Գիտե՞ս, թե ինչ երջանկություն է բերում «տալը»
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ծառայությանը նա ակտիվորեն մասնակցում էր գրեթե 50 տարի։ Ծերության պատճառով կորցրած լինելով իր ուժը՝ այդ քույրը, միևնույն է, լի էր Թագավորության սրահի նորակառույց շենքը այցելելու վճռականությամբ։ Իրեն աջակցող մի քրիստոնյա եղբոր թևն ընկած՝ նա մտավ սրահ և քայլեց ուղիղ դեպի իր նշանակետը՝ նվիրատվությունների արկղը։ Արկղի մեջ նա մի համեստ գումար գցեց, որը խնայել էր այս նպատակով։ Թեև քույրն ի վիճակի չէր եղել մասնակցելու սրահի շինարարությանը, սակայն այդ գործին աջակցելու ցանկություն ուներ։
Քրիստոնյա այդ կինը հավանաբար հիշեցրեց ձեզ մեկ ուրիշ հավատարիմ կնոջ՝ ‘աղքատ որբևայրուն’, որը գրավել էր Հիսուսի ուշադրությունը, երբ տաճարի գանձանակի մեջ երկու մանրադրամ էր գցել։ Աստվածաշունչը ոչինչ չի հայտնում որբևայրու հանգամանքների մասին, բայց այն օրերում ամուսնուն կորցնելու պատճառով նա թերևս ընկած լիներ ծանր ֆինանսական կացության մեջ։ Անկասկած, Հիսուսի սիրտը ցավում էր այդ կնոջ համար, քանի որ նա լավ էր հասկանում այրու ծանր վիճակը։ Որբևայրուն օրինակ բերելով՝ Հիսուսը ասաց իր աշակերտներին, որ նա «ինչ որ ունէր գցեց». այդ համեստ նվիրատվությունը «իր կեանքի բոլոր ապրուստ[ն]» էր (Մարկոս 12։41–44)։
Բայց ինչո՞ւ պետք է աղքատ որբևայրու նման կարիքավոր կինը այդպիսի զոհողության գնար։ Անշուշտ, այն պատճառով, որ նա խորապես նվիրված էր Եհովա Աստծուն։ Իսկ Երուսաղեմի տաճարը Եհովայի երկրպագության կենտրոնն էր։ Թեպետ այրի կնոջ հնարավորությունները սահմանափակ էին, նա ցանկանում էր աջակցել սուրբ ծառայությանը և պետք է որ իսկական ուրախություն զգար՝ նվիրաբերելով այն, ինչ կարող էր։
Աջակցել Եհովայի գործին
Նյութական և ֆինանսական նվիրատվությունները միշտ էլ ճշմարիտ երկրպագության կարևոր մասն են կազմել և միշտ էլ երջանկության աղբյուր են եղել մարդկանց համար (Ա Մնացորդաց 29։9)։ Հին Իսրայելում նվիրատվությունների նպատակը միայն տաճարը գեղեցկացնելը չէր։ Դրանք օգնում էին, որ Եհովային մատուցվող երկրպագությունը ամեն օր անխափան շարունակվի իր բոլոր ոլորտներում։ Օրենքում կոնկրետ նշվում էր, որ Իսրայելի որդիները պետք է նվիրաբերեին իրենց եկամտի մեկ տասներորդ մասը՝ տաճարում ծառայություններ մատուցող ղևտացիներին օժանդակելու համար։ Սակայն ղևտացիները նույնպես պետք է Եհովային նվիրաբերեին իրենց ստացածի մեկ տասներորդ մասը (Թուոց 18։21–29)։
Թեպետ քրիստոնյաները ազատվեցին Օրենքի ուխտով նախատեսված պահանջներից, ճշմարիտ երկրպագությանը նյութապես աջակցելու սկզբունքը Աստծո ծառաների համար մնաց անփոփոխ (Գաղատացիս 5։1)։ Բացի այդ, առաջին դարի քրիստոնյաները մեծ ուրախությամբ նվիրաբերություններ էին անում իրենց կարիքավոր եղբայրներին աջակցելու նպատակով (Գործք 2։45, 46)։ Պողոս առաքյալը հիշեցրեց քրիստոնյաներին, որ ինչպես Աստված է առատաձեռն եղել նրանց հանդեպ և տարբեր բարիքներ պարգևել, այնպես էլ նրանք պետք է առատաձեռն լինեն ուրիշների հանդեպ։ Նա գրեց. «Ներկայ աշխարհիս հարուստներին պատուիրիր որ չ’գոռոզանան, եւ ոչ էլ ունայն մեծութեան վերայ յոյս դնեն, այլ կենդանի Աստուծոյ վերայ որ ամեն բան տալիս է մեզ առատապէս վայելելու համար։ Բարի գործեն, բարի գործերով հարստանան, առատաձեռն եւ կարօտներին հաղորդող լինեն։ Իրանց անձերի համար բարի հիմ գանձեն հանդերձեալի համար, որ յաւիտենական կեանք ձեռք բերեն» (Ա Տիմոթէոս 6։17–19; Բ Կորնթացիս 9։11)։ Եվ իրոք, սեփական փորձից ելնելով՝ Պողոսը կարող էր հաստատել Հիսուսի հետևյալ խոսքերի ճշմարտացիությունը. «Աւելի երանելի է տալը քան թէ առնելը» (Գործք 20։35)։
Քրիստոնեական նվիրատվությունները այսօր
Այսօր Եհովայի ծառաները շարունակում են իրենց նյութական միջոցներն օգտագործել իրար օգնելու, ինչպես նաև Թագավորության գործին թիկունք կանգնելու համար։ Իրենց կարողության չափով նվիրաբերություններ են կատարում նույնիսկ այն անհատները, ովքեր քիչ հնարավորություններ ունեն։ «Հաւատարիմ եւ իմաստուն ծառան» Եհովայի առջև իրեն պարտավորված է զգում այդ միջոցները օգտագործել լավագույն կերպով (Մատթէոս 24։45)։ Դրանք ծախսվում են մասնաճյուղերի աշխատանքը ապահովելու, Աստվածաշունչ ու աստվածաշնչյան գրականություն թարգմանելու և հրատարակելու, քրիստոնեական մեծ հավաքույթներ կազմակերպելու, շրջագայող վերակացուներին ու միսիոներներին կրթելու և նշանակման վայր ուղարկելու, աղետի գոտիներում օգնություն ցուցաբերելու և շատ ուրիշ կարևոր նպատակներ իրագործելու համար։ Ուշադրություն դարձնենք այդ նպատակներից մեկին՝ երկրպագության վայրերի շինարարությանը։
Շաբաթը երեք անգամ Եհովայի վկաները հանդիպումներ են անցկացնում իրենց Թագավորության սրահներում, որպեսզի օգուտներ քաղեն հոգևոր կրթությունից և վայելեն ներկաների առողջ ընկերակցությունը։ Շատ երկրներում, սակայն, տնտեսական վիճակը թույլ չի տալիս տեղի Վկաներին ֆինանսավորել Թագավորության սրահի շինարարությունը՝ առանց նախապես որևէ օժանդակություն ստանալու։ Այդ պատճառով 1999 թ.–ից Եհովայի վկաները կիրառության մեջ դրեցին մի ծրագիր, համաձայն որի՝ հարուստ երկրների դրամական միջոցները օգտագործվում են համեմատաբար աղքատ երկրներում Թագավորության սրահներ կառուցելու նպատակով։ Բացի դրանից, հազարավոր կամավորներ նվիրաբերում են իրենց ժամանակն ու հմտությունները՝ հաճախ աշխատելով իրենց երկրներից շատ հեռու գտնվող վայրերում։ Շինարարության ժամանակ տեղի Վկաները ձեռք են բերում շինարարական հմտություններ, իսկ Թագավորության սրահների ֆոնդը հնարավորություն է տալիս գնելու անհրաժեշտ սարքավորումներն ու նյութերը։ Այդ նոր սրահներից օգտվող Վկաները խորապես երախտապարտ են իրենց հավատակիցներին նվիրաբերած ժամանակի և գումարի համար։ Իրենց հերթին, նրանք ամեն ամիս նվիրատվություններ են անում, որպեսզի սարքին վիճակում պահեն նորակառույց Թագավորության սրահը և փոխհատուցեն շինարարության հետ կապված ծախսերը, ինչով և աջակցում են նոր սրահների կառուցմանը։
