Եհովան բացեց իմ աչքերը
ՊԱՏՄՈՒՄ Է ՊԱՏՐԻՍ ՕՅԵԿԱՆ
Կեսօրից բավական անցել էր։ Եվս մի խավար օր մոտենում էր ավարտին. ես՝ կույր և միայնակ մի մարդ, որը մինչև կոկորդը կշտացել էր ամբողջ օրը ռադիո լսելուց, որոշեցի վերջ դնել թշվառ կյանքիս։ Թունավոր փոշի լցրի ջրով լի բաժակի մեջ և դրեցի սեղանին։ Ուզում էի վերջին անգամ լոգանք ընդունել, գեղեցիկ հագնվել և դրանից հետո վերջ տալ բոլոր տառապանքներիս։ Բայց ինչպես տեսնում եք, դեռ կենդանի եմ։ Ինչպե՞ս եղավ, որ ինքնասպանության փորձս ձախողվեց։
ԵՍ ԾՆՎԵԼ եմ 1958թ. փետրվարի 2-ին Արևելյան Կասաի նահանգում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)։ Ինը տարեկան տղա էի, երբ հայրս մահացավ։ Իմ մասին սկսեց հոգ տանել մեծ եղբայրս։
Դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի ընդունվեցի կաուչուկի պլանտացիայում։ 1989 թվականին էր։ Մի օր, երբ առավոտյան աշխատասենյակում հաշվետվություն էի պատրաստում, հանկարծ շուրջս մթնեց։ Լիակատար խավար տիրեց։ Սկզբում կարծեցի, թե հոսանքն են տարել, բայց ինչպե՞ս, եթե գեներատորի ձայնը լսում էի։ Բացի այդ, առավոտ էր։ ...Ես սարսափահար եղա։ Հասկացա, որ ոչինչ չեմ տեսնում։
Անմիջապես կանչեցի իմ ենթականերից մեկին ու ասացի, որ ինձ տանի հիվանդանոց։ Բժիշկը ինձ խորհուրդ տվեց, որ գնամ քաղաք՝ ավելի փորձառու բժշկի մոտ ստուգվելու։ Նկատելով, որ աչքերիս ցանցաթաղանթները պատռվել են և վիճակս լուրջ է՝ նա ինձ ուղարկեց մայրաքաղաք Կինշասա։
Կյանքս Կինշասայում
Կինշասայում շատ ակնաբույժների մոտ եղա, բայց նրանցից ոչ ոք չկարողացավ օգնել։ Հիվանդանոցում 43 օր պառկելուց հետո ստացա բժիշկների եզրակացությունը. մնացած կյանքս կույր եմ լինելու։ Ընտանիքիս անդամները ինձ ինչ եկեղեցի ասես՝ չտարան՝ հույս ունենալով, որ հրաշքով կբուժվեմ։ Բայց նրանց ջանքերը զուր էին։
Վերջիվերջո, հույսս կորցրի, որ կապաքինվեմ։ Կյանքս մթնեց։ Կորցրի տեսողությունս, աշխատանքս, կորցրի նաև կնոջս, որը լքեց ինձ՝ իր հետ տանելով տան եղած-չեղածը։ Ամաչում էի տնից դուրս գալ ու շփվել մարդկանց հետ։ Դարձա ինքնամփոփ. օրերս անց էի կացնում չորս պատերի մեջ։ Ինձ անպիտան էի զգում։
Երկու անգամ փորձեցի վերջ տալ կյանքիս։ Երկրորդ փորձի մասին պատմեցի հոդվածի սկզբում։ Ինձ փրկեց իմ բարեկամներից մեկի... երեխան, որն ապրում էր մեր տանը։ Երբ ես լողանում էի, նա չգիտես՝ ինչու բաժակը վերցրեց և պարունակությունը թափեց։ Բարեբախտաբար, փոքրիկը դրանից չխմեց։ Շատ հիասթափվեցի, երբ չգտա բաժակը։ Հետո ընտանիքիս անդամներին խոստովանեցի, թե ինչու էի փնտրում այն։
Շնորհակալ եմ Աստծուն և ընտանիքիս, որ հոգ տարան իմ մասին։ Ինքնասպան լինելու մտադրությունս ձախողվեց։
Նորից ուրախություն եմ գտնում
