝ Աբրահամին։

Աստծո ողորմությունը պաշտպանություն և ամոքում է բերում

11, 12. ա) Ինչպիսի՞ փորձությունների ներքո Հովսեփը զգաց Եհովայի ողորմությունը։ բ) Ինչպե՞ս Աստված ողորմություն ցույց տվեց Հովսեփին։

11 Այժմ քննարկենք Ծննդոց 39–րդ գլուխը։ Այստեղ խոսվում է Աբրահամի ծոռ Հովսեփի մասին, որին ստրկության վաճառեցին, ու նա տարվեց Եգիպտոս։ Բայց «Եհովան Յովսէփի հետ էր» (1, 2 համարներ)։ Նույնիսկ վերջինիս եգիպտացի տերը՝ Պետափրեսը, եկավ այն եզրակացության, որ Եհովան Հովսեփի հետ էր (3–րդ համար)։ Սակայն Հովսեփը շատ ծանր փորձության մեջ ընկավ։ Նա անհիմն կերպով մեղադրվեց Պետափրեսի կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ ու բանտարկվեց (7–20 համարներ)։ ‘Գուբի’ մեջ էր, որ «չարչարեցին նորա ոտները կապանքի մէջ. նորա անձը երկաթի մէջ մտաւ» (Ծննդոց 40։15; Սաղմոս 105։18)։

12 Ինչպե՞ս դեպքերը զարգացան, երբ Հովսեփը նման ծանր պայմաններում էր գտնվում։ «Եհովան Յովսէփի հետ էր, եւ ողորմութիւն ցոյց տուաւ նորան» (21ա համար)։ Աստված ողորմություն արտահայտող կոնկրետ քայլով դեպքերին այնպիսի ընթացք տվեց, որ Հովսեփն ի վերջո ազատվեց իր նեղություններից։ Եհովան Հովսեփին «բանտապետի առաջին շնորհք գտնել տուաւ» (21բ համար)։ Բանտապետը Հովսեփին պատասխանատու գործի նշանակեց (22–րդ համար)։ Հետո Հովսեփը ծանոթացավ մի մարդու հետ, որը հետագայում, հանգամանքների բերումով, նրա մասին հայտնեց Եգիպտոսի փարավոնին (Ծննդոց 40։1–4, 9–15; 41։9–14)։ Վերջինս իր հերթին Հովսեփին դարձրեց Եգիպտոսի երկրորդ կառավարիչ։ Իր այդ պաշտոնը հնարավորություն տվեց Հովսեփին փրկելու եգիպտացիների կյանքը այն տարիներին, երբ Եգիպտոսում սով ընկավ (Ծննդոց 41։37–55)։ Հովսեփի տառապանքները, որ սկսվել էին, երբ նա 17 տարեկան էր, տևեցին ավելի քան 12 տարի (Ծննդոց 37։2, 4; 41։46)։ Բայց ցավի ու զրկանքի այդ բոլոր տարիներին Եհովա Աստված իր ողորմությունը ցույց տվեց՝ փրկելով նրան կործանումից ու պահպանելով նրա կյանքը, քանզի նրա միջոցով էր իրագործելու իր նպատակները։

Աստված միշտ ողորմություն է ցույց տալիս

13. ա) Եհովայի ողորմության ի՞նչ դրսևորումներ կարելի է տեսնել Սաղմոս 136–ում։ բ) Ի՞նչ է ողորմությունը։

13 Եհովան բազմիցս ողորմություն ցույց տվեց իսրայել ժողովրդին։ Սաղմոս 136–ում կարդում ենք, որ նա նրանց փրկել (10–15 համարներ), առաջնորդել (16–րդ համար) ու պաշտպանել է (17–20 համարներ)։ Աստված նաև իր ողորմությունը ցույց է տվել առանձին մարդկանց։ Ողորմած անհատն իր ողորմությունը հանդես է բերում կամավոր գործերով՝ նպատակ ունենալով բավարարել դիմացինի կենսական կարիքը։ Աստվածաշնչի վերաբերյալ մի աշխատության մեջ ողորմության առնչությամբ ասվում է. «Դա մի արարք է՝ ուղղված պահպանելու ուրիշի կյանքը կամ նպաստելու նրա բարօրությանը. միջամտություն՝ մեկ ուրիշին օգնելու նպատակով, երբ վերջինս տառապում է կամ դժբախտության մեջ է ընկել»։ Մի աստվածաշնչագետ այն բնորոշում է որպես «սեր՝ վերածված գործերի»։

