«Հաւատի բարի մա՛րտը մղիր»
1 Պողոս առաքյալը Տիմոթեոսին հորդորեց հետևյալ խոսքերով. «Հաւատի բարի մա՛րտը մղիր» (Ա Տիմոթ. 6։12)։ Պողոսն ինքն էլ ապրում էր այդ խոսքերի հետ ներդաշնակ։ Հետագայում նա վստահորեն հայտարարեց, որ ինքն անձամբ մղել էր այդ «բարի պատերազմը» (Բ Տիմոթ. 4։6—8)։ Նա ամեն առիթ օգտագործում էր բարի լուրը հաստատակամորեն, համարձակորեն ու տոկունությամբ քարոզելու համար։ Հետևելով Պողոսի օրինակին՝ մենք ևս վստահ կլինենք, որ քրիստոնեական հավատի համար մղվող պայքարում լարում ենք մեր բոլոր ուժերը։
2 Գործադրիր պահանջվող ջանքերը։ Պողոս առաքյալը ծառայության մեջ շատ մեծ աշխատանք էր կատարում (Ա Կորնթ. 15։10)։ Նույնը կարելի է ասել նաև մեր մասին, քանի որ մենք էլ քարոզչական տարածքներում «արժանաւոր» մարդկանց ենք փնտրում (Մատթ. 10։11)։ Այդ ‘արժանավորներից’ ոմանց հետ զրուցելու համար գուցե պահանջվի առավոտյան վաղ արթնանալ և վկայություն տալ նրանց փողոցում։ Թերևս հարկ լինի քարոզել կեսօրից հետո կամ էլ երեկոյան, երբ մարդիկ տուն են վերադառնում։
3 Որպեսզի Գրքի ուսումնասիրության խմբի քարոզչական ծառայության հանդիպումներին հաճախելիս ճշտապահ լինենք, անհրաժեշտ է ինքնահսկում և լավ պլանավորում։ Օրինակ՝ հանգստյան օրերին Բեթելի ընտանիքի անդամներից ոմանք ծառայության մեջ իրենց ժողովի քարոզիչների հետ համագործակցելու համար ճանապարհի վրա ծախսում են մեկ ժամ կամ նույնիսկ ավելի, մինչև որ հասնեն քարոզի տարածք։ Նաև ուրախալի է, երբ որոշ քարոզիչներ առանձին կամ իրենց ընտանիքների հետ ժամանակին, առանց ուշանալու հասնում են հանդիպումներին՝ չնայած այն բանին, որ հեռվից են գալիս։ Իրոք որ, ջանասիրության և անձնական կարգապահության այսպիսի օրինակները ընդօրինակման են արժանի։
4 Մենք պետք է ձգտենք պահպանել ցանկացած հետաքրքրություն, որ նկատում ենք մարդկանց մոտ։ Նույնիսկ գրականություն տարածելիս՝ լինի փողոցում, թե ոչ պաշտոնական վկայության ժամանակ, փորձենք վերցնել քարոզվող անհատների հասցեն կամ հեռախոսահամարը։ Այդպիսով կկարողանանք կապ հաստատել նրանց հետ՝ նպատակ հետապնդելով ցուցաբերված հետաքրքրությունը զարգացնել և Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։
5 Կանոնավորաբար մասնակցիր քարոզչությանը։ Պողոսը բարի լուրը քարոզում էր անդադար և մանրամասնորեն (Հռովմ. 15։19)։ Կարելի՞ է արդյոք նույնը ասել նաև քո մասին։ Կանոնավորաբա՞ր ես մասնակցում քարոզչական գործին։ Իսկ այս ամիս արդեն քարոզե՞լ ես։ Ժողովի Գրքի ուսումնասիրության ղեկավարը հետաքրքրություն է ցուցաբերում իր խմբի անդամների նկատմամբ, որպեսզի օգնի նրանցից յուրաքանչյուրին մասնակցել օգոստոս ամսվա քարոզչությանը։
6 Պողոսն իրեն ամբողջովին նվիրել էր բարի լուրը հռչակելու գործին։ Ուստի, նրա օրինակին հետևելով՝ մենք էլ ի վիճակի կլինենք ‘մղել հավատի բարի մարտը’։