Իմաստությամբ օգտագործենք աստվածաշնչյան մեր գրականությունը
1 «Ձեր հրատարակությունները ես սկսել եմ կարդալ 1965 թ.–ից։ Դրանք ընթերցելիս ես միշտ բաց եմ անում Աստվածաշունչը և համոզվում, որ ձեր գրականությունը ամբողջովին հիմնված է Աստվածաշնչի վրա։ Ես միշտ ցանկություն եմ ունեցել իմանալու ճշմարտությունը Աստծու և Հիսուսի մասին ու անկեղծորեն կարող եմ ասել, որ իմ հարցերի ճշգրիտ պատասխանները գտնում եմ ձեր գրականության ու Աստվածաշնչի շնորհիվ»։ Ահա այսպիսի խոսքեր էր գրել մի մարդ իր նամակում, որն ուղարկել էր Եհովայի վկաների գլխավոր վարչություն։ Այդ նամակում նա ցանկություն էր հայտնել, որ իր հետ Աստվածաշունչ ուսումնասիրեն։
2 Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ այդ երախտագետ անհատի պես գնահատում են աստվածաշնչյան գրականությունը, որ տալիս է «հաւատարիմ եւ իմաստուն ծառան» (Մատթ. 24։45)։ Ամեն տարի հսկայական քանակությամբ գրականություն է տպագրվում, որի օգնությամբ ազնվասիրտ մարդիկ ‘գալիս են ճշմարտության գիտությանը’ (Ա Տիմոթ. 2։4)։ Ինչպե՞ս կարող ենք իմաստությամբ օգտագործել աստվածաշնչյան մեր գրականությունը։
3 Խուսափիր կուտակելուց։ Ժամանակի ընթացքում գուցե մենք չենք հասցնում տարածել այնքան գրականություն, որքան պատվիրում ենք։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի խուսափենք մեր արժեքավոր հրատարակությունները կուտակելուց։ Տարածելու համար գրականություն պատվիրելիս հարկավոր է խոհեմություն ցուցաբերել։ Միանգամից մեծ քանակությամբ գրականություն պատվիրելու փոխարեն՝ լավ կլինի ձեռք բերել մեկ կամ երկու օրինակ և դրանք տարածելուց հետո միայն ավելի շատ օրինակներ վերցնել։ Այդպիսով մեր տանը մեծ քանակությամբ գրականություն չի կուտակվի։ Եվ եթե ունենք շատ պարբերագրեր, որոնք դեռ չենք տարածել, ճիշտ կլինի նվազեցնել մեր պատվերների քանակը։
4 Ժողովում կուտակված գրականություն։ Եթե ժողովում գրականություն է կուտակվել, ապա լավ կլինի, որ ժողովի գրականության պատասխանատուն փորձի տեղեկանալ տարածքի մյուս ժողովներից, թե արդյոք նրանք կկարողանան հավելյալ գրականություն տարածել։ Քարոզիչները հին հրատարակությունները կարող են առաջարկել իրենց ընտանիքի անհավատ անդամներին, Աստվածաշունչ ուսումնասիրողներին և ուրիշներին։ Ժողովի հետ վերջերս ընկերակցող անհատները թերևս ցանկանան իրենց անձնական գրադարանում ունենալ այս հին հրատարակությունները։
5 Մենք ցանկանում ենք, որ մեր գրականությունը հասնի նախատեսված նպատակին, այսինքն՝ օգնի անկեղծ մարդկանց գիտելիքներ ձեռք բերել Եհովայի սքանչելի նպատակների մասին։ Ինչպես որ Հիսուսը չվատնեց այն սնունդը, որն ավելացել էր ամբոխին հրաշքով կերակրելուց հետո, այնպես էլ մենք չպետք է վատնենք աստվածաշնչյան արժեքավոր գրականությունը (Յովհ. 6։11–13)։ Մեր հրատարակություններում զետեղված փրկարար պատգամը չի հասնի արդարամիտ մարդկանց սրտերին, եթե այն մնա մեր պահարաններում կամ պայուսակներում։ Ուստի գրականություն վերցնելիս եկեք խոհեմ լինենք և իմաստությամբ տարածենք այն, որպեսզի ուրիշները կարողանան օգուտներ քաղել (Փիլիպ. 4։5, ՆԱ)։
[Հարցեր ուսումնասիրության համար]
1, 2. Ինչպիսի՞ն է շատերի վերաբերմունքը մեր գրականության նկատմամբ։ Հետևաբար ինչի՞ մասին պետք է մտածենք։
3. Ինչպե՞ս կարող ենք խուսափել գրականությունը կուտակելուց։
4. Ի՞նչ կարելի է անել, եթե ժողովում գրականություն է կուտակվել։
5. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ գնահատում ենք մեր գրականությունը։