Փնտրենք նրանց, ովքեր «արժանի» են
1 Քարոզչական գործը կատարելու վերաբերյալ Հիսուսի տված հրահանգներին հետևելը հեշտ չէ։ Նա ասաց. «Որ քաղաք՝ կամ գիւղ որ մտնէք, հարցրէք [«փնտրեք», ՆԱ] թէ նորանում ո՛վ է արժանի» (Մատթ. 10։11)։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարդիկ այսօր ավելի ու ավելի քիչ ժամանակ են անցկացնում տանը՝ ինչպե՞ս կարող ենք արդյունավետորեն կատարել փնտրելու այդ գործը։
2 Քննիր ձեր տարածքի առանձնահատկությունները։ Նախ՝ քննիր, թե ինչ առանձնահատկություններ ունի ձեր տարածքը։ Ո՞ր ժամերին են մարդիկ ամենայն հավանականությամբ տանը լինում։ Որտե՞ղ կարելի է նրանց գտնել օրվա ընթացքում։ Կա՞ շաբաթվա մեջ այնպիսի օր կամ օրվա մեջ այնպիսի ժամ, երբ նրանք ավելի հակված են լսելու։ Ծառայությունդ ձեր տարածքում բնակվող մարդկանց գրաֆիկի և հանգամանքների հետ հարմարեցնելով՝ դու լավագույն արդյունքների կհասնես (Ա Կորնթ. 9։23, 26)։
3 Շատ քարոզիչներ լավ արդյունքների են հասել՝ մարդկանց երեկոյան ժամերին այցելելով։ Այդ ժամերին մարդիկ հանգստացած են լինում և ավելի լավ են լսում։ Ձմռան ամիսներին, երբ օրերն ավելի կարճատև են լինում, գուցե արդյունավետ լինի երեկոյան ժամերին հեռախոսով վկայություն տալը (որտեղ թույլ է տրվում)։ Գործարար տարածքներում կամ հասարակական վայրերում վկայություն տալը նույնպես մարդկանց բարի լուրը հաղորդելու միջոց է։
4 Ժողովներից մեկը քարոզչական հատուկ գործունեության մի ամսում ընտրեց վկայություն տալու հետևյալ ժամերը՝ շաբաթ և կիրակի օրերին ճաշից հետո, իսկ չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ երեկոյան։ Նաև հեռախոսով վկայություն տալու և գործարար տարածքներում քարոզելու աշխատանք կազմակերպվեց։ Այդ միջոցառումներն այնպիսի խանդավառություն հաղորդեցին քարոզիչներին, որ ժողովը որոշեց հետագայում էլ հետևել այդ գրաֆիկին։
5 Եղիր ջանասեր վերայցելություններ կատարելու հարցում։ Եթե քո տարածքում վերայցելություններ կատարելիս դժվար է մարդկանց տանը գտնել, փորձիր կոնկրետ պայմանավորվել նրանց հետ յուրաքանչյուր այցելության վերջում։ Նույնը կարելի է անել նաև առաջին այցելության ժամանակ։ Այնուհետև ամեն բան արա, որ անպայման այցելես նրանց պայմանավորված ժամանակ (Մատթ. 5։37)։ Եթե տեղին է, կարող ես տանտիրոջից խնդրել նրա հեռախոսահամարը։ Դա նույնպես կօգնի քեզ նորից կապ հաստատել նրա հետ։
6 Անշուշտ, արժանի անհատների փնտրելու, ինչպես նաև ցույց տրված հետաքրքրությունը զարգացնելու ուղղությամբ գործադրված մեր ջանքերը կարժանանան Եհովայի օրհնությանը (Առակ. 21։5)։