Օգուտներ ստանո՞ւմ ես
1 Այսօր միլիոնավոր մարդիկ ցանկանում են իմանալ՝ ինչպե՞ս հաղթահարել կյանքի խնդիրները և ապրել երջանիկ։ Իրենց կյանքը բարեփոխելու նպատակով նրանք կլանված են ինքնակատարելագործման վերաբերյալ գրքեր ընթերցելով կամ էլ խորհուրդների համար դիմում են տարբեր խմբերի ու կազմակերպությունների։ Ոմանք հնարավոր է ասեն, թե դա իրենց ինչ–որ չափով օգնել է։ Բայց, դատելով ներկայիս կյանքի պայմաններից՝ կարելի՞ է արդյոք ասել, որ մարդկությունն, ընդհանուր առմամբ, խաղաղ և մեծ բավականություն պատճառող կյանք է վայելում մարդկանց կազմած ուսուցողական ծրագրերի շնորհիվ։ Հազիվ թե (Ա Կորնթ. 3։18–20)։
2 Մյուս կողմից, մեր Արարիչը տալիս է ամենաօգտակար, անվճար ուսուցումը բոլոր նրանց, ովքեր պատրաստ են ականջ դնել։ Այո՛, Եհովան ցանկանում է, որ յուրաքանչյուր ոք օգուտներ քաղի իր ուսուցումներից։ Նա մեծահոգաբար մարդկությանը շնորհել է իր ներշնչյալ Խոսքը, որպեսզի նրանց առաջնորդի՝ ուղղամտության մեջ քայլելու։ Եհովան նաև հոգ է տարել իր Թագավորության բարի լուրը համայն աշխարհով մեկ հռչակելու մասին (Սաղ. 19։7, 8; Մատթ. 24։14; Բ Տիմոթ. 3։16)։ Երջանիկ կյանք վայելելը անմիջականորեն կապված է Եհովայի հրահանգներին ‘ուշադրություն անելու’ հետ (Ես. 48։17, 18)։
3 Եհովայից եկած առաջնորդությունը անհամեմատ գերադասելի է աշխարհիկ ցանկացած խորհրդատու կամ էլ ինքնակատարելագործման մասին գրքից։ Նա մեզ ուսուցանում է իր Խոսքի և իր կազմակերպության միջոցով, ուստի, ամբողջությամբ օգտվելով նրա այդ հայթայթումներից, կստանանք օգնություն, ինչպես նաև՝ հարատև օգուտներ (Ա Պետ. 3։10–12)։
4 Օգուտներ քաղիր ժողովի հանդիպումներից։ Այսօր Եհովան, իր ճանապարհների մասին սովորեցնելով, անկեղծ հետաքրքրություն է ցույց տալիս մեր հանդեպ։ Մենք էլ մեր հերթին, նրա հրահանգներին ուշադրությամբ հետևելով, օգուտներ ենք ստանում։ Ժողովի շաբաթական հինգ հանդիպումները վկայում են Եհովայի սիրո և հոգատարության մասին։ Այդ հանդիպումներին ներկա գտնվելով՝ հարստացնում ենք Աստծո մասին մեր գիտելիքները և ավելի ենք մտերմանում նրա հետ, ինչն էլ օգնում է մեզ հեռու մնալ չար գործերից։ Արդյունքում՝ մենք ուժ ենք ստանում։
5 Դեռ ավելի՛ն։ Ժողովի հանդիպումների ժամանակ ‘լայնորեն բաց ենք անում մեր սրտերը’ (Բ Կորնթ. 6։13)։ Դա նշանակում է ընդլայնել ժողովի մյուս անդամների հետ ծանոթության շրջանակը։ Հանդիպումներին ներկա գտնվելով՝ մենք քաջալերում ենք մեր հավատակիցներին և փոխադարձաբար քաջալերվում, ինչպես Պողոսը գրեց հռոմեացիներին ուղղված իր նամակում (Հռովմ. 1։11, 12)։ Իսկ եբրայեցիներին գրելիս նա հանդիմանեց նրանց, ովքեր, հավանաբար, սովորություն էին դարձրել քրիստոնեական հավաքույթները բաց թողնելը (Եբր. 10։24, 25)։