14, 15. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Ղովտը Աստծո հավանությանն արժանացավ։

14 «Ծննդոց» գրքից արված քննարկումները վկայում են, որ Եհովան միշտ ողորմություն է ցույց տալիս նրանց, ովքեր սիրում են իրեն։ Ղովտը, Աբրահամը և Հովսեփը ապրում էին տարբեր պայմաններում ու տարբեր փորձություններ դիմագրավեցին։ Անկատար լինելով հանդերձ՝ նրանք Աստծո հավանությանն արժանացան։ Այդ մարդիկ նրա օգնության կարիքն ունեին։ Մենք կարող ենք մխիթարվել այն մտքից, որ մեր երկնային սիրառատ Հայրը ողորմություն է ցուցաբերում նման անհատների հանդեպ։

15 Ղովտը որոշ անխոհեմ քայլեր էր արել, որի պատճառով դժվարությունների հանդիպեց (Ծննդոց 13։12, 13; 14։11, 12)։ Բայց նաև գովելի հատկություններ դրսևորեց։ Երբ Աստծո երկու հրեշտակներ եկան Սոդոմ, Ղովտը նրանց հյուրասիրություն ցույց տվեց (Ծննդոց 19։1–3)։ Հավատ դրսևորելով՝ նա իր փեսաներին նախազգուշացրեց Սոդոմի մոտալուտ կործանման մասին (Ծննդոց 19։14)։ Թե ինչ կարծիքի էր Աստված Ղովտի մասին, կարդում ենք Բ Պետրոս 2։7–9-ում. «[Եհովան] փրկեց արդար Ղովտին, որ ձանձրացել էր նրանց անառակ, անկարգ ընթացքից (որովհետեւ արդարը, բնակուելով նրանց մէջ, ականատես եւ ականջալուր էր լինում նրանց անօրէն ընթացքին՝ ամէն օր տանջելով իր արդար հոգին)։ Տէրը գիտէ աստուածապաշտներին փրկել փորձութիւնից»։ Այո՛, Ղովտն արդար մարդ էր, և վերոհիշյալ խոսքերից երևում է, որ նա հավատարիմ էր Աստծուն։ Մենք էլ ենք վայելում Աստծո ողորմությունը, երբ ապրում ենք «սուրբ վարմունքով եւ աստուածապաշտ ընթացքով» (Բ Պետրոս 3։11, 12)։

16. Գովասանքի ի՞նչ խոսքեր են հնչում Աստվածաշնչում Աբրահամի ու Հովսեփի հասցեին։

16 Ծննդոց 24–րդ գլուխը կասկած չի թողնում Եհովայի ու Աբրահամի միջև եղած սերտ փոխհարաբերությունների մասին։ Առաջին համարում կարդում ենք, որ «Եհովան ամեն բանում օրհնել էր Աբրահամին»։ Աբրահամի ծառան Եհովային անվանեց «իմ տիրոջ Աբրահամի Աստուած» (12, 27 համարներ)։ Իսկ Հակոբոս աշակերտն ասում է, որ Աբրահամն «արդարացաւ», այսինքն՝ արդար հայտարարվեց ու «Աստծուն բարեկամ կոչուեց» (Յակոբոս 2։21–23)։ Նույնը կարելի է ասել Հովսեփի մասին։ «Ծննդոց» գրքի 39–րդ գլխում ամենուրեք ընդգծվում է այն միտքը, որ նա Եհովայի հետ սերտ փոխհարաբերություններ ուներ (2, 3, 21, 23 համարներ)։ Հովսեփի մասին Ստեփանոս աշակերտն ասաց. «Աստուած նրա հետ էր» (Գործք 7։9)։

17. Ի՞նչ կարող ենք սովորել Ղովտի, Աբրահամի և Հովսեփի օրինակից։

17 Աստծո ողորմությանն արժանացած այս անհատները, որոնց մասին հենց նոր քննարկեցինք, այնպիսի մարդիկ էին, որոնք լավ փոխհարաբերություններ ունեին Եհովա Աստծո հետ և որոնք իրագործեցին նրա կամքը։ Նրանց դժվարություններն այնպիսին էին, որ ինքնուրույն հնարավոր չէր հաղթահարել։ Վտանգի տակ էր Ղովտի կյանքը, Աբրահամի ընտանեկան շառավղի ապագան և այն կարևոր դերը, որ Հովսեփը պետք է կատարեր։ Միայն Եհովան կարող էր օգնել այս աստվածապաշտ մարդկանց, և նա այդպես էլ վարվեց՝ ողորմություն արտահայտող գործերով միջամտելով։ Եթե ցանկանում ենք Եհովա Աստծո ողորմությանը հավիտենապես արժանանալ, ապա մենք ևս պետք է մտերիմ անձնական հարաբերությունների մեջ լինենք նրա հետ ու շարունակենք կատարել նրա կամքը (Եզրաս 7։28, ԷԹ; Սաղմոս 18։50)։

Աստված հավանում է իր ծառաներին

18. Աստվածաշնչյան տարբեր համարներ ի՞նչ են ասում Եհովայի ողորմության մասին։

18 «Երկիրը լիքն է [Եհովայի] ողորմութիւնովը», և որքա՜ն երախտապարտ ենք նրան այդ հատկության համար (Սաղմոս 119։64)։ Մենք ամբողջ սրտով արձագանքում ենք սաղմոսերգուի խոսքերին. «Թող գոհանան Տէրիցը նորա ողորմութեան համար, եւ նորա հրաշքների համար, որ արաւ մարդկանց որդիներին» (Սաղմոս 107։8, 15, 21, 31)։ Մենք ուրախ ենք, որ Եհովան իր ծառաներին հավանում է ու ողորմություն է ցուցաբերում նրանց հանդեպ թե՛ որպես առանձին անհատների և թե՛ որպես խմբի։ Դանիել մարգարեն իր աղոթքի մեջ ասաց. «Ոհ, Տէր, մեծ Աստուած եւ ահաւոր, որ ուխտ եւ ողորմութիւն ես պահում քեզ սիրողներին եւ պատուիրանքներդ պահողներին» (Դանիէլ 9։4)։ Դավիթ թագավորն աղոթեց. «Շարունակիր քո ողորմութիւնը քեզ ճանաչողների վերայ» (Սաղմոս 36։10)։ Ինչքա՜ն երախտապարտ ենք, որ Եհովան իր ծառաներին ողորմություն է ցույց տալիս (Գ Թագաւորաց 8։23; Ա Մնացորդաց 17։13)։

19. Հաջորդ հոդվածում ի՞նչ հարցեր կքննարկվեն։

19 Այո՛, Եհովան մեզ սիրում է։ Մեզ օգուտներ է բերում ոչ միայն նրա սերը, որ նա ցուցաբերել է ընդհանրապես մարդկության հանդեպ, այլ նաև նրա ողորմությունը, որն առանձնահատուկ օրհնություններ է բերում մեզ (Յովհաննէս 3։16)։ Եհովայի այս «պատուական» հատկությունն օգնության է հասնում մեզ հատկապես այն ժամանակ, երբ կարիքի մեջ ենք լինում (Սաղմոս 36։7)։ Բայց ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովա Աստծո ողորմությունը։ Ցուցաբերո՞ւմ ենք այս գեղեցիկ հատկությունը։ Հաջորդ հոդվածում կքննարկվեն այս և ուրիշ հարցեր։

Հիշո՞ւմ եք

• Ի՞նչ սովորեցինք եբրայերեն այն բառի մասին, որ Աստվածաշնչում թարգմանված է «ողորմություն»։

• Ինչպե՞ս է ողորմությունը տարբերվում սիրուց և անձնվիրությունից։

• Ինչպե՞ս Եհովան ողորմություն ցույց տվեց Ղովտին, Աբրահամին և Հովսեփին։

• Ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել՝ տեսնելով, թե անցյալում ինչ ողորմություններ է արել Եհովան։

[նկար 13–րդ էջի վրա]

Գիտե՞ք, թե ինչպես Աստված ողորմություն ցույց տվեց Ղովտին

[նկարներ 15–րդ էջի վրա]

Ողորմություն ցուցաբերելով՝ Եհովան առաջնորդեց Աբրահամի ծառային

[նկարներ 16–րդ էջի վրա]

Պաշտպանելով Հովսեփին՝ Եհովան նրան ողորմություն ցույց տվեց

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը