Ծերանոցում են, բայց մոռացված չեն
ՊՈՂՈՍ առաքյալը քրիստոնյա հավատակիցներին հետևյալ հորդորը տվեց. «Եկեք բարին գործենք բոլորի հանդեպ, բայց հատկապես նրանց հանդեպ, ովքեր հարազատ են մեզ հավատի մեջ» (Գաղ. 6։10)։ Այսօր մենք հետևում ենք այդ ներշնչյալ հրահանգին և մեր հավատակիցներին բարիք անելու կերպեր ենք փնտրում։ Մենք ուզում ենք բարիք անել նաև մեր այն տարեց եղբայրներին և քույրերին, ովքեր ապրում են ծերանոցներում։ Նրանք մեր սիրառատ հոգատարության կարիքն ունեն։
Ճիշտ է, որոշ մշակույթներում ընդունված է, որ ընտանիքի անդամները իրենց տարեց ծնողներին խնամեն տանը։ Սակայն այլ վայրերում շատ տարեցներ ապրում են ծերանոցներում։ Ծերերի համար նախատեսված տներում են ապրում նաև որոշ տարեց քրիստոնյաներ։ Ի՞նչ դժվարությունների են նրանք բախվում այնտեղ։ Եթե ընտանիքի անդամները չեն աջակցում, ապա ինչպե՞ս են հաղթահարում այդ դժվարությունները։ Ինչպե՞ս կարող է քրիստոնեական ժողովը օգնել նրանց։ Ի՞նչ օգուտներ ենք ինքներս ստանում, երբ կանոնավորաբար այցելում ենք նրանց։
Դժվարություններ՝ ծերանոցում
Ծերանոցը, ուր տեղափոխվում են տարեց քրիստոնյաները, գուցե գտնվում է մեկ այլ ժողովի տարածքում։ Հետևաբար, նրանք ծանոթ չեն տեղի ժողովի եղբայրներին և քույրերին։ Վերջիններս էլ, հնարավոր է, չեն մտածում, որ նրանց կարելի է հաճախակի այցելել։ Բացի այդ, ծերանոցում տարեց քրիստոնյաները շրջապատված են այլ կրոն դավանող մարդկանցով։ Դրանք լուրջ դժվարություններ են ստեղծում տարեց եղբայրների և քույրերի համար։
Օրինակ՝ որոշ վայրերում ծերանոցներում կրոնական ծառայություններ են մատուցվում։ Մի խնամատար նշում է. «Որոշ տարեց Վկաներ այլևս չեն կարողանում հասկանալի խոսել և ինքնուրույն շարժվել։ Ուստի եղել է, որ առանց նրանց կամքը հարցնելու՝ սայլակով նրանց տարել են եկեղեցական ծառայությունների»։ Մեկ ուրիշ դժվարություն է այն, որ ծերանոցի աշխատակազմը ծերերի առօրյայում փոփոխություն մտցնելու նպատակով նշում է ծննդյան տարեդարձներ, Սուրբ ծնունդ, Նոր տարի, Զատիկ և այլ տոներ։ Նաև այնտեղ երբեմն այնպիսի կերակուր են տալիս, որը Վկաների խիղճը թույլ չի տալիս ուտել (Գործ. 15։29)։ Եթե կանոնավորաբար այցելենք մեր տարեց եղբայրներին ու քույրերին, կկարողանանք օգնել նրանց հաղթահարելու այդ դժվարությունները։
Ժողովի աջակցությունը
Առաջին դարի քրիստոնյաները քաջ գիտակցում էին, որ պիտի ուշադիր լինեն այն տարեցների հանդեպ, ովքեր չունեն հարազատներ, որոնցից կարող էին աջակցություն ստանալ (1 Տիմոթ. 5։9)։ Նույն ձևով էլ այսօր երեցները պետք է հավաստիանան, որ իրենց տարածքի ծերանոցներում ապրող տարեցները անտեսված չենa։ Ռոբերտ անունով մի երեց ասում է. «Լավ կլինի, եթե երեցները անձամբ այցելեն՝ տեսնելու նրանց կենցաղային պայմանները և աղոթելու նրանց հետ։ Ժողովը շատ բան կարող է անել տարեցների կարիքները հոգալու համար»։ Երբ նրանց այցելելու համար ժամանակ ենք հատկացնում, ցույց ենք տալիս, որ հասկանում ենք, որ Եհովան անչափ կարևորում է կարիքի մեջ եղողներին հոգ տանելը (Հակ. 1։27)։
