Օգնել ոչ ակտիվներին
1 Հիսուսի առակներից մեկը պատմում է այն մասին, թե ինչպես մի հովիվ թողնում է իր 99 ոչխարներին և գնում փնտրելու կորած մեկ ոչխարին։ Հիշո՞ւմ եք Հիսուսի խոսքերը, թե՝ արդյունքում ինչ կլիներ, եթե հովիվը գտներ կորածին։ «Եւ եթէ պատահի, որ այն գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրա վրայ աւելի կ’ուրախանայ, քան իննսունիննի վրայ, որ մոլորուած չեն» (Մատթ. 18։13)։ Նման ուրախություն են ապրում շատ ժողովներ, երբ ոչ ակտիվ դարձած քարոզիչները վերադառնում են Աստծո հոտը։
2 Վերջին մի քանի տարիների ընթացքում լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել՝ օգնելու ոչ ակտիվ դարձած քարոզիչներին։ Վերակացուները իրենց վրա են կրում ամբողջ հոտին հոգ տանելու պատասխանատվությունը (Գործք 20։28)։ Ուստի՝ նրանք նախաձեռնություն են վերցրել՝ այցելելու ոչ ակտիվներին։ Արդյունքում՝ շատերն են արձագանքել նրանց սիրալիր հոգատարությանը և նորից սկսել Թագավորության լուրն ակտիվորեն քարոզել։ Ձեր ժողովում դեռևս կա՞ն այնպիսի անհատներ, որոնք վերջին տարիներին դարձել են ոչ ակտիվ։ Ի՞նչ կարելի է անել նրանց օգնելու համար։
3 Ի՞նչ կարելի է անել։ Ծառայողական վերակացուն և քարտուղարը պետք է իրենց ձեռքը վերցնեն այդ անհատներին հոգ տանելու գործը։ Երեցները պետք է ծրագրեն առաջին այցելությունը կատարել։ Հնարավոր է՝ ոչ ակտիվ դարձած անհատը ցանկանա, որ ինչ–որ մեկն իր հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնի։ Եթե այդպես է, ապա ծառայողական վերակացուն պետք է խորհրդակցի ժողովի Ծառայողական կոմիտեի մյուս անդամների հետ և որոշի, թե ում կարելի է նշանակել՝ նրա հետ ուսումնասիրելու (տե՛ս «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1998 թ. նոյեմբերի համարում «Հարցերի արկղը»)։ Գուցե պետք եղած օգնությունը ցույց տալու համար հարմար լինի նշանակել այն քարոզչին, որը նախկինում ուսումնասիրել է նրա հետ, կամ էլ ծանոթ է նրան և վայելում է նրա հարգանքը։ Եթե անհրաժեշտ է ուսումնասիրություն անցկացնել ամբողջ ընտանիքի հետ, ապա հնարավոր է երեցներից կամ ծառայողական օգնականներից որևէ մեկին հանձնարարվի դա անելու։ Ոչ ակտիվ քույրը կարող է օգնություն ստանալ փորձառու քրոջից, եղբայրը՝ ծառայողական օգնականից կամ շնորհալի ռահվիրայից։ Ծառայողական վերակացուն կհանձնարարի, թե ուսումնասիրության ժամանակ ինչ թեմաներ է հարկավոր քննարկել, կամ՝ թե որ գրականությունը ուսումնասիրել։ Նպատակը անհրաժեշտ օգնություն ցույց տալն է։ Ծառայողական վերակացուն կնշանակի նրան, ով ավելի համապատասխան է այդ գործն անելու։
4 Որոշ երեցներ օգտակար են համարում առաջին այցելության ժամանակ քննարկել «Դիտարանի» 2000 թ. դեկտեմբերի 15–ի համարից «Ինչո՞ւ ես ծառայում Աստծուն» և 1992 թ. օգոստոսի 1–ի համարից (ռուս.) «Ետ դարձեք դեպի ինձ, և ես էլ կդառնամ դեպի ձեզ» հոդվածները։ Կարելի է շեշտել Եհովայի ողորմությունը և հոդվածից օրինակներ պատմել այնպիսի մարդկանց մասին, ովքեր ետ են դարձել դեպի Եհովան։ Դրանից հետո կարելի է պայմանավորվել Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրություն սկսելու համար։
5 Այն քարոզիչները, ում տրվել է այս անհատների հետ ուսումնասիրություն անցկացնելու պատասխանատվությունն ու առանձնաշնորհումը, պետք է անհատապես հետաքրքրվեն նրանցով։ Ընկերացեք նրանց հետ։ Ցույց տվեք նրանց հոգևորապես զորանալու կարևորությունը։ Օգնեք հասկանալ, որ Եհովան իր սիրուց և հոգատարությունից մղված՝ իր կազմակերպության միջոցով նրանց նման օգնություն է ձեռնարկել։
6 Թեև այդ գործին մասնակցելու են սահմանափակ թվով քարոզիչներ, սակայն դա չի նշանակում, թե մյուսները ոչ մի բանով չեն կարող օգտակար լինել։ Բոլորս էլ կարող ենք ողջունել նրանց, երբ նրանք Թագավորության սրահ գան, և զրուցել հոգևոր թեմաների շուրջ։ Ցույց տանք, որ ուրախ ենք տեսնել նրանց մեր կողքին և որ հույս ունենք, որ նրանք կշարունակեն առաջադիմել։ Իսկ մինչ այդ, հարկավոր է անկեղծ հետաքրքրվածություն ցույց տալ նրանց հանդեպ։ Այսպիսի միացյալ ջանքերի շնորհիվ լավ արդյունքների կհասնենք (Եփես. 4։16)։
7 Ինչ խոսք, մենք շատ ենք ուրախանում, երբ տեսնում ենք, որ նախկինում ոչ ակտիվ քարոզիչները կրկին համագործակցում են մեզ հետ։ Ուրախությունն անսահման է հատկապես նրանց համար, ովքեր անհատապես օգնել են այս անհատներին։ Մենք աղոթում ենք, որ Եհովան առատապես օրհնի մեր ջանքերը՝ ‘բարին գործելու հավատքի ընտանիների’՝ ոչ ակտիվ դարձած բոլոր անհատների հանդեպ (Գաղ. 6։10, ԱԹ)։