Ժողովի Գրքի ուսումնասիրություն. ինչո՞ւ այս հանդիպման կարիքն ունենք
1 1895 թվականին Աստվածաշունչ ուսումնասիրողների (ինչպես կոչվում էին Եհովայի վկաներն այն ժամանակ) ուսումնասիրության խմբերը սկսեցին կոչվել Աստվածաշնչի ուսումնասիրության «Արշալույսի» խմբակներ։ Ուսումնասիրություններն անցկացվում էին «Հազարամյակի արշալույս» (անգլ.) ժողովածուի հատորներով։ Հետագայում այս հանդիպումները սկսեցին կոչվել Աստվածաշնչի ուսումնասիրության Բերիական խմբակներ (Գործք 17։11)։ Բոլորին հարմար երեկոներին նրանք հաճախ հանդիպում էին փոքր խմբերով ինչ–որ մեկի տանը։ Այդ հավաքույթները ժողովի Գրքի ուսումնասիրության հանդիպման նախատիպն էին։
2 Քաջալերություն և օգնություն։ Այս հանդիպման խմբերը հատուկ նպատակով փոքրաթիվ են լինում, ինչը ավելի լայն հնարավորությունների դուռ է բաց անում ներկաների առջև իրենց հավատը արտահայտելու։ Արդյունքը լինում է այն, որ մենք «քաջալեր[ում ենք] միմյանց այն հավատով, որ ունենք» (Հռովմ. 1։12, ԱՆԹ)։
3 Ուշադրություն դարձնելով, թե ինչպես է Գրքի ուսումնասիրության վերակացուն ուսուցանում՝ մենք կկարողանանք «ճշմարտութեան խօսքն ուղիղ մատակարարե[լ]» (Բ Տիմոթ. 2։15)։ Նկատիր, թե ինչպես է նա ցույց տալիս, որ քննարկվող նյութը հիմնված է Գրությունների վրա։ Եթե տվյալ հրատարակության համար տեղին լինի, նա կարող է ընդգծել գլխավոր մտքերը՝ կրկնությամբ ամփոփելով քննարկումը՝ օգտվելով միայն Աստվածաշնչից։ Նրա լավ օրինակը կօգնի մեզ կատարելագործել քրիստոնեական ծառայության մեջ ուսուցանելու մեր կարողությունը (Ա Կորնթ. 11։1)։
4 Գրքի ուսումնասիրության շաբաթական հանդիպումներն անցկացնելուց բացի, վերակացուն առաջնորդություն է վերցնում քարոզչական գործում։ Համագործակցելով ծառայողական վերակացուի հետ՝ նա գործնական միջոցներ է ձեռնարկում քարոզչական ծառայության համար։ Նա ձգտում է օգնել իր խմբի բոլոր անդամներին, որպեսզի վերջիններս կարողանան կատարել իրենց քրիստոնեական պատասխանատվությունը, այն է՝ քարոզել բարի լուրը և աշակերտներ պատրաստել (Մատթ. 28։19, 20; Ա Կորնթ. 9։16)։
5 Գրքի ուսումնասիրության վերակացուն հետաքրքրվում է խմբի անդամներից յուրաքանչյուրի հոգևոր բարօրությամբ։ Իր հետաքրքրվածությունը նա ցույց է տալիս ժողովի հանդիպումների ժամանակ, նաև նրանց հետ քարոզչական գործին մասնակցելիս։ Նա նաև օգտագործում է եղբայրներին և քույրերին անհատապես այցելելու առիթները, որպեսզի հոգևոր քաջալերություն տա նրանց։ Բոլորն էլ պետք է ազատ զգան իրենց Գրքի ուսումնասիրության վերակացուի օգնությանը դիմելու հարցում, երբ դրա կարիքը զգում են (Ես. 32։1, 2)։
6 Զորացնենք միմյանց։ Այն երկրներում, որտեղ Աստծո ժողովրդի գործունեությունը արգելքի տակ է, եղբայրները հաճախ հանդիպում են փոքր խմբերով։ Մի եղբայր պատմում է. «Նույնիսկ երբ մեր քրիստոնեական գործունեությունը արգելված էր, հնարավորության դեպքում մենք մեր շաբաթական հանդիպումները անցկացնում էինք 10–15 հոգուց բաղկացած խմբերով։ Հանդիպումները մեզ հոգևորապես զորացնում էին և՛ Աստվածաշնչի ուսումնասիրության, և՛ ուսումնասիրությունից հետո եղբայրների հետ շփվելու շնորհիվ։ Մենք համեմատում էինք մեզ հետ պատահած դեպքերը և այդպիսով տեսնում էինք, որ մեզանից յուրաքանչյուրն էլ նույն պայքարն է մղում» (Ա Պետ. 5։9)։ Եկեք մենք էլ զորացնենք միմյանց՝ լիարժեքորեն թիկունք կանգնելով ժողովի Գրքի ուսումնասիրության միջոցառմանը (Եփես. 4։16)։
[Հարցեր ուսումնասիրության համար]
1. Ինչպե՞ս է սկիզբ դրվել ժողովի Գրքի ուսումնասիրության հանդիպմանը։
2. Ինչպե՞ս կարող ենք փոխադարձ քաջալերություն ստանալ Գրքի ուսումնասիրության հանդիպմանը։
3, 4. Ինչպե՞ս է Գրքի ուսումնասիրության հանդիպումն օգնում մեզ մեր ծառայության մեջ։
5. Անհատական ի՞նչ օգնություն կարող ենք ստանալ Գրքի ուսումնասիրության միջոցառումից։
6. ա) Ինչպե՞ս են մեր եղբայրները տարբեր երկրներում զորություն ստացել փոքր խմբերով հավաքույթներից։ բ) Ի՞նչ օգուտներ ես քաղում անձամբ դու Գրքի ուսումնասիրության հանդիպումից։