«Եկեք ինձ մոտ.... և ես թարմություն կտամ ձեզ»
Երիտասարդներ, որ կարծես թարմացնող ցողի կաթիլներ լինեն
Հիսուս Քրիստոսի այս խոսքերն, անշուշտ, վերաբերում էին նաև երեխաներին. «Եկեք ինձ մոտ.... և ես թարմություն կտամ ձեզ» (Մատթէոս 11։28, ՆԱ)։ Երբ մարդիկ Հիսուսի մոտ էին բերում իրենց երեխաներին, աշակերտները փորձում էին արգելել նրանց։ Սակայն Հիսուսն ասաց. «Թոյլ տուէք երեխաներին ինձ մօտ գան, եւ մի արգիլէք դորանց»։ Նա նույնիսկ «նորանց առավ գիրկը.... և օրհնեց» (Մարկոս 10։14–16)։ Անկասկած, Հիսուսի համար թանկ էին նրանք։
Աստվածաշունչը հայտնում է հավատարիմ երիտասարդների, պատանիների, ինչպես նաև երեխաների մասին, որոնք Աստծուն ծառայելու մեջ հիանալի օրինակ են թողել։ Սաղմոսներում ‘մանուկները’ նմանեցվում են թարմացնող ցողի կաթիլների։ Կարդում ենք նաև Եհովայի անունը փառաբանող «երիտասարդներ[ի]» ու «աղջիկների[ի]» մասին (Սաղմոս 110։3; 148։12, 13)։
Վայր, որտեղ երիտասարդները, ասես, ծաղկում են
Երիտասարդներին ցողի կաթիլների հետ համեմատելը շատ տեղին է, քանի որ Աստվածաշունչը ցողը կապում է առատության ու օրհնության հետ (Ծննդոց 27։28)։ Ցողի կաթիլները շատ նուրբ են ու թարմացնող։ Այժմ՝ Քրիստոսի ներկայության օրոք, մեծ թվով երիտասարդ քրիստոնյաներ պատրաստակամորեն իրենց ներկայացնում են Աստծո ծառայությանը։ Բազում երիտասարդ աղջիկներ ու տղաներ, ինչպես թարմացնող ցողի կաթիլներ, ուրախությամբ ծառայում են Աստծուն, նաև օգնում են իրենց հավատակիցներին (Սաղմոս 71։17)։
Սակայն երիտասարդ քրիստոնյաները միայն ուրիշների համար չեն թարմացնող. իրենք նույնպես թարմություն են ստանում իրենց ծառայությունից։ Աստծո կազմակերպության մեջ այնպիսի բարենպաստ մթնոլորտ է տիրում, որ նրանք, ասես, ծաղկում են։ Բարոյական բարձր չափանիշներ պահելով՝ այդ երիտասարդները մտերիմ փոխհարաբերություններ են վայելում Աստծո հետ (Սաղմոս 119։9)։ Ժողովում նրանք մասնակցում են իրենց համար իսկ օգտակար գործերի, գտնում են մտերիմ ընկերներ. այս ամենի շնորհիվ նրանք ապրում են բավականություն պատճառող և իմաստալից կյանքով։
«Առողջութիւն.... եւ պարարտութիւն»
Իսկ երիտասարդ քրիստոնյաներն իրենց համարո՞ւմ են արդյոք «ցողի կաթիլներ»։ Հետաքրքիր է իմանալ Տանյա անունով մի երիտասարդ քրոջ կարծիքը, որն ակտիվորեն մասնակցում է իր ժողովի գործունեությանը՝ ամեն ամիս ավելի քան 70 ժամ սիրով տրամադրելով ծառայությանը։ Ինչպիսի՞ զգացումներ է ապրում նա։ «Ես ինձ թարմացած և ոգևորված եմ զգում»,— ասում է Տանյան։ «Եհովային ու նրա երկրային կազմակերպությունը ճանաչելը «առողջութիւն.... եւ պարարտութիւն» է ինձ համար» (Առակաց 3։8)։
Իսկ մեկ ուրիշ երիտասարդ քրիստոնյա՝ Արիել անունով, բարձր է գնահատում հոգևոր կերակուրը, որը ստանում է ժողովի միջոցով։ «Երբ ես ներկա եմ լինում քրիստոնեական հանդիպումներին, շրջանային ու մարզային համաժողովներին և հնարավորություն եմ ունենում սնվել Եհովայի հոգևոր սեղանից, իսկապես հոգևոր թարմություն եմ ստանում,— ասում է նա։— Ինձ շատ է ոգևորում այն, որ աշխարհի բոլոր ծայրերում ես համագործակիցներ ունեմ»։ Իսկ ահա թե թարմություն տվող ամենամեծ աղբյուրի մասին նա ինչպես է արտահայտվում. «Որքա՜ն թարմացած եմ ինձ զգում՝ իմանալով, որ Եհովայի նման ընկեր ունեմ, հատկապես հիմա՝ այս օրերին, երբ լսում կամ տեսնում եմ, թե մարդկության վրա ինչ պառակտող ազդեցություն է թողնում այս աշխարհը» (Յակոբոս 2։23)։
Իսկ քսանամյա Աբիշայը, որն այսօր լիաժամ քարոզիչ է և ծառայող օգնական, այսպես է նկարագրում իր զգացումները. «Ես թարմություն եմ զգում, որովհետև գիտեմ, թե ինչպես կարող եմ դիմագրավել այն բազմաթիվ պրոբլեմները, որոնց հանդիպում են այսօր երիտասարդները։ Աստվածաշնչի ճշմարտությունն ինձ օգնել է, որ ուշադրությունս կենտրոնացնեմ այն ամենի վրա, ինչն անհրաժեշտ է Եհովային ամբողջ հոգով ծառայելու համար»։
Անտուան անունով մի երիտասարդ պատանեկան հասակում իր բնավորությամբ շատ բռնկվող է եղել։ Նա մի անգամ նույնիսկ աթոռով հարվածել է իր համադասարանցիներից մեկին, իսկ մեկ ուրիշ անգամ մատիտով բոթել է մեկ այլ աշակերտի։ Կարելի է ասել, որ նրա հետ շփումը բոլորովին էլ «թարմացուցիչ» չէր։ Սակայն Աստվածաշնչից ստացած կրթությունը ժամանակի ընթացքում փոխեց նրան։ Այժմ Անտուանը 19 տարեկան է։ Նա ծառայող օգնական է և լիաժամ քարոզիչ։ Անտուանն ասում է. «Ես շատ շնորհակալ եմ Եհովային, որ ինձ հնարավորություն է ընձեռել իր մասին գիտություն ստանալու և օգնել է ինձ հասկանալ, որ պետք է սովորեմ ինքս ինձ տիրապետել ու փոխեմ վարքս։ Շնորհիվ դրա ես կարողացել եմ զերծ մնալ շատ պրոբլեմներից»։
Երիտասարդ քրիստոնյաների «թարմացնող» վարքը նկատում են նաև ուրիշները։ Իտալիայում ապրում է Մաթեո անունով մի պատանի Վկա։ Նրա ուսուցչուհին հայտարարել էր, որ եթե աշակերտները դասարանում անպարկեշտ բառեր գործածեն, ապա որպես պատիժ փոքր տուգանք պետք է վճարեն։ Որոշ ժամանակ անց աշակերտները խնդրել էին ուսուցչուհուն չեղյալ համարել այդ պահանջը, քանի որ, ինչպես ասել էին նրանք, «անպարկեշտ խոսքեր անհնարին է չօգտագործել»։ «Սակայն,— շարունակում է պատմել Մաթեոն,— ուսուցչուհին ասաց, որ դա հնարավոր է, և օրինակ բերեց ինձ՝ որպես Եհովայի վկայի, և ամբողջ դասարանի առջև գովեց ինձ՝ այդպիսի բառեր չօգտագործելու համար»։
Թաիլանդի դպրոցների մեկի մի անկարգապահ դասարանի ուսուցչուհի ամբողջ դասարանի առաջ գովում է տասնմեկամյա Ռաթյային՝ լավ վարք դրսևորելու համար։ Ապա դիմելով աշակերտներին՝ ասում է. «Ինչո՞ւ չեք ընդօրինակում նրան։ Նա միշտ սովորում է իր դասերը և օրինակելի վարքի տեր աշակերտ է»։ Ապա ավելացնում է. «Որպեսզի դուք էլ փոխեք ձեր վարքը, կարծում եմ, որ պետք է դառնաք Եհովայի վկա, ինչպես Ռաթյան»։
Իսկապես ուրախալի է տեսնել, թե ինչպես են հազարավոր երիտասարդ քրիստոնյաներ խորացնում Եհովայի մասին իրենց գիտելիքները և կատարում նրա կամքը։ Նրանք այնպիսի իմաստություն են դրսևորում, որը մեծահասակներին հատուկ է։ Աստծո օգնությամբ նրանք կարող են հաջողությունների հասնել իրենց երիտասարդության տարիներին, իսկ ապագայում գալիք նոր աշխարհում ապրելու հնարավորություն ունենալ (Ա Տիմոթէոս 4։8)։ Հոգևոր առումով դատարկ այս աշխարհում ապրող բազմաթիվ երիտասարդներ իրենց կյանքից բավականություն չեն ստանում և հուսալքված վիճակում են։ Ի տարբերություն նրանց՝ երիտասարդ քրիստոնյաները թարմացուցիչ կյանքով են ապրում։