Հիսուսի մտածելակերպն ունեցիր
1. Ինչպիսի՞ մտածելակերպ հանդես բերեց Հիսուսը։
1 Թեև մենք երբեք չենք տեսել Աստծո Որդուն, սակայն նրա կյանքի ու ծառայության մասին հաղորդագրությունները կարդալով՝ իսկապես սկսել ենք սիրել նրան (Ա Պետ. 1։8)։ Իր Հոր կամքին հնազանդվելով՝ Հիսուսը թողեց իր երկնային դիրքը և երկիր եկավ։ Ապրելով որպես մարդ՝ նա անձնուրաց կերպով ծառայեց մարդկանց և հետո իր կյանքը տվեց հանուն մարդկության (Մատթ. 20։28)։ Աստծո Խոսքը մեզ խրախուսում է. «Ձեր ամեն մէկը թող այն մտածէ, որ էլ Քրիստոս Յիսուսումն էր»։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին անձնազոհ ոգի ցուցաբերելու մեջ (Փիլիպ. 2։5–8)։
2. Ի՞նչ դժվարության են հանդիպում շատ քրիստոնյաներ, և ի՞նչը կօգնի նրանց հաղթահարել դա։
2 Երբ հոգնած ենք։ Թեև Հիսուսը կատարյալ էր, սակայն նա ևս հոգնում էր։ Մի առիթով, երբ նա «ճանապարհից յոգնած» (ԷԹ) էր, հիմնովին վկայություն տվեց մի սամարացի կնոջ (Յովհ. 4։6)։ Շատ քրիստոնյաներ այսօր նույնպիսի դժվարության են հանդիպում։ Ամբողջ շաբաթը ծանր աշխատելուց հետո գուցե դժվար լինի ուժ գտնել քարոզչական ծառայության գնալու։ Սակայն ծառայությանը կանոնավորաբար մասնակցելը հոգևոր թարմություն է տալիս մեզ (Յովհ. 4։32–34)։
3. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին մարդկանց պատրաստակամորեն սովորեցնելու հարցում։
3 Մեկ ուրիշ առիթով Հիսուսն իր աշակերտների հետ ուղևորվեց մի մեկուսի վայր, որպեսզի փոքր–ինչ հանգստանա։ Բայց մարդկանց մի մեծ բազմություն գտավ նրանց և վազեց նրանց ընդառաջ։ Հիսուսը չբարկացավ, այլ «նորանց վերայ գթաց» և «նորանց շատ բաներ սովորեց[րեց]» (Մարկ. 6։30–34)։ Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսելու և անցկացնելու համար մենք նույնպիսի մտածելակերպ պետք է ունենանք։ Մշտական ջանքեր և մարդկանց հանդեպ անկեղծ սեր է հարկավոր։ Եթե այժմ դու Աստվածաշնչի ուսումնասիրություն չունես, մի՛ վհատվիր, շարունակի՛ր փնտրել։
4. Ինչպե՞ս կարող է ենթառահվիրայական ծառայությունը օգնել մեզ Քրիստոսի մտածելակերպը ունենալ։
4 Հոգևորը առաջին տեղում դիր։ Ենթառահվիրայական ծառայությունը կարող է օգնել մեզ ավելի շատ կենտրոնանալ հոգևոր գործունեությունների վրա։ Մի երիտասարդ քույր գրում է. «Իմ ընկերուհիներից մեկի մայրը խրախուսեց մեզ երկուսիս մի ամիս իր հետ միասին ծառայել որպես ենթառահվիրա։ Ես շատ ուրախ եմ, որ մենք համաձայնեցինք միանալ նրան։ Ուրախ եմ, որ ավելի լավ ճանաչեցի եղբայրներին ու քույրերին, և շուտով նրանք ինձ համար դարձան ընտանիքի անդամների պես։ Ինձ նաև հաճույք էր պատճառում այն, որ կարող էի ավելի շատ ժամանակ տրամադրել մարդկանց Եհովայի մասին պատմելուն և Թագավորության մասին հրաշալի ճշմարտությունները նրանց սովորեցնելուն։ Այդ ամենի շնորհիվ ես ավելի մոտ զգացի ինձ Եհովային ու նրա կազմակերպությանը» (Սաղ. 34։8)։
5. Ինչո՞ւ մենք պետք է միշտ ձգտենք մեր մեջ զարգացնել Հիսուսի մտածելակերպը։
5 Բոլորիս մեջ էլ պայքար է մղվում մեր անկատար մարմնի և Եհովային հաճեցնելու ցանկության միջև (Հռովմ. 7։21–23)։ Մենք պետք է պայքարենք սեփական անձը խնայելու ցանկության դեմ, ինչը բնորոշ է այս աշխարհին (Մատթ. 16։22, 23)։ Եհովան կարող է օգնել մեզ այս հարցում՝ տալով մեզ իր սուրբ ոգին (Գաղ. 5։16, 17)։ Մինչ սպասում ենք այն ժամանակին, երբ կանցնենք Աստծո արդար նոր աշխարհ, եկեք Հիսուսի մտածելակերպը զարգացնենք մեր մեջ և Թագավորության, ինչպես նաև մարդկանց շահերը մեր անձնականից բարձր դասենք (Մատթ. 6։33; Հռովմ. 15։1–3)։