Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 1/1 էջ 7–9
  • Ե՞րբ է գալու Աստծու Թագավորությունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ե՞րբ է գալու Աստծու Թագավորությունը
  • 2008 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստծու Թագավորության գալուստը բարի կլինի՞ ձեզ համար
  • Քրիստոսի ներկայությունը ի՞նչ է նշանակում քեզ համար
    2008 Դիտարան
  • Ի՞նչ սովորեցրեց Հիսուսը Աստծու թագավորության մասին
    2010 Դիտարան
  • Առաքյալները Հիսուսից նշան են խնդրում
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Երբ մարդու Որդին հայտնվի
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
2008 Դիտարան
w08 1/1 էջ 7–9

Ե՞րբ է գալու Աստծու Թագավորությունը

«ՏԵ՛Ր, Իսրայելի համար թագավորությունը այս ժամանակո՞ւմ ես վերականգնելու» (Գործեր 1։6)։ Առաքյալները շատ էին ուզում իմանալ, թե երբ է Հիսուսը հաստատելու իր Թագավորությունը։ Այսօր՝ գրեթե 2 000 տարի անց, մարդիկ դեռևս մեծ ցանկություն ունեն իմանալու, թե երբ է գալու Աստծու Թագավորությունը։

Քանի որ Թագավորությունը Հիսուսի քարոզի գլխավոր թեման էր, դուք, բնականաբար, կակընկալեիք, որ նա այդ հարցին անդրադառնար տարբեր կողմերից։ Եվ իսկապե՛ս։ Հիսուսը բազմիցս խոսել է մի հատկանշական ժամանակաշրջանի մասին, որն անվանեց իր «ներկայություն» (Մատթեոս 24։37)։ Այդ «ներկայությունը» սերտորեն կապված է Մեսիական Թագավորության հաստատման հետ։ Իսկ ի՞նչ է նրա ներկայությունը։ Քննարկենք Քրիստոսի ներկայության վերաբերյալ աստվածաշնչային չորս ճշմարտություն։

1. Քրիստոսի ներկայությունը սկսվելու էր նրա մահից երկար տարիներ անց։ Հիսուսը մի առակ պատմեց, որում իրեն նմանեցրեց մի մարդու, ով «մեկնեց մի հեռավոր երկիր, որ իր համար թագավորական իշխանություն ստանա» (Ղուկաս 19։12)։ Ինչպե՞ս կատարվեց այս մարգարեական առակը։ Այսպես, Հիսուսը մահացավ, հարություն առավ, այնուհետև մեկնեց «հեռավոր երկիր», այսինքն՝ երկինք։ Քրիստոսը նմանատիպ մեկ այլ առակում նախագուշակեց, որ իր թագավորական իշխանությամբ նա վերադառնալու է միայն «երկար ժամանակ անց» (Մատթեոս 25։19)։

Հիսուսի՝ երկինք համբարձվելուց տարիներ անց Պողոս առաքյալը գրեց. «Այս մեկը [Հիսուսը] մեղքերի համար մշտնջենապես մեկ զոհ մատուցեց և Աստծու աջ կողմը նստեց ու այդ ժամանակվանից սպասում է, մինչև որ իր թշնամիները իր ոտքերի համար որպես պատվանդան դրվեն» (Եբրայեցիներ 10։12, 13)։ Ուստի երկինք բարձրանալուց հետո Հիսուսը դեռ պետք է որոշ ժամանակ սպասեր։ Այդ ժամանակն ավարտվեց, երբ Եհովա Աստված իր Որդուն նշանակեց վաղուց խոստացված Մեսիական Թագավորության Թագավոր։ Հենց այդ ժամանակվանից սկսվեց Քրիստոսի ներկայությունը։ Կարո՞ղ էին երկրի վրա ապրող մարդիկ տեսնել այս անչափ կարևոր իրադարձությունը։