Անհրաժեշտության դեպքում երեցները պատրաստակամորեն քայլեր են ձեռնարկում գործնական օգնություն ցույց տալու ծերանոցում գտնվող եղբորը կամ քրոջը։ Ռոբերտը նշում է, թե, օրինակ, ինչի կարիք ունեն նրանք. «Մենք պետք է քաջալերենք այդ տարեց եղբայրներին և քույրերին հաճախելու քրիստոնեական հանդիպումներին, եթե ի վիճակի են»։ Սակայն ոմանք ի վիճակի չեն գալու Թագավորության սրահ, ուստի երեցները կարող են այլ կերպ օգնել։ Ժակլինը, որը 80–ն անց է և տառապում է ոսկրահոդաբորբով, հանդիպումների ծրագիրը լսում է հեռախոսով։ Նա ասում է. «Ժողովի ծրագիրն ուղիղ կապով լսելն ինձ շատ է օգնում։ Ինչ էլ որ լինի, բաց չեմ թողնում հանդիպումները»։
Եթե տարեց քրիստոնյան հնարավորություն չունի հեռախոսով լսելու հանդիպումները, երեցները կարող են կազմակերպել, որ ծրագիրը ձայնագրվի։ Այն անհատը, ով ձայնագրությունները տանում է ծերանոց, առիթից օգտվելով, կարող է քաջալերել ծեր եղբորը կամ քրոջը։ «Ժողովի անդամների մասին նորություններ լսելը նրանց օգնում է զգալ, որ իրենք շարունակում են մնալ մեր հոգևոր ընտանիքում»,— ասում է մի երեց։
Հաղորդակցվիր
Բնականաբար, շատ տարեցներ, երբ տեղափոխվում են ծերանոց, լարված ու կաշկանդված են զգում։ Ոմանք դառնում են ինքնամփոփ։ Բայց եթե այցելենք մեր եղբորը կամ քրոջը անմիջապես նրանց տեղափոխվելուց հետո և հավաստիացնենք, որ շարունակելու ենք աջակցել իրենց, ապա մեծապես կօգնենք, որ վերագտնեն իրենց հոգեկան անդորրը և ուրախությունը (Առակ. 17։22)։
Եթե տարեց եղբոր կամ քրոջ մտային ունակությունները թուլացել են, լսողությունը վատացել է, կամ նա այլ խնդիր ունի, որի պատճառով չի կարողանում հաղորդակցվել, ապա ոմանք գուցե մտածեն, որ նրանց այցելելն իմաստ չունի։ Սակայն պարբերաբար այցելելով նրանց, անկախ այն բանից, թե որքան դժվար է հաղորդակցվելը՝ ցույց ենք տալիս, որ նախաձեռնություն ենք վերցնում «պատիվ տալու մեջ» (Հռոմ. 12։10)։ Եթե եղբայրը ունի ծերունական անհիշություն (այսինքն՝ կարող է հիշել տարիներ առաջ տեղի ունեցած դեպքերը, սակայն չի հիշում, օրինակ, 10 րոպե առաջ կատարվածները), կարող ենք հորդորել նրան պատմել հին պատմություններ։ Նա գուցե հիշի որոշ դեպքեր նույնիսկ իր մանկությունից կամ էլ պատմի, թե ինչպես է ընդունել ճշմարտությունը։ Իսկ ի՞նչ կարող ենք անել, երբ նա դժվարանում է ճիշտ բառեր ընտրել։ Համբերատարությամբ լսիր, իսկ եթե հարմար է, մի քանի բառ հուշիր կամ ինքդ հակիրճ արտահայտիր նրա ասելիքը և քաջալերիր նրան շարունակել զրույցը։ Իսկ եթե նա շփոթվում է կամ խոսքի արատ ունի, և դժվար է նրան հասկանալ, կարող ես փորձել ըմբռնել նրա ասածը՝ ուշադիր հետևելով ձայնի տոնին։
