Մաս 7—Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնենք
Ուսումնասիրության ժամանակ աղոթենք
1 Աստվածաշունչ ուսումնասիրողի հոգևոր առաջադիմության համար անհրաժեշտ է Եհովայի օրհնությունը (Ա Կորնթ. 3։6)։ Ուստի տեղին է ուսումնասիրությունը սկսել և ավարտել աղոթքով։ Այն մարդկանց հետ, ովքեր հավատում են Աստծուն, կարելի է աղոթել հենց առաջին ուսումնասիրությունից։ Մյուս դեպքերում գուցե պահանջվի խորաթափանցություն դրսևորել՝ որոշելու համար, թե երբ սկսենք աղոթել։ Կարող ես գործածել Սաղմոս 25։4, 5 և Ա Յովհաննէս 5։14 համարները, որպեսզի օգնես ուսումնասիրողին ըմբռնել, թե ինչու է անհրաժեշտ աղոթել, նաև Յովհաննէս 15։16 համարը՝ բացատրելու, թե որքան կարևոր է Եհովային աղոթել Հիսուս Քրիստոսի միջոցով։
2 Ո՞վ պետք է աղոթի Աստվածաշնչի ուսումնասիրության ժամանակ։ Եթե քրոջ ծառայակիցը մկրտված եղբայր է, ապա նա պետք է աղոթի, իսկ քույրը, գլուխը ծածկած, կարող է անցկացնել ուսումնասիրությունը (Ա Կորնթ. 11։5, 10)։ Սակայն եթե քրոջն ուղեկցում է եղբայր, որը չմկրտված քարոզիչ է, ուրեմն աղոթքը պետք է մատուցի քույրը։ Այս դեպքում քույրը պետք է գլուխը ծածկի թե՛ աղոթելիս և թե՛ ուսումնասիրությունն անցկացնելիս։
3 Ի՞նչի մասին կարելի է աղոթել։ Կարիք չկա, որ ուսումնասիրության ժամանակ ասված աղոթքները լինեն երկար, սակայն անհրաժեշտ է աղոթել կոնկրետ բաների մասին։ Աստծու օրհնությունը խնդրելուց և սովորած ճշմարտությունների համար շնորհակալություն հայտնելուց բացի, տեղին կլինի գովաբանել Եհովային՝ որպես այս ուսուցման Հեղինակի (Ես. 54։13)։ Նաև կարող ենք ասել այնպիսի բաներ, որոնք արտացոլում են ուսումնասիրողի նկատմամբ ունեցած մեր անկեղծ հետաքրքրությունը և գնահատանքը Եհովայի կազմակերպության հանդեպ (Ա Թեսաղ. 1։2, 3; 2։7, 8)։ Եթե ուսումնասիրողը լսի, որ մենք խնդրում ենք Եհովային օրհնել նրա ջանքերը սովորածը կիրառելու հարցում, ապա կհասկանա, որ կարևոր է «խօսքը անող» լինել (Յակ. 1։22)։
4 Աղոթքը շատ մեծ օգուտներ է բերում։ Աղոթքի միջոցով Եհովան մեզ օրհնում է (Ղուկ. 11։13)։ Այն ընդգծում է Աստծու Խոսքն ուսումնասիրելու կարևորությունը։ Երբ ուսումնասիրողը լսում է մեր աղոթքները, նա սովորում է աղոթել (Ղուկ. 6։40)։ Բացի այդ, այն աղոթքները, որոնք ասվում են Աստծու հանդեպ սիրով լցված սրտից և նրա անզուգական հատկությունների հանդեպ գնահատանքից, կարող են օգնել ուսումնասիրողին անձնական փոխհարաբերություններ զարգացնել Եհովայի հետ։
[Հարցեր ուսումնասիրության համար]
1. ա) Ինչո՞ւ է տեղին ուսումնասիրությունը սկսել և ավարտել աղոթքով։ բ) Ինչպե՞ս կարող ենք անհատին բացատրել ուսումնասիրությունը աղոթքով սկսելու կարևորությունը։
2. Եթե քույրը Աստվածաշունչ ուսումնասիրողի մոտ գնում է մկրտված կամ չմկրտված եղբոր հետ, ապա ո՞վ պետք է աղոթի։
3. Ինչի՞ մասին տեղին կլինի հիշատակել աղոթքներում Աստվածաշնչի ուսումնասիրության ժամանակ։
4. Աստվածաշնչի ուսումնասիրությունն աղոթքով սկսելն ու ավարտելը ի՞նչ օգուտներ է բերում։