2. Ներկայությունը անտեսանելի է մարդու աչքին։ Հիշեք, որ Հիսուսը խոսեց իր ներկայության նշանի մասին (Մատթեոս 24։3)։ Եթե նրա ներկայությունը տեսանելի լիներ մարդու աչքին, ապա մի՞թե նշանի կարիք կլիներ։ Պատկերացրեք՝ դուք ավտոմեքենայով գնում եք տեսնելու օվկիանոսը։ Ճանապարհին կան նշաններ, որոնք ցույց են տալիս ուղղությունը։ Դուք տեղ եք հասել։ Կանգնած եք ծովափին՝ ջրի մոտ։ Ձեր առջև տարածվում է անծայրածիր օվկիանոսը՝ հորիզոնում միաձուլվելով երկնքին։ Կակնկալեի՞ք տեսնել ցուցանակ, որի վրա պատկերված է դեպի ջրերն ուղղված սլաք, և մեծ–մեծ տառերով գրված է՝ «Օվկիանոս»։ Իհարկե ոչ։ Նշանի կարիք բոլորովին էլ չկա, որովհետև այն, ինչ որ պետք է, կարող եք հեշտությամբ տեսնել ձեր աչքերով։

Հիսուսը նկարագրեց իր ներկայության նշանը ոչ թե այն նպատակով, որ մատնանշեր մի բան, ինչը մարդիկ կարող էին տեսնել սեփական աչքերով, այլ որ օգներ նրանց նկատելու այն, ինչը տեղի էր ունենալու երկնքում։ Ուստի նա ասաց. «Աստծու թագավորությունը տեսանելի կերպով չի գա» (Ղուկաս 17։20)։ Այդ դեպքում երկրի վրա ապրողները ինչպե՞ս կարող էին զգալ, որ Քրիստոսի ներկայությունը սկսվել է։

3. Հիսուսի ներկայության ժամանակ երկրի վրա տեղի էին ունենալու ահազդու իրադարձություններ։ Հիսուսն ասաց, որ իր՝ որպես երկնային Թագավորի ներկայությունը բնորոշվելու է պատերազմներով, սովերով, երկրաշարժերով, համաճարակներով և անօրինությամբ (Մատթեոս 24։7–12; Ղուկաս 21։10, 11)։ Ի՞նչը կարող էր լինել այս չարիքի պատճառը։ Աստվածաշունչը բացատրում է, որ Սատանան՝ «այս աշխարհի իշխանը», խիստ բարկացած է, քանի որ գիտի՝ ինչ սկսվել է Քրիստոսի ներկայությունը, իրեն քիչ ժամանակ է մնացել (Հովհաննես 12։31; Հայտնություն 12։9, 12)։ Հիշյալ իրադարձությունները, որոնք վկայում են Սատանայի բարկության և Քրիստոսի ներկայության մասին, անչափ շատ են մեր ժամանակներում։ Հատկապես 1914 թ.–ից հետո, իսկ այդ տարին, ըստ պատմաբանների, շրջադարձային կետ է պատմության մեջ, դրանք սկսեցին աննախադեպ բնույթ կրել և տեղի ունենալ ամբողջ աշխարհում։

Այս ամենը կարող է ճնշող տպավորություն թողնել։ Բայց իրականում դրանք լավ բանի նախանշան են։ Դա նշանակում է, որ Մեսիական Թագավորությունն այժմ իշխում է երկնքում։ Շատ շուտով այդ Թագավորությունը կգործադրի իր իշխանությունը հենց այստեղ՝ երկրի վրա։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող են այն մարդիկ, ովքեր ուզում են ընդունել նրա իշխանությունը և դառնալ նրա հպատակները, իմանալ այդ Թագավորության մասին։

4. Հիսուսի ներկայությունը նշանավորվում է համաշխարհային քարոզչական գործունեությամբ։ Հիսուսն ասաց, որ իր ներկայությունը կլինի այնպես, «ինչպես որ Նոյի օրերն էին» (Մատթեոս 24։37–39)a։ Նոյը ոչ միայն տապան էր կառուցում, այլև «արդարություն էր քարոզում» (2 Պետրոս 2։5)։ Նոյը նախազգուշացնում էր մարդկանց Աստծու մոտալուտ դատաստանի մասին։ Հիսուսն ասաց, որ իր երկրային հետևորդները նմանատիպ գործ անելիս կլինեն իր ներկայության ժամանակ։ Նա մարգարեացավ. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ բնակեցված երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը» (Մատթեոս 24։14)։

