Երախտագիտությամբ հիշենք փրկանքի մասին
1, 2. Ի՞նչ պատճառներ ունենք փրկանքի մասին երախտագիտությամբ հիշելու համար։
1 Հիսուսի պատվերի համաձայն՝ ամբողջ աշխարհի քրիստոնյաները 2008 թվականի մարտի 22–ին՝ շաբաթ օրը՝ մայրամուտից հետո, կհավաքվեն, որպեսզի նշեն Հիսուս Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոն (Ղուկ. 22։19; 1 Կորնթ. 11։23–26)։ Մենք դա անելու ենք, քանի որ խորապես գնահատում ենք այն, ինչ տեղի ունեցավ այդ օրը՝ 1 975 տարի առաջ։ Հիսուսը կատարյալ անարատություն պահեց մինչև տանջալից մահ ցցի վրա և սրբացրեց իր Հոր անունը՝ սպառիչ պատասխան տալով Սատանայի նախատինքներին (Յոբ 1։11; Առակ. 27։11)։
2 Հիսուսի թափած արյամբ հաստատվեց նոր ուխտը, որն անկատար մարդկանց հնարավորություն տվեց դառնալու Աստծու որդիները և ունենալու Հիսուսի հետ երկնային Թագավորության մեջ կառավարելու հեռանկարը (Երեմ. 31։31–34; Մարկ. 14։24)։ Ավելին, մարդկանց հանդեպ Աստծու խոր սերը հստակ երևաց նրանում, որ նա զոհաբերեց նրանց համար իր անչափ սիրելի որդուն, ինչպես որ Հիսուսն ինքը բացատրեց Նիկոդեմոսին (Հովհ. 3։16)։
3. Ի՞նչ օգուտներ կստանան Հիշատակի երեկոյին ներկա եղողները։
3 Հրավիրիր ուրիշներին։ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի հունվարի համարում առաջարկվում էր մի ցուցակ կազմել, նշել ծանոթների անուններն ու անձամբ հրավիրել նրանց։ Արդեն սկսե՞լ ես հրավիրել նրանց, ում ընդգրկել ես ցուցակի մեջ։ Նախապատրաստվո՞ւմ ես լիովին մասնակցել քարոզարշավին, որը սկսվելու է մարտի 1-ից, որպեսզի հրավիրես մարդկանց Հիշատակի երեկոյին։ Ներկաները Գրությունների վրա հիմնված ելույթ կլսեն, որը կօգնի նրանց զարգացնել փրկանքի հանդեպ հավատ, որն էլ իր հերթին առաջնորդում է հավիտենական կյանքի (Հռոմ. 10։17)։
4. Ինչո՞ւ պետք է շուտ գանք Հիշատակի երեկոյին։
4 Նրանք, ովքեր հնարավորություն ունեն, պետք է այնպես պլանավորեն, որ ավելի շուտ գան, որպեսզի ջերմորեն դիմավորեն հրավերն ընդունած անձանց։ Քանի որ Հիշատակի երեկոյին շատ անհատներ են ներկա լինում, անչափ կարևոր է, որ հատուկ ուշադրություն դարձնենք որքան հնարավոր է շատ մարդկանց՝ ինչպես նորեկներին, այնպես էլ նրանց, ովքեր հազվադեպ են հաճախում հանդիպումներին։
5. Ինչպե՞ս կարող ես սիրտդ պատրաստել այդ իրադարձությանը։
5 Պատրաստիր սիրտդ։ 2008 թ. «Գրությունները քննենք ամեն օր» գրքույկում և 2008 թ. «Օրացույցում» զետեղված է հատուկ գրաֆիկ՝ մարտի 17–ից սկսած։ Այն նախատեսված է Հիշատակի երեկոյից առաջ և հետո Աստվածաշունչն ընթերցելու համար։ Կարդալով և մտածելով Հիսուսի երկրային կյանքի վերջին օրերի կարևոր իրադարձությունների շուրջ՝ կկարողանաս պատրաստել քո սիրտը Հիշատակի երեկոյին (Եզր. 7։10)։ Այդ դեպքերի շուրջ աղոթքով խորհրդածելը կավելացնի քո գնահատանքը Եհովայի և նրա Որդու սիրո հանդեպ, որը նրանց մղեց տալու փրկանքը (Սաղ. 143։5)։
6. Ի՞նչ օգուտներ կքաղենք՝ երախտագիտությամբ հիշելով փրկանքի մասին։
6 Քանի որ Հիշատակի երեկոն մոտենում է, եկեք լավ պատրաստվենք և օգնենք, որ նաև ուրիշները պատրաստվեն այս կարևոր իրադարձությանը։ Փրկանքի մասին երախտագիտությամբ հիշելը կամրացնի մեր փոխհարաբերությունները Եհովայի և իր Որդու հետ (2 Կորնթ. 5։14, 15)։ Դա նաև կմղի մեզ ուրիշների հանդեպ դրսևորել այնպիսի անձնուրաց սեր, ինչպիսին որ նրանք են դրսևորել (1 Հովհ. 4։11)։