1992թ.-ին՝ մի կիրակի օր, տանը նստած ծխում էի, երբ երկու Եհովայի վկա, որոնք ծառայում էին տնից տուն, թակեցին մեր դուռը։ Տեսնելով, որ կույր եմ՝ նրանք ինձ համար ընթերցեցին Եսայիա 35։5 համարը, որտեղ գրված է. «Այդ ժամանակ կույրերի աչքերը և խուլերի ականջները կբացվեն»։ Երբ լսեցի այդ խոսքերը, սիրտս ուրախությունից թպրտաց։ Ի տարբերություն այն եկեղեցիների, որ գնացել էի՝ Վկաները չառաջարկեցին հրաշքով բուժում։ Նրանք ասացին, որ եթե ճանաչեմ Աստծուն, նրա խոստացած նոր աշխարհում տեսողությունս կվերականգնվի (Հովհաննես 17։3)։ Անմիջապես Վկաների հետ սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել «Դուք կարող եք հավիտյան ապրել երկրային Դրախտում» գրքով։ Նաև սկսեցի հաճախել նրանց բոլոր հանդիպումներին և փոփոխություններ արեցի իմ կյանքում։ Դադարեցի ծխելուց։
Կույր լինելը խոչընդոտում էր հոգևոր առաջընթացիս։ Ուստի գնացի կույրերի համար նախատեսված մի հաստատություն, որտեղ Բրայլի գրատիպով գրել-կարդալ էին սովորեցնում։ Սրա շնորհիվ կարողացա մասնակցել այն կրթական ծրագրին, որն անցկացվում էր Թագավորության սրահում։ Կարճ ժամանակ անց արդեն մասնակցում էի քարոզչական գործին։ Կրկին սկսեցի ուրախություն ստանալ կյանքից։ Շարունակեցի հոգևորապես առաջադիմել և 1994թ. մայիսի 7-ին կյանքս նվիրեցի Եհովային։
Աստծու և մարդկանց հանդեպ ունեցած իմ սերը գնալով աճում էր, և ես ցանկացա ավելի շատ ժամանակ անցկացնել ծառայության մեջ։ 1995թ. դեկտեմբերի 1-ից՝ դարձա ընդհանուր ռահվիրա՝ լիաժամ ծառայող։ Ուրախ եմ, որ 2004թ. փետրվարին նշանակվեցի ժողովի երեց, ինչը ինձ հնարավորություն տվեց ավելի շատ ծառայելու իմ հավատակիցներին։ Երբեմն ինձ հրավիրում են աստվածաշնչյան ելույթներ ներկայացնելու հարևան ժողովներում։ Այս բոլոր օրհնությունները ինձ մեծ ուրախություն են պատճառում և օգնում են հիշելու, որ ոչ մի տկարություն չի կարող խանգարել մարդուն իրականացնելու Եհովա Աստծուն ծառայելու իր ցանկությունը։
Եհովան ինձ «աչքեր» տվեց
Ինչպես արդեն նշեցի, կինս, տեսնելով, որ կուրացել եմ, թողեց ինձ։ Բայց Եհովան ինձ համար մի յուրահատուկ օրհնություն էր պատրաստել. Էնի Մավամբուն, որը, չնայած իմ տկարությանը, համաձայնվեց ինձ հետ ամուսնանալ, դարձավ իմ «աչքերը»։ Նա նույնպես լիաժամ քարոզիչ է, ուստի միշտ ուղեկցում է ինձ ծառայության ժամանակ։ Նաև ինձ համար ընթերցում է իմ ելույթների համար տրված աղբյուրները, որպեսզի կարողանամ գրառումներ անել Բրայլի գրատիպով։ Էնին կրկնակի օրհնություն է ինձ համար։ Ես համոզվեցի Առակներ 19։14-ի ճշմարտացիության մեջ. «Հայրերից ստացած ժառանգությունը տուն և հարստություն է, բայց խոհեմ կինը Եհովայից է»։
Եհովան մեզ պարգևեց երկու զավակ՝ տղա ու աղջիկ։ Փափագում եմ Դրախտում՝ նոր աշխարհում, տեսնել նրանց դեմքերը։ Մեկ այլ օրհնություն է այն, որ մեծ եղբայրս, որը մեծահոգաբար մեզ ապրելու տեղ է տվել իր հողատարածքում, ընդունեց աստվածաշնչյան ճշմարտությունը և մկրտվեց։ Բոլորս էլ մի ժողովից ենք։
Աստված ինձ բազում օրհնություններ է տվել, և ես շատ եմ ուզում ավելին անել նրա համար, չնայած որ կույր եմ (Մաղաքիա 3։10)։ Ամեն օր աղոթում եմ, որ Աստծու Թագավորությունը գա և երկրի երեսից վերացնի ամեն տառապանք։ Այն օրվանից, ինչ սկսել եմ ճանաչել Եհովային, կարող եմ համոզված ասել, որ «Եհովայի օրհնությունն է հարստացնում, և նա ցավ չի ավելացնում դրան» (Առակներ 10։22)։
[նկարներ 13-րդ էջի վրա]
Աստվածաշնչային ելույթ եմ ներկայացնում։ Ընտանիքիս ու եղբորս հետ