Բարի լուրը քարոզենք հնարավորին չափ շատ մարդկանց
1 Հիսուսի վաղեմի հետևորդները ձգտում էին տարածել Թագավորության պատգամը։ Նրանք արդյունավետ միջոցներ էին օգտագործում, որպեսզի բարի լուրը հաղորդեին հնարավորին չափ շատ մարդկանց։ Հունարեն Գրությունները գրի առնողները իրենց ներշնչված գրքերը արձանագրել են հասարակ հունարենով, որը Հռոմեական կայսրության մեջ միջազգային լեզու էր։ Հետագայում մ. թ. երկրորդ և երրորդ դարերի եռանդուն քարոզիչները հավանաբար առաջինն են եղել, որ գործածել են կոդեքսը, որն ավելի հեշտ էր օգտագործել սուրբգրային մտքեր գտնելու համար, քան գլանաձև ձեռագրերը։
2 Տեխնիկայի միջոցներ օգտագործելը։ Եհովան Եսայիա մարգարեի միջոցով կանխագուշակեց. «Պիտի ազգերի կաթը ծծես» (Ես. 60։16)։ Այս մարգարեության ժամանակակից կատարումն այն է, որ Եհովայի ծառաները օգտագործում են ազգերի արժեքավոր միջոցները՝ հօգուտ քարոզչական գործի։ Օրինակ՝ 1914 թ.–ին՝ ձայնային շարժանկարների համատարած գործածումից դեռ տարիներ առաջ, Աստվածաշունչ ուսումնասիրողները սկսեցին ցուցադրել «Արարչության լուսադրաման»։ Այս ութժամյա ֆիլմի միջոցով, որը ցուցադրվում էր սլայդներով ու շարժանկարներով և գունային ու ձայնային էֆեկտներով, հզոր վկայություն տրվեց միլիոնավոր մարդկանց։
3 Այսօր Աստծու ժողովուրդը մեծ արագությամբ աշխատող տպագրահաստոցներ և համակարգչային գործիքներ է օգտագործում, որպեսզի հարյուրավոր լեզուներով Աստվածաշնչեր և աստվածաշնչային գրականություն տպագրի։ Տրանսպորտային արագընթաց միջոցները աստվածաշնչային գրականությունը հասցնում են երկրագնդի հեռավոր վայրեր՝ այն մատչելի դարձնելով 235 երկրներում ապրող մարդկանց։ Իր ոգու միջոցով Եհովան մղում է իր ծառաներին, որ նրանք արդյունավետորեն գործի դնեն տեխնիկայի այդ միջոցները, որպեսզի Աստվածաշնչի ճշմարտությունը հաղորդեն ավելի շատ մարդկանց, քան պատմության մեջ որևէ ժամանակահատվածում։
4 Անհատական կարգի փոփոխություններ։ Ճշմարիտ երկրպագուները նույնպես ցանկացել են փոփոխություններ անել իրենց կյանքում, որպեսզի հնարավորին չափ շատ մարդկանց հայտնեն բարի լուրը։ Շատերը պարզեցրել են իրենց կյանքը, որպեսզի ավելի շատ մասնակցեն քարոզչական գործին։ Ոմանք մղվել են ծառայելու այնտեղ, որտեղ Թագավորության քարոզիչների ավելի մեծ կարիք կա։ Մյուսներն էլ ընդարձակել են իրենց ծառայությունը՝ օտար լեզու սովորելով։
5 Բացի այդ, մենք կարող ենք ավելի շատ մարդկանց պատմել բարի լուրի մասին՝ քարոզելով այնպիսի ժամերի, երբ մարդիկ տանն են լինում, և այնտեղ, որտեղ կարելի է գտնել նրանց։ Եթե ձեր տարածքում ցերեկային ժամերին մարդիկ սովորաբար տանը չեն լինում, կարո՞ղ ես փոփոխություններ մտցնել քո գրաֆիկում, որպեսզի վկայություն տաս երեկոյան ժամերին։ Կա՞ն հասարակական վայրեր, որտեղ կարելի է վկայություն տալ։ Փորձե՞լ ես հեռախոսով վկայություն տալ կամ քարոզել գործարար տարածքում։ Ոչ պաշտոնական վկայություն տալու կերպեր փնտրո՞ւմ ես։
6 Ի՜նչ մեծ առանձնաշնորհում է մեզ համար մասնակցել Եհովայի անվան և նրա Թագավորության մասին մեծ վկայություն տալու գործին։ Եկեք շարունակենք Աստծու Խոսքի կենսատու ճշմարտությունը պատմել հնարավորին չափ շատ մարդկանց (Մատթ. 28։19, 20)։
[Հարցեր ուսումնասիրության համար]
1. Ի՞նչ էին անում վաղեմի քրիստոնյաները, որպեսզի բարի լուրը հաղորդեին հնարավորին չափ շատ մարդկանց։
2, 3. ա) Ինչպե՞ս է Եսայիա 60։16–ը կատարվում մեր օրերում։ բ) Ինչպե՞ս են օգտագործվել տեխնիկայի միջոցները՝ ճշմարիտ երկրպագությունը տարածելու համար։
4. Ի՞նչ փոփոխություններ են ոմանք կատարել իրենց կյանքում, որպեսզի բարի լուրը հայտնեն ավելի շատ մարդկանց։
5, 6. Ի՞նչ կարելի է անել ձեր տարածքում հնարավորին չափ շատ մարդկանց վկայություն տալու համար։