Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w11 2/1 էջ 10–13
  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
  • 2011 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
    2009 Դիտարան
  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
    2009 Դիտարան
  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
    2011 Դիտարան
  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
    2010 Դիտարան
Ավելին
2011 Դիտարան
w11 2/1 էջ 10–13

Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը

ԻՆՉՊԵ՞Ս մի բարմենուհի, որը հայհոյում էր, չարաշահում ալկոհոլը և թմրադեղեր օգտագործում, կարողացավ փոխել իր ապրելակերպը։ Ինչո՞ւ նախկին քաղաքագետը, որը ատում էր կրոնը, դարձավ կրոնական ծառայող։ Ի՞նչ դժվարությունների միջով ստիպված եղավ անցնել Ռուսաստանի ոստիկանական ուժերում աշխատող ձեռնամարտի մի ուսուցիչ, որպեսզի Եհովայի վկա դառնա։ Տեսնենք, թե ինչ են պատմում նրանք։

«Ես ու մայրս կրկին լավ փոխհարաբերություններ ենք վայելում» (ՆԱՏԱԼԻ ՀԱՄ)

ԾՆՎԵԼ Է՝ 1965​թ.

ԵՐԿԻՐԸ՝ ԱՎՍՏՐԱԼԻԱ

ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԹՄՐԱՄՈԼ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Մեծացել եմ Հարավային Ավստրալիայի Ռոբ կոչվող փոքրիկ ձկնորսական քաղաքում։ Այսպիսի համայնքներում տեղի հյուրանոցը համարվում է այն վայրը, որտեղ մարդիկ հավաքվում են շփվելու նպատակով։ Քանի որ ծնողները շատ ժամանակ են անցկացնում այդտեղ, իրենց երեխաները մեծանում են մի միջավայրում, որտեղ չարաշահում են ալկոհոլը, հայհոյում են ու ծխում։

12 տարեկանում արդեն ծխում էի, «հարուստ բառապաշար» ունեի ու մորս հետ անդադար վիճում էի։ Երբ 15 տարեկան էի, ծնողներս բաժանվեցին, իսկ 18 ամիս անց ես հեռացա տնից։ Չարաշահում էի ալկոհոլը, թմրադեղեր էի օգտագործում ու անբարո կյանք էի վարում. զայրացած էի ու շփոթված։ Սակայն երբ հինգ տարի հաճախեցի մարտարվեստի և կանանց ինքնապաշտպանության դասընթացներին, զգացի, որ կարող եմ պաշտպանել ինքս ինձ։ Բայցևայնպես, երբ շուրջս հանգիստ էր, ընկնում էի մտքերի գիրկը և տխրությամբ համակվում։ Աղոթում էի Աստծուն՝ աղերսելով, որ օգնի։ «Միայն թե չասես, որ եկեղեցի գնամ»,— խնդրում էի նրան։

Որոշ ժամանակ անց ընկերներիցս մեկը, որը կրոնասեր էր, սակայն չէր պատկանում որևէ եկեղեցու, ինձ Աստվածաշունչ նվիրեց։ Մյուս ընկերներիս նման՝ նա նույնպես թմրադեղեր էր օգտագործում։ Այնուհանդերձ, Աստծու հանդեպ անկեղծ հավատ ուներ և համոզում էր, որ մկրտվեմ։ Ուստի տեղի լճերից մեկում նա ինձ մկրտեց։ Դրանից հետո զգում էի, որ յուրահատուկ փոխհարաբերություններ ունեմ Աստծու հետ։ Սակայն երբեք ժամանակ չէի գտնում, որ կարդամ Աստվածաշունչը։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ 1988​թ.-ին երկու Վկաներ թակեցին իմ դուռը։ Նրանցից մեկը հարցրեց. «Դուք գիտե՞ք Աստծու անունը»։ Նա իր Աստվածաշնչում կարդաց Սաղմոս 83։18-ը, որում ասվում էր. «Որպեսզի մարդիկ իմանան, որ դո՛ւ, ում անունը Եհովա է, Դու միակ Բարձրյալն ես ամբողջ երկրի վրա»։ Ես ցնցված էի։ Նրանց գնալուց հետո մեքենայով հասա 56 կիլոմետր հեռավորության վրա գտնվող մի կրոնական գրախանութ՝ ստուգելու համար, թե արդյոք Աստվածաշնչի այլ թարգմանություններում կա Աստծու անունը, այնուհետև փնտրեցի այն բառարանում։ Երբ համոզվեցի, որ Աստծու անունը Եհովա է, սկսեցի մտածել. «Է՞լ ինչ կա, որ չգիտեմ»։