Եթե բանավոր հաղորդակցությունը հնարավոր չէ, կարելի է այլ միջոցների դիմել։ Լորանսը՝ մի ռահվիրա քույր, կանոնավորաբար այցելում է 80–ամյա Մադլենին, որն այլևս չի կարողանում խոսել։ Քույրը բացատրում է, թե ինչպես են իրենք հաղորդակցվում. «Ես բռնում եմ Մադլենի ձեռքը, և միասին աղոթում ենք։ Նա էլ թեթևակի սեղմում է ձեռքս և աչքերը թարթելով՝ շնորհակալություն հայտնում այդ թանկագին պահերի համար»։ Մեր տարեց ընկերների ձեռքերը բռնելով կամ նրանց հետ ջերմ գրկախառնվելով՝ կվստահեցնենք, որ նրանք թանկ են մեզ համար։
Քո ներկայությունը կարևոր է
Քո կանոնավոր այցելությունները կարող են դրականորեն ազդել մեր եղբոր կամ քրոջ նկատմամբ խնամատարների ունեցած վերաբերմունքի վրա։ Դանիելան, որը Եհովայի վկա է, և 20 տարի է, ինչ այցելում իր հավատակցին, ասում է. «Երբ ծերանոցի աշխատողները տեսնում են, որ ինչ–որ մեկին կանոնավորաբար այցելում են, նրանք ավելի ուշադիր ու հոգատար վերաբերմունք են ցուցաբերում»։ Ռոբերտը, որի մասին նշվեց վերևում, ասում է. «Խնամատարները հակված են լինում լսելու նրանց, ովքեր պարբերաբար են այցելում տարեց մարդուն։ Սակայն հազվադեպ այցելուների հետ թերևս այդպես չվարվեն»։ Քանի որ խնամատարները հաճախ գործ են ունենում պահանջկոտ հարազատների հետ, նրանց հաճելի է շնորհակալական խոսքեր լսել այցելուներից։ Իսկ երբ լավ հարաբերություններ ենք ունենում ծերանոցի աշխատակիցների հետ, նրանք հակված են լինում հարգելու իրենց խնամքի տակ գտնվող տարեց Վկաների սկզբունքներն ու համոզմունքները։
Բացի այդ, մենք լավ փոխհարաբերություններ կհաստատենք նրանց հետ, եթե պատրաստակամություն հայտնենք հասարակ գործերում օգնելու նրանց։ Որոշ վայրերում փորձառու աշխատողների մշտական պակասը անդրադառնում է ծերերի խնամքի որակի վրա։ Ռեբեկան, որը խնամատար է, ասում է. «Ճաշի ժամերին շատ զբաղված ենք լինում, ուստի լավ կլիներ, եթե այցելուները այդ ժամերին գային և կերակրեին իրենց հարազատին»։ Մենք չպետք է վարանենք հարցնելու աշխատողներին, թե ինչպես կարող ենք օգնել իրենց։
Եթե կանոնավորաբար այցելենք ծերանոց, ապա կկարողանանք տեսնել, թե մեր եղբայրը կամ քույրը ինչի կարիք ունի, և անձնակազմի թույլտվությամբ կարող ենք նրա այդ կարիքը բավարարել։ Օրինակ՝ կարող ենք զարդարել նրա սենյակը հարազատների լուսանկարներով կամ երեխաների նկարած նկարներով։ Գուցե կարողանանք նվիրել տաք խալաթ կամ անձնական հիգիենայի պիտույքներ։ Եթե ծերանոցն ունի այգի, կարող ենք մեր տարեց եղբոր կամ քրոջ հետ դուրս գալ մաքուր օդ շնչելու։ Լորանսը, որի մասին խոսվեց վերևում, ասում է. «Մադլենն անհամբեր սպասում է իմ շաբաթական այցերին։ Երբ երեխաներին էլ եմ հետս տանում, նրա դեմքին իսկույն ժպիտ է հայտնվում, և աչքերը պայծառանում են»։ Այս և նման այլ կերպերով աջակցելով՝ մենք մեծ բան արած կլինենք ծերանոցում գտնվող մեր հավատակիցների համար (Առակ. 3։27)։
Այցելությունները օգուտ են բերում բոլորին
