Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող շրջան. ակտիվորեն գործելու ժամանակ
1. Ի՞նչ ազդեցություն էին թողնում «տօները» աստվածավախ իսրայելացիների վրա։
1 Հնում իսրայելացիները տարվա որոշակի ժամանակահատվածների նշում էին «Եհովայի տօները» (Ղեւտ. 23։2)։ Աստծու բարության շուրջ խորհրդածելուն ժամանակ տրամադրելը մեծ ուրախություն էր պատճառում նրանց և մղում լինելու նախանձախնդիր ճշմարիտ երկրպագության մեջ (Բ Մնաց. 30։21–31։2)։
2, 3. Ինչո՞ւ տեղին կլինի ավելի ակտիվ լինել հոգևոր գործունեության մեջ Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող շրջանում, և ե՞րբ է նշվելու Հիշատակի երեկոն այս տարի։
2 Ներկա ժամանակներում ամեն տարի Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող շրջանում մեր ուրախ ծառայությունը մեծ թափ է ստանում։ Դա մի ժամանակ է, երբ խորապես մտածում ենք Եհովայի միածին Որդու՝ այն թանկագին պարգևի մասին, որ նա տվել է հանուն մեզ (Յովհ. 3։16; Ա Պետ. 1։18, 19)։ Աստծու և նրա Որդու դրսևորած սիրո մասին խորհելը մղում է մեզ գովաբանելու Եհովային և մեր անձը տրամադրելու նրա կամքն անելուն (Բ Կորնթ. 5։14, 15)։
3 Այս տարի Տերունական ընթրիքը կնշվի մարտի 24–ին՝ հինգշաբթի օրը՝ մայրամուտից հետո։ Ինչպե՞ս կարող ենք ավելի մեծ մասնակցություն ունենալ ծառայության մեջ մարտ, ապրիլ և մայիս ամիսների ընթացքում։
4, 5. ա)Ի՞նչն է օգնել ոմանց բարի լուրը հայտնել ավելի շատ մարդկանց։ բ) Նկատե՞լ ես, թե ինչպես կարելի է արդյունավետորեն ծառայել ձեր տարածքում։
4 Քարոզենք ավելի շատ մարդկանց։ Ծառայության ժամանակ ձգտիր վկայություն տալ որքան հնարավոր է շատ մարդկանց։ Կարո՞ղ ես ծրագրել մասնակցելու տնետուն ծառայությանը այն ժամերին, երբ մարդկանց մեծամասնությունը տանն է, օրինակ՝ կեսօրից հետո կամ երեկոյան։ Եթե Գրքի ուսումնասիրության խմբից ոմանք ցանկանում են քարոզչական գործին մասնակցել նախքան Գրքի ուսումնասիրության հանդիպումը, ապա խմբի վերակացուն կարող է քարոզչական կարճ հանդիպում անցկացնել և մոտակա տարածքում ծառայություն կազմակերպել։
5 Բազմաթիվ մարդկանց քարոզելու կերպերից մեկն էլ հասարակական վայրերում վկայություն տալն է։ Ճապոնիայում ապրող մի քույր ցանկանում էր ենթառահվիրա ծառայել, թեև աշխատում էր լրիվ աշխատանքային օր։ Երեցներից մեկը խորհուրդ տվեց քրոջը, որ նա ամեն օր՝ մինչև աշխատանքի գնալը, վկայություն տա գնացքի կայարաններից մեկի մոտակայքում։ Հաղթահարելով իր ամաչկոտությունը և որոշ ուղևորների ծաղրը՝ նա շուտով հաստատեց պարբերագրերի մատակարարման երթուղի, որի մեջ ընդգրկված էր 40 մարդ, այդ թվում ուղևորներ, կայարանում աշխատողներ և մոտակա խանութների տնօրեններ։ Նա ամեն ամիս միջին հաշվով տարածեց 235 պարբերագիր։ Ամեն օր մարդկանց հետ մի քանի րոպե զրուցելով Սուրբ Գրությունների շուրջ՝ նա կարողացավ Աստվածաշնչի վեց ուսումնասիրություն սկսել։
6. Պատանիներն ինչպե՞ս կարող են ընդարձակել իրենց հոգևոր գործունեությունը։
6 Վկայելու առիթներ։ Դպրոցահասակ բազմաթիվ քարոզիչներ տարվա ընթացքում արձակուրդներ են ունենում։ Դրանք ենթառահվիրա ծառայելու հիանալի հնարավորություններ են։ Բացի այդ, պատանի քրիստոնյաները կարող են ավելի ակտիվորեն մասնակցել ծառայությանը՝ վկայություն տալով դպրոցում։ Թերևս քեզ զարմացնի այն, որ իրականում դասարանցիներդ հետաքրքրվում են քո հավատալիքներով։ Կարո՞ղ ես դասարանական քննարկումների ժամանակ կամ շարադրություններիդ մեջ վկայություն տալ։ Ոմանց հաջողվել է քարոզել՝ օգտագործելով մեր տեսաերիզները։ Մյուսները սկսել են Աստվածաշունչ ուսումնասիրել իրենց դասընկերների հետ և օգնել են նրանց նվիրվելու Եհովային ու մկրտվելու։ Այս հիանալի կերպերով մենք կարող ենք ‘օրհնել Տիրոջ անունը’ (Սաղ. 148։12, 13)։
7. ա)Մի եղբայր ինչպե՞ս է օգտվել մյուսներին վկայություն տալու առիթներից։ բ) Իսկ քեզ հետ նման բան պատահե՞լ է։
7 Օրվա ընթացքում կերպեր փնտրիր մարդկանց հետ խոսելու մեր հիանալի Աստծու և նրա սքանչելի խոստումների մասին։ Մի եղբայր, որն ամեն օր նույն գնացքներից է օգտվում, վկայություն է տալիս ուղևորներին, երբ հարմար է լինում։ Օրինակ՝ եղբայրն ամեն օր մոտ հինգ րոպե վկայություն էր տալիս մի երիտասարդի, որին հանդիպում էր կայարաններից մեկում՝ հաջորդ գնացքին սպասելիս։ Արդյունքում՝ երիտասարդն ու նրա գործընկերը համաձայնվեցին Աստվածաշունչ ուսումնասիրել։ Այդ ուսումնասիրությունը եղբայրն անցկացնում էր գնացքում։ Որոշ ժամանակ անց մի մեծահասակ կին, որը լսել էր նրանց զրույցները, մոտեցավ եղբորը և խնդրեց իր հետ էլ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Այդ կինը սիրով ուսումնասիրում է Աստվածաշունչը շաբաթվա այն օրերին, երբ օգտվում է գնացքից։ Այս եղանակով եղբայրը տասը հոգու հետ գնացքում Աստվածաշունչ է ուսումնասիրել։
8. Ծառայության ո՞ր ձևը թերևս օգնի նրանց, ովքեր տարիքի կամ առողջական խնդիրների պատճառով սահմանափակ կարողություններ ունեն։
8 Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե սահմանափակ կարողություններ ունես տարիքիդ կամ առողջական խնդիրների պատճառով։ Կան կերպեր, որոնցով դու նույնպես կարող ես ավելի շատ փառաբանել Եհովային։ Փորձե՞լ ես վկայություն տալ հեռախոսով։ Եթե չգիտես, թե ինչպես կարելի է դա անել, ապա այդ հարցով դիմիր Գրքի ուսումնասիրության վերակացուին։ Նա գուցե կարողանա միջոցներ ձեռնարկել, որպեսզի դու համագործակցես այն քարոզիչների հետ, ովքեր կիրառում են այդ մեթոդը։ Ծառայելով միասին՝ դուք կարող եք սովորել միմյանցից և օգնել իրար արդյունավետ քարոզելու։ Հեռախոսով վկայություն տալու վերաբերյալ հետաքրքիր առաջարկներ կարելի է գտնել «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2001 թ. փետրվարի համարում (էջ 6)։
9. Ինչպե՞ս կարող ենք օգնել Աստվածաշունչ ուսումնասիրողներին համապատասխանել ժողովի հետ միասին ծառայությանը մասնակցելու պահանջներին։
9 Հիշատակի երեկոյին ներկա լինելով՝ նորերը գուցե ցանկանան ավելի շատ փառաբանել Եհովային։ Դու կարող ես օգնել նրանց հաղթահարելու քարոզչական գործին մասնակցելու ցանկացած վախ՝ պատմելով դրական դեպքեր և քիչ առ քիչ սովորեցնելով նրանց բացատրել Աստվածաշնչի ուսուցումները ու պաշտպանել իրենց հավատը (Ա Պետ. 3։15)։ Եթե Աստվածաշունչ ուսումնասիրողը ցանկանում է մասնակցել բարի լուրի քարոզչությանը, խոսիր նախագահող վերակացուի հետ։ Նա հանդիպում կկազմակերպի ուսումնասիրողի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք վերջինս համապատասխանում է ժողովի հետ միասին ծառայությանը մասնակցելու պահանջներին։ Որքա՜ն է ուրախանում Եհովան՝ տեսնելով, որ ավելի ու ավելի շատ մարդիկ տիեզերական հարցում իր կողմն են դիրք բռնում (Առակաց 27։11)։
