Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 8/15 էջ 25–28
  • Ինչո՞ւ է պետք ճշտապահ լինել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ է պետք ճշտապահ լինել
  • 2010 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Եհովան ճշտապահ Աստված է
  • Ճշտապահությունը երկրպագության մեջ
  • Ինչպես կարող ենք հաղթահարել խոչընդոտները
  • Ճշտապահության օգուտները
  • Զարգացրու ճշտապահ լինելու սովորություն
    2014 Մեր թագավորական ծառայությունը
  • Ճշտապահություն
    2016 Արթնացե՛ք
  • Բարի լուրին արժանի կերպով վարվեք
    2010 Մեր թագավորական ծառայությունը
  • Հարգանք ցուցաբերենք մեր սուրբ հանդիպումների նկատմամբ
    2006 Դիտարան
Ավելին
2010 Դիտարան
w10 8/15 էջ 25–28

Ինչո՞ւ է պետք ճշտապահ լինել

ԹԵՐԵՎՍ կհամաձայնեք՝ միշտ չէ, որ հեշտ է ճշտապահ լինել։ Խանգարող հանգամանքներից կարող են լինել տարածությունը, ծանրաբեռնված երթևեկությունը և զբաղված գրաֆիկը։ Այնուհանդերձ, անչափ կարևոր է ճշտապահ լինել։ Օրինակ՝ աշխատավայրում ճշտապահ անձնավորությանը համարում են վստահելի ու ջանասեր։ Եվ հակառակը՝ ուշացող մարդը խանգարում է ուրիշների աշխատանքին, իսկ դա անդրադառնում է արտադրանքի որակի և մատուցվող ծառայությունների վրա։ Ուշացող ուսանողը բաց է թողնում որոշ դասեր, և արդյունքում դանդաղում է ուսման առաջընթացը։ Իսկ բժշկի կամ ատամնաբույժի մոտ ճիշտ ժամին չներկայացող անհատը վտանգում է բուժման որակը։

Որոշ վայրերում, սակայն, ճշտապահությունը այդքան էլ չի կարևորվում։ Այդպիսի միջավայրում ուշանալը կարող է հեշտությամբ սովորություն դառնալ։ Եթե դա այդպես է, ապա անչափ կարևոր է, որ մենք ճշտապահ լինելու ցանկություն զարգացնենք մեր մեջ։ Դրա համար պետք է գնահատենք այդ հատկությունը։ Իսկ ինչո՞ւ պետք է ճշտապահ լինենք։ Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել խոչընդոտները։ Ի՞նչ օգուտներ կստանանք, եթե ճշտապահ լինենք։

Եհովան ճշտապահ Աստված է

Ճշտապահ լինելու գլխավոր պատճառն այն է, որ ցանկանում ենք ընդօրինակել այն Աստծուն, որին երկրպագում ենք (Եփես. 5։1)։ Եհովան ճշտապահ լինելու հարցում հիանալի օրինակ է։ Նա երբեք չի ուշանում։ Իր նպատակներն իրականացնելիս սերտորեն հետևում է իր գրաֆիկին։ Օրինակ՝ երբ Եհովան որոշեց ջրհեղեղով կործանել ամբարիշտ աշխարհը, նա ասաց Նոյին. «Դու քեզ համար խիժաբեր փայտից մի տապան շինիր»։ Քանի որ կործանումը մոտենում էր, Եհովան պատվիրեց Նոյին տապանը մտնել։ Նա ասաց. «Եօթը օրից յետոյ երկրի վերայ քառասուն օր եւ քառասուն գիշեր անձրեւ պիտի բերեմ, եւ ամեն էակ որ արի, երկրի երեսիցը պիտի ջնջեմ»։ Այնուհետև ճիշտ ժամանակին՝ «եօթն օրից յետոյ ջրհեղեղի ջրերը եկան երկրի վերայ» (Ծննդ. 6։14; 7։4, 10)։ Պատկերացնո՞ւմ ես՝ ինչ կպատահեր Նոյին ու իր ընտանիքին, եթե նրանք տապան չմտնեին ճիշտ ժամանակին։ Իրենց Աստծու նման՝ նրանք պետք է ճշտապահ լինեին։