Մայրս ասում էր, որ Եհովայի վկաները տարօրինակ են։ Դեռ փոքր տարիքից ես գիտեի նրանց մասին. ինձ թվում էր, թե նրանք չափազանց պահպանողական են ու չգիտեն՝ ինչ բան է ուրախանալը։ Ուստի որոշել էի նրանց այցելության ժամանակ ձևացնել, թե տանը չեմ, սակայն երբ նրանք եկան, փոխեցի մտադրությունս։ Նրանց ներս հրավիրեցի, և մենք անմիջապես սկսեցինք ուսումնասիրել Աստվածաշունչը։

Յուրաքանչյուր ուսումնասիրությունից հետո սովորածիս մասին պատմում էի ընկերոջս՝ Գրեգին։ Ի վերջո, մի օր նրա համբերությունը հատեց. նա ձեռքիցս խլեց այն գիրքը, որն ուսումնասիրում էի, ու սկսեց կարդալ։ Երեք շաբաթվա ընթացքում նա հասկացավ, որ գտել է Աստծու մասին ճշմարտությունը։ Ես ու Գրեգը այլևս չէինք օգտագործում թմրադեղեր և չէինք չարաշահում ալկոհոլը։ Ես նաև թողեցի բարմենուհու իմ աշխատանքը։ Եվ որպեսզի մեր կյանքը ներդաշնակեցնենք Աստվածաշնչի չափանիշներին, որոշեցինք ամուսնանալ։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Մինչ Եհովայի վկաների հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելը ես ու Գրեգը ուզում էինք վերջ դնել մեր հարաբերություններին։ Սակայն այսօր Գրեգը հրաշալի ամուսին է, մենք ունենք երկու չքնաղ երեխա, նաև անգին ընկերներ, որոնք մեր հավատակիցներն են։

Սկզբում մայրս զայրացած էր, երբ իմացավ, որ շփվում եմ Եհովայի վկաների հետ։ Նա մտահոգված էր, քանի որ սխալ պատկերացում ուներ նրանց մասին։ Բայց այսօր ես ու մայրս կրկին լավ փոխհարաբերություններ ենք վայելում։ Այլևս հոգուս խորքում դատարկություն չեմ զգում։ Ընդհակառակը՝ ապրում եմ իմաստալից կյանքով, ունեմ առաջնորդություն և զգում եմ, որ իմ հոգևոր կարիքները բավարարված են (Մատթեոս 5։3)։

«Շատ զարմանալի բաներ սովորեցի Աստվածաշնչից» (ԻԶԱԿԱԼԱ ՊԱԵՆՅՈՒ)

ԾՆՎԵԼ Է՝ 1939​թ.

ԵՐԿԻՐԸ՝ ԹՈՒՎԱԼՈՒ

ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱԳԵՏ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Ես ծնվել եմ Նուկուլաելաեում, որը Խաղաղօվկիանոսյան գեղեցիկ կղզիներից է, այժմ՝ Թուվալուի մի մասը։ Կղզիներում իշխում էին քահանաները, որոնք կրոնական կրթություն էին ստանում Սամոայի քոլեջում։ Կղզու ժողովուրդը պետք է ապահովեր քահանաներին ու իրենց ընտանիքներին կացարանով, ամենօրյա սննդով և տրամադրեր ամենալավ բաները։ Նույնիսկ եթե բնակիչները բավարար սնունդ չէին ունենում իրենց ընտանիքի անդամների համար, միևնույնն է, պարտավոր էին ուտելիքով ապահովել քահանաներին։