Ինչպես տեսանք նախորդ հոդվածում, Աստծու Թագավորությունը ոչնչացնելու է այս աշխարհի բոլոր կառավարությունները։ Մարդիկ տեղեկացվում են, որ այն շուտով գործի է անցնելու։ Նրանք դեռ հնարավորություն ունեն խուսափելու գալիք կործանումից և դառնալու Թագավորության հպատակ։ Ուստի կարևոր հարց է առաջանում. «Ինչպե՞ս դուք կարձագանքեք»։

Աստծու Թագավորության գալուստը բարի կլինի՞ ձեզ համար

Այն, ինչ քարոզում էր Հիսուսը, եզակի հույս էր տալիս մարդկանց։ Հազարավոր տարիներ առաջ Եդեմում Ադամը ըմբոստացավ Աստծու դեմ։ Նրա ըմբոստության հետևանքները շտկելու համար Եհովա Աստված նպատակ դրեց ստեղծելու մի կառավարություն։ Դրա շնորհիվ հավատարիմ մարդիկ վերադառնալու էին այն վիճակին, որը Աստված սկզբնապես նպատակադրել էր. նրանք հավիտյան ապրելու էին դրախտային երկրում։ Վաղուց խոստացված այդ կառավարությունը այժմ իշխում է երկնքում։ Կա՞ արդյոք սրանից ավելի լավ լուր։ Աստծու Թագավորությունը անորոշ, վերացական հասկացություն չէ, այլ ակնհայտ իրականություն։

Այժմ Աստծու նշանակած Թագավորը իշխում է իր թշնամիների մեջ (Սաղմոս 110։2)։ Այս ապականված և աստվածամերժ աշխարհում Մեսիան կատարում է իր Հոր կամքը, որն է՝ գտնել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ճանաչել Աստծուն այնպիսին, ինչպիսին որ նա կա իրականում, և երկրպագել նրան «ոգով և ճշմարտությամբ» (Հովհաննես 4։24)։ Աստծու Թագավորության ներքո հավիտյան ապրելու հույսը կարող են ունենալ բոլոր մարդիկ՝ անկախ ռասայից, տարիքից և սոցիալական դրությունից (Գործեր 10։34, 35)։ Ձեզ չքնաղ հնարավորություն է ընձեռված։ Մենք ձեզ հորդորում ենք անպայման օգտվել դրանից։ Սովորեք Աստծու Թագավորության մասին հենց հիմա, որպեսզի կարողանաք հավիտյան վայելել կյանքը նրա արդար իշխանության ներքո (1 Հովհաննես 2։17)։

[ծանոթագրություն]

a Որոշ Աստվածաշնչերում «ներկայություն» բառի ոչ ճիշտ թարգմանության պատճառով սխալ գաղափար է ներմուծվել։ Հիսուսի այս խոսքերը հերքում են այդ գաղափարը։ Այդ Աստվածաշնչերում բնագրի բառը թարգմանվել է «գալուստ», «հայտնվել» կամ «վերադարձ», որոնք մատնանշում են կարճատև իրադարձություն։ Նկատեք, սակայն, որ Հիսուսը իր ներկայությունը նմանեցրեց ոչ թե Նոյի օրերի Ջրհեղեղին, որը ժամանակի մեջ տեղի ունեցած մեկ իրադարձություն էր, այլ «Նոյի օրերին», որը ժամանակի մի հատված էր։ Նոյի օրերի պես՝ Քրիստոսի ներկայությունը լինելու էր մի ժամանակահատված, որի ընթացքում մարդիկ այնքան շատ էին տարված լինելու առօրյա հոգսերով, որ ուշադրություն չէին դարձնելու տրվող նախազգուշացմանը։

[նկարներ 8–րդ և 9–րդ էջերի վրա]

Ամեն օր վատ լուրեր ենք լսում։ Դրանք փաստում են, որ շուտով լավ բաներ են տեղի ունենալու

[թույլտվությամբ]

Antiaircraft gun: U.S. Army photo

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը