Մաս 2—Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնենք
Նախապատրաստվենք ուսումնասիրությանը
1 Աստվածաշնչի ուսումնասիրության ժամանակ արդյունավետորեն ուսուցանելը ավելին է իր մեջ պարփակում, քան պարզապես նյութը քննարկելը և բերված սուրբգրային համարները բաց անելն ու կարդալը։ Մենք պետք է տեղեկություններն այնպես մատուցենք, որ հասնենք ուսումնասիրողի սրտին։ Ուստի անհրաժեշտ է մանրակրկիտ ձևով նախապատրաստվել՝ ի մտի ունենալով տվյալ ուսումնասիրողի կարիքները (Առակ. 15։28)։
2 Ինչպես նախապատրաստվել։ Առաջին՝ աղոթիր Եհովային ուսումնասիրողի ու նրա կարիքների մասին։ Խնդրիր, որ նա օգնի քեզ հասնել նրա սրտին (Կող. 1։9, 10)։ Թեմայի մասին հստակ պատկերացում ունենալու նպատակով մի փոքր ժամանակ հատկացրու քննելու համար գլխի կամ դասի վերնագիրը, ենթավերնագրերը և զննական միջոցները։ Հարցրու ինքդ քեզ. «Ո՞րն է այս թեմայի գլխավոր նպատակը»։ Դա կօգնի քեզ ուսումնասիրության ընթացքում կենտրոնանալ գլխավոր մտքերի վրա։
3 Ուշադրությամբ քննիր նյութը պարբերություն առ պարբերություն։ Փորձիր գտնել տպագրված հարցերի պատասխանները՝ ընդգծելով միայն գլխավոր բառերն ու արտահայտությունները։ Վերլուծիր, թե ինչպես են բերված աստվածաշնչյան համարները առնչվում պարբերության գլխավոր մտքին, և որոշիր, թե որ համարներն եք ընթերցելու ուսումնասիրության ժամանակ։ Թերևս օգտակար համարես հրատարակության լուսանցքներում համառոտ նշումներ կատարել այդ համարների վերաբերյալ։ Ուսումնասիրողը պետք է պարզ տեսնի, որ իր սովորած բոլոր բաները Աստծո Խոսքից են վերցված (Ա Թեսաղ. 2։13)։
4 Թեման հարմարեցրու անհատի կարիքներին։ Երկրորդ՝ քննիր թեման՝ ի մտի ունենալով ուսումնասիրողին։ Նախապես մտածիր, թե ինչ հարցեր գուցե նա առաջ քաշի և որ մտքերը թերևս դժվարությամբ հասկանա կամ ընդունի։ Հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ պետք է նա հասկանա հոգևորապես առաջադիմելու համար կամ ինչի՞ վրա պետք է աշխատի։ Ինչպե՞ս կարող եմ հասնել նրա սրտին»։ Ապա ուսուցանելիս թեման հարմարեցրու նրա կարիքներին։ Երբեմն գուցե հարկ համարես ինչ–որ օրինակ բերել, բացատրություն տալ կամ մի շարք հարցեր ուղղել, որպեսզի օգնես նրան հասկանալ որևէ մտքի կամ սուրբգրային համարի իմաստը (Նէեմ. 8։8)։ Սակայն խուսափիր հավելյալ տեղեկություններ հաղորդելուց, որոնք այնքան էլ չեն նպաստում թեմայի լուսաբանմանը։ Ուսումնասիրության վերջում նյութը հակիրճ ամփոփելը կօգնի նրան մտապահել գլխավոր մտքերը։
5 Որքա՜ն ենք ուրախանում, երբ նոր անհատները արդարության պտուղներ են բերում Եհովայի փառաբանության համար (Փիլիպ. 1։11)։ Որպեսզի օգնես նրանց անելու դա, Աստվածաշնչի յուրաքանչյուր ուսումնասիրությունից առաջ լավ նախապատրաստվիր։