Ջրհեղեղից մոտ 450 տարի անց Եհովան ասաց Աբրահամ նահապետին, որ նա որդի է ունենալու, որից սերվելու է խոստացյալ Սերունդը (Ծննդ. 17։15–17)։ Աստված հայտնեց, որ Իսահակը ծնվելու է «միւս տարի այս ժամանակ»։ Պահե՞ց Եհովան իր խոստումը։ Աստվածաշնչում կարդում ենք. «Սարրան յղացաւ, եւ մի որդի ծնեց Աբրահամի իր ծերութիւնումը, այն որոշեալ ժամանակին, որ Աստուած ասել էր նորան» (Ծննդ. 17։21; 21։2)։

Աստվածաշունչը լի է այնպիսի օրինակներով, որոնք ցույց են տալիս, թե որքան ճշտապահ է Աստված (Երեմ. 25։11–13; Դան. 4։20–25; 9։25)։ Այն հորդորում է մեզ սպասել Եհովայի գալիք դատաստանի օրվան։ Եթե նույնիսկ թվա, թե այդ օրը «ուշանում» է, մենք վստահ ենք, որ այն «ետ չի մնալ» (Ամբ. 2։3)։

Ճշտապահությունը երկրպագության մեջ

Իսրայելացի բոլոր տղամարդիկ պետք է ժամանակին գային այն վայրը, որտեղ անցկացվում էին «Եհովայի տօները» (Ղեւտ. 23։2, 4)։ Աստված նաև ժամանակ էր սահմանել հատուկ զոհեր մատուցելու համար (Ելից 29։38, 39; Ղեւտ. 23։37, 38)։ Արդյոք սա ցույց չի՞ տալիս, որ նա ցանկանում է՝ իր ծառաները երկրպագության մեջ ճշտապահ լինեն։

Առաջին դարում, երբ Պողոս առաքյալը սովորեցրեց կորնթացիներին, թե ինչպես պետք է անցկացվեն ժողովի հանդիպումները, հորդորեց նրանց. «Ամեն բան թող պարկեշտությամբ և կարգուկանոնով լինի» (1 Կորնթ. 14։40)։ Այսինքն՝ քրիստոնեական հանդիպումները պետք է սկսվեին նշանակված ժամին։ Եհովայի տեսակետը ճշտապահության վերաբերյալ չի փոխվել (Մաղ. 3։6)։ Հետևաբար ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի ճիշտ ժամին ներկա լինենք հանդիպումներին։

Ինչպես կարող ենք հաղթահարել խոչընդոտները

Ոմանք կարծում են, որ նախօրոք ծրագրելը կարող է օգտակար լինել (Առակ. 21։5)։ Օրինակ՝ եթե պետք է ճանապարհ անցնենք նշանակված ժամին տեղում լինելու համար, իմաստուն կլինի՞ արդյոք այնքան ժամանակ թողնել, որքան պահանջվում է տեղ հասնելու համար։ Խելամիտ չի՞ լինի արդյոք չուշանալու համար մի փոքր ավելի շուտ դուրս գալ՝ հաշվի առնելով, որ ճանապարհին կարող է «դիպուած»՝ չնախատեսված բան պատահել (Ժող. 9։11)։ «Ճիշտ ժամին տեղ կհասնես, եթե հստակ իմանաս, թե ինչքան ժամանակ է հարկավոր տեղ հասնելու համար»,– ասում է Ժոզեa անունով մի ճշտապահ երիտասարդ։

Ոմանք գուցե քայլեր ձեռնարկեն, որպեսզի աշխատավայրից մի փոքր շուտ դուրս գան, որ ժողովի հանդիպումից չուշանան։ Այսպես վարվեց եթովպացի մի Վկա, որը հերթափոխով էր աշխատում և այդ պատճառով հանդիպումներից 45 րոպե ուշանում էր։ Ուստի նա առաջարկեց աշխատակցին ժողովի օրերին շուտ գալ հերթափոխ ընդունելու։ Դրա դիմաց եղբայրը պատրաստ էր ամեն շաբաթ լրացուցիչ 7 ժամ աշխատելու։

