Մեր ընթերցողներին
ՍԿՍԱԾ 2006 թ. սույն համարից՝ «Արթնացե՛ք»–ը լույս կտեսնի որոշ փոփոխություններով։ Թեև մի քանի բաներ այլ կերպ կլինեն, բայց շատ բան կմնա նույնը։
«Արթնացե՛ք»–ը շարունակում է հետևել այն նույն նպատակին, որ ունի արդեն մի քանի տասնամյակ։ Ինչպես բացատրվում է 4–րդ էջում, «այս պարբերագիրը թողարկվում է ընտանիքի բոլոր անդամներին լուսավորելու համար»։ «Արթնացե՛ք»–ը կշարունակի քննել աշխարհում կատարվող իրադարձությունները, պատմել տարբեր մշակույթների մարդկանց մասին, նկարագրել արարչագործության հրաշքները, քննարկել առողջական խնդիրները և ոչ մասնագետ մարդկանց համար տպագրել հոդվածներ գիտության վերաբերյալ՝ օգնելով իր ընթերցողներին ուշիուշով հետևել աշխարհի անցուդարձին։
1946 թ. օգոստոսի 22–ի համարում «Արթնացե՛ք»–ը խոստացավ. «Ճշմարտությանը կառչած մնալը այս պարբերագրի գլխավոր նպատակն է»։ Հավատարիմ մնալով այդ խոստմանը՝ «Արթնացե՛ք»–ը միշտ ձգտել է տպագրել ճիշտ տեղեկություններ։ Ուստի հոդվածների ճշգրտությունն ապահովելու համար կատարվում են մանրազնին հետազոտություններ և ստուգումներ։ Բայց այս պարբերագիրը «ճշմարտությանը կառչած է մնացել» մի ավելի կարևոր հարցում։
Ճիշտ է, «Արթնացե՛ք»–ը միշտ իր ընթերցողների ուշադրությունը հրավիրել է Աստվածաշնչի վրա։ Սակայն սկսած այս համարից՝ անցյալի համեմատությամբ պարբերագրում Աստվածաշնչի վրա հիմնված ավելի շատ հոդվածներ կտպագրվեն (Յովհաննէս 17։17)։ Նաև, «Արթնացե՛ք»–ը կշարունակի լույս ընծայել այնպիսի հոդվածներ, որոնք ցույց կտան, թե ինչպես կարող են աստվածաշնչյան խորհուրդներն օգնել մեզ ապրելու իմաստալից և հաջողակ կյանքով։ Օրինակ՝ «Երիտասարդները հարցնում են...» և «Աստվածաշնչի տեսակետը» խորագրերը, որոնք կշարունակեն մնալ այս պարբերագրի բաժիններից, զգալի սուրբգրային առաջնորդություն են տալիս։ Բացի այդ, «Արթնացե՛ք»–ը կշարունակի իր ընթերցողների ուշադրությունը կենտրոնացնել Աստվածաշնչի այն խոստման վրա, որ իրերի ներկա անօրեն համակարգը շուտով կփոխարինվի խաղաղ նոր աշխարհով (Յայտնութիւն 21։3, 4)։
Ուրիշ ի՞նչ փոփոխություններ կլինեն։ «Արթնացե՛ք»–ի անգլերեն և մյուս լեզուներով հրատարակությունները, որոնք մինչև հիմա լույս են տեսել ամիսը երկու անգամ, այժմ լույս կտեսնեն ամիսը մեկ անգամ։a «Դիտում ենք աշխարհը» խորագիրը, որը սկսած 1946 թ.–ից՝ պարբերագրի մշտական մասն է եղել, կշարունակի լույս տեսնել, բայց այսուհետ ոչ թե երկու էջով, այլ՝ մեկ։ 31–րդ էջում կհայտնվի մի նոր հետաքրքիր խորագիր՝ «Ինչպե՞ս կպատասխանեք»։ Ի՞նչ է այն պարունակելու, և ինչպե՞ս կարող ենք օգտվել դրանից։
Այդ խորագրի որոշ հատվածներ նախատեսված են երեխաների համար, մյուսները՝ ավելի բարձր տարիքի մարդկանց համար, որոնք լավ գիտեն Աստվածաշունչը։ «Ե՞րբ է տեղի ունեցել» բաժինը կօգնի ձեզ ժամանակագրական ուղիղ կազմել, որը ցույց է տալիս, թե երբ են ապրել աստվածաշնչային անձինք, և երբ են տեղի ունեցել կարևոր իրադարձությունները։ «Այս համարում» ենթախորագրի տակ բերված հարցերի պատասխանները պետք է փնտրել տվյալ համարի տարբեր հոդվածներում, սակայն հարցերի մեծ մասի պատասխանները կտպագրվեն նույն համարի որոշակի էջում՝ շրջված։ Լավ կլինի, որ նախքան պատասխանները նայելը մի քիչ հետազոտություն անեք, այնուհետև ձեր սովորածը հայտնեք ուրիշներին։ Դուք նույնիսկ կարող եք այս նոր՝ «Ինչպե՞ս կպատասխանեք» խորագիրն օգտագործել ընտանիքով կամ խմբով աստվածաշնչային քննարկում կատարելու համար։
Մոտ 60 տարի առաջ «Արթնացե՛ք»–ը խոստացավ. «Այս պարբերագրում լույս կտեսնեն այնպիսի հոդվածներ, որոնք կպարունակեն տարբեր տեսակետներ արտահայտող ինֆորմացիա։ Դրանք կգրվեն բոլոր ազգերի ազնվասիրտ մարդկանց համար։ ..... Պարբերագիրը կլինի բովանդակալից, ուսուցողական և կհետաքրքրի երիտասարդ թե տարեց ընթերցողների ամենալայն շրջանին»։ Ամբողջ աշխարհում ընթերցողները կհամաձայնվեն, որ «Արթնացե՛ք»–ը պահել է իր խոստումը։ Մենք ձեզ վստահեցնում ենք, որ պարբերագիրը կշարունակի հետևել իր բռնած ուղուն։
Հրատարակիչներ
[Ծանոթագրություն]
a Քանի որ «Արթնացե՛ք»–ը որոշ լեզուներով, այդ թվում նաև հայերենով, հրատարակվում է երեք ամիսը մեկ անգամ, այս հոդվածում հիշատակվող խորագրերը գուցե չտպագրվեն բոլոր եռամսյա համարներում։
[Նկարա 3–րդ էջի վրա]
1919 թ.–ին պարբերագիրը լույս տեսավ «Ոսկե դար» անվանումով, 1937 թ.–ին վերանվանվեց «Մխիթարություն», իսկ 1946 թ.–ին՝ «Արթնացե՛ք»
[Նկար 4–րդ էջի վրա]
«Արթնացե՛ք»–ն արդեն երկար ժամանակ է, ինչ ընթերցողների ուշադրությունը հրավիրում է Աստվածաշնչի վրա
[Թույլտվությամբ]
Guns: U.S. National Archives photo; starving child: WHO photo by W. Cutting