Հատկություններ, որոնց պետք է «հետևենք»
«Հետևի՛ր արդարության, Աստծու հանդեպ նվիրվածության, հավատի, սիրո, տոկունության [և] մեղմության» (1 ՏԻՄՈԹ. 6։11)։
1. Ի՞նչ սուրբգրային դեպքեր գուցե հիշես «հետևից ընկնել» արտահայտությունը լսելիս։
ԵՐԲ լսում ես «հետևել», «հետևից ընկնել» կամ «հետամուտ լինել» արտահայտությունները, ի՞նչ է միտդ գալիս։ Հնարավոր է՝ հիշես Աստվածաշնչում նկարագրված այն դեպքը, երբ Մովսեսի օրերում եգիպտական բանակը Իսրայելի «հետևից ընկավ», սակայն ջախջախվեց Կարմիր ծովում (Ելից 14։23)։ Կամ գուցե հիշես սուրբգրային այն հատվածը, որտեղ պատմվում է, թե հին Իսրայելում ինչ վտանգի առջև էր կանգնում այն անձնավորությունը, ով պատահաբար մարդ էր սպանում։ Նա պետք է շտապ փախչեր ապաստանի վեց քաղաքներից մեկը, «որ արիւնի վրէժխնդիրը մարդասպանի ետեւից չ’ընկնէ, ըստ որում սիրտը վառուել է, եւ.... նորան հասնէ եւ նորան մեռցնէ» (Բ Օրին. 19։6)։
2. ա) Աստված որոշ քրիստոնյաների առաջարկում է ի՞նչ մրցանակի հետամուտ լինել։ բ) Ի՞նչ հեռանկար ունի այսօր քրիստոնյաների մեծամասնությունը։
2 Այժմ քննենք մեկ ուրիշ համար, որտեղ օգտագործված է «հետամուտ լինել» արտահայտությունը։ Պողոս առաքյալը գրեց. «Ես հետամուտ եմ լինում նպատակին՝ վերին կոչման մրցանակին, որ տալիս է Աստված Քրիստոս Հիսուսի միջոցով» (Փիլիպ. 3։14)։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ 144 000 օծյալ քրիստոնյաները, որոնց մեջ է մտնում նաև Պողոսը, ստանում են մրցանակը՝ երկնային կյանքը։ Նրանք կլինեն Հիսուսի իշխանակիցները և նրա հետ հազար տարի կղեկավարեն երկիրը։ Աստված օծյալներին առաջարկում է «հետամուտ լինել» իսկապես մի հրաշալի նպատակի։ Այսօր երկրի վրա ապրող քրիստոնյաների մեծամասնությունը, սակայն, այլ հեռանկար, կամ՝ նպատակ ունի։ Եհովան սիրով նրանց առաջարկում է այն, ինչ Ադամն ու Եվան կորցրին՝ կատարյալ առողջություն և հավիտենական կյանք դրախտային երկրում (Հայտն. 7։4, 9; 21։1–4)։
3. Ինչպե՞ս կարող ենք փաստել, որ երախտապարտ ենք Եհովային իր անարժան բարության համար։
3 Մեղավոր և անկատար մարդիկ, թեև ջանում են անել ճիշտը, չեն կարող վաստակել հավիտենական կյանքը (Ես. 64։6)։ Մենք կարող ենք հավիտենական կյանք ստանալ միայն այն դեպքում, եթե հավատ ընծայենք Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծու տված փրկությանը։ Ինչպե՞ս կարող ենք փաստել, որ երախտապարտ ենք Եհովային իր անարժան բարության համար։ Մենք դա կարող ենք անել՝ հնազանդվելով հետևյալ պատվերին. «Հետևի՛ր արդարության, Աստծու հանդեպ նվիրվածության, հավատի, սիրո, տոկունության [և] մեղմության» (1 Տիմոթ. 6։11)։ Այս հատկությունները քննելը կօգնի յուրաքանչյուրիս ավելի վճռական լինելու դրանց «լիարժեք կերպով» հետևելու հարցում (1 Թեսաղ. 4։1)։