Փոքր երեխաներ ունեցողների համար ժողովի հանդիպումներին ժամանակին ներկա լինելը մեկ այլ դժվարություն է։ Սովորաբար մոր ուսերին է ընկնում երեխաներին այդ հանդիպումներին նախապատրաստելու պատասխանատվությունը, բայց ընտանիքի մյուս անդամները կարող են և պետք է օգնեն նրան։ Մեքսիկայում ապրող էսպերանզա անունով մի միայնակ մայր ութ երեխա է մեծացնում, որոնք 5–23 տարեկան են։ էսպերանզան բացատրում է, թե ինչպես է իր ընտանիքին հաջողվում ճշտապահ լինել. «Մեծ աղջիկներս օգնում են փոքրերին նախապատրաստվելու։ Դրա շնորհիվ հասցնում եմ ավարտել տան գործերը և պատրաստվել, որպեսզի ժողով գնալու համար ճիշտ ժամանակին դուրս գանք տնից»։ Այս ընտանիքը որոշված ժամին է տնից դուրս գալիս համագործակցության շնորհիվ։

Ճշտապահության օգուտները

Եթե խորհենք այն օրհնությունների մասին, որ կարող ենք ստանալ ժողովի հանդիպումներին ժամանակին ներկա լինելու շնորհիվ, ապա ավելի շատ կցանկանանք ճշտապահ լինել և վճռական քայլեր կձեռնարկենք։ Սանդրա անունով մի երիտասարդ կին, որը հանդիպումներին ժամանակին ներկա լինելու սովորություն է մշակել, ասում է. «Ես սիրում եմ ժողովներին շուտ գալ, քանի որ հնարավորություն եմ ունենում ողջունելու քույրերին ու եղբայրներին, զրուցելու և ավելի լավ ճանաչելու նրանց»։ Եթե շուտ գանք Թագավորության սրահ, ապա հնարավորություն կունենանք լսելու հավատակիցների տոկունության, անձնվեր ծառայության մասին։ Հանդիպումներին ներկա լինելով և կերտիչ զրույցներ վարելով՝ կարող ենք նաև դրական ազդեցություն թողնել մեր քույրերի ու եղբայրների վրա՝ «սիրո և բարի գործերի խրախուսելով» (Եբր. 10։24, 25)։

Հանդիպման բացման երգն ու աղոթքը երկրպագության կարևորագույն մասերից են (Սաղ. 149։1)։ Մեր երգերը փառաբանում են Եհովային, հիշեցնում են մեզ այն հատկությունների մասին, որ պետք է զարգացնենք, ինչպես նաև քաջալերում են ուրախությամբ մասնակցել ծառայությանը։ Իսկ ինչո՞ւ է կարևոր բացման աղոթքը։ Հնում Եհովան տաճարը կոչում էր «աղօթքի տուն» (Ես. 56։7)։ Այսօր մենք հավաքվում ենք, որպեսզի ժողովի հանդիպումների ժամանակ աղոթքներ մատուցենք Աստծուն։ Բացման աղոթքով ոչ միայն խնդրում ենք Եհովայի առաջնորդությունը և սուրբ ոգին, այլև պատրաստում ենք մեր միտքն ու սիրտը՝ քննարկվելիք նյութը հասկանալու համար։ Ուստի պետք է վճռենք ժողովի հանդիպումներին գալ ժամանակին, որպեսզի մասնակցենք և՛ բացման երգին, և՛ աղոթքին։

23-ամյա Հելենն ասում է, թե ինչու է շուտ գալիս ժողովի հանդիպումներին. «Ես այդպես իմ սերն եմ դրսևորում Եհովայի հանդեպ, քանի որ նա է տալիս այն ամենը, ինչ ստանում եմ ժողովում, այդ թվում նաև երգերն ու բացման աղոթքը»։ Մենք նույնպես պետք է նման մտածելակերպ ունենանք։ Ուստի եկեք բոլոր, մասնավորապես երկրպագության հետ կապված գործերում ճշտապահ լինելու սովորություն մշակենք։

[Ծանոթագրություն]

a Անունները փոխված են։

[Նկար 26–րդ էջի վրա]

Նախօրոք լավ պատրաստվիր

[Նկար 26–րդ էջի վրա]

Հաշվի առ, որ կարող է «դիպուած» պատահել

[Նկար 26–րդ էջի վրա]

Շուտ արի, որ օգուտներ քաղես

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը