Որքանո՞վ են արժանահավատ Ավետարանները
«Այժմ կարող ենք ասել, որ ավետարանները քրիստոնեության վաղ շրջանի առասպելներ են» (Բարտոն Մակ, Նոր Կտակարանի հետազոտող, պրոֆեսոր)
ԱՅՍ պրոֆեսորը միակը չէ, որ այդպես է մտածում։ Մի շարք քննադատներ ևս կասկածի են ենթարկել Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի Ավետարանները, որոնք պատմում են Հիսուսի կյանքի ու ծառայության մասին։ Ինչո՞ւ են նրանք Ավետարանները համարում առասպելներ։ Արդյո՞ք նրանց կարծիքներն այնքան հիմնավոր են, որ կարող են կասկածներ առաջացնել Ավետարանների ճշմարտացիության վերաբերյալ։ Եկեք քննենք մի քանի փաստարկներ։
Ավետարանների արժանահավատությունը հարցականի տակ է դրվում
Մինչև 18–րդ դարը Ավետարանների արժանահավատությունը երբեք լուրջ կասկածի չի ենթարկվել։ Սակայն, սկսած հատկապես 19–րդ դարից, մի շարք գիտնականներ տեսակետ առաջ քաշեցին, թե Աստվածաշունչը չի ներշնչվել Աստծուց, այլ մարդիկ են այն հորինել։ Բացի դրանից, նրանք ասում էին, թե ավետարանագիրները չունեին ստույգ տեղեկություններ Հիսուսի մասին, և պնդում էին, որ այդ մարդիկ պարզապես չէին կարող ճշգրիտ պատմական եղելություններ արձանագրել։ Նրանք նաև ասում էին, որ ելնելով առաջին երեք Ավետարանների (երբեմն կոչվում են համատես, այսինքն՝ «իրար նման») կառուցվածքի ու բովանդակության նմանությունից՝ կարելի է եզրակացնել, որ ավետարանագիրները հիմնականում արտագրել են իրարից։ Քննադատները նաև ժխտում էին Ավետարանների տեղեկությունը այն մասին, որ Հիսուսը հրաշքներ է գործել և հարություն է առել։ Իսկ ոմանք էլ նույնիսկ պնդում էին, թե նա գոյություն չի ունեցել։
Այդ նույն մարդիկ եկել էին եզրակացության, որ Մարկոսը, ամենայն հավանականությամբ, առաջինն է Ավետարան գրել, քանի որ նրա արձանագրած տեղեկությունները, ըստ նրանց, գրեթե ոչ մի նոր բան չեն ավելացնում Մատթեոսի և Ղուկասի գրքերին։ Մասնագետները նաև ենթադրում էին, թե Մատթեոսն ու Ղուկասը իրենց Ավետարանները գրելու համար օգտվել են Մարկոսի գրքից, ինչպես նաև ինչ–որ լրացուցիչ աղբյուրից։ Այս վարկածը, որ բավական տարածված է գիտնականների շրջանում, ըստ աստվածաշնչագետ Քլայնի՝ «ավետարանագիրներին իջեցնում է պատմություններ հավաքողների՝ բանաքաղների աստիճանին»։ Նման տեսակետը իրականում նրանց դարձնում է գրագողեր և առասպելագիրներ։ Այս տեսության պատճառով թուլացել է մարդկանց հավատն այն բանի հանդեպ, որ Աստվածաշունչը ներշնչվել է Աստծուց (2 Տիմոթեոս 3։16)։
Ավետարանագիրները գրագողե՞ր էին