Թագավորության սրահները կառուցվում են տվյալ վայրում ընդունված մեթոդներով և շինարարության ժամանակ օգտագործվում են տեղական շինանյութեր։ Թեպետ այդ սրահները բարդ կառույցներ չեն, բայց շատ գեղեցիկ են և հարմարավետ։ Երբ 1999 թ.–ին սկսվեց այդ շինարարական ծրագիրը, դրա մեջ ընդգրկվեցին սահմանափակ միջոցներ ունեցող մոտ 40 երկրներ։ Այդ ժամանակվանից ի վեր նման երկրների թիվը հասել է 116–ի, ինչը աշխարհի մասշտաբով կազմում է Եհովայի վկաների ժողովների ավելի քան կեսը։ Անցած հինգ տարվա ընթացքում այս միջոցառման շնորհիվ կառուցվել է ավելի քան 9 000 Թագավորության սրահ. միջին հաշվով՝ 5 նոր սրահ ամեն օր։ Այնուամենայնիվ, հիշյալ 116 երկրներում դեռ 14 000 նոր սրահների կարիք կա։ Հույս ունենք, որ Եհովայի օրհնությամբ և ողջ աշխարհի Վկաների պատրաստակամության ու առատաձեռնության շնորհիվ բավականաչափ միջոցներ կունենանք այս կարիքը բավարարելու համար (Սաղմոս 127։1)։
Թագավորության սրահները նպաստում են աճին
Ի՞նչ ազդեցություն են գործել այս հսկայական ջանքերը տեղի Վկաների վրա և ինչպե՞ս են աջակցել քարոզչական գործունեությանը։ Շատ վայրերում Թագավորության նոր սրահի շինարարությունից հետո զգալիորեն աճել է ժողովի հանդիպումներին հաճախողների թիվը։ Նման մի օրինակ է բերվում Բուրունդիից ուղարկված հետևյալ հաղորդագրության մեջ. «Շինարարության ավարտից հետո Թագավորության սրահում հանդիպումների ժամանակ տեղ չի լինում։ Օրինակ՝ սրահներից մեկը կառուցվել էր մի ժողովի համար, որի հանդիպումներին միջին հաշվով հաճախում էր 100 հոգի։ Նրանց նոր սրահը նախատեսված էր 150 հոգու համար։ Բայց երբ շինարարությունը ավարտվեց, ներկաների թիվը հասավ 250–ի»։
Ինչո՞վ է պայմանավորված նման աճը։ Հանդիպման պաշտոնական վայր չունեցող քարոզիչների այն խմբերը, որ ստիպված են հավաքվել ծառի տակ կամ դաշտում, սովորաբար վստահություն չեն ներշնչում։ Մի երկրում նման փոքր կրոնական խմբերին կապում են էթնիկական ջարդերի հետ, և օրենքը պահանջում է, որ բոլոր տեսակի կրոնական հանդիպումները անցկացվեն երկրպագության համար նախատեսված շինության մեջ։
Սեփական սրահ ունենալու շնորհիվ Եհովայի վկաները ցույց են տալիս հասարակությանը, որ հոգևոր ինչ–որ հովվի աշակերտներ չեն։ Ահա թե ինչ են գրում Զիմբաբվեի մասնաճյուղից. «Առաջ այս տարածքում ապրող եղբայրները հավաքվում էին մասնավոր տներում, և տեղի բնակիչները ժողովը ճանաչում էին այն տանտիրոջ անունով, ում տանը որ անցկացվում էին հանդիպումները։ Նրանք եղբայրներին անվանում էին այսինչի կամ այնինչի եկեղեցու անդամներ։ Այժմ, սակայն, իրավիճակը փոխվում է, քանի որ մարդիկ տեսնում են յուրաքանչյուր սրահի վրա պարզ գրված խոսքերը՝ «Եհովայի վկաների Թագավորության սրահ»»։
Ուրախությամբ տվողներ
