Վերայցելիր նրանց, ովքեր ինչ–որ չափով հետաքրքրություն են ցույց տալիս
1 Մեզանից շատերն այսօր ճշմարտության մեջ են այն բանի շնորհիվ, որ ինչ–որ մեկը նկատել է մեր դրական արձագանքը Թագավորության լուրի հանդեպ և համբերատարությամբ, թերևս ոչ մեկ անգամ վերայցելել է մեզ՝ մեր հետաքրքրությունը զարգացնելու համար։ Մենք նույնպես պետք է բարեխղճորեն վերայցելենք բոլոր նրանց, ովքեր ինչ–որ չափով հետաքրքրություն են ցույց տալիս։ Վերայցելություններ կատարելը աշակերտներ պատրաստելու մեր հանձնարարության մի մասն է (Մատթ. 28։19, 20)։
2 Նկատիր անհատի հետաքրքրությունը։ Նույնիսկ եթե անհատը մեր գրականությունը չի վերցնում, նրա դեմքի արտահայտությունը, ձայնի տոնը կամ բառերի ընտրությունը կարող են ցույց տալ, որ նրան որոշ չափով հետաքրքրում է Թագավորության պատգամը։ Դա կարող է հիմք հանդիսանալ, որ մենք վերայցելենք նրան։ Մի եղբայր հինգ շաբաթ անընդմեջ այցելում էր մի մարդու՝ առանց նրան գրականություն տալու։ Սակայն վեցերորդ այցելության ժամանակ այդ անհատը գրականություն վերցրեց, և ի վերջո Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսվեց նրա հետ։
3 Եթե անհատի մեջ հետաքրքրություն ես նկատում, առանց հետաձգելու՝ գուցե մի քանի օրից կրկին այցելիր նրան։ Թույլ մի՛ տուր, որ ‘չարը գա ու հափշտակի’ այն, ինչ ցանել ես անհատի սրտում (Մատթ. 13։19)։ Անպայման այցելիր նրան քո խոստացած ժամին (Մատթ. 5։37)։
4 Փողոցում ծառայելիս։ Ձգտո՞ւմ ես զարգացնել այն մարդկանց հետաքրքրությունը, որոնց քարոզում ես փողոցում կամ ոչ պաշտոնական ծառայության ժամանակ։ Զրույցի վերջում կարող ես ասել. «Ինձ շատ դուր եկավ մեր զրույցը։ Որտե՞ղ կարող ենք կրկին հանդիպել մեր զրույցը շարունակելու համար»։ Երբ տեղին է, քարոզիչներից ոմանք գուցե ցանկանան տալ իրենց հեռախոսահամարը կամ առաջարկել նաև նրանցը վերցնել։ Եթե մարդիկ տեսնում են քեզ միևնույն վայրում կանոնավորաբար քարոզելիս, թերևս պատրաստ լինեն տալու իրենց հեռախոսահամարն ու հասցեն։ Նույնիսկ եթե նրանք չցանկանան դա անել, այնուամենայնիվ, կարող ես փորձել զարգացնել նրանց հետաքրքրությունը, երբ հաջորդ անգամ հանդիպես նրանց փողոցում։
5 Երբ տեսնում ենք, թե ինչպես են մեր ջրած ու մշակած բույսերը ծաղկում, անչափ ուրախանում ենք։ Նմանապես, մենք ուրախություն կապրենք, եթե վերայցելություններ կատարենք և օգնենք մարդկանց հոգևորապես առաջադիմել (Ա Կորնթ. 3։6)։ Նպատակ դիր վերայցելել բոլոր նրանց, ովքեր ինչ–որ չափով հետաքրքրություն են ցույց տալիս։