Իսկապե՞ս Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի Ավետարանների նմանությունները ապացուցում են, որ գրողները պարզապես արտագրել են միմյանցից։ Ո՛չ։ Որտեղի՞ց գիտենք։ Օրինակ՝ Հիսուսը խոստացավ իր աշակերտներին, որ սուրբ ոգին «կհիշեցնի այն բոլոր բաները, որ ինքն ասել էր» (Հովհաննես 14։26)։ Ուստի զարմանալի չէ, որ ավետարանագիրները որոշ դեպքեր նույնությամբ հիշել և արձանագրել են։ Իհարկե, Աստվածաշնչի գրողներից մի քանիսը գուցեև կարդացել են Աստվածաշնչի մյուս գրողների գրքերը կամ օգտվել են դրանցից այլ կերպ, բայց հենց այդ հանգամանքը վկայում է, որ նրանք եղել են մանրակրկիտ ուսումնասիրողներ և ոչ թե գրագողեր (2 Պետրոս 3։15)։ Բացի այդ, մի աստվածաշնչյան բառարանում ասվում է. «Այն փաստը, որ ավանդույթները փոխանցվում էին բանավոր, լավ բացատրում է, թե Հիսուսի տպավորիչ խոսքերը ինչու են տարբեր գրողների կողմից գրվել նույն ձևով» (The Anchor Bible Dictionary)։
Ղուկասն ասում է, որ ինքը խոսել է բազմաթիվ ականատեսների հետ և «սկզբից բոլոր բաները ճշգրտությամբ հետազոտել է» (Ղուկաս 1։1–4)։ Արդյոք դրանից կարելի՞ է եզրակացնել, որ նա գրագող կամ առասպելագիր է եղել։ Ընդհակառա՛կը։ Ղուկասի գիրքը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո հնագետ Ուիլյամ Ռամզին եզրակացրեց. «Ղուկասը առաջնակարգ պատմաբան է։ Նրա արձանագրությունը միանգամայն արժանահավատ է, իսկ նա օժտված է պատմական փաստերը ճիշտ ձևով ներկայացնելու ունակությամբ.... Նրան հարկավոր է դասել մեծագույն պատմաբանների շարքում»։
Վաղ եկեղեցու հայրերը, այդ թվում նաև երրորդ դարի աստվածաբան Օրիգենեսը հաստատում են, որ առաջին Ավետարանը գրել է Մատթեոս առաքյալը։ Օրիգենեսն ասում է. «Առաջինը գրել է Մատթեոսը՝ նա, որ մի ժամանակ մաքսահավաք էր, բայց հետո Հիսուս Քրիստոսի առաքյալը դարձավ։ Նա գրել է եբրայերենով հրեա նորահավատների համար»։ Ակնհայտ է, որ Մատթեոսը, որը Հիսուսի առաքյալն էր և նրա հետ էր լինում, կարիք չուներ գրագողություն անելու Մարկոսից, ով ականատես չէր։ Իսկ հիմնավորվա՞ծ են այն պնդումները, որ Մատթեոսն ու Ղուկասը արտագրել են Մարկոսից և ենթադրյալ լրացուցիչ աղբյուրից։
Մարկոսի Ավետարա՞նն է գրվել առաջինը
Այն տեսությունը, որ Մարկոսի Ավետարանը առաջինն է գրվել ու ծառայել է որպես աղբյուր Մատթեոսի և Ղուկասի համար, հիմնված չէ «համոզիչ տրամաբանական փաստարկների վրա», ինչպես ասվում է աստվածաշնչային մի բառարանում (The Anchor Bible Dictionary)։ Այդուհանդերձ, շատ մասնագետներ կարծում են, թե Մարկոսը ավելի շուտ է գրել իր Ավետարանը, քան Մատթեոսն ու Ղուկասը, քանի որ, ըստ իրենց, նրա Ավետարանը գրեթե ոչինչ չի ավելացնում մյուս երկուսին։ Օրինակ՝ 19–րդ դարի աստվածաշնչագետ Յոհանես Կունը պնդում է, որ, ըստ ամենայնի, Մարկոսի Ավետարանը գրվել է առաջինը։ Այլապես, ասում է Կունը, «կարելի է պատկերացնել, թե ինչպես է Մարկոսը մանր մասերի բաժանել Մատթեոսի և Ղուկասի գրքերը, մի ամանի մեջ խառնել դրանք և այդ խառնուրդից դուրս բերել իր Ավետարանը»։