«Աստուած սիրում է ուրախ տուողին»,— գրում է Պողոս առաքյալը (Բ Կորնթացիս 9։7)։ Մեծ նվիրատվությունները, ինչ խոսք, շատ օգտակար են։ Սակայն Եհովայի վկաների այս գործը մեծամասամբ ֆինանսավորվում է այն նվիրաբերություններով, որ արվում են Թագավորության սրահների շինարարության համար նախատեսված նվիրատվությունների արկղերի մեջ։ Բոլոր նվիրատվությունները՝ մեծ թե փոքր, կարևոր են և գնահատելի։ Հիշենք. Հիսուսը ուշադրություն դարձրեց այն աղքատ այրու վրա, որն ընդամենը երկու լումա նվիրաբերեց։ Նրա վրա ուշադրություն դարձրեցին նաև հրեշտակներն ու Աստված։ Ու թեև մենք նույնիսկ չգիտենք այդ կնոջ անունը, Եհովան հոգ է տարել, որ նրա անձնազոհ քայլը արձանագրվի Աստվածաշնչում՝ ի հիշատակ բոլոր ժամանակներում ապրող մարդկանց։
Նվիրատվություններ կատարելով՝ մենք օժանդակում ենք ոչ միայն երկրպագության վայրերի շինարարությանը, այլև Թագավորության կարևոր գործի բոլոր ոլորտներին։ Դա մեզ առիթ է տալիս ուրախանալու և ‘շատերի գոհությունը Աստծո համար շատացնելու’ (Բ Կորնթացիս 9։12)։ Ահա թե ինչ են գրում Բենինում ապրող մեր քրիստոնյա հավատակիցները. «Ամեն օր շնորհակալական բազում աղոթքներ են ուղղվում Եհովային այն ֆինանսական օգնության համար, որ ստանում ենք միջազգային եղբայրությունից»։ Մյուս կողմից՝ ֆինանսապես օժանդակելով Թագավորության գործին՝ բոլորս էլ ապրում ենք այն երջանկությունը, որ գալիս է ‘տալուց’։
[շրջանակ/նկար 22–րդ և 23–րդ էջերի վրա]
Ինչպես են ոմանք նվիրատվություններ կատարում
Ի ՆՊԱՍՏ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ
Շատերը իրենց բյուջեից որոշակի գումար են հատկացնում Թագավորության գործին աջակցելու նպատակով և այն գցում են նվիրատվությունների արկղը (Մատթէոս 24։14)։ Ամեն ամիս այդ նվիրատվությունները ժողովներից ուղարկվում են տեղի մասնաճյուղ։
Կամավոր դրամական նվիրատվությունները կարելի է ուղարկել անմիջապես տվյալ երկրի մասնաճյուղ։ Հարկավոր է գումարին կցել մի համառոտ նամակ և այնտեղ նշել, որ դա նվիրատվություն է։
Նախապես ծրագրված նվիրատվություններ
Դրամական նվիրատվություններից բացի՝ մի շարք երկրներում կան Թագավորության գործին աջակցելու ուրիշ հնարավորություններ ևս։ Դրանցից են.
Անշարժ գույք։ Վաճառքի համար պիտանի անշարժ գույքը անհատը կարող է կա՛մ նվիրաբերել որպես նվեր անմիջապես Ընկերությանը, կա՛մ նվիրաբերել՝ պահպանելով նվիրատուի՝ գույքի սեփականությանը տիրելու ցմահ իրավունքը՝ շարունակելով ապրել այնտեղ մինչև իր կյանքի վերջը։ Եթե որևէ մեկը ցանկանում է նվիրաբերել իր սեփականությունը, ապա փաստաթղթերը ձևակերպելուց առաջ հարկավոր է կապ հաստատել Ընկերության հետ։
Կտակ։ Ընկերությանը կարելի է ունեցվածք կամ դրամ փոխանցել կտակի ձևով։ Այն պետք է կազմվի օրենքով սահմանված կարգով։ Կտակի պատճենը հարկավոր է ուղարկել Ընկերությանը։
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ «Դիտարան» Ընկերության տեղի գրասենյակից։
[նկարներ 20–րդ և 21–րդ էջերի վրա]
Եհովայի վկաների հանդիպման հին և նոր սրահները
Զամբիա
Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն