Ավելի մե՛ծ շեշտ Աստվածաշնչի վրա
1 1919 թ. հոկտեմբերի 1–ին լույս տեսավ «Ոսկե դար» պարբերագրի առաջին համարը։ Քարոզչական գործում այն չափազանց արժեքավոր գործիք եղավ։ Ինչո՞ւ։ Քանի որ այն նախատեսված էր հատկապես լայն հասարակության համար։ Պարագան այլ էր «Դիտարան» պարբերագրի դեպքում, որը երկար տարիներ համարվում էր հիմնականում ‘փոքր հոտի’ համար նախատեսված պարբերագիր (Ղուկաս 12։32)։ Թագավորության քարոզիչները այնպիսի խանդավառությամբ ընդունեցին այս նոր հրատարակությունը, որ նրանք տարիներ շարունակ ավելի շատ «Ոսկե դար» պարբերագրի օրինակներ տարածեցին, քան՝ «Դիտարանի»։
2 «Ոսկե դար» պարբերագրի նպատակն էր՝ ցույց տալ, որ մարդկության խնդիրների իսկական լուծումը Քրիստոսի Հազարամյա Իշխանությունն է լինելու, որն իրոք մարդկանց ոսկե դար է բերելու։ Հաջորդող տասնամյակների ընթացքում «Ոսկե դարի» մեջ բազմաթիվ բարեփոխումներ մտցվեցին, որպեսզի այն համապատասխաներ փոփոխվող ժամանակների պահանջներին։ 1937 թ.–ին պարբերագրի անունը փոխվեց՝ «Մխիթարություն», իսկ 1946 թ.–ին՝ «Արթնացե՛ք», ինչպես և այն կոչվում է առ այսօր։
3 1919 թ.–ին լույս տեսնելուց ի վեր այս պարբերագիրը մեծապես նպաստել է լայնածավալ վկայություն տալու գործին (Մատթ. 24։14)։ Սակայն մեր ժամանակների հրատապ լինելու պատճառով խելամիտ է թվում հավելյալ բարեփոխումներ կատարել կապված «Արթնացե՛ք» պարբերագրի հետ։
4 Միլիոնավոր մարդիկ հաճույք են ստանում «Արթնացե՛ք»–ը կարդալուց, քանի որ այն բազմաթիվ հետաքրքրաշարժ ոչ կրոնական թեմաներ է պարունակում։ Անկասկած, ամեն տարի Հիշատակի երեկոյին այցելող մարդկանց մեծամասնությունը կանոնավորաբար ընթերցում է «Արթնացե՛ք» պարբերագիրը։ Այնուամենայնիվ, եթե անհատը ցանկանում է ‘ծածկված պահվել Տիրոջ բարկության օրը’, ապա նա մեր հրատարակությունները կանոնավորաբար կարդալուց ավելին պետք է անի (Սոփ. 2։3; Յայտն. 14։6, 7)։
5 Այդ պատճառով սկսած 2006 թ. հունվարի համարից «Արթնացե՛ք»–ը ավելի մեծ շեշտ կդնի Աստծու Թագավորության վրա։ Այն ավելի ուղղակիորեն կհորդորի իր ընթերցողներին, որ նրանք իրենց խնդիրների լուծման համար դիմեն Աստվածաշնչին, ինչպես նաև ավելի ուժգնորեն կընդգծի այն, թե ինչպես է Աստվածաշո՛ւնչը մեկնաբանում մեր օրերի իրադարձությունները։ Այսպիսով պարբերագրի ընթերցողներն ավելի խորը հասկացողություն ձեռք կբերեն մեր օրերում կատարվող իրադարձությունների վերաբերյալ, և գուցե իրենց կարդացածի շնորհիվ մղվեն Եհովայի մասին ավելին սովորելու (Զաք. 8։23)։