Քանի որ Մարկոսի Ավետարանը ամենակարճն է, զարմանալի չէ, որ ինքնատիպ տեղեկությունները նրանում քիչ են՝ մյուս Ավետարանների համեմատությամբ։ Սակայն դա չի ապացուցում, որ այն գրվել է առաջինը։ Բացի այդ, պարզապես սուտ է այն պնդումը, թե Մարկոսը ոչ մի յուրօրինակ բան չի գրել։ Մարկոսի գիրքը, որը պատմում է Հիսուսի ծառայության մասին, իրականում լի է դրամատիզմով և աչքի է ընկնում դեպքերի սրընթաց զարգացումով։ Այն պարունակում է ավելի քան 180 հատվածներ և անչափ հետաքրքիր մանրամասնություններ, որոնք չկան Մատթեոսի և Ղուկասի Ավետարաններում և որոնք իսկապես եզակի են դարձնում այդ Ավետարանը (տե՛ս 13–րդ էջի շրջանակը)։
«Լրացուցիչ աղբյուրի» մասին
Իսկ ի՞նչ կարելի է ասել այսպես կոչված լրացուցիչ աղբյուրի մասին, որից, ըստ ոմանց, օգտվել են Մատթեոսն ու Ղուկասը։ Կրոնի պրոֆեսոր Ջեյմս Ռոբինսոնն ասում է. «Այս աղբյուրը, անշուշտ, մեր ձեռքի տակ եղած ամենակարևոր քրիստոնեական տեքստն է»։ Սա զարմանալի պնդում է, քանի որ այդ «ձեռագիրը» այսօր չկա, և իրականում ոչ ոք չի կարող ապացուցել, որ այն երբևէ գոյություն է ունեցել։ Նրա լիակատար անհետացումը է՛լ ավելի ուշագրավ է, քանի որ մասնագետները պնդում են, որ այդ տեքստի մի քանի օրինակներ են եղել։ Ի լրումն այս ամենի՝ եկեղեցու հայրերը երբեք չեն հիշատակել նման աղբյուրի մասին։
Եկեք տրամաբանենք։ Ընդամենը ենթադրվում է, որ գոյություն է ունեցել լրացուցիչ աղբյուր, և որ այդ աղբյուրը թիկունք է կանգնում այն բանին, որ Մարկոսի Ավետարանը առաջինն է գրվել։ Չի՞ ստացվում արդյոք, որ մի վարկածը հիմնված է մյուս վարկածի վրա։ Իմաստուն կլինի, որ նման տեսությունների առնչությամբ հիշենք Աստվածաշնչից հետևյալ խոսքը. «Պարզամիտը հաւատում է ամեն խօսքի, բայց խորագէտը քննում է իր քայլերը [«խելացի մարդը գիտի, որ ապացույցներ են պետք», The New English Bible]» (Առակաց 14։15)։
Ավետարանները վավերական են և արժանահավատ
Ավետարանները արժանահավատ փաստեր են ներկայացնում Հիսուսի կյանքի և ծառայության մասին, մինչդեռ քննադատները իրենց սուբյեկտիվ կարծիքներով և անհիմն վարկածներով շատերի ուշադրությունը շեղել են Ավետարանները ուսումնասիրելուց։ Աստվածաշնչի այդ գրքերը հստակ ցույց են տալիս, որ վաղ քրիստոնյաները Հիսուսի կյանքը, ծառայությունը, մահը և հարությունը չեն համարել առասպելներ։ Հարյուրավոր ականատեսներ են հաստատել այդ փաստերի ստուգությունը։ Վաղ քրիստոնյաները, որոնք Հիսուսին հետևելու համար պատրաստ էին հալածվելու և մահանալու, լիովին հասկանում էին, որ անիմաստ կլիներ քրիստոնյա լինել, եթե Հիսուսի ծառայությունը և հարությունը ընդամենը հորինվածք լինեին (1 Կորնթացիներ 15։3–8, 17, 19; 2 Տիմոթեոս 2։2)։