6 Կյանքից մեծ բավականություն ստանալը ուղղակիորեն կապված է մյուսների բարօրությամբ հետաքրքրվելու հետ։ Հարկավոր է ուրիշներին ուրախություն պատճառելու ուղիներ փնտրել։ Դրանում մեզ օգնում են հանդիպումները, որոնցից օգուտներ ենք ստանում ինչպես մենք, այնպես էլ նրանք, ում հետ առողջ ընկերակցություն ենք վայելում։ Մեզանից պահանջվում է միայն անկեղծ մասնակցություն ունենալ։
7 Նման խորհուրդ տվեց Պողոսը Տիմոթեոսին՝ գրելով. «Դու քեզ մարզի՛ր աստուածապաշտութեամբ» (Ա Տիմոթ. 4։7)։ Կարող ես հարց տալ. «Ես ինքս ինձ «մարզո՞ւմ եմ»։ Օգուտներ ստանո՞ւմ եմ ժողովի հանդիպումներին ներկա գտնվելուց»։ Մեր պատասխանը դրական կլինի, եթե ուշադրություն դարձնենք այն ամենին, ինչ որ լսում ենք հանդիպումների ժամանակ, և ձգտենք կիրառել մեր սովորածը։ Մենք պետք է կարողանանք մեզ ուսուցանող եղբայրների ետևում հավատի «աչքերով» տեսնել Եհովային՝ որպես իր ժողովրդի «Մեծ Խրատողի» (ՆԱ) (Ես. 30։20)։
8 Աստվածապետական ծառայության դպրոցը և Ծառայողական հանդիպումը։ Այս երկու հանդիպումների նպատակն է՝ օգնել քրիստոնյաներին ծառայության մեջ արդյունավետ լինելու։ Աստվածապետական ծառայության դպրոցը հենց այդ նպատակին է ծառայում. դպրոցի ուսանողները կանոնավորաբար հրահանգներ և խորհուրդներ են ստանում։ Դպրոցում դու հնարավորություն ունես դրսևորելու հմտությունդ որպես ելույթով հանդես եկող և Աստծո Խոսքն ուսուցանող։ Հատկապես մեծ օգուտներ կստանաս, եթե անդամագրվես Դպրոցին, ներկա գտնվես, կանոնավորաբար մասնակցես ծրագրին և հանձնարարություններիդ լրջորեն վերաբերվես։ Խորհուրդ ստանալիս ընդունիր և կիրառիր այն. դա կօգնի քեզ առաջադիմել։
9 Ծառայողական հանդիպումը սովորեցնում է մեզ քրիստոնեական ծառայության կարևորության մասին և ցույց է տալիս, թե ինչպես կարող ենք մասնակցություն ունենալ աշակերտներ պատրաստելու գործում։ Դու և քո ընտանիքը ամբողջությամբ օգտվո՞ւմ եք այս երկու հանդիպումներին ներկայացվող նյութերից։ Ամուսնական մի զույգ պատմում է. «Ծառայողական հանդիպումներից մեկի ժամանակ տեղեկացանք, որ օրվա խոսքը հարկավոր է քննարկել ընտանիքի բոլոր անդամների հետ միասին։ Մինչ այդ մենք այդպես չէինք անում, բայց հիմա արդեն օրվա խոսքը քննում ենք ամբողջ ընտանիքով»։ Ի՞նչ օգուտներ ստացան այդ ընտանիքի անդամները։ Նրանք պատմում են. «Մենք նկատել ենք, որ սեղանի շուրջ մեր զրույցներն ավելի հաճելի են դարձել, վիճաբանությունները դադարել են»։ Իսկ փոքրիկները ինչ–որ ձևով օգուտ քաղո՞ւմ են հանդիպումներից։ Անշուշտ։ Մի մայր պատմում է. «Բացահայտ է, որ հանդիպումները մեծ ազդեցություն են գործում երեխաների վրա։ Մի անգամ մենք նկատեցինք, որ մեր վեցամյա տղան ստում է։ Հենց այդ շաբաթ հանդիպմանը մատուցվող ուսուցողական ելույթը ստախոսության մասին էր։ Մեղավոր հայացքով նա նայեց հորը և կուչ եկավ իր տեղում։ Նա հասկացել էր իր սխալը. այդ դեպքից հետո նման խնդրի առաջ դեռ չենք կանգնել»։
