Հարցերի արկղ
◼ Կարո՞ղ են երկու ծնողներն էլ հաշվետվության մեջ գրանցել այն ժամանակը, որ տրամադրում են ընտանեկան ուսումնասիրությանը։
Թեև գլխավորապես հայրերն են պատասխանատու իրենց երեխաներին դաստիարակելու՝ «Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով», սակայն մայրերը նույնպես կարող են կրթել ու դաստիարակել նրանց (Եփես. 6։4)։ Աստվածաշունչը հորդորում է երեխաներին. «Լսիր, որդեակս, քո հօր խրատը, եւ մի մերժիր քո մօր հրահանգը» (Առակ. 1։8)։ Ուստի ծնողները Աստվածաշնչի ընտանեկան ուսումնասիրությունը կարող են համարել երեխաներին դաստիարակելու միջոցներից մեկը։
Նախկինում ծնողներից միայն նա էր հաշվետվության ժամ հանձնում, ով չմկրտված երեխաների հետ ընտանեկան ուսումնասիրություն էր անցկացնում, նույնիսկ եթե քննարկմանը մասնակցում էր մյուս ծնողը։ Սակայն այժմ հետևյալ փոփոխությունն է արվել։ Եթե ընտանեկան ուսումնասիրության ժամանակ երկու ծնողներն էլ սովորեցնում են երեխաներին, նրանք կարող են շաբաթը մեկ անգամ գրանցել առնվազն մեկ ժամ՝ որպես քարոզչական ծառայություն։ Ինչ խոսք, ծնողները շաբաթվա ընթացքում ավելի շատ ժամանակ են տրամադրում իրենց երեխաներին, քանի որ նրանք հասկանում են, որ պետք է շարունակ սովորեցնեն նրանց (Բ Օրին. 6։6–9)։ Հաշվետվության նպատակը իրականում այն է, որ ցույց տանք, թե որքան ժամ ենք հատկացրել քարոզչական ծառայությանը։ Ուստի շաբաթը մեկ ժամից ավելի չպետք է գրանցել, նույնիսկ երբ ուսումնասիրությունը մեկ ժամից երկար է տևում, անցկացվում է շաբաթը մի քանի անգամ կամ առանձին ուսումնասիրություն է անցկացվում յուրաքանչյուր երեխայի հետ։ Ծնողներից միայն մեկը կարող է հաշվետվության մեջ գրանցել ընտանեկան ուսումնասիրությունը որպես Աստվածաշնչի ուսումնասիրություն և ամեն շաբաթ մեկ վերայցելություն նշել։