Աստվածաբանության պրոֆեսոր Ջորջ Բյուքանանը այն վիճահարույց վարկածների մասին, թե իբր Մարկոսի Ավետարանը առաջինն է գրվել, և որ «լրացուցիչ աղբյուրը» առեղծվածային կերպով կորել է, ասում է. «Երբ Աստվածաշունչ ուսումնասիրողը կենտրոնանում է տեքստի ծագման վերաբերյալ վարկածների վրա, նա արդեն շեղվում է բուն տեքստի ուսումնասիրությունից»։ Բյուքանանի այս միտքը համահունչ է Պողոս առաքյալի հետևյալ խորհրդին։ Նա Տիմոթեոսին ասաց, որ «ուշադրություն չդարձնի սուտ պատմություններին ու տոհմաբանություններին, որոնք ոչնչի չեն հանգեցնում, այլ հետազոտություն պահանջող հարցեր են առաջ բերում՝ փոխանակ տարածելու Աստծու կողմից եղող բաները, որ կապ ունեն հավատի հետ» (1 Տիմոթեոս 1։4)։
Ավետարանները արժանահավատ են։ Դրանք պարունակում են ականատեսների վստահելի վկայություններ։ Գրվել են մանրակրկիտ հետազոտություններից հետո։ Ներկայացնում են բազմաթիվ հետաքրքիր փաստեր Հիսուս Քրիստոսի կյանքի վերաբերյալ։ Հետևաբար, Տիմոթեոսի պես, եկեք ականջ դնեն Պողոս առաքյալի խոսքերին. «Հարատևի՛ր այն բաներում, որ սովորեցիր և որոնցում հաստատ համոզվեցիր»։ Մենք բոլոր հիմքերն ունենք հավատալու, որ «Ամբողջ Գրությունը [այդ թվում նաև չորս Ավետարանները] ներշնչված է Աստծուց» (2 Տիմոթեոս 3։14–17)։
[շրջանակ 13–րդ էջի վրա]
Եթե Մարկոսի Ավետարանը չլիներ, մենք չէինք իմանա, որ...
Հիսուսը իր շուրջը եղողներին նայեց բարկացած և խորապես տրտմեց նրանց սրտերի անզգայության պատճառով (Մարկոս 3։5),
Հովհաննեսը և Հակոբոսը ստացան Բաներեգես անունը (Մարկոս 3։17),
արյունահոսությամբ տառապող կինը ծախել էր իր ողջ ունեցվածքը (Մարկոս 5։26),
Հերովդիան ոխ էր պահել Հովհաննես Մկրտչի դեմ, իսկ Հերովդեսը վախենում էր Հովհաննեսից և պաշտպանում էր նրան (Մարկոս 6։19, 20),
Հիսուսը իր աշակերտներին առաջարկեց մի փոքր հանգիստ առնել (Մարկոս 6։31),
փարիսեցիները իրենց ձեռքերը լվանում էին մինչև արմունկները (Մարկոս 7։2–4),
Հիսուսը իր թևերի մեջ առավ երեխաներին (Մարկոս 10։16),
Հիսուսը երիտասարդ կառավարչի հանդեպ սիրով լցվեց (Մարկոս 10։21),
Պետրոսը, Հակոբոսը, Հովհաննեսն ու Անդրեասը առանձին հարցրին Հիսուսին (Մարկոս 13։3),
մի երիտասարդ թողեց իր կտավե հագուստը (Մարկոս 14։51, 52)։
Բացի սրանցից, Հիսուսի պատմած օրինակներից մեկը և կատարած հրաշքներից երկուսը ևս գրված են միայն «Մարկոս» գրքում (Մարկոս 4։26–29; 7։32–37; 8։22–26)։
Մարկոսի Ավետարանը պարունակում է շատ ուրիշ մանրամասնություններ, որոնք չկան մյուս Ավետարաններում։ Մեր գնահատանքը, անշուշտ, կմեծանա այս Ավետարանի նկատմամբ, եթե ժամանակ առանձնացնենք և խորհրդածենք այդ բոլոր կարևոր մանրամասնությունների շուրջ։