Մեր կղզու քահանան ղեկավարում էր գյուղի դպրոցը և դասավանդում էր կրոնի պատմություն, մաթեմատիկա ու աշխարհագրություն։ Հիշում եմ՝ նա այնպես էր ծեծում աշակերտներին, որ արյունլվա էր անում նրանց։ Սակայն ոչ ոք չէր համարձակվում հակառակվել նրան, նույնիսկ ծնողները։ Քահանային մեծարում էին ինչպես Աստծու։

Երբ տասը տարեկան էի, թողեցի մեր տունը և գնացի սովորելու այդ տարածքի միակ պետական դպրոցում, որը գտնվում էր մեկ այլ կղզում։ Դպրոցս ավարտելուց հետո պետական գործի անցա։ Այդ ժամանակ կղզիները անգլիական գաղութի մաս էին կազմում և կոչվում էին Գիլբերտ և Էլիս կղզիներ։ Մինչ պետական շաբաթաթերթում խմբագիր դառնալը աշխատում էի տարբեր բաժիններում։ Ամեն ինչ լավ էր ընթանում։ Սակայն իրավիճակը փոխվեց, երբ տպագրեցի մի ընթերցողի քննադատական նամակ, որում խոսվում էր այն մասին, թե որքան գումարներ էին ծախսվել Ուելսի արքայազնի այցի նախապատրաստման վրա։ Նամակ գրողը կեղծանունով էր ներկայացել, ուստի պետս պահանջեց, որ իմանամ այդ անհատի իսկական անունը։ Սակայն ես հրաժարվեցի, և մեր ընդհարման մասին իմացան բոլորը։

Շուտով՝ այս միջադեպից հետո, թողեցի պետական աշխատանքս և մտա քաղաքականության մեջ։ Ես հաղթանակ տարա Նուկուլաելաեում տեղի ունեցած ընտրություններում, և ինձ նշանակեցին առևտրի ու բնական ռեսուրսների նախարար։ Ավելի ուշ, երբ Կիրիբատի (նախկին Գիլբերտ) և Թուվալու (նախկին Էլիս) կղզիների բնակիչները փորձում էին անկախանալ, Բրիտանիայի կողմից նշանակված կառավարիչը առաջարկեց ինձ Թուվալուի կառավարության ղեկավարի պաշտոնը։ Սակայն ես չէի ցանկանում որևէ կապ ունենալ գաղութային իշխանությունների հետ։ Ուստի հրաժարվեցի առաջարկից և առանց այդ աջակցության՝ մասնակցեցի համընդհանուր ընտրություններին՝ քաղաքական ամենաբարձր պաշտոնը ստանձնելու համար։ Սակայն ընտրություններում պարտվեցի։ Դրանից հետո կնոջս հետ վերադարձանք իմ հայրենի կղզին և որոշեցինք ապրել գյուղի կյանքով։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Կիրակի օրը կղզիներում պահում էին Շաբաթը, որը համարվում էր սուրբ օր բոլորի համար, բայց ոչ ինձ համար։ Դա այն օրն էր, երբ ես նավարկում էի և ձկնորսությամբ զբաղվում։ Չէի ուզում, որ ինձ ճանաչեն որպես կրոնասեր անձնավորության։ Հայրս ասում էր, որ ինքը և ուրիշները անչափ հիասթափված են իմ վարվելակերպից։ Սակայն վճռել էի չընկնել եկեղեցու ազդեցության տակ։

