Լավ սովորություններ մշակիր և առատ օրհնություններ ստացիր
1. Ինչո՞ւ է օգտակար քննել մեր հոգևոր գործերի գրաֆիկը։
1 Քրիստոնյա դառնալով՝ հավանաբար դու մեծ ջանքեր ես գործադրել, որպեսզի հոգևոր գործերի լավ գրաֆիկ ունենաս, որի մեջ մտնում են Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությունը, քրիստոնեական հանդիպումները, քարոզչական ծառայությունը և աղոթքը։ Դա նպաստել է քո հոգևոր աճին, ինչը օրհնություն է Եհովայի կողմից։ Այժմ թերևս տարիներ են անցել այն ժամանակից, ինչ դու մկրտվել ես։ Պահպանո՞ւմ ես այն լավ հոգևոր սովորությունները, որ մշակել էիր սկզբում։
2. Ի՞նչ օգուտներ ենք ստանում Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությունից։
2 Քննիր հոգևոր գործերի քո գրաֆիկը։ Սովորություն ունե՞ս ամեն օր Աստվածաշնչից մի հատված կարդալու։ Ի՜նչ օրհնություններ ենք ստանում՝ այդպես վարվելով (Յեսու 1։8; Սաղ. 1։2, 3)։ Հին Իսրայելում յուրաքանչյուր թագավոր պետք է ունենար Օրենքի իր անձնական օրինակը և «իր կեանքի բոլոր օրերումը» կարդար այն։ Ի՞նչ օգուտներ էր դա բերում։ Դա նրան օգնում էր խոնարհ սիրտ ունենալ և Եհովայի հանդեպ վախ զարգացնել, որպեսզի չշեղվեր նրա պատվիրաններից (Բ Օրին. 17։18–20)։ Նմանապես այսօր Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությունը օգնում է մեզ մաքուր ու անարատ մնալ այս չար ու ապականված աշխարհից։ Այն նաև օգնում է մեզ ամբողջությամբ պատրաստված լինել ծառայության համար (Փիլիպ. 2։15; Բ Տիմոթ. 3։17)։
3. Ի՞նչ օրհնություններ ենք ստանում՝ կանոնավորաբար ժողովի հանդիպումներին հաճախելով։
3 Հիսուսը սովորություն ուներ ժողովարան գնալու, որտեղ քննարկվում էին Գրությունները (Ղուկ. 4։16)։ Անկասկած, դա զորացնում էր նրան, որ կարողանար դիմակայել այն փորձություններին, որ պետք է կրեր։ Մենք նույնպես հոգևոր ուժ ենք ստանում այն ուսուցումից, որ տրվում է ժողովի հանդիպումների ժամանակ, ինչպես նաև այնտեղ ստացած փոխադարձ մխիթարությունից (Հռովմ. 1։12)։ Մեր եղբայրների հետ հավաքվելը օգնում է մեզ տոկալ այն դժվարություններին, որ հանդիպում ենք այս վերջին օրերում (Եբր. 10։24, 25)։ Ժողովի բոլոր հանդիպումներին հաճախելու սովորություն ունե՞ս։
4. Ի՞նչ օգուտներ ենք ստանում՝ ամեն շաբաթ քարոզչական ծառայությանը մասնակցելով։
4 Աստվածաշնչից տեղեկանում ենք, որ առաքյալները բարի լուրը հռչակում էին «ամէն օր, տաճարում թէ տներում» (Գործք 5։42, ԷԹ)։ Եթե մենք չենք կարող քարոզել ամեն օր, ապա կարո՞ղ ենք սովորություն դարձնել ամեն շաբաթ մասնակցել քարոզչական ծառայության ձևերից որևէ մեկին։ Այդպես վարվելով՝ մենք անկասկած կհմտանանք Աստվածաշունչը գործածելու մեջ, և հավանաբար ուրախություն կստանանք այն քաջալերական դեպքերից, որ տեղի կունենան Աստվածաշնչի պատգամը մարդկանց հաղորդելիս։
5. Ինչո՞ւ է կարևոր կանոնավորաբար Եհովային աղոթելը։
5 Դանիել մարգարեն առատ օրհնություններ ստացավ՝ ամբողջ կյանքում «անդադար» Եհովային ծառայելով։ Նրա ծառայության մեջ մտնում էր նաև կանոնավորաբար Եհովային աղոթելը (Դան. 6։10, 16, 20)։ Նմանապես, եթե մենք կանոնավորաբար սրտանց աղոթենք Եհովային, ապա նա կօրհնի մեզ՝ տալով իր սուրբ ոգին (Ղուկ. 11։9–13)։ Բացի այդ, Եհովան կպատասխանի մեր աղոթքներին՝ մոտենալով մեզ և թույլ տալով իր հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալ (Սաղ. 25։14; Յակ. 4։8)։ Ինչպիսի՜ պարգևատրություն։ Ուրեմն եկեք հոգևոր լավ սովորություններ մշակենք և Եհովայից առատ օրհնություններ ստանանք։