6 «Արթնացե՛ք»–ում կշարունակվեն հրատարակվել հասարակությանը հետաքրքրող հոդվածներ։ Սակայն այսուհետ ավելի մեծ շեշտ կդրվի Աստվածաշնչի վրա (Ա Թեսաղ. 2։13)։ Քանի որ «Դիտարանը» աստվածաշնչյան խորը տեղեկություններ է պարունակում, իսկ «Արթնացե՛ք» պարբերագրում կսկսվեն հրատարակվել սուրբգրային բնույթ կրող ավելի շատ հոդվածներ, ուստի, թվում է, թե անհրաժեշտություն չկա, որ «Արթնացե՛ք»–ը շարունակի լույս տեսնել ամիսը երկու անգամ։ Այդ պատճառով, սկսած 2006 թ. հունվարի համարից «Արթնացե՛ք»–ը կսկսի հրատարակվել որպես ամսական պարբերագիր։ Արդյունքում զգալի կերպով կհեշտանան մեր հրատարակությունների պատրաստման, թարգմանման և առաքման աշխատանքները։
7 Այս փոփոխությունը կանդրադառնա լեզուների մոտ 40 տոկոսի վրա, որոնցով լույս է տեսնում «Արթնացե՛ք» պարբերագիրը։ Իսկ լեզուների մեծամասնության պարագայում վերջինս արդեն իսկ հրատարակվում է իբրև ամսական կամ եռամսյա պարբերագիր։ Ոչ մի փոփոխություն չի լինի կապված «Դիտարանի» հետ։
8 Քարոզիչները կարող են առաջարկել «Արթնացե՛ք»–ը տվյալ ամսվա «Դիտարան» պարբերագրի ցանկացած համարի հետ միասին։ Նրանք, ովքեր կառաջարկեն «Արթնացե՛ք»–ը, կկարողանան դա անել ամբողջ ամսվա ընթացքում՝ չփոխելով իրենց մատուցումը ամսվա կեսին, ինչպես դա ներկայումս է արվում։
9 1919 թ. առաջին համարից ի վեր, քաջ հայտնի «Ոսկե դար», «Մխիթարություն», իսկ այժմ «Արթնացե՛ք» պարբերագիրը շատ մեծ դեր է խաղացել քարոզչության գործում։ Մենք աղոթում ենք, որ Եհովան շարունակի օրհնել այս բարեփոխված պարբերագիրը տարածելու գործը, որպեսզի այն շարունակի օգնել դեռ շատ շատերին «ամեն ազգից եւ ցեղերից եւ ժողովուրդներից եւ լեզուներից», որ նրանք իրենց միակ հույսը դարձնեն Աստծու Թագավորությունը (Յայտն. 7։9)։
[Հարցեր ուսումնասիրության համար]
1. Ամենասկզբից հիմնականում ո՞ւմ համար էր հրատարակվում «Դիտարանը», և ո՞ւմ համար՝ «Ոսկե դարը»։
2. Ի՞նչ է «Ոսկե դարի» անունն այսօր, և հենց սկզբից ո՞րն է եղել այս պարբերագրի նպատակը։
3. «Արթնացե՛ք» պարբերագիրը ո՞ր մարգարեության կատարմանն է մեծապես նպաստել։
4. ա) Ի՞նչ պետք է անի անհատը, եթե ցանկանում է ‘ծածկված պահվել Տիրոջ բարկության օրը’։ բ) Երկնքում թռչող հրեշտակն ի՞նչ կոչ է անում բոլոր մարդկանց՝ համաձայն Յայտնութիւն 14։6, 7–ի։
5. ա) Սկսած 2006 թ. հունվարի համարից, ինչի՞ վրա ավելի մեծ շեշտ կդնի «Արթնացե՛ք»–ը։ բ) Շատերը գուցե մղվեն ի՞նչ անելու, և դա ո՞ր մարգարեության կատարմանը ներդաշնակ կլինի։
6, 7. ա) «Արթնացե՛ք»–ը ինչպե՞ս կօգնի շատերին կիրառել Ա Թեսաղոնիկեցիս 2։13–ը։ բ) Որքա՞ն հաճախ է լույս տեսնելու «Արթնացե՛ք»–ը, և լեզուների քանի՞ տոկոսի վրա կանդրադառնա այս փոփոխությունը։
8. Քարոզիչներն ինչպե՞ս կարող են առաջարկել «Արթնացե՛ք»–ը «Դիտարանի» հետ միասին։
9. Ինչպիսի՞ դեր կշարունակի ունենալ «Արթնացե՛ք» պարբերագիրը։