«Հետևի՛ր արդարության»
4. Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ «արդարության հետևելը» կարևոր է, և ինչպե՞ս կարող է անհատը սկսել արդարության հետևել։
4 Տիմոթեոսին ուղղած իր երկու նամակներում Պողոս առաքյալը գրում է, թե քրիստոնյաները ինչ հատկություններ պետք է զարգացնեն, ընդ որում երկու դեպքում էլ նա առաջինը նշում է «արդարությունը» (1 Տիմոթ. 6։11; 2 Տիմոթ. 2։22)։ Աստվածաշնչի ուրիշ համարներից ևս տեսնում ենք, որ պետք է «հետևենք արդարության» (Առակ. 15։9; 21։21; Ես. 51։1)։ Անհատը կարող է սկսել արդարության հետևել՝ «ճանաչելով միակ ճշմարիտ Աստծուն և Հիսուս Քրիստոսին, որին նա ուղարկեց» (Հովհ. 17։3)։ Արդարության հետևելով՝ անհատը կցանկանա զղջալ անցյալում կատարած մեղքերի համար և «դարձի կգա», որպեսզի կատարի Աստծու կամքը (Գործ. 3։19)։
5. Ի՞նչ պետք է անենք, որ ամեն ժամանակ արդար լինենք Աստծու աչքում։
5 Միլիոնավոր մարդիկ, ովքեր անկեղծորեն հետևում են արդարության, իրենց կյանքը նվիրել են Եհովային և այդ նվիրումը խորհրդանշել են ջրի մկրտությամբ։ Եթե հիմա դու մկրտված քրիստոնյա ես, մտածե՞լ ես երբևէ այն մասին, որ քո ապրելակերպից պետք է երևա, ու թերևս երևում է, որ հետամուտ ես լինում արդարության։ Դու արդարության հետևած կլինես, եթե կարևոր որոշումներ կայացնելիս Աստվածաշնչի օգնությամբ «ճիշտն ու սխալը» զանազանես (կարդա՛ Եբրայեցիներ 5։14)։ Օրինակ՝ եթե արդեն ամուսնական տարիքում ես, բայց դեռ չես ամուսնացել, հաստատ վճռե՞լ ես ռոմանտիկ հարաբերություններ չզարգացնել այնպիսի մարդու հետ, ով մկրտված քրիստոնյա չէ։ Եթե հետևում ես արդարության, դու այդպես կանես (1 Կորնթ. 7։39)։
6. Ի՞նչ է նշանակում իսկապես արդարության հետևել։
6 Աստծու աչքում արդար լինել չի նշանակում համոզված լինել սեփական անձի արդարության մեջ կամ լինել «խիստ շատ արդար» (Ժող. 7։16)։ Հիսուսը զգուշացրեց իր ունկնդիրներին, որ ի ցույց չդնեն իրենց արդարությունը՝ ուրիշներից ավելի լավ երևալու համար (Մատթ. 6։1)։ Արդարության հետևող անհատը ուշադիր է, թե ինչ վիճակում է իր սիրտը. նա սրտից վանում է սխալ մտքերը, տեսակետները, մղումները և ցանկությունները։ Եթե միշտ այդպես ենք վարվում, ապա քիչ հավանական է, որ լուրջ մեղք գործենք (կարդա՛ Առակաց 4։23; համեմատի՛ր Հակոբոս 1։14, 15)։ Ավելին, Եհովան կօրհնի մեզ և կօգնի, որ մյուս կարևոր քրիստոնեական հատկություններին ևս հետևենք։
«Հետևի՛ր.... Աստծու հանդեպ նվիրվածության»
7. Ի՞նչ է «Աստծու հանդեպ նվիրվածությունը»։