Հերթական անգամ, երբ Ֆունաֆութիում էի, կղզի, որի վրա գտնվում է Թուվալուի մայրաքաղաքը, կրտսեր եղբայրս հրավիրեց ինձ մասնակցելու Եհովայի վկաների ժողովի հանդիպմանը։ Ավելի ուշ, Եհովայի վկա մի միսիոներ «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի կապոց առաջարկեց ինձ։ Նա նաև տվեց մի գիրք, որը քողազերծում էր հեթանոսական ծագում ունեցող ուսմունքները, որոնք սովորեցնում էին այսպես կոչված քրիստոնեական բազմաթիվ եկեղեցիներ։ Ես մի քանի անգամ կարդացի այդ գիրքը։ Շատ զարմանալի բաներ իմացա Աստվածաշնչից, այդ թվում նաև այն, որ քրիստոնյաները պարտավորված չեն պահելու Շաբաթըa։ Այս ամենի մասին պատմեցի նաև կնոջս, և նա անմիջապես վճռեց այլևս չգնալ եկեղեցի։

Այնուամենայնիվ, որոշել էի ոչ մի կապ չունենալ կրոնի հետ։ Գրեթե երկու տարի անցավ, սակայն ես չէի մոռացել այն, ինչ սովորել էի։ Վերջապես, նամակ գրեցի Ֆունաֆութիում ապրող միսիոներին՝ տեղեկացնելով նրան, որ պատրաստ եմ փոփոխություններ անելու։ Նա հաջորդ իսկ նավակով եկավ և օգնեց ինձ ավելի շատ բաներ սովորելու Աստվածաշնչից։ Հայրս սաստիկ զայրացավ, երբ իմացավ, որ նպատակ ունեմ Եհովայի վկա դառնալու։ Սակայն ես ասացի նրան, որ Վկաներից շատ բան եմ սովորել Աստվածաշնչի մասին, ուստի արդեն կայացրել եմ որոշումս։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ 1986​թ.-ին մկրտվեցի ու դարձա Եհովայի վկա, իսկ կինս մկրտվեց մեկ տարի անց։ Մեր երկու դուստրերը նույնպես ուսումնասիրեցին Աստվածաշունչը և որոշեցին դառնալ Եհովայի վկաներ։

Այժմ ես մեծ առանձնաշնորհում ունեմ, քանի որ պատկանում եմ կրոնական մի խմբի, որի անդամներն առաջին դարի քրիստոնյաների նման բաժանված չեն հոգևոր և աշխարհիկ դասերի (Մատթեոս 23։8–12)։ Նրանք նաև խոնարհաբար հետևում են Հիսուսի օրինակին և քարոզում են Աստծու Թագավորության բարի լուրը (Մատթեոս 4։17)։ Որքա՜ն երախտապարտ եմ Եհովա Աստծուն, որ հնարավորություն է տվել ինձ սովորելու ճշմարտությունը իր և իր ժողովրդի մասին։

«Վկաները չէին ստիպում հավատալ իրենց» (ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՈՍԿՈՎ)

ԾՆՎԵԼ Է՝ 1971​թ.

ԵՐԿԻՐԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆ

ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ՁԵՌՆԱՄԱՐՏԻ ՈՒՍՈՒՑԻՉ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Ես ծնվել եմ Մոսկվայում, որը այդ ժամանակ Խորհրդային Միության մայրաքաղաքն էր։ Մենք ապրում էինք մի մեծ բնակարանում։ Մեր հարևաններից շատերն աշխատում էին միասին նույն գործարանում։ Հիշում եմ, թե ինչպես էին նրանք բողոքում՝ ասելով, որ շատ անկարգ երեխա եմ, որ կա՛մ ժամանակից շուտ կմահանամ, կա՛մ էլ ոստիկանների ձեռքը կընկնեմ։ Եվ իրոք, տասը տարեկանում արդեն խնդիրներ ունեի ոստիկանության հետ։

