«Ինչպե՞ս կպատասխանեք»
1. Ինչպիսի՞ հարցերում են դժվարանում մեզանից շատերը։
1 Սիրո՞ւմ ես Աստծու Խոսքը։ Բայց գուցե քեզ համար դժվար է մտապահել աստվածաշնչյան պատմությունների մանրամասները կամ գտնել կոնկրետ խոսքեր։ Կցանկանայի՞ր, որ քո երեխաները խորությամբ հասկանային աստվածաշնչյան դեպքերը և ուսմունքները։ «Ինչպե՞ս կպատասխանեք» խորագիրը, որ ամեն ամիս տպագրվում է «Արթնացե՛ք»–ի 31–րդ էջում (անգլ., ռուս.), փոքրերին և մեծերին կարող է օգնել ավելի լավ իմանալ Աստծու Խոսքը (Գործք 17:11)։
2. Ինչպե՞ս կարել է օգտագործել «Ինչպե՞ս կպատասխանեք» խորագրի տարբեր հատվածները։
2 Ինչպե՞ս կարող ենք լավագույնս օգտվել այս բաժնից։ 2006 թ. ապրիլ–հունիս «Արթնացե՛ք»–ում տրվում էին մի քանի առաջարկներ։ «Այդ խորագրի որոշ հատվածներ նախատեսված են երեխաների համար, մյուսները՝ ավելի բարձր տարիքի մարդկանց համար, որոնք լավ գիտեն Աստվածաշունչը։ «Ե՞րբ է սա տեղի ունեցել» բաժինը կօգնի ձեզ ժամանակագրական ուղիղ կազմել, որը ցույց է տալիս, թե երբ են ապրել աստվածաշնչային անձինք, և երբ են տեղի ունեցել կարևոր իրադարձությունները։ «Այս համարում» ենթախորագրի տակ բերված հարցերի պատասխանները պետք է փնտրել տվյալ համարի տարբեր հոդվածներում, սակայն հարցերի մեծ մասի պատասխանները կտպագրվեն նույն համարի որոշակի էջում՝ շրջված։ Լավ կլինի, որ նախքան պատասխանները նայելը մի քիչ հետազոտություն անեք, այնուհետև ձեր սովորածը հայտնեք ուրիշներին։ Դուք նույնիսկ կարող եք այս նոր՝ «Ինչպե՞ս կպատասխանեք» խորագիրն օգտագործել ընտանիքով կամ խմբով աստվածաշնչային քննարկում կատարելու համար»։
3. Ի՞նչ օգուտներ են քաղել որոշ ընտանիքներ այս խորագրից, և ամենաշատը ո՞ր հատվածն է դուր գալիս քեզ։
3 Շատ ընտանիքներ այս խորագիրը ընդգրկում են իրենց ընտանեկան ուսումնասիրության մեջ, և դա նրանց հաճույք է պատճառում։ Մի մայր գրում է. «Ամուսինս ու ես մտածեցինք որ շատ լավ կլինի «Առաջադրանք՝ երեխաներին» հատվածը ընդգրկել մեր ընտանեկան ուսումնասիրության մեջ և այդպիսով այն կենդանի ու հետաքրքիր դարձնել մեր երեքամյա աղջնակի համար։ Շատ ենք ուրախանում, երբ նայում ենք, թե ինչպես է նա ոգևորված վերցնում «Արթնացե՛ք»–ի իր անձնական օրինակը և հատիկ–հատիկ բաց անում ամեն մի էջը, մինչև որ գտնի, այն ինչ փնտրում էր»։ Բրազիլիայից մի հայր ասում է. «Ես և վեցամյա որդիս շատ ենք սիրում «Արթնացե՛ք»–ի այս հատվածը։ Այն օգնել է Մոյզեսին ուշադիր լինել, գտնել աստվածաշնչյան համարները, հասկանալ նկարների իմաստը և տարեթվերը»։ Ութամյա Էշլին գրում է. «Շնորհակալությո՛ւն «Արթնացե՛ք»–ի վերջում գտնվող «Ինչպե՞ս կպատասխանեք» խորագրի համար։ Այդտեղից ես շատ բան եմ սովորում Աստվածաշնչի մասին»։
4. Ինչպե՞ս կարող են ընտանիքները այս խորագիրը իրենց ընտանեկան ուսումնասիրության մի մասը դարձնել։
4 Շատ լավ կլինի, որ «Ինչպե՞ս կպատասխանեք» խորագիրը ժամանակ առ ժամանակ ձեր ընտանեկան ուսումնասիրության մի մասը դարձնեք։ Առավել դժվար հարցերի պատասխանները գտնելու համար կարող եք օգտվել «Ցանկից», ««Դիտարանի» գրադարանից կոմպակտ սկավառակի վրա» (անգլ.) կամ «Watchtower Reader»–ից (ռուս.)։ Այդպես անելով՝ ձեր երեխաներին կսովորեցնեք փնտրտուքներ կատարել։ Եթե ունեք ավելի մեծ տարիքի երեխաներ, ապա կարող եք նրանց ավելի բարդ հանձնարարություն տալ։ Խնդրեք, որ ընտանեկան ուսումնասիրությունից առաջ գտնեն «Ո՞վ եմ ես» և «Ե՞րբ է սա տեղի ունեցել» ենթախորագրերում բերված հարցերի պատասխանները։ Ապա ուսումնասիրության ժամանակ կարող են կիսվել իրենց հետազոտության արդյունքներով։ «Արթնացե՛ք»–ի այս էջը հմտորեն օգտագործելով՝ ծնողները կկարողանան Աստծու Խոսքը արմատավորել իրենց երեխաների մեջ՝ օգնելով նրանց մանկությունից իմանալ «սուրբ գրքերը» (Բ Տիմոթ. 3:15; Բ Օրին. 6:7)։