Ծերանոցում գտնվող մեր տարեց հավատակիցներին այցելելով՝ մենք կփաստենք մեր «սիրո անկեղծությունը» (2 Կորնթ. 8։8)։ Ինչո՞ւ ենք այսպես ասում։ Իհարկե, ցավալի է տեսնել, թե ինչպես է մեր ընկերոջ վիճակը գնալով վատանում։ Լորանսն ասում է. «Սկզբում Մադլենի վիճակից այնքան էի ազդվում, որ ամեն այցից հետո լաց էի լինում։ Բայց հասկացա, որ ջերմեռանդ աղոթքները օգնում են հաղթահարել վախը և ուժ են տալիս քաջալերելու ուրիշներին»։ Երկար տարիներ Ռոբերտն այցելում է Լարի անունով մի եղբոր, որը տառապում է Պարկինսոնյան հիվանդությամբ։ Ռոբերտն ասում է. «Լարիի հիվանդությունն այնքան է խորացել, որ նա այլևս չի կարողանում հասկանալի խոսել։ Բայց երբ միասին աղոթում ենք, ես զգում եմ, որ նրա հավատը դեռ կենդանի է»։
Երբ այցելում ենք տարեց հավատակիցներին, օգուտ են ստանում ոչ միայն նրանք, այլև մենք։ Նրանք, ապրելով տարբեր դավանանք ունեցող մարդկանց շրջապատում և հավատարիմ մնալով Եհովային, մեզ սովորեցնում են հավատ ունենալ և քաջ լինել։ Այդ եղբայրներն ու քույրերը, չնայած լսողական ու տեսողական խնդիրներին, շարունակում են փափագել հոգևոր սննդի, ինչը վառ կերպով ցույց է տալիս, որ «մարդ պետք է ոչ միայն հացով ապրի, այլև այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Եհովայի բերանից» (Մատթ. 4։4)։ Ուրախանալով հասարակ բաներով, ինչպես օրինակ՝ երեխայի ժպիտով կամ միասին ճաշելու հնարավորությամբ՝ տարեցները հիշեցնում են մեզ, որ պետք է գոհ ու բավարարված լինենք մեր ունեցածով։ Հոգևոր արժեքների նկատմամբ նրանց սերը կարող է օգնել մեզ ճիշտ առաջնահերթություններ դնել։
Ինչ խոսք, երբ օգնում ենք տարեցներին, ապա ողջ ժողովն է օգուտ քաղում։ Ինչպե՞ս։ Քանի որ այդ ֆիզիկապես տկար եղբայրներն ու քույրերը եղբայրական սիրո կարիք ունեն, նրանք այդպիսով հնարավորություն են տալիս ժողովի անդամներին սովորել կարեկցանք դրսևորել։ Մենք տարբեր կերպերով ծառայում ենք միմյանց, և բոլորս տարեցներին հոգ տանելը պետք է համարենք այդպիսի ծառայություն կատարելու ձևերից մեկը, անգամ եթե մեզանից երկար ժամանակ պահանջվի դա անելու համար (1 Պետ. 4։10, 11)։ Եթե երեցները առաջնորդություն են վերցնում այս հարցում, ապա ժողովի անդամները հասկանում են, որ քրիստոնեական գործունեության այս ձևը երբեք չի կարելի անտեսել (Եզեկ. 34։15, 16)։ Թող որ մեր պատրաստակամությամբ և սիրառատ աջակցությամբ հավաստիացնենք մեր տարեց հավատակիցներին, որ իրենք մոռացված չեն։
[ծանոթագրություն]
a Երբ ժողովի քարտուղարը տեղեկանում է, որ եղբայրը կամ քույրը տեղափոխվել է այլ տարածքում գտնվող ծերանոց, նրա կողմից սիրո դրսևորում կլինի այդ մասին անմիջապես հայտնել այդ տարածքի ժողովի երեցներին։
[մեջբերում 28–րդ էջի վրա]
«Երբ ծերանոցի աշխատողները տեսնում են, որ ինչ–որ մեկին կանոնավորաբար այցելում են, նրանք ավելի ուշադիր ու հոգատար վերաբերմունք են ցուցաբերում»
[նկար 26–րդ էջի վրա]
Մեր սրտաբուխ աղոթքները կարող են օգնել տարեց հավատակցին վերագտնելու իր հոգեկան անդորրը
[նկար 26–րդ էջի վրա]
Մեր ջերմ սիրո արտահայտումները կզորացնեն մեր տարեց հավատակիցներին