Խելամտորեն տարածիր հրատարակությունները
1. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին։
1 Մեծ բազմությանը կերակրելուց հետո Հիսուսը պատվիրեց, որ ավելացած կտորտանքները հավաքեն (Մատթ. 14։19–21)։ Եհովայի տված բարիքների հանդեպ այսպիսի երախտագիտությունը լավ օրինակ է մեզ համար։ Մենք էլ կարող ենք «երախտագետ լինել», եթե խելամտորեն տարածենք այն հրատարակությունները, որոնք Եհովան տալիս է հավատարիմ տնտեսի միջոցով (Կող. 3։15; Ղուկ. 12։42; Մատթ. 24։45–47)։
2. Ի՞նչ կարող ենք անել, եթե ունենք կուտակված գրականություն։
2 Պարբերագրեր։ Պարբերագրերը կարող են կուտակվել։ Ուստի եթե ունենք կուտակված գրականություն, պետք է նվազեցնենք մեր պատվերների քանակը։ Իսկ ի՞նչ անել հին հրատարակությունները։ Ինչ խոսք, դրանք չեն կորցնում իրենց արժեքը ժամանակի ընթացքում։ Եթե ունենք կուտակված հին գրականություն, թերևս ծառայողական վերակացուն կամ մեկ ուրիշ երեց կարող է խորհուրդ տալ, թե ինչպես տարածենք դրանք։
3, 4. Ի՞նչ պետք է հիշենք, երբ Թագավորության սրահից գրականություն ենք վերցնում։
3 Այլ հրատարակություններ։ Երբ պետք է հաջորդ ամիս տարածելու համար գրականություն պատվիրես, նախ ստուգիր, թե արդյոք ունես այդ հրատարակությունից տանը, որպեսզի լրացուցիչ օրինակներ չվերցնես Թագավորության սրահից։ Վերցրու միայն այնքան, ինչքան տարածելու ես այդ շաբաթ։ Եթե ավելի շատ գրականության կարիք ունենաս, կարող ես վերցնել Թագավորության սրահի գրականության սեղանից։
4 Իսկ քեզ համար պատվիրիր այնքան գրականություն, որքան անհրաժեշտ է։ Նշիր քո անունը գրքի առաջին էջերից մեկում կամ այն մասում, որը նախատեսված է դրա համար, որպեսզի կորցնելու դեպքում հեշտ լինի վերադարձնել քո օրինակը։ Եթե օգտագործում ես ««Դիտարանի» գրադարանը» կոմպակտ սկավառակի վրա» և հավաքում ես քո անձնական օրինակները, գուցե հարկ չկա, որ պատվիրես «Դիտարանի» և «Արթնացե՛ք»–ի միահյուսված հատորները։
5. Ի՞նչ պետք է հիշենք, երբ տարածում ենք հրատարակությունները։
5 Հրատարակությունների տարածումը։ Մենք ջանում ենք գրականություն տալ միայն նրանց, ովքեր անկեղծ հետաքրքրություն են ցուցաբերում։ Հիշիր, որ այս արժեքավոր հրատարակությունների համար հիմնականում մենք ենք նվիրաբերություններ կատարում։ Ուստի երբ հետաքրքրություն ցուցաբերած անհատին գրականություն ես տալիս, տեղեկացրու նրան, որ կարող է նվիրաբերություն կատարել այս համաշխարհային գործին աջակցելու համար։
6. Ինչո՞ւ ենք մենք արժևորում մեր հրատարակությունները և ինչպե՞ս պետք է տարածենք դրանք։
6 Հիսուսը հրաշքով կերակրում էր հազարավոր մարդկանց, սակայն ավելի հաճախ նա հոգևոր կերակուր էր տալիս նրանց։ «Մարդ պետք է ոչ միայն հացով ապրի, այլև այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Եհովայի բերանից»,— ասել է նա (Մատթ. 4։4)։ Մեր հրատարակությունները սովորեցնում են աստվածաշնչային ճշմարտությունները, որոնք հավիտենական կյանքի են առաջնորդում (Հովհ. 17։3)։ Դրանք շատ թանկ արժեն, ուստի պետք է խելամտորեն տարածել։