Հիմնավորապե՞ս ես կատարում քո ծառայությունը
1 «Գործք առաքելոց» գրքում կարդում ենք այն մասին, որ, կատարելով իրենց ծառայությունը, Հիսուսի աշակերտները «հիմնավոր վկայություն» էին տալիս մարդկանց (Գործք 2։40, ՆԱ; 8։25, ՆԱ; 28։23, ՆԱ)։ Պարագան, անշուշտ, նույնն էր նաև Պողոս առաքյալի դեպքում (Գործք 20։24, ՆԱ)։ Որպես բարի լուրի քարոզիչ դու էլ ես ձգտո՞ւմ հասնել այսպիսի նպատակի. իհա՛րկե։ Իսկ ինչպե՞ս կարող ես հասնել այդ նպատակին։
2 Մատուցումներ պատրաստիր։ Արդյունավետ կերպով վկայություն տալու համար անհրաժեշտ է լավ նախապատրաստվել։ Դա հատկապես կարևոր է պարբերագրերն առաջարկելու համար, քանի որ դրանցում քննարկվող նյութերն անընդհատ փոխվում են։ Որպես օգնություն՝ «Մեր թագավորական ծառայության» սույն համարից սկսած՝ առաջին էջի ձախ կողմում զետեղված սյունակում կներկայացվեն «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի ընթացիկ համարների վրա հիմնված մատուցումների օրինակներ։ Դրանց օգնությամբ կկարողանանք մարդկանց ուշադրությունը հրավիրել պարբերագրի ժամանակահարմար թեմայի վրա, որը կարող է հետաքրքրել շատերին։ Ինչպե՞ս կիրառել այս կարճ մատուցումները։
3 Ընտրիր այն մատուցումը, որը քո կարծիքով ավելի արդյունավետ կարող է լինել քո տարածքում։ Ուշադրությամբ կարդա այն հոդվածը, որի վրա հիմնված է մատուցումը և ընդգծիր այն մտքերը, որոնք հավանաբար կշարժեն զրուցակցիդ հետաքրքրությունը։ Պարբերագրում գտիր թեմայի հետ կապված աստվածաշնչյան մի համար, որը գուցե հաջողվի ընթերցել զրուցակցիդ։ Պատրաստիր նաև կարճ եզրափակում, որի օգնությամբ կխրախուսես նրան ընթերցել պարբերագիրը։ Եթե տեղին կլինի, հակիրճ հիշատակիր այն մասին, որ զրուցակիցդ կարող է նվիրատվություն կատարել Եհովայի վկաների համաշխարհային գործունեության համար։ Այժմ կրկնիր քո մատուցումը։
4 Աշխատիր օգտագործել Աստվածաշունչը։ Լավ նախապատրաստվելու շնորհիվ քո մատուցման մեջ կկարողանաս ընդգրկել որևէ աստվածաշնչյան խոսք։ Հմուտ քարոզիչները շատ վայրերում հաջողության են հասել, երբ մոտեցել են դռանը Աստվածաշունչը ձեռքներին։ Ընդօրինակելով նրանց՝ կարող ես ողջունել տանտիրոջն ու ասել.
◼ «Մենք հարցնում ենք մարդկանց, թե արդյոք հավատո՞ւմ են այս բանին....»։ Կարդա Ծննդոց 1։1–ը, այնուհետև հարցրու. «Համաձա՞յն եք այս խոսքերի հետ»։ Եթե այո, ապա շարունակիր. «Ես էլ եմ համաձայն։ Այնուամենայնիվ, ի՞նչ եք կարծում, քանի որ Աստված է ամեն բան ստեղծել, ուրեմն նա՞ է պատասխանատու այսօր կատարվող չարության համար»։ Պատասխանի համար շնորհակալություն հայտնելուց հետո կարդա Ժողովող 7։29–ը։ Այնուհետև բաց արա «Գիտություն» գրքի 71–րդ էջը և ընթերցիր 2–րդ պարբերությունը։ Խրախուսիր զրուցակցիդ ընթերցել գիրքը։ Եթե նա համաձայն չէ Ծննդոց 1։1–ի խոսքերի հետ, այդ դեպքում առաջարկիր քննել «Ստեղծիչ» գրքում բերված փաստերը։
5 Զարգացրու ցանկացած հետաքրքրություն։ Դժվար թե կարողանաս հիմնավոր կերպով կատարել ծառայությունդ, եթե չզարգացնես անհատի հետաքրքրությունը։ Երբ հաճելի զրույց ես ունենում, գրի առ զրուցակցիդ անունն ու հասցեն՝ անկախ նրանից նա վերցրել է պարբերագիր կամ որևէ այլ գրականություն, թե՝ ոչ։ Ջանադիր կերպով ձգտիր զարգացնել անհատի ցուցաբերած հետաքրքրությունը՝ անհապաղ վերայցելելով նրան։ Եվ իհարկե առաջարկիր ուսումնասիրել Աստվածաշունչը։
6 Առաջին դարի աշակերտները գիտակցում էին, որ Հիսուսն իրենց հրահանգ էր տվել «[«հիմնավոր», ՆԱ] վկայութիւն տալ» (Գործք 10։42)։ Այդ նույն հրահանգը մեզ է ուղղված, և միայն այդպես կկարողանանք աշակերտներ պատրաստել (Մատթ. 28։19, 20)։ Եկեք ամեն հնարավոր բան անենք, որպեսզի մեր ծառայությունը հիմնավորապես կատարենք (Բ Տիմոթ. 4։5)։