7 Աստծու հանդեպ նվիրվածություն ունեցող անհատը ջերմեռանդ է և հավատարիմ։ Աստվածաշնչյան մի բառարանում ասվում է, որ «Աստծու հանդեպ նվիրվածություն» թարգմանված հունարեն բառը նշանակում է հետևյալը. «անհատը, առողջ դատողության վրա հիմնվելով, թույլ չի տալիս, որ իր աստվածավախությունը թուլանա ինչ–որ բանի պատճառով»։ Իսրայելացիները հաճախ էին թերանում նման նվիրվածություն դրսևորել։ Օրինակ՝ դա երևում է այն բանից, որ նույնիսկ Եգիպտոսից ազատագրվելուց հետո նրանք անհնազանդ էին Աստծուն։
8. ա) Ի՞նչ հարց առաջացավ Ադամի մեղք գործելու պատճառով։ բ) Ինչպե՞ս տրվեց այդ «սրբազան գաղտնիքի» վերաբերյալ առաջացած հարցի պատասխանը։
8 Կատարյալ մարդ Ադամի մեղք գործելուց հազարավոր տարիներ անց դեռևս շարունակում էր անպատասխան մնալ հետևյալ հարցը. «Կարո՞ղ է մարդը Աստծու հանդեպ կատարյալ նվիրվածություն դրսևորել»։ Դարեր շարունակ ոչ մի մեղավոր մարդ չկարողացավ կատարյալ նվիրվածություն դրսևորել Աստծու հանդեպ։ Բայց իր որոշած ժամանակին Եհովան հայտնեց այդ «սրբազան գաղտնիքի» վերաբերյալ առաջացած հարցի պատասխանը։ Նա իր միածին երկնային Որդու կյանքը տեղափոխեց Մարիամի արգանդը, որպեսզի նա ծնվի որպես կատարյալ մարդ։ Հիսուսը իր երկրային կյանքի ամբողջ ընթացքում, ներառյալ այն պահերը, երբ մահանում էր տանջանքի ցցի վրա անարգալից մահով, ցույց տվեց, թե ինչ է նշանակում ջերմեռանդորեն նվիրված լինել ճշմարիտ Աստծուն և լիովին հավատարիմ մնալ նրան։ Հիսուսի աղոթքներից լավ երևում է, որ նա խոր ակնածանք ուներ իր սիրառատ երկնային Հոր հանդեպ (Մատթ. 11։25; Հովհ. 12։27, 28)։ Ուստի Եհովան ներշնչեց Պողոսին, որ Հիսուսի օրինակելի երկրային կյանքի վերաբերյալ խոսելիս նշի «Աստծու հանդեպ նվիրվածության» մասին (կարդա՛ 1 Տիմոթեոս 3։16)։
9. Ինչպե՞ս կարող ենք հետևել Աստծու հանդեպ նվիրվածության։
9 Լինելով մեղավոր մարդիկ՝ մենք չենք կարող Աստծու հանդեպ կատարյալ նվիրվածություն դրսևորել։ Սակայն կարո՛ղ ենք ձգտել դրան։ Այդ նպատակով պետք է հնարավորինս սերտորեն հետևենք Քրիստոսի օրինակին (1 Պետ. 2։21)։ Վարվելով այդպես՝ մենք չենք նմանվի այն կեղծավորներին, ովքեր «Աստծու հանդեպ նվիրվածություն ունեցողի կերպարանք ունեն, բայց նրա զորությունն ուրանում են» (2 Տիմոթ. 3։5)։ Իհարկե, սա չի նշանակում, որ Աստծու հանդեպ ճշմարիտ նվիրվածությունը չի դրսևորվում որևէ կերպով։ Անշուշտ, դրսևորվում է։ Օրինակ՝ մեր հագուկապում։ Անկախ նրանից՝ հարսանիք ենք գնում, թե խանութ՝ այն, թե ինչ հագուստ կկրենք, պետք է միշտ համապատասխանի մեր այն պնդմանը, որ մենք «ակնածում ենք Աստծուց» (1 Տիմոթ. 2։9, 10)։ Այո՛, որպեսզի «հետևենք Աստծու հանդեպ նվիրվածության», պետք է մեր ամենօրյա կյանքում հաշվի առնենք Աստծու արդար չափանիշները։
«Հետևի՛ր.... հավատի»
10. Ի՞նչ պետք է անենք մեր հավատը ամուր պահելու համար։
10 Կարդա՛ Հռոմեացիներ 10։17։ Որպեսզի ամուր հավատ զարգացնենք և այն պահպանենք, պետք է միշտ խորհրդածենք Աստծու Խոսքում գտնվող անգին ճշմարտությունների շուրջ։ «Հավատարիմ և իմաստուն ծառան» լույս է ընծայել բազմաթիվ հիանալի հրատարակություններ։ Դրանցից են «Երբևէ ապրած մեծագույն մարդը», «Սովորիր Մեծ Ուսուցչից» և «Ե՛կ ու իմ հետևորդը դարձիր» գրքերը, որոնք նախատեսված են մեզ օգնելու համար, որ ավելի լավ ճանաչենք Քրիստոսին և, այդպիսով, ի վիճակի լինենք նրան ընդօրինակելու (Մատթ. 24։45–47)։ Ծառա դասակարգը կազմակերպում է նաև հանդիպումներ և համաժողովներ։ Դրանցից շատերի ժամանակ քննարկվում է «Քրիստոսի մասին խոսքը»։ Կարո՞ղ ես ավելի մեծ օգուտներ ստանալ՝ «սովորականից առավել ուշադրություն դարձնելով այն ամենին», ինչ Աստված տալիս է (Եբր. 2։1)։
11. Աղոթքն ու հնազանդությունը ինչպե՞ս են ամրացնում մեր հավատը։
11 Հավատը ամուր պահելու մյուս միջոցը աղոթքն է։ Մի անգամ Հիսուսի հետևորդները թախանձագին խնդրեցին նրան. «Մեզ ավելի շատ հավատ տուր»։ Մենք խոնարհաբար կարող ենք Աստծուց նույնը խնդրել (Ղուկ. 17։5)։ Ամուր հավատ ունենալու համար պետք է սուրբ ոգու օգնությունը խնդրենք Աստծուց, քանի որ հավատը «ոգու պտղի» երեսակներից մեկն է (Գաղ. 5։22)։ Աստծու պատվիրաններին հնազանդվելը նույնպես ամրացնում է հավատը։ Օրինակ՝ կարող ենք ավելի շատ մասնակցել քարոզչական գործին։ Դա մեծ ուրախություն կպատճառի։ Մեր հավատը կաճի նաև, եթե խորհրդածենք, թե ինչ օրհնություններ է բերում «նախ թագավորությունը և [Աստծու] արդարությունը փնտրելը» (Մատթ. 6։33)։
«Հետևի՛ր.... սիրո»
12, 13. ա) Ո՞րն է Հիսուսի նոր պատվիրանը։ բ) Ի՞նչ կարևոր կերպերով պետք է հետևենք այնպիսի սիրո, ինչպիսին դրսևորեց Քրիստոսը։
12 Կարդա՛ 1 Տիմոթեոս 5։1, 2։ Պողոսը գործնական խորհուրդներ տվեց քրիստոնյաներին, թե ինչպես կարող են սիրել միմյանց։ Անշուշտ, Աստծու հանդեպ նվիրվածությունը ներառում է Հիսուսի նոր պատվիրանին հնազանդվելը։ Նա ասաց. «Ինչպես որ ես ձեզ սիրեցի, այնպես էլ դուք սիրեք իրար» (Հովհ. 13։34)։ Իսկ Հովհաննես առաքյալը գրեց. «Ով որ այս աշխարհի բարիքներն ունենա և տեսնի, որ իր եղբայրը կարիքի մեջ է, և իր ջերմ կարեկցանքի դուռը փակի նրա առաջ, ապա ինչպե՞ս կարող է Աստծու սերը նրա մեջ մնալ» (1 Հովհ. 3։17)։ Կարո՞ղ ես հիշել դեպքեր, երբ քո սերը արտահայտել ես գործնական կերպերով։
13 Մենք կհետևենք սիրո, եթե մեր եղբայրներին ու քույրերին ներենք և ոչ թե շարունակենք բարկացած մնալ նրանց վրա (կարդա՛ 1 Հովհաննես 4։20)։ Մենք ուզում ենք մեր կյանքում կիրառել հետևյալ խորհուրդը. «Շարունակե՛ք համբերել մեկդ մյուսիդ և մեծահոգաբար ներել իրար, եթե որևէ մեկը մյուսի դեմ գանգատվելու պատճառ ունի։ Ինչպես Եհովան մեծահոգաբար ներեց ձեզ, նույնն էլ դուք արեք» (Կող. 3։13)։ Կա՞ ձեր ժողովում ինչ–որ մեկը, ում հանդեպ կարող ես կիրառել այս խորհուրդը։ Կներե՞ս նրան։
«Հետևի՛ր.... տոկունության»
14. Ի՞նչ կարող ենք սովորել Ֆիլադելֆիայի ժողովից։
14 Մի բան է ձգտել հասնելու մոտակա նպատակին, մեկ ուրիշ բան՝ հեռակա նպատակին, մանավանդ երբ դրան հասնելը դժվար է ու երբեմն թվում է, որ այն շատ հեռու է։ Հստակ է, որ հավիտենական կյանքի նպատակին հետամուտ լինելը տոկունություն է պահանջում։ «Քանի որ դու պահեցիր այն, ինչ ես ասացի տոկունության մասին, ես էլ քեզ կպահեմ փորձության ժամին»,— ասաց Տեր Հիսուսը Ֆիլադելֆիայի ժողովին (Հայտն. 3։10, ծնթ, անգլ.)։ Այո՛, Հիսուսն ասաց, որ հարկավոր է տոկունություն դրսևորել, հատկություն, որն օգնում է մեզ չսասանվել փորձությունների և գայթակղությունների ժամանակ։ Առաջին դարում Ֆիլադելֆիայի ժողովի եղբայրներն ու քույրերը, անշուշտ, օրինակելի տոկունություն դրսևորեցին հավատի բազմաթիվ փորձությունների ներքո։ Ուստի Հիսուսը նրանց հավաստիացրեց, որ օգնություն կստանան գալիք ավելի մեծ փորձության ժամանակ (Ղուկ. 16։10)։
15. Ի՞նչ սովորեցրեց Հիսուսը տոկունության մասին։
15 Հիսուսը գիտեր, որ իր հետևորդները կատվեն իրենց հավատը չընդունող հարազատների և ընդհանրապես աշխարհի կողմից։ Ուստի նա առնվազն երկու անգամ նրանց քաջալերեց հետևյալ խոսքերով. «Ով որ մինչև վերջ տոկա, նա՛ կփրկվի» (Մատթ. 10։22; 24։13)։ Հիսուսը նաև ցույց տվեց, թե իր աշակերտները այդ ժամանակ ինչպես կարող են ուժ ստանալ տոկալու համար։ Մի օրինակում նա ապառաժոտ հողը նմանեցրեց այն մարդկանց, ովքեր «ուրախությամբ ընդունում են» Աստծու խոսքը, սակայն հեռանում են հավատից, երբ փորձության են ենթարկվում։ Մինչդեռ իր հավատարիմ հետևորդներին Հիսուսը նմանեցրեց լավ հողի, որովհետև նրանք «պահում» են Աստծու խոսքը և «տոկունությամբ պտուղ են բերում» (Ղուկ. 8։13, 15)։
16. Ո՞ր հրատարակությունն է միլիոնավոր մարդկանց օգնում տոկալ։
16 Նկատեցի՞ր, թե որն է տոկունության գաղտնիքը։ Մենք պետք է «պահենք» Աստծու խոսքը։ Այն պետք է կենդանի լինի մեր սրտում և մտքում։ Այս հարցում մեզ անչափ օգնում է «Սուրբ Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը», որը Աստվածաշնչի ճշգրիտ, դյուրընթեռնելի թարգմանություն է և գնալով ավելի շատ լեզուներով է մատչելի դառնում։ Ամեն օր Աստծու Խոսքից կարդալով մի հատված՝ մենք կլցվենք անհրաժեշտ զորությամբ, որ շարունակենք «տոկունությամբ պտուղ բերել» (Սաղ. 1։1, 2)։
«Հետևի՛ր.... մեղմության» և խաղաղության
17. ա) Ինչո՞ւ է «մեղմությունը» կարևոր։ բ) Ինչպե՞ս Հիսուսը մեղմություն դրսևորեց։
17 Ոչ ոքի դուր չի գալիս մեղադրվել այն բանի մեջ, ինչը ինքը չի ասել կամ արել։ Մարդիկ սովորաբար բարկանում են, երբ իրենց անհիմն կերպով քննադատում են։ Սակայն նման իրավիճակներում շատ ավելի լավ է մեղմություն պահպանել (կարդա՛ Առակաց 15։1)։ Մեծ ջանքեր են պահանջվում մեղմ լինելու համար, երբ քեզ անարդարացիորեն քննադատում են։ Հիսուս Քրիստոսը այս հարցում կատարյալ օրինակ է թողել։ «Երբ նրա մասին չարախոսում էին, փոխարենը՝ նա չէր չարախոսում։ Երբ նա չարչարվում էր, չէր սպառնում, այլ իրեն հանձնում էր նրան, ով արդարությամբ է դատում» (1 Պետ. 2։23)։ Մենք չենք կարող այս հարցում վարվել ճիշտ և ճիշտ Հիսուսի նման, սակայն կարող ենք ջանք անել, որ ավելի շատ մեղմություն դրսևորենք։
18. ա) Եթե մեղմ լինենք, ի՞նչ լավ բաներ կարող ենք անել։ բ) Ուրիշ ի՞նչ հատկություն կա, որին պետք է հետևենք։
18 Հիսուսի պես՝ մենք կկարողանանք «միշտ պատրաստ լինել պաշտպանելու» մեր համոզմունքները՝ «դա անելով մեղմությամբ և խորը հարգանքով» (1 Պետ. 3։15)։ Այո՛, մեղմությունը կօգնի, որ կարծիքների տարբերությունը չվերածվի թեժ վիճաբանության թե՛ ծառայության ժամանակ հանդիպած մարդկանց, թե՛ հավատակիցների հետ (2 Տիմոթ. 2։24, 25)։ Մեղմությունը նպաստում է խաղաղությանը։ Հնարավոր է՝ հենց այս պատճառով Պողոսը Տիմոթեոսին գրած երկրորդ նամակում «խաղաղությունը» նշում է այն հատկությունների կողքին, որոնց պետք է հետևենք (2 Տիմոթ. 2։22; համեմատի՛ր 1 Տիմոթեոս 6։11)։ Այո՛, «խաղաղությունը» մեկ ուրիշ հատկություն է, որին պետք է հետևենք (Սաղ. 34։14; Եբր. 12։14)։
19. Յոթ քրիստոնեական հատկություններ քննելուց հետո ինչի՞ն ես վճռել հետևել և ինչո՞ւ։
19 Մենք քննարկեցինք յոթ քրիստոնեական հատկություններ, որոնց պետք է հետևենք։ Դրանք են՝ արդարություն, Աստծու հանդեպ նվիրվածություն, հավատ, սեր, տոկունություն, մեղմություն և խաղաղություն։ Ի՜նչ օրհնություն է, երբ յուրաքանչյուր ժողովում եղբայրներն ու քույրերը ջանում են է՛լ ավելի լավ դրսևորել այս արժեքավոր հատկությունները։ Դրանով մենք պատվում ենք Եհովային և թույլ ենք տալիս նրան, որ կերտի յուրաքանչյուրիս իր փառքի համար։
Հարցեր՝ խորհրդածելու համար
• Ինչպե՞ս կարող ենք հետևել արդարության և Աստծու հանդեպ նվիրվածության։
• Ի՞նչը կօգնի մեզ՝ հետևելու հավատի և տոկունության։
• Ինչպե՞ս կարող է սերը անդրադառնալ ուրիշների հետ մեր ունեցած փոխհարաբերությունների վրա։
• Ինչո՞ւ պետք է հետևենք մեղմության և խաղաղության։
[նկար 12–րդ էջի վրա]
Հիսուսը զգուշացրեց իր ունկնդիրներին, որ ի ցույց չդնեն իրենց արդարությունը՝ մարդկանց տպավորելու նպատակով
[նկար 13–րդ էջի վրա]
Մենք կարող ենք «հետևել հավատի»՝ խորհրդածելով Աստծու Խոսքի ճշմարտությունների շուրջ
[նկար 15–րդ էջի վրա]
Մենք կարող ենք «հետևել սիրո և մեղմության»