10. ա)Լավ գրաֆիկն ինչպե՞ս կարող է մեզ օգնել ծառայելու որպես ենթառահվիրա։ բ)Կարողացե՞լ ես ենթառահվիրայական ծառայություն կատարել անցյալ տարի Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող շրջանում։ Ինչպե՞ս։
10 Կարո՞ղ ես ծառայել որպես ենթառահվիրա։ Մենք պետք է լրջորեն վերաբերվենք այն բանին, որ ենթառահվիրայից պահանջվում է ծառայել 50 ժամ (Մատթ. 5։37)։ Սա նշանակում է, որ անհրաժեշտ կլինի պլանավորել ամեն շաբաթ միջին հաշվով 12 ժամ անցկացնել ծառայության մեջ։ 5–րդ էջում առաջարկված գրաֆիկներից որևէ մեկը համապատասխանո՞ւմ է քո հանգամանքներին։ Եթե ոչ, ապա կարո՞ղ ես այնպիսի գրաֆիկ կազմել, որը քեզ հնարավորություն կտա ծառայելու ենթառահվիրա մարտ, ապրիլ կամ մայիս ամիսների ընթացքում։ Խնդրիր Եհովային օրհնել քո ջանքերը հոգևոր գործունեությունդ ընդլայնելու հարցում (Առակ. 16։3)։
11. Երեցներն ու ծառայող օգնականները ինչպե՞ս կարող են աջակցել նրանց, ովքեր նպատակ ունեն ծառայելու որպես ենթառահվիրա։
11 Երեցներն ու ծառայող օգնականները մեծապես կաջակցեն քեզ Հիշատակի երեկոյի այս շրջանում առանձնահատուկ ձևով փառաբանելու Եհովային։ Հնարավոր է, որ նրանցից շատերը ենթառահվիրա ծառայեն։ Երեցները միջոցներ կձեռնարկեն, որ քարոզչական ծառայության լրացուցիչ հանդիպումներ անցկացվեն կեսօրից հետո, աշխատանքային օրերին՝ երեկոյան, և հանգստյան օրերին՝ ըստ անհրաժեշտության։ Որոշելու համար, թե երբ և որտեղ պետք է անցկացվեն այդ հանդիպումները, նաև թե ով կկարողանա անցկացնել դրանք, երեցները կարող են զրուցել նրանց հետ, ովքեր արդեն վճռել են ծառայել ենթառահվիրա կամ մտածում են այդ մասին։ Երեցները կձգտեն այնպես կազմակերպել հանդիպումները, որ կարողանաս ծառայել մյուս քարոզիչների հետ միասին այն օրերին և ժամերին, որ նախատեսել ես ծառայության համար։ Այս կերպով կարելի է հաստատուն ծրագրեր կազմել և լավ արդյունքների հասնել (Առակ. 20։18)։
12. Ի՞նչն է մեզ մղում ամեն ժամանակ փառաբանելու Եհովային։
12 Ձեռքիցդ եկածն արա։ Եթե հանգամանքները թույլ չեն տալիս քեզ ենթառահվիրա ծառայել, հիշիր, որ Եհովան ընդունում է մեր ջանքերը և այն, ինչ տալիս ենք՝ ‘ըստ մեր ունեցածի և ոչ թե չունեցածի’ (Բ Կորնթ. 8։12)։ Շատ բաներ կան, որոնց համար կարող ենք շնորհակալություն հայտնել Եհովային։ Դավիթը հիմնավոր պատճառներ ուներ գրելու. «Տիրոջը կ’օրհնեմ ամեն ժամանակ. նորա փառաբանութիւնը միշտ իմ բերանումը պիտի լինի» (Սաղ. 34։1)։ Թող որ Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող շրջանում տրամադրված լինենք անելու հենց դա։
[Շրջանակ 3–րդ էջի վրա]
Ինչպե՞ս կընդլայնես ծառայությունդ
◼ Քարոզիր այն ժամերին, երբ մարդիկ տանն են
◼ Վկայություն տուր հասարակական վայրերում
◼ Վկայություն տուր աշխատավայրում կամ դպրոցում
◼ Քարոզիր հեռախոսով
◼ Ծառայիր որպես ենթառահվիրա