Հատուկ քարոզարշավ՝ հոկտեմբերի 20–ից մինչև նոյեմբերի 16–ը
1 Սկսած հոկտեմբերի 20–ից (երկուշաբթի)՝ չորս շաբաթ մենք տարածելու ենք «Ցանկանո՞ւմ եք իմանալ ճշմարտությունը» նոր թերթիկը։ Վստահ ենք, որ ամբողջ աշխարհում տեղի ունեցող այս քարոզարշավը շատերի մեջ հետաքրքրություն կառաջացնի ճշմարտության միակ աղբյուրի հանդեպ (Հովհ. 17։17)։
2 Թերթիկում տրված են վեց կարևոր հարցերի համառոտ պատասխանները, դրանք են՝ «Իրո՞ք Աստված հոգ է տանում մեր մասին», «Կգա՞ մի օր, երբ պատերազմ ու տառապանք չեն լինի», «Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո», «Ի՞նչ հույս կա մահացածների համար», «Ինչպե՞ս աղոթեմ և ի՞նչ անեմ, որ Աստված լսի ինձ», «Ինչպե՞ս հասնեմ երջանկության»։ Քրիստոնեական աշխարհի եկեղեցիները երբեք չեն տվել այս հարցերի գոհացուցիչ պատասխանները։ Անգամ շատերը, ովքեր քրիստոնյա չեն, մտածել են նման հարցերի շուրջ, սակայն գուցե չեն իմացել, որ դրանց հստակ պատասխանները գրված են Աստվածաշնչում։ Ուստի այս քարոզարշավը շատերին կհետաքրքրի։
3 Ինչպես տարածել թերթիկը ժողովի տարածքում։ Ջանք թափիր առաջարկել այս թերթիկը տնետուն ծառայության ժամանակ։ Չմոռանաս մեկական օրինակ բաժանել քո հարևաններին, բարեկամներին, գործընկերներին, համադասարանցիներին կամ նրանց, ում հաճախ ես հանդիպում։ Թերևս հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին կարողանաս ենթառահվիրա ծառայել։ Եթե ունես երեխա կամ Աստվածաշունչ ես ուսումնասիրում որևէ մեկի հետ, որը հոգևորապես առաջադիմում է և կարող է մեզ հետ միասին մասնակցել այս քարոզարշավին, ապա տեղեկացրու այդ մասին երեցներին։
4 Ինչպես առաջարկել։ Կարճ մատուցման շնորհիվ կարելի է ավելի շատ մարդկանց բարի լուրը հաղորդել։ Թերթիկի կազմի վրա վեց հարցերից մեկը պարզապես ուղղիր տանտիրոջը և անմիջապես ցույց տուր պատասխանը։ Այսպես բոլոր քարոզիչները կկարողանան հարմարեցնել մատուցումը իրենց տարածքին։ Երբ որևէ մեկը հետաքրքրություն ցույց տա, նշումներ արա և վերայցելիր նրան։ Շաբաթ և կիրակի օրերին թերթիկն առաջարկելու ենք ընթացիկ պարբերագրերի հետ միասին։ Քարոզարշավից հետո կառաջարկենք «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը։ Ավելացած թերթիկները կշարունակենք տարածել ծառայության մեջ։
5 Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսիր։ Այս թերթիկի օգնությամբ մենք կարող ենք Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսել։ Երբ վերայցելես հետաքրքրություն ցուցաբերած անհատին, հարցրու, թե Աստվածաշնչի որ ճշմարտությունը մխիթարեց նրան։ Այնուհետև ցույց տուր վերջին էջը, որտեղ Աստվածաշնչի ուսումնասիրություն է առաջարկվում, և տուր «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի մի օրինակ։ Եթե հնարավոր է, կարճ քննարկիր մեկ կամ երկու պարբերություն այն գլխից, որտեղ նրան հետաքրքրող թեմայի վերաբերյալ ավելի շատ տեղեկություն կա։
6 Եհովան փնտրում է նրանց, ովքեր կերկրպագեն իրեն «ոգով և ճշմարտությամբ» (Հովհ. 4։23)։ Եկեք բոլորս մասնակցենք այս հատուկ քարոզարշավին և օգնենք մարդկանց իմանալու ճշմարտությունը։