Հատուկ քարոզարշավ՝ հոկտեմբերի 16–ից մինչև նոյեմբերի 12–ը
1 «Կեղծ կրոնի վերջը մո՛տ է»։ Այսպես է կոչվում «Թագավորության լուրը» № 37 թերթիկը, որը հաջորդ ամսվանից սկսելու ենք տարածել ամբողջ աշխարհում։ Հոկտեմբեր ամսվա առաջին կեսին տարածելու ենք «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը։ Սկսած հոկտեմբերի 16–ից (երկուշաբթի) մինչև նոյեմբերի 12–ը (կիրակի)՝ մենք մեծ եռանդով տարածելու ենք «Թագավորության լուրը» № 37 թերթիկը։ Քարոզարշավի ժամանակ շաբաթ և կիրակի օրերին թերթիկն առաջարկելու ենք ընթացիկ պարբերագրերի հետ միասին։
2 Ով կարող է մասնակցել։ Բոլոր քարոզիչները, ովքեր ժրաջանորեն քարոզում են բարի լուրը, կարող են լիարժեք մասնակցություն բերել այս գործում։ Ոմանք գուցե կարողանան ծառայել որպես ենթառահվիրա։ Երեխաներ ունե՞ս կամ ուսումնասիրո՞ւմ ես Աստվածաշունչը այնպիսի անհատների հետ, ովքեր հոգևոր առաջադիմություն են անում։ Օգնիր նրանց զրուցել երեցների հետ՝ իմանալու համար, թե արդյոք համապատասխանում են չմկրտված քարոզիչ լինելու պահանջներին։ Երեցները պետք է նախաձեռնություն վերցնեն, որպեսզի զրուցեն ոչ ակտիվ քարոզիչների հետ և խրախուսեն նրանց մասնակցելու քարոզարշավին, ինչը վերջիններս կարող են անել՝ փորձառու քարոզիչների հետ համագործակցելով։
3 «Թագավորության լուրը» № 37 թերթիկը բավարար քանակությամբ կուղարկվի բոլոր ժողովներ, որպեսզի քարոզիչները և ռահվիրաները կարողանան ստանալ թերթիկի առնվազն 50 օրինակ։ Հետաքրքրվող անհատները, որոնք դեռ քարոզիչ չեն, կարող են ստանալ թերթիկի 5 օրինակ՝ իրենց ընտանիքի անդամներին և ընկերներին առաջարկելու համար։ Բոլոր քարոզիչները պետք է գրի առնեն, թե քանի թերթիկ են տարածել և հոկտեմբեր ու նոյեմբեր ամիսների հաշվետվությունը հանձնելիս քարոզչական ծառայության հաշվետվության թերթիկի հակառակ կողմում նշեն նաև տարածված թերթիկների թիվը։ Յուրաքանչյուր ամսվա վերջում քարտուղարը կհաշվի, թե քանի թերթիկ է տարածել ժողովը և կտեղեկացնի գրասենյակին։ Քարոզարշավից մնացած թերթիկները կարելի է տարածել ծառայության ցանկացած ձևի մեջ։
4 Ինչպես առաջարկել թերթիկը։ Կարճ մատուցում գործածիր, ինչի շնորհիվ ավելի շատ մարդկանց կարելի է այդ պատգամը հաղորդել։ Դու կարող ես ասել. «Ամբողջ աշխարհում այժմ տարածվում է այս կարևոր պատգամը, որը հասարակության օգտին է ծառայում։ Այս թերթիկը ձեզ համար է, այն անվճար է։ Խնդրում եմ, կարդացեք այն»։ Թերևս խելամիտ լինի տնետուն ծառայելիս պայուսակ չվերցնել։ Հետաքրքրություն նկատելիս նշումներ արա։
5 Ինչպես տարածել թերթիկը ժողովի տարածքում։ «Թագավորության լուրը» թերթիկը փողոցի վկայության ժամանակ տարածելու փոխարեն՝ ավելի շատ ուշադրությունդ կենտրոնացրու այն տնետուն ծառայության ժամանակ և գործարար տարածքում տարածելու վրա, որքան դա հնարավոր է։ Նշիր այն բնակարանները, որտեղ ոչ ոք տանը չի եղել, և փորձիր շաբաթվա մեկ ուրիշ օր կամ մեկ ուրիշ ժամի այցելել այդ բնակարաններ։ Նոյեմբերի 6–ից՝ երկուշաբթի օրվանից սկսած՝ թերթիկը կարելի է թողնել այն բնակարաններում, որտեղ ոչ ոք տանը չի եղել։ Սակայն եթե ժողովի տարածքը մեծ է, և հնարավոր չէ անցնել այն հատկացված ժամանակում, ապա երեցները գուցե որոշեն, որ «Թագավորության լուրը» թերթիկը ողջ քարոզարշավի ընթացքում հարկավոր է թողնել այն բնակարաններում, որտեղ ոչ ոք տանը չի եղել։
6 Մեծ Բաբելոնի կործանումը արագորեն մոտենում է։ Մարդիկ պետք է դուրս գան նրանից մինչ նրա ամբողջական կործանումը (Յայտն. 14։8; 18։8)։ Արդեն հիմա պլաններ կազմիր, որ լիարժեքորեն մասնակցես այս աշխարհածավալ քարոզարշավին, որի նպատակն է բոլոր մարդկանց տեղեկացնել, որ կեղծ կրոնի վերջը մո՛տ է։