Երբ 18 տարիս լրացավ, ինձ զորակոչեցին. բանակում ես ծառայում էի որպես սահմանապահ։ Երկու տարի անց տուն վերադարձա և աշխատանքի տեղավորվեցի մի գործարանում, սակայն այդ գործը ինձ համար ձանձրալի էր։ Ուստի միացա Մոսկվայի՝ անկարգությունների դեմ պայքարի ոստիկանական ջոկատին և աշխատեցի որպես ձեռնամարտի ուսուցիչ։ Ես օգնում էի նրանց ձերբակալելու Մոսկվայի հանցագործներին, ինչպես նաև մեկնում էի երկրի ամենատարբեր թեժ կետերը։ Ներքին լարվածությունս այն աստիճանի էր հասել, որ ասես սեղմված զսպանակ լինեի։ Երբ վերադառնում էի տուն, երբեմն ստիպված էի լինում առանձին քնել. վախենում էի, որ քնած ժամանակ վնաս կհասցնեմ կնոջս։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Երբ սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ, հասկացա, որ պետք է թողնեմ ծխելը և չչարաշահեմ ոգելից խմիչքը։ Նաև հասկացա, որ բռնությամբ ողողված իմ կյանքը ներդաշնակ չէ Աստվածաշնչի չափանիշներին։ Բայցևայնպես, մտածում էի՝ քանի որ ուրիշ հմտություններ չունեմ, չեմ կարող փոխել աշխատանքս, հետևաբար չեմ էլ կարող հոգալ ընտանիքիս կարիքները։ Նաև կարծում էի, որ երբեք չեմ գնա տնից տուն քարոզելու, ինչպես որ Վկաներն են անում։

Չնայած դրան՝ վերջապես համոզվեցի, որ Աստվածաշնչի տեղեկությունները ճշգրիտ են։ Ինձ համար անչափ մխիթարական էին Եզեկիել 18։21, 22 համարներում արձանագրված խոսքերը. «Եթե ամբարիշտը հետ դառնա իր գործած բոլոր մեղքերից.... նրա գործած բոլոր օրինազանցությունները չեն հիշեցվի նրան»։

Ինձ դուր էր գալիս, որ Վկաները չէին ստիպում հավատալ իրենց, այլ օգնում էին տրամաբանելու իմ սովորածի շուրջ։ Ես 40-ից ավել պարբերագրերի մի կապոց վերցրի նրանցից և երեք շաբաթվա ընթացքում բոլորն ընթերցեցի։ Այն, ինչ սովորեցի, համոզեց ինձ, որ գտել եմ ճշմարիտ կրոնը։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Նախքան Աստվածաշունչ ուսումնասիրելը ընտանիքս քայքայման եզրին էր։ Սակայն այսօր մեր ամուսնական կապն ամրացել է։ Ուրախ եմ, որ կինս որոշեց ուսումնասիրել Աստվածաշունչը և ինձ հետ միասին ծառայել Եհովային։ Այժմ մեր ընտանիքը իսկական երջանկություն է վայելում։ Ինձ հաջողվեց նաև այնպիսի աշխատանք գտնել, որը չի հակասում Աստվածաշնչի սկզբունքներին։

Երբ սկզբում մասնակցում էի տնից տուն ծառայությանը, շատ էի լարվում. նման զգացում ունենում էի հանցագործներին բռնելուց առաջ։ Այժմ վստահ եմ, որ կարող եմ հանգստություն պահպանել, նույնիսկ եթե ինչ-որ մեկը փորձում է հունից հանել ինձ։ Ժամանակի ընթացքում սովորել եմ մարդկանց հետ շփվելիս համբերատար լինել։ Ափսոսում եմ, որ այդքան տարի անիմաստ վատնեցի, սակայն այժմ կյանքս իսկապես արժեք ունի։ Ինձ մեծ ուրախություն է պատճառում այն, որ ուժերս ներդնում եմ Եհովային ծառայելու և ուրիշներին օգնելու համար։

[ծանոթագրություն]

a Ավելի շատ տեղեկություն ստանալու համար տե՛ս 2010​թ. փետրվարի 1-ի «Դիտարանի»՝ «Պե՞տք է պահել Շաբաթը» հոդվածը, էջ 11–15։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը