Անձնվիրություն. աշխարհն աղավաղված տեսակետ ունի
Ուրբաթ էր, մի տաք երեկո։ Թել Ավիվի գիշերային ակումբներից մեկի մոտ պատանիներ էին հավաքվել։ Նրանց խմբին միացավ մեկ ուրիշը, և չանցած մի քանի րոպե՝ պայթյուն տեղի ունեցավ։ Բոլորը զոհվեցին...
Մեկ ուրիշ անգամ մի այլ անձնասպան դաժանաբար վերջ դրեց ոչ միայն իր, այլև 19 ուրիշ պատանիների կյանքին։ Ավելի ուշ՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, մի բուժաշխատող ասաց. «Ամենուր մարմնի մասեր էին թափված, և բոլորը՝ պատանիների... Երբեք նման ահավոր բան չէի տեսել»։
Թուրստան Բրուինը գրել է. «Բոլորին հիացմունք պատճառող՝ անձնվիրության.... նման հատկություններն են, որ հեշտությամբ նպաստում են պատերազմների առաջացմանը և դժվարացնում դրանց ավարտը» («The Lancet»)։ Այո՛, պատմությունը ներկված է հանուն անձնվիրության նահատակված մարդկանց արյունով՝ սկսած խաչակրաց արշավանքներից և վերջացրած Նացիստական Գերմանիայի կողմից իրականացված ջարդերով։
Անհավատարմության զոհերի թիվն աճում է
Ինչ խոսք, կույր անձնվիրությունը կարող է կործանարար լինել։ Բայց հասարակության համար կործանարար կարող է լինել նաև անձնվիրության պակասը։ «Անձնվեր» նշանակում է՝ ինչ–որ մեկի կամ ինչ–որ գործի հանդեպ հավատարիմ և լքելու կամ դավաճանելու ցանկացած գայթակղության առջև անկոտրում։ Անձնվիրության այդպիսի դրսևորումը շատերին է հիացնում։ Չնայած դրան՝ հենց այդ հատկության պակասն է, որ մեծապես նկատվում է հասարակության ամենահիմնական օղակում՝ ընտանիքում։ Ամուսնալուծությունների թիվը սրընթաց աճում է։ Դրան են նպաստում անձնական նպատակների հետապնդումը, առօրյա կյանքի ստրեսներն ու լարվածությունը և կողակցի հանդեպ անհավատարմությունը, որ մեծ տարածում է գտնում։ Թել Ավիվում տեղի ունեցած դեպքի նման հաճախ այդ ամենի զոհն են դառնում պատանիները։
Մի հոդվածում ասվում է. «Երեխայի դաստիարակության վրա սովորաբար շատ վատ ազդեցություն է թողնում ընտանիքի անկայուն վիճակը, որը կարող է առաջանալ ամուսնալուծության, կողակցից առանձնանալու, միայնակ ծնողի կողմից դաստիարակվելու պատճառներով»։ Միայնակ մոր կողմից դաստիարակվող տղաները, ինչպես երևում է, հատկապես են ենթակա սխալ դաստիարակություն ստանալու, ինքնասպանություն գործելու և պատանեկան հանցագործության մեջ ներգրավվելու վտանգին։ Ամեն տարի Միացյալ Նահանգներում իրենց ծնողների ամուսնալուծության ականատեսն են դառնում մեկ միլիոն երեխաներ։ Հավանական է, որ տարվա ընթացքում ծնված երեխաների գրեթե կեսը նախքան 18 տարին բոլորելը ամուսնալուծության զոհ կդառնա։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ աշխարհի այլ մասերում ապրող պատանիները նույն անմխիթար հեռանկարն ունեն։
Անձնվիրություն. դրսևորելու համար անչափ վե՞հ է
Քանի որ անձնվիրության մասին ավանդական պատկերացումները անկում են ապրում, ավելի քան երբևէ հարմար են թվում Դավիթ թագավորի հետևյալ խոսքերը. «Ո՛վ Տէր, փրկէ’, վասն զի սուրբ չմնաց. վասն զի հաւատարիմները մարդոց որդիներուն մէջէն պակսեցան» (Սաղմոս 12։1, Արևմտ. Աստ.)։ Ինչո՞ւ է անհավատարմությունն այդքան տարածված այսօր։ Ռոջեր Ռոզենբլաթը տալիս է հետևյալ մեկնաբանությունը. «Թեև անձնվիրությունը վեհ հատկություն է, մեր՝ մեղավորներիս մեջ այնքան շատ է վախը, անվստահությունը, շահամոլությունն ու փառասիրությունը, որ դժվար թե կարողանանք դրսևորել այն» («Time»)։ Մեր օրերը նկարագրելով՝ Աստվածաշունչը շատ պարզ ասում է. «Մարդիկ կ’լինին ինքնասէր.... անսուրբ, անգութ» (Բ Տիմոթէոս 3։1–5, ԱԹ)։
Տեսնելով, թե մարդու վրա ինչ մեծ ազդեցություն կարող է գործել անձնվիրությունը՝ գուցե հարցնենք. «Ո՞ւմ հանդեպ արժե անձնվիրություն դրսևորել»։ Տեսնենք, թե ինչպիսի պատասխան կտրվի հաջորդ հոդվածում։
[նկար 3–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Photo above: © AFP/CORBIS