10 Մի ռահվիրա քրոջ ուրախություն է պատճառում այն, որ Ծառայողական հանդիպման ժամանակ տրվում են այնպիսի խորհուրդներ, որոնք բարելավում են մեր ծառայությունը։ Ինչո՞ւ։ Նա բացատրում է. «Ինձ համար արդեն սովորություն է դարձել. երբ Ծառայողական հանդիպման ժամանակ ասվում է, որ պետք է կիրառել մատուցումները, մեծ եռանդով եմ լցվում և ցանկանում եմ շուտով գործածել դրանք, չնայած երբեմն թվում է, թե ինչ–որ մատուցում, որ տրվում է «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում, կիրառելի չէ։ Այդպիսով ծառայությունը ոգևորիչ է դառնում»։ Այս քույրը մի քանի շաբաթ շարունակ կիրառում էր այն խորհուրդը, որը վերաբերում էր առաջին այցելությունից ևեթ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելուն. արդյունքում նա ուսումնասիրություն սկսեց մի աղջկա հետ, որը մինչ այդ աղոթքով օգնություն էր խնդրում Աստծուց։
11 Երբ որևէ ելույթի ժամանակ քննարկվում է սուրբգրային խորհուրդ՝ կապված անձնական հարցերում ընտրություն կատարելու հետ, ունենո՞ւմ ես այնպիսի զգացումներ, կարծես թե Եհովան այդ խորհուրդը կոնկրետ քեզ է ուղղում։ «Վերջերս հանդիպումներից մեկի ժամանակ,— պատմում է մի եղբայր,— քննարկվում էր այն հարցը, թե ո՞ր կարգի զվարճություններն են պատշաճ քրիստոնյայի համար, և որոնք՝ ոչ։ Ես սիրում էի հեռուստացույցով բռնցքամարտ դիտել։ Սակայն այդ հանդիպումից հետո հասկացա, որ տվյալ սպորտաձևը պատկանում է զվարճությունների այն շարքին, որոնք վայել չեն քրիստոնյաների համար։ Ուստի, այլևս չեմ դիտում այդ մրցախաղերը»։ Այսպիսով՝ թեպետ այս եղբորը հրապուրում էր զվարճության մի ձև, որի մեջ բռնություն կար, բայց նա խոնարհություն դրսևորեց և արձագանքեց Եհովայի առաջնորդությանը (Սաղ. 11։5)։
12 Հանրային ելույթը, «Դիտարանի» ուսումնասիրությունը և ժողովի Գրքի ուսումնասիրությունը։ Ամեն շաբաթ Աստվածաշնչի վերաբերյալ տարբեր հարցեր մեկնաբանող հանրային ելույթներ ենք լսում։ Ի՞նչ են տալիս քեզ այս ելույթները։ Դրանցից ստացված օգուտների մասին է պատմում մի քրիստոնյա ամուսին. «Հանրային ելույթներից մեկում քննարկվում էին սուրբ ոգու բոլոր պտուղները։ Ելույթը ներկայացնող եղբայրը բերեց իր անձնական օրինակը, թե ինչ էր ձեռնարկել այդ պտուղներն իր մեջ զարգացնելու համար։ Նա ընտրել էր հատկություններից որևէ մեկը և այդ ուղղությամբ աշխատել մեկ շաբաթ։ Շաբաթվա վերջում, անդրադառնալով այդ ժամանակամիջոցին, փորձել էր հիշել, թե ինչպես էր այդ պտուղը գործադրել առօրյայում։ Հաջորդ շաբաթ նա աշխատել էր մեկ այլ պտուղ զարգացնելու վրա։ Ինձ դուր եկավ այդ միտքը և շուտով ես էլ սկսեցի նույնը անել»։ Իրոք որ, սովորածը կյանքում կիրառելու հրաշալի օրինակ է։
13 «Դիտարանի» ուսումնասիրության ընթացքում սովորում ենք սուրբգրային սկզբունքները կիրառել կյանքի տարբեր իրավիճակներում։ Չնայած կյանքի հոգսերին՝ դա օգնում է մեզ ներքին խաղաղություն պահպանել։ «Դիտարանի» ուսումնասիրությունը նաև օգնում է աստիճանաբար լուսաբանվող ճշմարտության հետ համաքայլ ընթանալ։ Եկեք հիշենք. արդյոք մեզ համար օգտակար չէի՞ն «Դիտարանի» 1999 թ. մայիսի 1–ի համարի թեմաները՝ ««Պէտք է, որ այդ ամէնը լինի»», ««Ով ընթերցում է, թող հասկանայ»» և «Եղեք զգոն և ջանասեր» վերնագրերով։ Այդ հոդվածների ուսումնասիրությունն ի՞նչ ազդեցություն ունեցավ անձամբ քեզ վրա։ Գործերդ ցույց տալի՞ս են, որ ապագայի վերաբերյալ Հիսուսի նախազգուշացումը սրտանց ես ընդունում։ Պատրաստ կլինե՞ս գալիք փորձություններին, երբ կտեսնես «Աւերածի պղծությունը.... սրբութեան տեղումը կանգնած» (Մատթ. 24։15–22, ԱԹ)։ Ձգտումներդ ու ապրելակերպդ ցույց տալի՞ս են, որ Եհովայի անվան սրբացո՛ւմն է կարևորագույն տեղը զբացեղնում քո կյանքում, և ոչ թե նյութական իրեր կուտակելը։ Ուրեմն, կարո՞ղ ենք ասել, որ «Դիտարանի» ուսումնասիրության ընթացքում ստանում ենք գիտելիքներ, որոնք մեր օգտին են ծառայում արդեն այսօր։
14 Միայն խորհրդածենք, թե որքան շատ բան ենք սովորում ժողովի Գրքի շաբաթական ուսումնասիրությունից։ Արդեն չորս ամիս է, ինչ ուսումնասիրում ենք Աստվածաշնչի «Դանիէլ» գիրքը։ Այդ ընթացքում նկատե՞լ ես, որ հավատդ շաբաթից շաբաթ ամրացել է։ Եհովայի սիրելի մարգարե Դանիելի նման մենք էլ ենք ամրացնում մեր հավատը, որպեսզի հաստատուն մնանք։
15 Եհովան մեզ սովորեցնում է ուրախ կյանքով ապրել։ Աստծո հրահանգներին ականջ դնելով՝ մենք խուսափում ենք բազում մտահոգություններից։ Դեռ ավելին. մեր անձնական փորձից ենք իմանում, թե ինչ է նշանակում երջանիկ կյանքով ապրել։ Եհովայի առաջնորդությանը հետևելով՝ մենք դառնում ենք նրա գործակիցները, և ոչ թե զուտ դիտորդներ։ Իսկ նրանք, ովքեր մասնակցում են Աստծո գործին, երջանիկ են (Ա Կորնթ. 3։9; Յակ. 1։25)։
16 Մտածիր, թե ինչպես կարող ես կիրառել ժողովից ստացած ուսուցումները (Յովհ. 13։17)։ Ծառայիր Աստծուն եռանդով և ամբողջ սրտով։ Ուրախությունդ հեղեղի պես կլինի. կյանքդ ավելի իմաստալից կդառնա։ Այո՛, դու իսկապես օգուտներ կստանաս։